Էդիկ Թամրազեան երգարւեստի անխոնջ նւիրեալը

249-hooys-armani-3
 
Մեր թերթի այս համարի հիւրն է «Հայ կին»  միութեան կից, «Անահիտ» միութեան «Զւարթնոց» և Հ․Ուս․ «Չարմահալ» միութեան «Ուրարտու» երգչախմբերի բազմամեայ ղեկավար՝ պրն․ Էդիկ Թամրազեանը։
Է․ Թամրազեանին բոլորս ճանաչում ենք, որպէս անխոնջ աշխատող և նւիրեալ խմբավար, մարդ, ով աւելի քան 35-տարւայ գործունէութեամբ՝ կեանքը նւիրաբերել է մեր երիտասարդներին  մշակութապէս աւելի հարստացնելու գործին։
Մեր համայնքում կազմակերպւող, բազմաթիւ միջոցառումների մասնակիցն է մեր սիրելի Թամրազեանը՝ իր շնորհաշատ խմբով։
«ՅՈՅՍ»
 
 
Կենսագրութիւն  և գործունէութիւն
Երաժիշտ, երգահան, մեներգիչ և խմբավար՝ Էդիկ Թամրազեանը ծնւել է  1963 թ․ Թեհրանում՝ մի երաժշտասէր ընտանիքում։  Մայրը շատ լաւ ձայն է ունեցել, իսկ հայրը տիրապետել է երեք նւագարանների։
Ուսման տարրական շրջանում,  դպրոցական  երգի մրցոյթում առաջին տեղը շահելով՝ ոգևորւել է, ինչը և նրա համար երգի ասպարէզ մտնելու սկիզբ է դարձել։
1975 թ․-ին ծանօթացել է երաժիշտ, երգչախմբի ղեկավար Ժոռա Մինասեանի հետ և բեղուն աշխատանք սկսել բեմական ասպարէզում։ Միջնակարգ ուսումն աւարտել է «Քուշեշ» դպրոցում, որտեղ նաև  երգել է դպրոցի ընթացաւարտների հանդէսներում։
1978 թ․-ին կազմւեց «Ուրարտու» երգչախումբը։ Էդիկ   և Վահիկ Թամրազեանները դարձան այդ խմբի առաջին մասնակցողները և մեծ յաջողութիւն ձեռք բերեցին իրենց մեներգային և զուգերգային կատարումներով։
Քսան տարեկան հասակում Էդիկն ունեցել է իր մենահամերգը կենդանի նւագախմբի ընկերակցութեամբ։ Անդրէ Արզումանեանի ղեկավարութեամբ տեղի ունեցած համերգի 5 երգերի խօսքի ու երաժշտութեան հեղինակը եղել է ինքը՝ Էդիկ Թամրազեանը։
17 տարիներ մասնակցել է «Ուրարտու» երգչախմբի աշխատանքներին, որտեղ հանդէս է եկել նաև որպէս մեներգիչ, իսկ յետոյ՝ ղեկավարել  է խումբը։
Կազմել է աշակերտական երգչախմբեր՝ «Ռոստոմ», «Արաքս», «Մարիամ հաստ․», «Ալիշան», «Գոհար» և «Շանթ» դպրոցներում։ Նաև մասնակցելով դպրոցական մրցոյթների, գրաւել է առաջին տեղ  և բարձր գնահատւել։
Ապրիլի  24ի կենտրոնական ծրագրին ելոյթ ունենալու նպատակով, իրականացրել է դպրոցական աշակերտներից 140 հոգանոց միասնական երգչախումբ կազմելու դժւարին աշխատանքը։
Յօրինել է բազմաթիւ մանկական երգեր, որոնք հնչում են մեր դպրոցական հանդէսներում։ Դրանցից են՝ «Հրաժեշտ դպրոցին», «Հայ աշակերտի պատգամը», «Գովք հայրենիքիս», «Մեր դպրոցը», «Հայաստան աշխարհ» և այլն։
Համադրել  և գործիքաւորել է բազմաթիւ  նւագներ, ներդնելով իր իւրայատուկ ճաշակը, որը խանդավառ է դարձրել՝ երգչախմբերի ելոյթները։
Ընտրւելով որպէս լաւ մեներգիչ նկարահանւել է Հայաստանի  «Հ-1» հեռուստաալիքի «Փակ նախագիծ» ծրագրում, որը ցուցադրւել է «Հ-1» ի եթերով։
Համագործակցել է Հայաստանի անւանի  երգչախմբի ղեկավար՝ Ժիրայր Ալթունեանի և մայեստրօ Հանրի Մանգասարեանի հետ որպէս մեներգիչ և երաժշտական համադրող  և բարձր գնահատւել։
Ապրիլի 24-ին նւիրւած թատրոնում ներկայացել է «Կոմիտաս»-ի դերում՝ հանդէս գալով որպէս դերասաներգիչ։
Յօրինել է «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութեան 50- ամեակին նւիրւած՝ շքերթի երաժշտութիւնը։
Ստեղծել է բազմաթիւ հիմներգեր, որոնցից կարելի է նշել՝  «Զւարթնոց» երգչախմբի, «Արարատ» դպրոցի 50- ամեակի, 33-րդ համահայկական խաղերի բացման, «ՎանՎասպուրական» միութեան, «Քերման մոտորի», նաև Աւիավթարի զոհերի յիշատակին նւիրւած «վերջին թռիչք», Արամ Վեհափառին նւիրւած՝ «Ողջոյն Վեհափառ» երգերը։
Երաժշտականացրել է Սիամանթոյի «Ափ մը մոխիր հայրենի տուն»-ը և շատ ուրիշ ստեղծագործութիւններ։
Յօրինել և հնչեցրել է  հայ երգը կինոյում՝ «Մարիամ ու Միթիլ» ֆիլմում, իսկ «Զւարթնոց» երգչախումբը ելոյթ է ունեցել « Էստերդադ»  ֆիլմում։
1988 թւին «Անահիտ» միութեան կողմից հրաւիրւել է  ստանձնելու  «Զւարթնոց» երգչախմբի ղեկավարութիւնը։
«Զւարթնոց» երգչախմբի առաջին ելոյթը եղել է «Իմամ Խոմէյնի»-ի 100-ամեակին նւիրւած միջոցառումը նրա դամբարանում։ Օրւայ նախագահի կողմից  խմբի անդամները արժանացել են  պարգևների։
Խմբի անդրանիկ համերգում նա մեկտեղել է երգն ու պարը, ուր պարի գեղարւեստական ղեկավարն է եղել անւանի պարուսոյց՝ Արուս Սարգսեան-Աւագեանը։
Նշելի է, որ այս տարի լրանում է Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ «Զւարթնոց» երգչախմբի 20-ամեակը։ Նա քրտնաջան աշխատանք է տարել այդ խմբի զարգացման ճանապարհին։
Խումբը բազմաթիւ անգամներ ելոյթ է ունեցել պաշտօնական միջոցառումներին։ Յատկապէս բարձր է գնահատւել և հեռուստատեսութեամբ ցուցադրւել՝ Մշակոյթի նախարարի, Թեհրանի խորհրդարանի պատգամաւորների և այլ բարձրաստիճան պաշտօնեաների ներկայութեամբ կազմակերպւած՝ միջոցառումների ժամանակ։
Երգչախումբը 2 անգամ հրաւիրւել է «Ֆաջր» երաժըշտական փառատօն  և   ստացել խրախուսական մրցանակ։
Հարկ է նշել պրն․ Էդիկ Թամրազեանը 2005 թւականից համագործակցում է «ՅԱ ՄԱ ՀԱ»  ընկերութեան հետ որպէս   «էլեկտրոնային դաշնամուր»-ի   մասնագէտ։
 
Հարցազրոյց
Հայ երաժիշտը ինչ յատկանիշներ պէտք է ունենայ։
Հայ երաժիշտը պէտք է իր մասնագիտական աշխատանքներում միշտ յիշի, որ հայ է և կառչած մնայ հայկականութեանը և այդ ուղղութեամբ ծառայելը լինի նրա սկզբունքը։
Իւրաքանչիւր մարդու սկզբունքները իրարից տարբեր են լինում և մարդն ինքն է որոշում, թէ ինչի պէտք է կառչած մնալ։
 
Ինչ կասէք մանկապատանեկան երգչախմբերի մասին։
Այո, դրա կարիքը շատ է զգացւում։ Նախ ծնողները պէտք է այլ առարկաների կողքին կարևորութիւն տան երգին և երաժշտութեանը, և առիթներ ստեղծեն երեխայի համար՝ այդ ուղղութեամբ զարգանալու։
Մենք ունենք շատ կարող երեխաներ, պէտք է միջոցառումներ կազմակերպելով գտնել և խրախուսել այդ ուժերին։
Տարբեր առիթներով յաճախ  են ինձ դիմում, սակայն  շատ ուշացումով․  բնականաբար, երբ աշխատանքը կատարւում է հապճեպ, սպասւած որակը և արդիւնքը չի ստացւում։ Օրինակ դպրոցները  միայն տարեվերջի հանդէսի համար են դիմում, մինչդեռ պէտք է դասացուցակում ժամ յատկացնել երաժշտութեանը, կամ կանոնաւոր կերպով արտաժամեայ աշխատանք կազմակերպել։
Նաև տղաների մօտ խիստ զգացւում է պարի և երգարւեստի նկատմամբ սիրոյ և համարձակութեան պակասը, որը ցանկալի չէ, և պէտք է հակառակը  խրախուսել։
Եթէ մենք ներկայ ենք լինում փառատօներին  որպէս իրավարար, մեզ զգուշացնում են մեղմ արտայայտւել և չքննադատել երեխային, մտահոգւած լինելով, որ կարող է երեխայի և ծնողի մօտ բացասական ազդեցութիւն ունենայ, մինչդեռ մեր երեխաները պէտք է կոփւեն և ունակ լինին նաև քննադատութիւն լսելու, որպէսզի զարգանան։
 
«Զւարթնոց» երգչախմբի մասին կպատմէ՞ք․ ինչ կանոններ կան։
Մեր երգչախումբը 35 տարւայ անցեալ ունի և երիտասարդական է։
Մենք սովորեցնում ենք ձայնավարժութիւն՝ սոլֆէժ և երգ։
Անդամներից սպասւում է պարտաճանաչ լինել և կանոնաւոր յաճախել փորձերին։
Խմբի անդամների յարաբերութիւնը շատ սերտ է և ես կարևորութիւն եմ տալիս դրան։
Ես միշտ ասել եմ՝  նրանց գործը խմբային է և եթէ մենք իրար նկատմամբ սիրալիր չլինենք, մեր գործը չսիրենք, այդ աշխատանքը լիարժէք չի լինի և սպասւած արդիւնքը չի տայ։
Եթէ անդամներից մէկը բացակայում է, դա զգալի է ինձ համար ու ես․․․ կարօտում եմ։
Այդ սէրը փոխադարձ է և դա զգացւում է նրանց աշխատանքից, կարգապահութիւնից, իմ նկատմամբ անսահման յարգանքից. այդ սէրն է, որ մեզ պահում է իրար շուրջ ու յաջողութիւններ  բերում մեզ։
Զւարթնոցի ընտանիքի համար ես որպէս հայր եմ և այս խմբից շուրջ 15 զոյգ ամուսնացել են, որի արդիւնքում այժմ 20  թոռնիկներ ունենք։
Մեր աշխատանքը զարգանալով դուրս է եկել համայնքային սահմաններից և ընդգրկում է երկրի ու արտասահմանեան շրջանակներ։
 
Խնդրեմ պատմէք Ձեր  յուշերից։
33-րդ համահայկական խաղերի բացման արարողութեան համար նախատեսւած էր  բանաստեղծ Հայգալի գրչին պատկանող բանաստեղծութեան  համար  երաժշտութեան պատրաստումը և դա յանձնարարւել էր ինձ։ Ես էլ սիրով կատարեցի, որը շատ յաջող ստացւեց։ Բայց դժբախտաբար նոյն բացման օրը, երբ մեր երգչախումբը պիտի հանդէս գար,  ստացայ բանաստեղծի մահւան գոյժը։ Դա տխուր անակնկալ լինելով, ինձ մեծ վիշտ  պատճառեց, սակայն այդ լուրը խմբից գաղտնի պահելով և սեփական յուզումը զսպելով՝ կարողացանք լաւագոյն կերպով կատարել այն։
Հանգուցեալ պրն. Միշա Հայրապետեանն ինձ առաջարկեց Սիամանթոյի՝  «Ափ մը մոխիր․․․․․»-ը երաժշտականացնել։ Ես ասացի, որ դա  դժւարին աշխատանք է, բայց դրանով հանդերձ իմ ուսուցչի ցանկութիւնը ի կատար ածելու համար ամբողջ ուժս գործադրեցի․ բարեբախտաբար ստացւեց և իր հաւանութեանն արժանացաւ։  Հետագայում ես դա նւիրեցի նրա  յիշատակին։
2016 թ․-ին  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառը իր գահակալութեան 20-ամեակի առիթով՝ այցելեց Իրան։ Նրան պատշաճ կերպով դիմաւորելու նպատակով նկատի էին առնւել տարբեր ծրագրեր։ Որոշեցի ողջոյնի խօսքի համար՝ բանաստեղծ Էլսօ Գարեանի բանաստեղծութեան հիման վրայ երաժշտութիւն պատրաստել։ Այդ աշխատանքը սիրով կատարեցի, բարեբախտաբար յաջող ստացւեց և վեհափառին անակնկալի բերելով՝ նրա հաւանութեանն արժանացաւ․նա  ինձ կանչելով ասաց․ «Խմբավա'ր, ես ուզում եմ ունենալ այս երգը»։
Պրն․ Ժոռա Մինասեանի ծննդեան 85-ամեակը նշւում էր Ամերիկայում: Կէսգիշերւայ ժամը 3-ին իր դուստրը զանգահարեց՝ ինձ անակնկալի բերելով։ Նա  ասաց, որ հէնց հիմա տեղի է ունենում հանդիսութիւնը և պրն․ Մինասեանի ցանկութիւնն է, որ իր սիրելի աշակերտը, հանդէս գայ կենդանի կատարմամբ, և ես մեծ հաճոյքով կատարեցի «Նոր ֆիդայիներ»-ը՝ յարգարժան ուսուցչիս կրած նեղութիւններին ի պատասխան։
Որքան գեղեցիկ է ուսուցչի և աշակերտի միջև այդ ջերմ յարաբերութիւնը, որն այս օրերում պակասում է։
 
Փառատօնի մասնակցելու կապակցութեամբ ինչ կասէք։
«Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատօնին մասնակցելը կարևոր նւաճում է համարւում երգչախմբի համար:
Շատ թանկ է համարւում այն փաստը, որ Հայաստանում կարողացանք ներկայացնել Թեհրանի հայ երիտասարդների տաղանդը, ովքեր մեծ պատասխանատւութեամբ էին պատրաստւել՝  Հայրենիքում ելոյթ ունենալու համար:
Սա մեզ հնարաւորութիւն ընձեռեց Հայրենիքից ուժ ստացած՝ վերադառնալ և դրական լիցքերով  շարունակել աշխատանքը: Երազանքս հայրենի հողի վրայ «Հայաստան» երգը կատարելն էր: Հիմա, փառք Աստծոյ, երազանքս կատարւած կարող եմ համարել:  Նշեմ, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի համար Վարանդի բանաստեղծութեան հիման վրայ  երգ էի գրել, որը «Հայկ Դիւցազուն» է կոչւում: Այն նւիրւեց փառատօնի հանդիսաւոր փակման արարողութեանը: Հարկ է նշել՝ եգչախումբը յաջող ելոյթ ունեցաւ նաև Վանաձորում։
 
Ոչ հայկական շրջանակներում հայ երգի նկատմամբ ինչպիսին է վերաբերմունքը։
Պետք է ասեմ, որ  մեր երգչախումբը մեծ ճանաչում է ձեռք բերել: Պետական մակարդակի միջոցառումներին յաճախ հրաւէրներ ենք ստանում, անգամ Իրանի նախագահի կողմից երեք անգամ հրաւիրւել ու ելոյթ ենք ունեցել  նախագահական պալատում: Այդ միջոցառումների ժամանակ, պարսկերէն երգերի շարքում պնդում եմ, որ հայերէն երգեր նոյնպէս  երգենք, դա իմ սկզբունքն է: Երբ հնչեցնում ենք հայկական տարբեր երգեր, ոչ հայ հայրենակիցները մօտենում են մեզ, գովեստի խօսքեր ասում, հետաքրքրւում, թէ ինչ երգեր ենք կատարում:
 
Առաջարկութիւն՝ եթէ ունէք։
-Առաջարկում եմ ինչպէս  գոյութիւն ունեն տարբեր միութիւններ, նաև կեանքի կոչւի երաժիշտների միութիւն, որը կծառայի՝ երաժիշտների, երգչախմբերի ղեկավարների հանդիպմանն ու մտքերի փոխանակմանը։
Վերջում կուզեմ խորին շնորհակալութիւն յայտնել, իմ կեանքի ընկեր՝ Իւետ ԹամրազեանՔարամեանին, անցեալում «Ուրարտու» երգչախմբի և ներկայի «Զւարթնոց» երգչախմբի երգչուհի,  որն իր ծով համբերութեամբ՝ օգնել է ինձ այս դժւարին աշխատանքում։
Նոյնպէս «Յոյս» երկշաբաթաթերթի յարգարժան խմբագրութեանը, այս ջերմ հրաւէրի եւ Ձեզ՝ սիրելի Մելինէ , մտերմիկ ասուլիսի համար։
 
Յաջողութիւն ենք մաղթում  և  ցանկանում նորանոր նւաճումներ Ձեզ և  Ձեր խմբերին։
 
Զրոյցավար 
Մ․Ա․
 
 
«Յոյս» թիւ 251
28 Նոյեմբեր 2017

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *