Հայ գրաւոր մշակոյթի նոր շրջան

 
Արամ Բաբայեան
 
 
Այս տարի լրանում է հայ տպագրութեան ուղիղ 500 ամեակը։ 1512 թւականին, հեռաւոր Վենետիկ քաղաքում, լոյս տեսաւ հայերէն առաջին տպագիր գիրքը, որը կոչւում է «Պարզատումար»։ Օրացուցային տիպի ժողովրդական մի գիրք է այդ։ Գրքի տպագըրիչը Յակոբ Մեղապարտն էր, առաջին հայ տպագրիչը։ Այդքան վաղ ժամանակներում, Գուտենբերգի  գիւտից մօտ 55-60 տարի յետոյ, հայերէն տպագիր խօսքի երեւան գալը խոշոր երեւոյթ էր հայ կուլտուրայի պատմութեան մէջ։ Դրանով սկիզբ դրւեց Հայ ժողովրդի կուլտուրական կեանքի նոր դարաշրջանին։
Գիտենք, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ տառապել է օտարի լծի տակ։ Սակայն, առանձնապէս շատ ծանր է եղել նրա վիճակը վերջին հինգ դարերում՝ Թուրքիայի եւ Իրանի տիրապետութեան օրօք։ Արեւելքի յետամնաց, աւատական այդ երկըրները ոչ միայն ժողովրդի կեանքի ապահովութեան համար նւազագոյն պայմաններ չէին տալիս, որի հետեւանքով եւ շարունակւում էր հնուց արդէն սովորութիւն դարձած նրա արտագաղթը երկրից դէպի օտար հորիզոններ, այլեւ հնարաւորութիւն չէին ստեղծում մշակութային-լուսաւորական որեւէ աշխատանքի, այդ թւում եւ տպագրութեան։ Այս պարագաներում հայ ժողովրդից ա-ռանձին խըմբեր թողնում էին հայրենի հողը եւ օ-տար երկըրներում էին փնտրում նը-պաստաւոր պայմաններ՝ լուսաւորական աշխատանքներ կատարելու համար։
Հեռաւոր վայրերում նրանք հիմնում էին տպարաններ, ստեղծում էին տպագիր գրականութիւն եւ այդ հեռաւոր կուլտուրայի օջախներից ջանք չէին խնայում իրենց ուժերը նւիրելու հարազատ ժողովրդի մշակութային-լուսաւորական գործին։ Այս տեսակէտից պատահական չէ, որ առաջին հայերէն տպագիր գիրքը լոյս  ընծայւեց Վենետիկում եւ ոչ թէ հայերի հողում։
Միայն XVIII դարի վերջին քառորդում, հայերէն գրքի առաջին տպագրութիւնից մօտ 260 տարի յետոյ, մեծ դժւարութեամբ հնարաւոր եղաւ կազմակերպել Էջմիածնում տպարան (1771 թ.) եւ նրան կից թղթի գործարան։ Դրանով էլ սկսւեց տպագրական եւ հրատարակչական գործունէութիւն հայրենի հողում՝ Հայաստանում։ Սակայն պէտք է ասել, որ մինչեւ սովետական կարգերի հաստատումը մեզ մօտ, տպագրութեան գործում առաջատարը շարունակեցին մնալ օտար երկրներում եղած հայ տպագրութեան օջախները։
Թէ ինչ աստիճանի է հայ ժողովուրդը սիրել գիրքը եւ ընդհանրապէս տպագրութեան մշակոյթը, ցոյց է տալիս այն ակնառու փաստը, որ դեռեւս XVII դ. առաջին կէսին, 1640 թւականին, Ֆէոդալական  Իրանի հեռաւոր անկիւններից մեկնում է Սպահանի մօտ գտնւող Նոր Ջուղա գիւղաքաղաքում հայերը առանց տպարան տեսնելու, եւ միայն հեռաւոր պատկերացում ունենալով տպագրութեան մասին, հիմնում են տպարան, որի մամուլը, տառերի փորագրումն ու ձուլումը, անգամ տպագրական թուղթը պատրաստում են իրենք՝ տնայնագործական եղանակով։ Սկսում է բաւականին եռանդուն տպագրական հրատարակչական գործունէութիւն։ Առաջինը, որ այդ տպարանում լոյս է տեսրլ, մեծածաւալ «Հարանց վարք» անունով գիրքն է (1641թ.), յետոյ «Խորհրդատետր»(1641 թ.) ապա՝ «Ատենի ժամագիրք»(1642 թ.)։ Փորձ են անում առաջին անգամ տպագրելու նաեւ հայերէն «Աստւածաշունչը»։
Նոր Ջուղայի տպարանը, ինչպէս եւ այնտեղ տպագրւած գրքերը եղել են ոչ միայն Իրանում, այլեւ ամբողջ Մերձաւոր Արեւելքում առաջին տպարանն ու առաջին տպագիր գրքերը։
Շատ ուրիշ առաջաւոր ժողովուրդների հետ միասին հայ ժողովուրդը իրաւունք ունի հպարտանալու իր հարուստ գրականու-թեամբ։ Ուղիղ չորս եւ կէս դարի պատմութիւն ունի հայ տպագրութիւնը։ Այդ ժամանակւայ ընթացքում հայ ժողովուրդը ստեղծել է ոչ միայն հարուստ ինքնուրոյն գրականութիւն, այլեւ թարգմանել է մայրենի լեզւով գիտութեան եւ գրականութեան համաշխարահային դասական հեղինակներին։ Հայերէն լոյս են տեսել Արիստոտելի, Պլատոնի, Ցիցերոնի, Սենեկայի, Թուկիդիտէսի, ՔսենոՖոնի, Տակիտոսի, Սալիւստոսի, Հոմերոսի, Վիրգիլիոսի, ՍոՖսկլէսի, Եւրիպիդէսի, Ֆիրդուսու, Դանթէի, Խայեամի, Տասսոյի, Շեքսպիրի, Սերւանտէսի,Վոլթերի, Մուլիերի, Հիւգոյի, Գեոթէի, Շիլլերի, Տոլստոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Տուրգենեւի, Գորկու, Չեխովի եւ շատ ուրիշների երկերը։
Հայ տպագրութեան միջոցով մարդկութեան սեփականութիւնը դարձաւ որոշ յոյն եւ լատին դասական հեղինակների այն երկերը, որոց բնագրերը կորել են, իսկ նրանց հայերէն թարգմանութիւնները, որ կատարւել էին հինգերորդ դարում, մնացել էին եւ հասել մեր ժամանակները։
Հայկական տպագրութեան առաջին օջախ՝ Վենետիկից յետոյ, հետզհետէ տպագրութեան օջախներ են ստեղծւում Կոստանդնուպոլսում, Հռոմում, Նոր Ջուղայում, Ամստերդամում, Փարիզում, Մարսէյլում, Լիվոռնոյում, Զմիւռնիայում, Լոնդոնում, Մադրասում, Կալկաթայում, Թրիեստում, Պետրզբուրգում, Նոր Նախիջեւանում, Հաշտարիխանում, Վիեննայում, Մոսկւայում, ԹիՖլիսում, Երուսաղէմում, Թէոդոսիայում եւ այլ հայկական գաղութներում։
Աշխարհի համարեա բոլոր երկրներում գոյութիւն են ունեցել հայկական տպագրութեան օջախներ։ Նրանց ցանցը տարածւում է Ամերիկայից մինչեւ Ճաւա, Եգիպտոսից մինչեւ Շւեդիա։ Այդ օջախների թիւը հասնում է  մի քանի հարիւրի, որոնցից մօտ երեք տասնեակը հանդիսացել են խոշոր կուլտուրական օջախներ։ Կանգ չառնելով բոլոր օջախների պատմութեան ու նրանց ունեցած գործունէութեան վրայ այստեղ մենք կը տանք ընդհանուր ծանօթութիւններ միայն մի քանի կարեւորագոյն օջախների մասին։
 
Ինչպէս վերը նշւեց հայ տպագրութեան օրրանը եղել Իտալիայի Վենետիկ քաղաքը։ Դեռեւս Կիլիկեան հայկական իշխանութեան օրերից (XI-XIVդդ.) հայերը առեւտըրական սերտ կապ են ունեցել Վենետիկի հետ։
Մինչեւ հայերէն առաջին գրքի տպագրութիւնը, Վենետիկում երկար ժամանակ գոյութիւն ունէր հայկական գաղութ։ Առաջին գրքի տպագրութիւնից յետոյ դեռեւս երկար ժամանակ այդ գաղութը նշանակալից դեր է կատարել հայ իրականութեան մէջ։ Իսկ 1717 թւին, երբ XVIII դարի հայ ականաւոր լուսաւորիչ Մխիթար Սեբաստացին իր միաբանութիւնը փոխադրում է Վենետիկի Ս. Ղազար կղզին, Վենետիկը այնուհետեւ դառնում է հայ տպագրու-թեան խոշորագոյն  օջախներից մէկը։
Վենետիկը առաջին քաղաքներից մէկն էր, որտեղ դեռեւս 1469 թւից մուտք էր գործել Գուտենբերգի անմահ գիւտը։ Եւ այն ժամանակ, երբ լոյս տեսաւ Յակոբ Մեղապարտի «Պարզատումարը», Վենետիկում գործում էին արդէն երկու հարիւրից աւելի տպարաններ, լոյս էին տեսնում շատ լեզուներով գրքեր։ Մեր առաջին տպագրիչ Յակոբ Մեղապարտը չէր կարող անտարբեր մնալ այդ ժամանակւայ Վենետիկի տպագըրական ու հրատարակչական եռուզեռի, ժողովրդի զարգացման գործում տպագրութեան ունեցած խոշոր դերի նկատմամբ։ Նա եղաւ առաջինը մեր իրականութեան մէջ, որ օգտւեց մարդկութեան ստեղծած հանճարեղ այդ գիւտից՝ անմահացնելով իրեն մեր մշակոյթի պատմութեան մէջ։
Տպագրիչ Յակոբ Մեղապարտը, որ հաւանաբար ունեցել է եւ իր գործակիցները, հայկական բոլորագիր հիման վրայ ստեղծում է հայերէն տպագրական տառեր եւ 1512թ. տպագրում է իր «Պարզատումարը» որը ինչպէս նշւեց, ժողովրդի գործածութեան համար մի հրատարակութիւն է։ Նրա մէջ ցոյց են տրւած եկեղեցական տօները եւ, բացի դրանից, ինչպէս սովորաբար լինում էր այդ ժամանակ, բովանդակում է նոյնպէս  մեկնաբանութիւններ, հետեւեալ ենթաբաժիններով «Կաղանդացոյց», «Նշանացոյց», «Երազացոյց», «Ծննդեան տղայոց» եւ «Մարմնախաղաց»։
Տպագրիչ Յակոբ Մեղապարտը հետեւեալ 1513 թւականին նոյն տպարանում տպագրում եւ հրատարակում է չորս անուն ուրիշ գրքեր, դրանք են «Պատարագատետր», «Ուրբաթագիրք», «Աղթարք» եւ «Տաղարան»։ Սրանք են հայ տպագրութեան երախայրիքը՝ հայերէն առաջին տպագիր գրքերը։ Այդ հրատարակութիւնների շարքում առանձնապէս ուշադրութեան արժանի է վերջինը՝ «Տաղարանը», որը մի ժողովածու է եւ բովանդակում է մեր միջնադարի բանաստեղծներ Յովհաննէս Թլկուրանցու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի տաղերը, ինչպէս նաեւ Ներսես Շնորհալու 137 չափածոյ հանելուկները։
Հայ առաջին տպագրիչ Յակոբ Մեղապարտի հրատարակչական գործունէութեան գնահատմամբ հարցում իրաւացի չեն եղել մեր որոշ բանասէրները պահանջելով, որ նա իր այդ հրատարակութիւնների բովանդակութեան (մասնաւորապէս «Աղթարքի» եւ «Ուրբաթագրքի») համար կանգնի «հասարակական դատարանի» առաջ։ Եթէ համեմատում ենք Յակոբի հրատարակութիւնները այդ ժամանակւայ եւ նոյնիսկ դրանից յետոյ ուրիշ ժողովուրդների առաջին տպագրութիւնների հետ, տեսնում ենք, որ վերջիններս իրենց տպագրութեան առաջին շրջանում հրատարակել են միայն կրօնական ու եկեղեցական գըրքեր, շատ յետոյ միայն աշխարհիկ բովանդակութեամբ գրքեր։ Յայտնի է, ռուս առաջին տպագիր գիրքը լոյս է տեսել 1564 թւին։ Այդ առաջին գրքից մինչեւ XVII դարի երկրորդ կէսը տպագրւել են բացառապէս կրօնա-եկեղեցական գրքեր՝ Աւետարաններ, գործ առաքելոցներ (ապոստոլներ), ժամագրքեր, խորհրդատետրեր եւ այլն։
Առաջին գիրքը, որ իր բովանդակութեամբ կիսաեկեղեցական եւ կիսաաշխարհիկ է, տպագրւել է 70 տարի յետոյ 1634 թւականին։ Իսկ մաքուր աշխարհիկ բովանդակութեամբ առաջին գիրքը տպագրւել է 1647 թւականին։
Մինչդեռ, Յակոբ Մեղապարտի հրատարակութիւնները, բացի մէկից («Պատարագատետր»), եղել են ժողովրդական, աշխարհիկ բնոյթի գործեր։ Ինչ վերաբերում է «Ուրբաթագիրք»-ին եւ «Աղթարք»-ին, մասամբ եւ «Պարզատումար»-ին, որոնց բովանդակութիւնը, ինչպէս ասում են մեր բանասէրներից ոմանք, «յետադիմական», «սնոտիապաշտական» է, որի համար եւ դատապարտում են նրան, ճիշտ չեն։ Մեր կարծիքով, նման բովանդակութեամբ ժողովրդական գրքերի հրատարակութիւնը տպագրիչի կողմից տուրք է եղել իր ժամանակին, ժողովրդի պահանջներին։ Յակոբ Մեղապարտից շատ յետոյ էլ,  անգամ մինչեւ մեր դարի 20-ական թւականները հայերէն գրքեր էին տպւում երազահանով, վիճակախաղով եւ այլն, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում նման գրքերի հեղինակներին եւ դրանց տպագրիչներին «հասարակական դատարանի» առաջ քաշել։ Վերջապէս միայն «Տաղարանն» էլ բաւական է, որ մեր առաջին տպագրիչը իր հրատարակչական գործունէու-թեամբ դասւի մեր կուլտուրայի առաջադէմ ներկայացուցիչների շարքը։
 
Աղբիւր՝
հատւած «Հայ տպագիր գիրքը եւ տպագրութիւնը» գրքից, Երեւան, 1963, չնչին խմբագրութեամբ
 
 
«Յոյս» թիւ 131
26 Սեպտեմբեր 2012
 

    One Response to Հայ գրաւոր մշակոյթի նոր շրջան

    1. Roubina Ohanian
      2012/10/05 at 7:26 AM

      Բարեւ ձեզ, հետաքրքիր տեղեկութիւններ էին:
      Երբ կարդացի տարբեր քաղաքների անունները, ուր տպւել են հայերէն գրքեր, նկատեցի որ Արեւմտահայաստանի քաղաքներից եւ ոչ-մէկում չի եղել տպարան (այնքանով որ յոդւածում էր նշւած): Զմիռնիան կարծում եմ պիտի լինի հիմիկւայ Իզմիրը, բայց Իզմիրն էլ Արեւմտահայաստանի քաղաքներից չի, ու գտնւում է Կիլիկիայում: Իմ մէջ հարց առաջացաւ, թէ որտե՞ղ էր տպւում օրինակ՝ «Արծիւ Վասպուրականի» թերթը (Խրիմեան Հայրիկի խմբագրութեամբ եւ եպսկ. Գարեգին Սրվանձտրեանի օժանդակութեամբ): Իսկ Վանում եւ Արեւմտեան Հայաստանի ուրիշ աւելի զարգացած քաղաքներում արդեօք եղե՞լ են տպարաններ, թէ՞ ոչ: Վարագայ վանքում կազմւող «Արծիւ Վասպուրականի» թերթը որտե՞ղ էր տպւում, եւ արդեօք Արեւմտահայաստանում երբեւէ տպւե՞լ են թերթեր, պարբերականներ, դասագրքեր եւ այլն, թէ՞ ինչպէս արդէն յոդւածի մէջ է նշւել հայկական տպարաններ եղել են միայն նշւած այդ քաղաքներում: Խնդրում եմ, եթէ հնարաւոր է, տեղեկութիւններ տւէք այդ մասին:
      Ռուբինա Օհանեան
      Գլենդէլ, հոկտեմբերի 4, 2012 թւական

    Leave a Reply to Roubina Ohanian Cancel reply

    Your email address will not be published. Required fields are marked *