Ո՞վ է Գալուստ Գիւլբենկեանը

 
 
1917 թ. բռնկւած ռուսական յեղափոխութիւնը դարձաւ համատարած սովի պատճառ, որից փրկւելու միակ յոյսն Արեւմուտքն էր: Ռուսաստանը տարադրամի կարիք ունէր` ժողովրդին կերակրելու եւ տնտեսութիւնը ոտքի կանգնեցնելու համար, ուստի որոշում ընդունեց երկրի բուրժուական յորջորջւած հսկայական հարստութիւնը` արւեստի գործերը, ցարական ունեցւածքը, ամբողջական պալատները արեւմտեան երկրներին ու ԱՄՆ-ին վաճառելու մասին: 1929 թւականին հերթը հասաւ Էրմիտաժին: Վաճառքի հանւած արժէքներն սպառւում էին ակնթարթօրէն, եւ այդ ամէնը երկրից «արտահոսում էր» ուղղակի ջրի գնով: Էրմիտաժի հարստութեան գնորդներից էր այն ժամանակ արդէն նաւթային մագնատի համբաւ ձեռք բերած եւ արւեստի գործերի հրաշալի հաւաքածու ունեցող Գալուստ Գիւլբենկեանը:
Նա նաւթի վաճառքով զբաղւող իր գործընկերներին դիւանագիտօրէն համոզում էր արեւմտեան շուկայում իրացնել նաեւ ռուսական նաւթը` այդպիսով Ռուսաստանի համար ապահովելով այնքան անհրաժեշտ տարադրամը, իսկ իր համար` Էրմիտաժից առաջինը գնումներ կատարելու իրա-ւունքը: Չորս յաջողւած գործարքների շնորհիւ Գիւլբենկեանն իր հաւաքածուն հարստացրեց 18-րդ դարի ֆրանսիացի վարպետների գործերով, «Դիանայի» քանդակով, որը ժամանակին պատկանել էր անձամբ Եկատերինա թագուհուն, շատ էժան ձեռք բերեց նաեւ մի քանի բարձրարւեստ կտաւ:
Ամբողջ այս հարստութիւնը հետագայում պէտք է հանգրւանէր նրա` աւելի քան 60 տարւայ ընթացքում կուտակած անձնական հաւաքածուի բազմաթիւ նմուշների կողքին, իսկ մահւանից 14 տարի անց ցուցադրւէր Լիսաբոնում բացւած եւ իր անունը կրող թանգարանում, որը աշխարհի լաւագոյն թանգարաններից է:
Սակայն Գիւլբենկեանի համաշխարհային փառքն ու անունն առնչւում են մէկ այլ առաքելութեան հետ, որը մանկուց էր կանխորոշւած:
1869 թւականի Մարտի 23-ին Կոստանդնուպոլսի Սկիւթար թաղամասում յաջողակ եւ ունեւոր գորգավաճառ Սարգիս Գիւլբենկեանի ընտանիքում ծնւում է առաջնեկ որդին` Գալուստը: Նրանից գոհ սուլթանը, որպէս շնորհակալութիւն` ճարպիկ վաճառականին նշանակում է սեւծովեայ Տրապեզունդ նաւահանգստի կառավարիչ: Նաւահանգիստը իւրօրինակ կամուրջ էր Ռուսաստանի եւ Փոքր Ասիայի միջեւ, ուստի ձեռներէց գործարարն առիթը բաց չի թողնում զբաղւելու նաեւ Ռուսաստանից Օսմանեան կայսրութիւն ներկրւող նաւթի վաճառքով: Հօր հարստութիւնը Գալուստի համար փայլուն կրթութիւն ստանալու հեռանկարներ է բացում: Նախնական ուսումն ստանում է Գատըգիւղի Արամեան-Ունճեան դպրոցում, ապա «Սուրբ Յովսէփ» ֆրանսիական վարժարանում: Այնուհետեւ ֆրանսերէնը կատարելագործելու համար սովորում է Մարսէյլի երկրորդ կարգի դպրոցում, յետոյ` Լոնդոնի Թագաւորական քոլեջի ճարտարագիտութեան բաժնում, որն աւարտում է 1887-ին` փայլուն գնահատականներով եւ բարձրակարգ ճարտարագէտ-նաւթարդիւնաբերողի որակաւորմամբ: Այնուհետեւ հայրը որդուն ուղարկում է Անդրկովկաս` ուսումնասիրելու Բաքւի քարիւղի հանքերը: Այս ճամփորդութիւնը «նաւթային գործի» սիրահարին առիթ է ընձեռում հեղինակելու լուրջ մի աշխատութիւն` Միջին Արեւելքի նաւթային պաշարների շահագործման եւ մշակման վերաբերեալ, ինչպէս նաեւ զանազան յօդւածներ հրատարակել ու փարիզեան «Revue des Deux Mondes» թերթում: 21 տարեկանում Գիւլբենկեանը համարւում էր նաւթային հարցերի առաջնակարգ փորձագէտ` ողջ աշխարհում: Եւ պատահական չէ, որ նրա վրայ ուշադրութիւն է բեւեռում Օսմանեան կառավարութեան հանքերի նախարարը` խնդրելով մի տեղեկագիր պատրաստել կայսրութեան եւ Միջագետքի քարիւղի հանքերի մասին: Բանիմաց երիտասարդը բաւականին համոզիչ տեղեկագիր է պատրաստում, որով ապացուցում է, որ կայսրութեան տարածքները հսկայական նաւթային ներուժ ունեն: Բանեցրած դիւանագիտութեան շնորհիւ նա մի քանի մեծահարուստ նաւթարդիւնաբերողների համոզում է գումարներ ներդնել` այդ հանքերի շահագործումը կազմակերպելու համար: Աւելին` Գիւլբենկեանը որոշում է հօր տւած 30000 ֆունտ ստերլինգ դրամագլխով միանալ նրանց եւ սեփական գործ սկսել: Իսկ դրա համար նախ հարկաւոր էր ազդեցիկ կապեր ձեռք բերել: Այդ նպատակով մեկնում է Լոնդոն եւ այնտեղ եռանդուն գործունէութիւն ծաւալելու շնորհիւ նոր ծանօթութիւններ հաստատում, բանակցութիւններ վարում ու պայմանագրեր կնքում: Այդպէս մեկնարկում է Միջագետքի նաւթի հանքերի մշակման դարաշրջանը, ինչպէս նաեւ Գիւլբենկեանի գլխապտոյտ վերելքը` փառքի աստիճաններով:
Անգլիայում նա հանդիպում է կեանքի ընկերուհուն` Նւարդ Եսայեանին: Նւարդը հայկական ազնւական ընտանիքից էր, շատ խելացի, կենսուրախ մի կին, ով ողջ կեանքում մնաց ամուսնու կողքին` որպէս հաւատարիմ նեցուկ:
1896 թւականին ծնւեց նրանց առաջնեկը` Նուբարը: Այդ ժամանակ ամուսինները դեռ Թուրքիայում էին, սակայն համիդեան ջարդերի պատճառով լքեցին երկիրը` հաստատւելով Լոնդոնի կենտրոնում:
Տեղափոխւելով Եւրոպա` երիտասարդ գործարարն առաւել մեծ աւիւնով է սկսում զբաղւել նաւթային գործերով: Այդ տարիներին նա իր ուժերը ներդնում է երկու խոշոր գործընկերների` Օսմանեան կայսրութեան եւ Անգլիայի շահերը պաշտպանելուն` երկար ժամանակ նրանց համար ապահովելով Միջագետքի նաւթը շահագործելու մենաշնորհը եւ ինքն էլ ունենալով իր հասանելիքը: Սակայն Առաջին համաշխարհայինի նախաշեմին արաբական նաւթի հանդէպ յա-ւակնութիւններ է ներկայացնում Գերմանիան: Անգլիացիները խնդրում են Գիւլբենկեանին բանակցութիւններ վարել Գերմանիայի հետ` նաւթահանքերի նրա մասնաբաժինը հնարաւորինս կրճատելու նպատակով: Երկարատեւ բանակցութիւններով Գիւլբենկեանին յաջողւում է համաձայնագրի նախագիծ կազմել, որը բաւարարում է բոլոր շահագրգիռ կողմերին:
Պատերազմի աւարտից յետոյ, երբ փլուզւել էր Օսմանեան հսկայական տէրութիւնը, եւ Գերմանիան էլ խաղից դուրս էր մնացել, Գիւլբենկեանը ստիպւած էր նոր բանակցութիւններ սկսել հին եւ ասպարէզում յայտնւած նոր գործընկերների հետ: Պատերազմում յաղթանակած Ֆրանսիան Միջին Արեւելքի քարիւղի պահեստների տիրակալներից մէկը դառնալու նոր յաւակնորդերի թւում էր: ԱՄՆ-ը նոյնպէս աչք էր դրել Միջագետքի եւ յատկապէս` Հիւսիսային Իրաքի քարիւղի հանքերի վրայ: Եւ Գիւլբենկեանի շնորհիւ, Թուրքական նաւթային ընկերութեան կազմաւորումից 14 տարի անց, նոր համաձայնագիր է կազմւում (պատմութեան մէջ յայտնի է «Կարմիր գծի» համաձայնագիր անունով) նորաստեղծ Իրաքեան նաւթային ընկերութեան շրջանակներում, որի բաժնեթղթերը կիսւում են նախկին անգլիական եւ անգլո-պարսկական, նոր ֆրանսիական ու ամերիկեան ընկերութիւնների միջեւ, որոնք էլ դարձան քարիւղի ապագայ հսկաները: Հետաքրքիր է, որ այս դէպքում եւս պահպանւեց ընդհանուր դրամագլխից Գիւլբենկեանին հասանելիք 5 տոկոսը, որի համար նրան սկսեցին կոչել «պարոն 5 տոկոս», եւ որը բազմապատկեց նրա միլիոնները:
Սակայն հարստութիւնը նրա համար թշւառներին, կարիքաւորներին ու դժբախտութեան մէջ յայտնւածներին ձեռք մեկնելու միջոց էր, ինքն անձամբ չէր սիրում անտեղի գումարներ վատնել, եթէ խօսքն իհարկէ չէր վերաբերում արւեստի հերթական գործը ձեռք բերելուն: Լինելով շատ խնայող ու ժուժկալ մարդ սեփական ընտանիքում` նա գումարներ չէր խնայում Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Յորդանանի հայկական համայնքներին առատաձեռն նւիրատւութիւններ անելու համար: Համբաւաւոր հայ մեծահարուստը մեծ գումարներ է ներ-դրել նաեւ Երուսաղէմի պատրիարքարանի, Կ. Պոլսի «Սբ. Փրկիչ» հիւանդանոցի եւ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ինչպէս նաեւ Երեւանի ծայրամասում կառուցւած Նուբարաշէն եւ Նոր Կեսարիա թաղամասերի շինարարութեան գործում:
Կեանքի վերջին տարիներին Գիւլբենկեանը բնակութիւն է հաստատում Պորտուգալիայում` իր համար ժամանակաւոր կացարան դարձնելով լիսաբոնեան «Աւիզ» շքեղ հիւրանոցի համարները: Հաւատարիմ քարտուղարի ուղեկցութեամբ զբօսանքները նրա ամէնօրեայ արարողութիւններից էին: Դրանց միակ անյարմարութիւնը Գիւլբենկեանի աճող հռչակն էր. նա ասես Լիսաբոնի տեսարժան վայրերից լինէր. բոլորը ուզում էին գոնէ հեռւից տեսնել աշխարհի ամենահարուստ մարդուն, իսկ երեխաները համարձակութիւն էին ունենում մօտենալ, շրջապատել ու ամենատարբեր հարցերով անհանգստութիւն պատճառել հան-գստացող ծերունուն: Սակայն Գիւլբենկեանը նրանց դէմ պայքարելու սեփական` զուտ «գիւլբենկեանական» եղանակն ունէր. երեխաներին թոյլատրում էր կողքին գտնւել միայն այն պայմանով, եթէ լուռ մնան: Այդ լռութեան համար իւրաքանչիւրը մէկական մանրադրամ էր ստանում:
Կեանքի մայրամուտին` 81 տարեկանում զրկւում է հաւատարիմ կողակցից: Դա նրան ստիպում է մտածել կտակի մասին, որում ցանկութիւն է յայտնում Լիսաբոնում յատուկ ֆոնդ ստեղծել` Եւրոպայով մէկ ցրւած իր հաւաքածուի բոլոր նմուշները` իր բոլոր «զա-ւակներին» մէկտեղելու համար: Ֆոնդին նա կտակում է 2,6 միլիարդ դոլար եւ 102 միլիոն բիւջէով տարեկան շահոյթ: 2 տարի անց` 1955 թւականի Յուլիսի 20-ին, իր օթեւանած հիւրանոցում էլ դարի մեծագոյն մարդկանցից մէկը հրաժեշտ է տալիս կեանքին: Նրա վերջին հանգրւանը դառնում է իր միջոցներով Լոնդոնում կառուցւած Սբ. Սարգիս եկեղեցին:
 
«Յոյս» թիւ 130
13 Սեպտեմբեր 2012
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *