Գիւմրին փոքր Երեւան չԷ

 
 
Մինչ Գիւմրին այցելելը, Հայաստանի երկրորդ քաղաքի մասին մտածում էի որպէս մի փոքր Երե-ւան, սակայն, նոյնիսկ կարճ մի շրջագայութեամբ քաղաքի փողոցներում անհետանում է այդ թիւրիմացութիւնը: Գիւմրին, որի անունները (Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական եւ կրկին Գիւմրի¤ արդէն վկայում են նրա պատմութեանը, իր ամէն ինչով տասնիններորդ դարի ռուսական կայսրութեան մի քաղաք է: Մեզ այսօր ծանօթ Երեւանը հիմնականում ձեւաւորւել է սովետական շրջանում, մինչդեռ Գիւմրին նախասովետական շրջանում արդէն ռուսական Անդրկովկասի կարեւոր քաղաքներից էր համարւում: Գիւմրին իր ճարտարապետութեամբ բաւականին տարբերում է Երեւանից: Տուֆէ վարդագոյն քարով բազմայարկանի եւ բակերի շուրջ կառուցւած բնակարանային համալիրների փոխարէն` այստեղ կան տեղական սեւ շինանիւթով կառուցւած երկյարկանի շէնքեր:
Գիւմրիի հէնց մուտքում քաղաքի թանգարանում ներկայացւած է քաղաքի կենցաղը եւ արհեստների զարգացած մակարդակը տասնիններորդ դարում: Թանգարանի շէնքը Արեւմտահայաստանից Գիւմրի գաղթած հարուստ տոհմի բնակավայրն է եղել, եւ սենեակները պահւել են հնարաւորին չափ ժամանակի ոճով, որը ըստ երե-ւոյթին չի զիջել տասնիններորդ դարւայ եւրոպական կենցաղային ոճին: Թանգարանում ցուցադրւել են նաեւ իրեր, որոնք վկայում են տասնիններորդ դարում քաղաքում դարբնութեան, մետաղաձուլութեան, արծաթագործութեան, դերձակութեան, կօշկակարութեան եւ այլ արհեստների զարգացման մասին: Թանգարանի պատերը զարդարւած են Գիւմրիի անւանի նկարիչ Յակոբ Անանիկեանի նկարներով (տես էջ 10¤:
Մի բանով, որն ի դէպ ոչ այնքան դրական, Գիւմրին նմանում է Երե-ւանին, այն է, որ քաղաքի կենտրոնական ընդարձակ հրապարակում  իրար են խառնւած պատմական յուշարձանները եւ արդի սպառողական ապրանքներ գովազդող մեծ ցուցատախտակները: Ասենք «Սամսունգ»-ի հսկայ յայտարարութիւնը Վարդան Զօրավարի արձանի տեսարանի խորքում:
Գիւմրիի այցելութիւնը լրացնում է Երեւանից ստացած պատկերը՝ Հայաստանի պատմութեան եւ մշակոյթի մասին:
 
Ռ.Ս
 
 
ՔԱՂԱՔԻ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
 
Գիւմրիի զարգացման ամենանշանակալից շրջանը դարձաւ XIX դարը, երբ իր շրջակայքով 1804 թւականին, ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտաւ Ռուսաստանի կազմի մէջ, այսինքն մօտ քառորդ դար աւելի վաղ քան ողջ Արեւելեան Հայաստանը: Այդ ժամանակ նա դարձաւ Անդրկովկասի նշանաւոր քաղաքներից մէկը:
1829 – 30 թւականներին Արեւ-մտեան Հայաստանից՝ Կարսից, Էրզրումից, Բայազետից եւ այլն հարիւրաւոր ընտանիքներ ներգաղթեցին եւ մշտական բնակութիւն հաստատեցին Գիւմրիում, որի հետեւանքով քաղաքը դարձաւ համեմատաբար բազմամարդ:
1837 թւականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինը, ժամանելով Գիւմրի, քաղաքը կոչում է իր կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրիա Ֆեօդորովնայի անունով՝ Ալեքսանդրապոլ, որը ժողովուրդը երբեմն անւանել է նաեւ Ալեքպոլ: 1840 թւականին Գիւմրին յայտարարւում է քաղաք, իսկ 10 տարի անց՝ 1850 թւականին, դառնում Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գաւառի կենտրոնը: Քաղաքը գլխաւոր պրիստաւի (գաւառապետի) աթոռանիստն էր, Անդրկովկասի ռուսական զօրքերի կարեւոր աւան-պոստը: Այստեղ հիմնւեցին ռազմական ամրութիւններ, զինւորական աւաններ (Պոլիգոններ, Սեւերսկի, Կազաչի պոստ):
Ալեքսանդրապոլը սահմանային բերդաքաղաք լինելով հանդերձ, շուտով դարձաւ նաեւ առեւտրի եւ արհեստագործութեան նշանակալի կենտրոն, իսկ դարավերջին՝ 1899 թ. Թիֆլիս – Ալեքսանդրապոլ, այնուհետեւ Ա-լեքսանդրապոլ-Երեւան երկաթուղիների կառուցումը, որը 1906 թ. շարունակւեց մինչեւ Ջուլֆա, ապա Թաւրիզ, քաղաքը դարձրեց երկաթուղային կարեւոր հանգոյցներից մէկը: Դա մեծ բեկում մտցրեց նրա սոցիալ-տնտեսական եւ մշակութային կեանքում:
Ալեքսանդրապոլը նախասովետական շրջանում առաջին հերթին արհեստաւորական քաղաք էր, ուր 1850-1860 թւականների արհեստաւորների թիւը կազմում էր աւելի քան 5 հազար մարդ: Առանձնապէս տարածւած էին շինարարական-մետաղամշակման արհեստները, որմնադրութիւնը, քարտաշութիւնը, ատաղձագործութիւնը, դարբնութիւնը, պղնձագործութիւնը, անագագործութիւնը եւ այլն: Յատկապէս յայտնի էին քարտաշներն ու որմնադիրները, որոնց համբաւը տարածւել էր երկրով մէկ: Արհեստաւորների մեծագոյն մասը ներգրաււած էին համքարութիւնների մէջ, որոնք պահպանւեցին մինչեւ XX դարի սկիզբը: Քաղաքի կեանքում կարեւոր նշանակութիւն էր ստացել տնայնագործութիւնը: Շուտով ստեղծւեցին գարեջրի, օճառի եւ կաշւի ձեռնարկութիւններ: Մեծ վերելք ապրեց առեւտուրը: Քաղաքում կային բազմաթիւ խանութներ, մանր ու մեծ կրպակներ, շուկաներ: Քաղաքի տնտեսական զարգացման հետ միասին խոշոր չափերով սկսեց աճել նաեւ ազգաբնակչութիւնը:
XIX դարի վերջին Ալեքսանդրապոլն ունէր 32 հազար բնակիչ, Թիֆլիսից ու Բաքւից յետոյ համարւում էր երրորդ առեւտրական եւ մշակութային կենտրոնն Անդրկովկասում: Այդ ժամանակներին քաղաքն ունէր մօտ 10 դպրոց ու վարժարան: Աչքի էին ընկնում Արղութեան (արական) եւ Սահականուշեան (օրիորդաց) վարժարանները, ուր հայերէնից բացի սովորում էին ռուսերէն, լատիներէն եւ յունարէն: Կային նաեւ մասնաւոր վարժարաններ:
Քաղաքը յայտնի էր իր դպրոցներով, գուսաններով, ժողովրդական երգիչներով (Ջիւանի, Շերամ, Ֆահրազ, Հայաթ եւ ուրիշներ): Տրւում էին թատերական ներկայացումներ: Առաջին անգամ Հայաստանում, 1912 թ. այստեղ է բեմադրւել Ա. Տիգրանեանի «Անուշ» օպերան:
Սովետական կարգերի հաստատմամբ Ալեքսանդրապոլում արագ թափով սկսեց զարգանալ արդիւնաբերութիւնը, գիտութիւնն ու մշակոյթը: Մինչեւ 1930-ական թւականների սկիզբը քաղաքը մնում էր որպէս գաւառի կենտրոն: 1924 թւականին Վ. Ի. Լենինի մահից յետոյ Ալեքսանդրապոլը անւանւեց Լենինական:
Հայաստանի անկախացման տարիներին քաղաքը կրկին վերանւանւեց Գիւմրի:
 
Օգտագործւել են տեղեկութիւններ «Լենինական» ուղեցոյցից՝
(Լենինական, ուղեցոյց, Վազգէն Ազատեան, ՀԿԿ Կենտկոմի հրատարակչութիւն. Երեւան, 1989 թ.)
 
 
ԳԻՒՄՐԻԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
 
Գիւմրին գտնւում է Երեւանից (Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք) 126 կմ տարածութեան վրայ, Շիրակի բարձրաւանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մ բարձրութիւն ունեցող հարթավայրում, Հայաստանի հիւսիս-արեւմուտքում, Ախուրեան գետի ձախ ափին:
Տարածքը կազմում է 3626 հեկտար:
Քաղաքի մօտով հոսում է Հայաստանի Հանրապետութեան ջրառատ գետերից մէկը` Ախուրեանը:
Շրջակայքը հարուստ է շինանիւթերով` տուֆով, բազալտով, դիատոմիտով, կաւով, ինչպէս նաեւ սեւահողային արգաւանդ դաշտերով:
Ընդհանուր առմամբ Գիւմրիում կլիման ցամաքային է: Ձմռանը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում: Օդի նւազագոյն ջերմաստիճանը իջնում է մինչեւ  41-ի: Ամռանը համեմատաբար շոգ է, սնդիկի սիւնը հասնում է մինչեւ 36 աստիճանի, տարեկան տեղումները միջին հաշւով կազմում են 500 մմ, գտնւում է 8-9 բալանոց սէյսմիկ գօտում:
 
«Յոյս» թիւ 130
13 Սեպտեմբեր 2012
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *