Խմբագրական

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ 1897-1937
 
2017 ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 
Եղիշե Չարենցի եղերական մահվան 80-ամյա տարելիցին հայ գրողները, ուսուցիչներն ու աշակերտները Երևանում ծաղիկներ դրեցին մեծ գրողի հուշարձանին: «Չնայած Եղիշե Չարենցը կարճ է ապրել` նրա կյանքի ամեն վայրկյանը, րոպեն լի էին հայոց պատմության և՛ բերկրալից, և՛ ողբերգական էջերով: Պատահական չէ, որ հայոց պատմության քառուղիները Չարենցը վերլուծեց ու պոեմի տեսքով հանձնեց հայ ժողովրդին: Չարենցի պոեզիայում, արձակում սինթեզված է ողջ համաշխարհային գրականությունը: Չարենցն իր ժամանակների անաչառ գնահատականն էր տալիս. հենց դրա համար էլ պատժվեց, բանտարկվեց: Պետք է հիշենք Չարենցին, բռնաճնշման ենթարկված մյուս գրողներին, որոնք էական դեր են կատարել հայ գրականության կայացման գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` Չարենցը վիթխարի գրող էր, որը չէր կարող ապրել իր ժամանակի հեղձուցիչ սահմաններում: «Նա կամ պիտի խորտակեր այդ սահմանները, պայթեցներ դրանք, կամ պիտի դառնար դրանց զոհը: Չարենցը երկուսն էլ արեց: Նա ուրվագծեց հոգևոր հայրենիք, որն անեզր է, տիեզերական: Չարենցը մեր պատմության խորխորատներից այնպիսի լույս բխեցրեց, որը մինչ օրս պայծառացնում է ու հավերժ պետք է լուսավորի հայ մշակույթը»,- ասաց Վարդանյանը: «Նա ապրեց քառասուն տարի, և նրա կյանքն ավարտվեց իր արարչական գործի ճանապարհի կեսին: Վերջին տարիներին Եղիշե Չարենցը հազվադեպ էր տանից դուրս գալիս, և ոչ ոք նրան չէր այցելում: 1937- ին` իր քառասնամյակի օրերին, նա գրել էր, որ տոնում է կրկնակի հոբելյանը՝ իբրև մենակ և հալածական պոետ աքսորյալ սեփական հայրենիքում»,-նշեց Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը: Նա ընդգծեց, որ Չարենցը կապրի, քանի դեռ կա հայ մարդը: Միջոցառումն իրականացվեց ՀԳՄ նախաձեռնությամբ: Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին: 1908-1912 թվականներին սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, այնուհետև` Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում: 1922-ին որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վ. Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել: Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920-ին՝ Մայիսյան, 1921-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 1922 թվականին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925 թվականներին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1928-1935 թվականներին աշխատել է Հայպետհրատում՝ լույս ընծայելով հայ դասական և ժամանակակից գրականության բարձրարժեք նմուշներ: 1935-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է ետմահու: Նրա հայտնի գործերն են «Դանթեական առասպել», «Սոմա», «Ամբոխները խելագարված», «Երկիր Նաիրի» ստեղծագործությունները և այլն: Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր:
 
 
 
«Յոյս» թիւ 251
28 Նոյեմբեր 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *