Ո՞րն է հայերէն առաջին գիրքը` «Պարզատումար»-ը թէ՞ «Ուրբաթագիրք»-ը

 
 
Հայ հնագոյն հրատարակութիւններից բանասիրութեան մէջ առաջինը յիշատակւել է «Աղթարք»-ը 1865 թ, Ղ. Ալիշանի կողմից («Բազմավէպ», 1865, էջ 221): Այնուհետեւ, Գ. Զարբհանալեանը իր «Հայկ. մատ.» մէջ նկարագրել է «Աղթարք»-ը եւ «Ուրբաթագիրք»-ը (վերջինս «Կիպրիանոս» վերնագրով): «Ուրբաթագրքի» մասին գրւած է, «Անթուական ամենահին տպագրութիւն, առանց նշանակութեան տեղւոյ, քաղաքի եւ հրատարակչի»: Առաջին անգամ Գ. Գովրիկեանը 1889թ. նկարագրելով Յակոբ Մեղապարտի «Պարզատումար»-ը, նրա տը-պագրութեան թւականը համարեց 1512¬ը յենւելով բնագրի սկզբում նշւած օրացուցային 961 թւականի վրայ («Հանդէս ամս.», 1889, էջ 209-212): Գ. Գալեմքեարեանը, ամփոփելով հնագոյն հրատարակութիւնների մասին եղած նիւթերը, ամենահին հրատարակութիւնը համարեց «Պարզատումար»-ն այն նկատառումով, որ «Ուրբաթագիրք»-ն սկսւում է զարդագըրով, իսկ «Պարզատումար»-ը սովորական երկաթագրով («Հանդէս ամս.», 1890, էջ 161-163):
Հետագայում յայտնաբերւեցին Յակոբի տպագրած «Տաղա-րան»-ն ու «Պատարագատետր»-ը: Վերջինս Յակոբ Մեղապարտի հրատարակած գրքերից միակն է, որ ունի հիշատակարան, որտեղ նշւած է գրքի տպագրութեան թւականը 1513, վայրը Վենետիկ եւ տպագրիչի անունը Յակոբ: Տ. Պալեանը, հիմնւելով Գ. Գալեմքեարեանի վերոյիշեալ կարծիքի վրայ, կազմեց Յակոբի այդ գրքերի ցուցակը («Հանդէս ամս.», 1894, էջ 360-361), ըստ հրատարակման հերթականութեան առաջին «Պարզատումար», 1512, երկրորդ «Պատարագատետր», այնուհետեւ «Ուրբաթագիրք», «Տաղարան» եւ «Աղթարք» (մնացած չորսը 1513 թ.):
Հայ հնագոյն հրատարակութիւնների տպագրութեան այս ժամանակագրութիւնը ընդունւեց եւ դարձաւ աւանդական տեղ գտնելով հետագայ շատ ուսումնասիրությւնների մէջ: Ռ. Իշխանեանը գտնում է («Բանբեր մատենադարանի», 1964, N 7, էջ 275¬295, եւ N 8, էջ 183-189), որ Յակոբ Մեղապարտի անունով յայտնի, մեզ հասած հնագոյն հրատարակութիւններից առաջինը տպագրւել է ոչ թէ «Պարզատումար»-ը, այլ «Ուրբաթագիրք»-ը, եւ որ «Պարզատումար»-ի սկզբում զարդագըրի բացակայութիւնը պայմանաւորւած է միայն այն բանով, որ նրանում գլխատառ Ա-ն ոչ թէ տառի, այլ թւանշանի դեր է կատարում, իսկ Յակոբ Մեղապարտի գրքերում թւանշանները, որպէս կանոն, զարդագրով չեն տը-պագրւած: Հնագոյն այս հրատարակութիւնների մէջ էջախորագրերի համար օգտագործւած են տարբեր ոճի գծագրություններ ունեցող շրջանակների երեք խըմբեր «Ուրբաթագրքի» մէջ գործածւած է շրջանակների մի խումբը միայն, որն առկայ է նաեւ «Աղթարք»-ում, սակայն մի շարք նկատելի վնասւածքներով: «Աղթարք»-ի մէջ գործածւած է շրջանակների երկու խումբ, որոնք կան նաեւ «Պարզատումար»-ի եւ «Տաղարան»-ի մէջ, ընդ որում, այս վերջիններում չկան «Ուրբաթագրքի» մէջ գործածւած շրջանակները: Բացի դրանից, «Պարզատումար»-ի շրջանակները անվնաս են «Աղթարք»-ում, մասամբ վնասւած «Պատարագատետր»-ում եւ աւելի վնասւած «Տաղարան»-ում: Երուսաղէմից ստացւած «Պատարագատետր»-ի ամբողջական մանրաժապաւէնը պարզ դարձրեց, որ այդ գրքում, ինչպէս եւ «Աղթարք»-ում օգտագործւած են թէ՛ «Ուրբաթագրքի» 8 եւ թէ՛ «Պարզատումար»-ի 16 շըրջանակները, ընդ որում, «Ուրբաթագրքի» մի քանի շրջանակներ այստեղ աւելի քիչ են վնասւած, քան «Աղթարք»-ում: Դրանից էլ պարզ դարձաւ, որ «Պատարագատետր»-ը «Աղթարք»-ից առաջ է տպագրւել: Ըստ այդմ էլ որոշւեց մեզ հասած հայկական հնագոյն հրատարակութիւնների տպագըրման յաջորդականութիւնը «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»:
«Ուրբաթագրքի» մէջ կայ մի յաւելեալ  մամուլ Վասն գանի վերնագրով, համարակալւած ԳԳ: Գրքի տարբեր օրինակներում այն տեղադրւած է տարբեր մամուլների միջեւ (Հանր. գրադարանի օրինակում Զ եւ Է մամուլների միջեւ է):
 
Տեղեկութիւնները` «Հայաստանի ազգային գրադարան»-ի կայքից
 
 
«Յոյս» թիւ 131
26 Սեպտեմբեր 2012
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *