Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեակը

Ս.Շտիկյան
ՀՍՍՀ  ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

249-hooys-armani-4

 
Սիրելի՛ հայրենակիցներ,
2017 թ. լրանում է Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակը: Դեռևս երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոն։ 1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր ներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների:
Կոչ ենք անում համայնքում, ինչպես նաև համայնքի դպրոցներում, մշակութային կազմակերպություններում կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված Միաբանության 300-ամյակին, ինչպես նաև միջոցառումների վերաբերյալ նյութերը՝ տեսագրություններ, լուսանկարներ, տարածել սփյուռքյան լրատվամիջոցներով:
Խնդրում ենք նաև իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկություն տրամադրել նաև ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի միջոցով միջոցառումները Հայաստանում ավելի լայնորեն լուսաբանելու նպատակով:
Հարգանքով՝   Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչություն
 
 
ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Մխիթարյաններ, հայ կրոնական (կաթոլիկ) և մշակութային կազմակերպություններ (Վենետիկի և Վիեննայի): Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին, 1701-ի սեպտ. 8-ին, Կ. Պոլսում, հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն ծավալելու նպատակով:
Սկզբնական շրջանում կոչվել է «Անտոնյան միաբա-նություն»: 1706-ին տեղափոխվել է Մեթոն (Հունաստան), որը ենթակա էր Վենետիկի հանրապետության, 1717-ից հաստատվել Վենետիկի մոտ գտնվող Ս. Ղազատ կղզում: 1712-ին Վատիկանը Մխիթար Սեբաստացուն ճանաչել է միաբանության առաջնորդ, նրան շնորհել աբբահոր կոչում: Մ. Մ. Գործունեություն է ծավալել երկու՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտականբանասիրական ուղղությամբ: Վատիկան աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանվել և հրատարակվել է կաթոլիկական գրականություն. Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» (1715). Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Մատթէոսի» (1737). Ալփոնսոս Ռոտրիկվեցի «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» (հ. 1-3, 1741-42) ևն աշխատություններ: Դրան զուգահեռ նախապատրաստվել և հրատարակվել է հայագիտական գրականություն (հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, դասագրքեր): XVIII դարի 1-ին կէսին Մ. Մեան հայագիտական գործունեության մեջ հատկապես նշանակալից էր Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզւի» (հ. 1-2, 1749-69) բացատրական բառարանի հրատարակումը:
 
249-hooys-armani-5XVIII դ. 2-րդ կեսից Մ. Մ. վերելք ապրեց, ժամանակի հայ առաջնակարգ մշակութային և գիտական գործիչներ Գ. Ավետիքյանի (1750-1827), Մ. Չամչյանը (1738-1823). Մ. Ավգերյանի (1762-1854), Հ. Ավգերյանի (1774-1854), Ղ. Ինճիճյանի (1758-1833), Մ. Ջախջախյանի (1770-1835), Ե. Թովմաճյանի (1777-1848), Ղ. Ալիշանի (1820-1901), Գ. Ջարբհանալյանի(1827-1901) և ուրիշների գործունեության շնորհիվ:
Սկսվեց «Մատենագիրք նախնեաց» և նույնի համառոտ, հանրամատչելի բնույթ կրող ընտիր մատենագիրք շարքերի հրատարակումը: Բնագրագիտական ճշգրտումներով, առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակվեցին Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» (1827), Բարսեղ Կեսարացու «Ճառք…» (1830), Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» (1832), Մխիթար Հերացու «Ջերմանց Մխիթարութիւնք» (1832), Դավիթ Անհաղթի «Մատենագրութիւնք» (1838), Մովսես Խորենացու «Մատենագրութիւնք» (1843) և համաշխարհային ու հայ դասականների այլ գործեր: Մխիթարյանները հանդես եկան նաև ինքնուրույն հայագիտական, պատմաբանասիրական, աշխարհագրական, բառարանագիտական և այլ բնույթի աշխատություններով: Այդ տարիներին ստեղծւած գործերից հատկապես մեծարժեք են Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց» (հ. 1-3. 1784-86 ), Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց…» (հ. 1-12, 1810-15), Ղ. Ինճիճյանի «Դարապատում» (հ. 1-8, 1824-28) , Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (հ.1-11, 1802-08), Ղ. Ալիշանի «Քաղաքական աշխարհագրութիւն» (1853), «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890), «Սիսական» (1893), Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի, Մ. Ավգերյանի «Նոր Բառգիրք հայկազեան լեզուի» (հ.1-2, 1836.37), Գ. Ջարբհանալյանի «Պատմութիւն հայերէն դպրութեանց» (հ. 1-2, 1865-78) ևն աշխատությունները:
XIX դ. Բեղմնավոր էր նաև Մ. Մյան գրականգեղարվեստական գործունեությունը, որի հիմքը դրել էր Մխիթար Սեբաստացին իր «Տաղարան» (1727) բանաստեղծությունների ժողովածուով: Այն կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ: Հայ կլասիցիզմը հետագա զարգացումն ստացավ Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի, Է. Հյուրմյուզյանի, Գ. Ավետիքյանի ստեղծագործություններում և թարգմանություններում («Տաղք Մխիթարյան վարդապետաց». Հ. 1-3, 1852-54), իսկ Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ով (1858) հասավ գագաթնակետին: Մխիթարյան կլասիցիզմի ներկայացուցիչները գրում էին խրթին, երբեմն արհեստական բառաբարդումներով ու ածանցումներիվ խճողված գրաբարով, որն անմատչելի էր հասարակ ժողովրդին: XIX դ. 2-րդ կեսից Մխիթարյանների կլասիցիզմը տեղի տվեց գրական նոր ուղղության՝ ռոմանտեզմին, որի հիմնադիրը եղավ Ղ. Ալիշանը՝ «Հայոց աշխարհիկ»,  «Պլպուլն Աւարայրի», «Հրազդան» ևն չափածո «Հայրունի» («Նուագք», հ. 3, 1858) և «Յուշիկք հայրենեաց հայոց» (հ. 1-2, 1869-70) պատմագեղարվեստական արձակ ստեղծագործություններով:
Մ. Մ. ծավալեց նաև ուսումնակրթական գործունեություն: Փոխարինողներ աճեցնելու նպատակով արդեն 1732-ին Մխիթար Սեբաստացին Ս. Ղազարում հիմնադրեց դպրոց՝ «Վարժարան» անունով: 1833-ին Պադուայում (Հյուսիսային Իտալիա) գործել սկսեցին Մուրատյան, 1836-ին Վենետիկում՝ Ռափայելյան վարժարանները (1873-ին դրանք միավորվեցին՝ ստանալով Մուրատ-Ռափայելյամ վարժատան անունը): 1846-ին Փարիզում բացվեց ևս մեկ դպրոց, որը հերագայում ստացավ «Փարիզի Մուրատյան վարժարան» անունը: Այդ վարժարանները գործում են առ այսօր (տես Մխիթարյան վարժարաններ):
Վենետիկի Մխիթարյանները 1843-ին հիմնադրեցին «Բազմավեպ» ամսագիրը, որը XIX դ. 60-ական թթ. ընդունեց հայագիտականբանասիրական բնույթ և այն պահպանում է առ այսօր:
1772-ին, Ս. Մելգոնյանի (1717-1799) աբբահայրության ժամանակ, երբ Մ. միաբանության անդամների միջև անհամաձայնություն և վեճ էր ծագել կանոնադրության փոփոխման կապակցությամբ, միաբանների մի խումբ՝ Ա. Բաբիկյանի (1738-1825) գլխավորությամբ, թողնելով Վենետիկը, 1773-ին հաստատվեց Տրիեստում, 1811-ից՝ Վիեննայում: 1811-ի հունիսի 8-ին ավստրիական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց նրանց գոյությունը: Մ. միաբանության Վիեննայի ճյուղավորումը (Մխիթարյաններ Վիեննայի) կարճ ժամանակում կրկնապատկեց իր անդամների թիվը, ընդլայնեց դպրոցական ցանցը (ուս. հաստատություններ բացվեցին Կ. Պոլսում, Իզմիրում, Տրիեստում և այլուր): Վիեննայի Մխիթարյանները նույնպես իրենց մշակութային գործունեությունը սկսեցին կրոնաաստվածաբանական բնույթի գործերի «Պատարագամատույց» (1803), Կ. Բիլուարտի «Բովանդակութիւն բովանդակութեան ս.  Թովմայի… » (հ. 1-3, 1810-1813) ևն հրատարակումով:
Հենց սկզբից նրանց գործունեության մեջ գերակշռեցին հայագիտականբանասիրական, լեզվաբանականթարգմանական աշխատությունները: Հիշատակության արժանի են Պ. Հովնանյանի «Մարդկային լեզուին սկզբան» (1857). Հ. Գաթըրճյանի «Տիեզերական պատմութիւն ի սկզբանէ աշխարհի մինչեվ ցմեր ժամանակս» (հ. 1-2, 1849-52) , Ղ. Հովնանյանի «Պատմութիւն քաղաքանականութեան եվրոպական տերութեանց ընդհանրապես» (հ. 1-4, 1856-60), Ա. Այտընյանի «Քննական քերականություն  աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866), Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» (1885), Հ. Քոսյանի «Հայք ի Զմիւռնիա և ի շրջակայս» (հ. 1-2, 1899) ևն աշխատությունները: Ստեղծվեցին նաև գեղարվեստական երկեր. Ս. Տերվիշյանի «Այրի մայրը և միամոր որդյակը» (1871), Կ. Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը» (1851), Ս. Գաթրճյանի «Տարվույն չորս եղանակները կամ նկարագիր սքանչելեաց բնութեան» (1852) ևն: Կատարվեցին գեղարվեստական թարգմանություններ. Ժ. Լաֆոնտենի «Առակք» (1894), Ժ. Ռասինի «Երգ վասն կրոնից» (1842) ևն:
Վիեննայի Մխիթարյանները 1847-63-ին հրատարակել են «Եվրոպա» շաբաթաթերթը. 1887-ից՝ «Հանդենս ամսօրյա» ամսագիրը:
Մ. մյան XIX դ. Վերջի և XX դ. 1-ին կեսի գործունեությունում նշանակալից դեր են խաղացել Գ. Գալեմքյարյանը (1862-1917), Հ. Տաշյանը (1866-1933), Ս. Էփրիկյանը (1873-1952), Ա. Ղազիկյանը (1870-1841), Վ. Հացունին (1870-1944), Մ. Պոտուրյանը (1881-1959), Ն. Ակինյանը (1894-1977) և ուրիշներ: Ներկայումս Մ. մյան մշակութային գործունեությունը համեմատաբար փոքր բաժին ունի հայագիտության և մանավանդ հայ գեղարվեստական գրականության համընդհանուր զարգացման  գործում: Վենետիկի Մխիթարյանների վերջին շրջանի գործերից հիշատակելի են Պ. Անանյանի «Սեբեոսի պատմության գրքի մասին քանի մը լուսաբանություններ» (1973), Մ. Ճանաշյանի «Հ. Արսեն Ղազիկյան և իր թարգմանությունները» (1974), «Պետրոս Դուրյան՝ դար մը ետք» (1974), Լ. Զեքիյանի «Հայ թատրոնի սկզբնաքայլերը և հայ վերածնունդի շարժումը» (1975), Տ. Յարտմյանի «Քեսունի Կարմիր վանքը» (1975)ևն աշխատություններ: Վիեննայի Մխիթարյանները շարունակում են «Ազգային մատենադարան» արժեքավոր մատենաշարի հրատարակումը: Ուշադրության արժանի հայագիտական հոդվածներ են հրատարակվում «Բազմավեպ»-ում և «Հանդես ամսօրյա»ում:
 
 
 
«Յոյս» թիւ 250
13 Նոյեմբեր 2017
 
 
 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *