Նոր Ջուղայի թատրոնի հետքերով

 
Գրիգոր Յ. Դաւթեան
 (1924-1955)
 
Նիկիտ Միրզայեանց
 
 
Գրիգոր Դաւթեանի հայրը՝ Յովսէփը, եղել է Ն. Ջուղայի ազնւական տոհմից սերած, Դաւիթ Քալանթար (Քադխուդա)-ի տղան, իսկ ինքը զաւակն է Յովսէփի, երբ նա իր պատկառելի տարիքում պսակւում է իր երկրորդ կնոջ` Հայքնուշի հետ: Գրիգորի խորթ եղբայրները եղել են՝ Դաւիթը (բժիշկ Վիենայում), Եղիան(1), Գեւորգը եւ դոկտ. Հարմիկ Դաւթեանը(2) :
Գրիգորը ծնւել է Ն.Ջուղայում 1924 թ., հէնց փոքր տարիքից սիրել է դերասանական արւեստը եւ երաժշտութիւնը, տաղանդաշատ այս տղան ծնւած օրից տառապել է սիրտանօթային հիւանդութիւնից, բայց այնուամենայնիւ իր տաղանդով եւ ինքնաշխատութեամբ սովորել է նւագել բանջօ, մանդոլին եւ քլառինեթ: Աշխատել է որպէս ոսկերիչի աշակերտ եւ հմտացել նաեւ այս ասպարէզում :
Սէրը դէպի թատրոնը նրան մղել է այս բնագաւառում դրսեւորել իր տաղանդը, եւ մասնակցել է տարբեր բեմադրութիւնների, բնութագրական դերերով, այդ թւում՝ «Օթելլօ», «Պատւի համար», «Նամուս», «Անուշ», «Լէյլի ու Մաջնուն», «Արշին Մալալան» , եւ «Հասան փինաչին», որ վերջինիս հեղինակը հէնց ինքն է եղել, դեռ ջուղայեցիների յուշերում կենդանի է նրա մանդոլինի հնչեղութեամբ կատարած «Ես հասանն եմ փինաչի, քեֆս իսկի պակաս չի ……» վոդւիլը, որը ամէն մի տօնական առիթով, եւ տարբեր խնջոյքներում իր դերակատարութեամբ, յուզել ու ուրախութիւն է պարգեւել ժողովրդին:
Դժբախտաբար մեզ չյաջողւեց գտնել թատերական այն արխիւը , որի յայտագրերը մեզ աւելի մանրամասն տեղեկութիւն կը հաղորդէր Գրիգոր Դ.-Ի խաղացած բնութագրական դերերի եւ ժամանակագրական տւեալների մասին, այն լուսանկարներն էլ, որ ձեռք ենք բերել, պատկանում է իր քրոջ՝ Հրանուշի որդուն՝ ջուղայաբնակ Կարօ Դաւթեանին, ում նախապէս յայտնում էնք մեր խորին շնորհակալութիւնը: Այս լուսանկարներից ամենահետաքրքիրը Միքայէլ Կոստանեանի(3) հետ նկարւած Գրիգոր Դ. Է, որը հիմք է ծառայում ենթադրել, որ Գրիգորը մասնակից է եղել նրա բեմադրութիւններին Աբադան քաղաքում եւ միգուցէ նաեւ Ն. Ջուղայում :
Միջանկեալ պէտք է այստեղ խոստովանել, որ Ն.Ջուղայի Ամենափրկիչ վանքի արխիւային որոշ բաժինները այդ թւում թատերականը, գտնւում է ոչ բարւօք վիճակում, եւ մինչ օրս չի թւայնացւել եւ չի կարգաւորւել, շատ ենք ասել, յիշեցրել ազգային մարմիններին, բայց աւաղ …..«Ձայն բարբառոյ յանապատի» :
Ասում են, երբ Գրիգորը սրտի սուր ցաւեր էր զգում, իրեն այցելութեան էր գալիս հանրածանօթ բժիշկ, Կարօ Մինասեանը(4) եւ ամէն անգամ դեղատոմս կարգադրելիս, Գրիգորի մայրը որպէս փոխհատուցում, արժէքաւոր եւ հնատիպ գրքեր էր նւիրում նրան:
Դժբախտբար, այս նւէրները չկարողացան փրկել տաղանդա-ւոր դերասանին , եւ Գրիգորը 31 տարեկան հասակում յաւերժ հեռացաւ թատերական բեմից:
Այժմ նրա խռովեալ հոգին է թեւածում, մերօրեայ Ջուղայի ամայի թատերաբեմերում:
Յարգանք իր յիշատակին:
 
Յուլիս 2012 Նոր Ջուղա
 
 
Ծանօթ
1) Եղիա Վելիջանեան-Դաւթեան (1889-1976), Իրանի առաջին սկաուտապետը, նկարիչ:
2) Հարմիկ (Յարութիւն) Դաւթեան (1924-2009): Իրանի արդի հոգեբուժութեան հիմնադիր, ակադեմիկոս:
3) Միքայէլ Կոստանեան հանրաճանաչ դերասան, բեմադրիչ(1880-1955): Նա իր կնոջ՝ Մարգոյի հետ Թիֆլիսից Պարսկաստան գալով (1921), առաջին անգամ Սիրանոյշի խմբի մէջ Ն.Ջուղայում, մի շարք ներկայացումներ են կազմակերպում, յետոյ հիմնում են «Կոստանեան թատերախումբ» եւ ներկայացումներ տալիս Թեհրանում Ռեշտում, Էնզելիում, եւ Խուզիստանում: Միքայէլը մահացել է Ահւազում գնացքի մէջ, Հնդկաստան իր տղային այցից վերադարձի ճանապարհին, իսկ կինը՝ 1955թ., Աբադանում:
4) Կարօ Մինասեան (1897-1973) բժիշկ, հնագէտ, գրող:
 
 
«Յոյս» թիւ 130
13 Սեպտեմբեր 2012
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *