Մեր Հայկաշէնը

ՆԵԼԼԱ ՄԱՐՏԻՐՈՍեԱՆ
 
249-hooys-armani-3
Իրանի հիւսիսային շրջանում, Կասպից ծովի ափին, Նուr քաղաքին կից Ռոյանի սկիզբում հայ Կաթողիկէ եկեղեցու հովանաւորութեան ներքոյ, գոյութիւն ունի մի մեծ հողատարածք, որը կոչւում է «Հայկաշէն»:Առաջին հողամասը գնւել է 1968-թւականին Իրանի հայ Կաթողիկէ եկեղեցու Թեմական խորհրդի անունով, այնուհետև մեծացնելով տարածքը դարձել է 198,000 քռմ:Նոյն թւականի օգոստոսի 23-ին տարածքի հիմնօրհնէքը տեղի ունեցաւ Արհի. Վարդան եպս. Թէքէեանի միջոցով: Այս արարողութեանը ներկայ էին Ս. Աթոռի ներկայացուցիչ Գերպ. Ֆրանկոն և մի խումբ հայեր: Պատարագի ընթացքին Արհի Վարդան Սրբազանը թեմի անունից իր երախտագիտութիւնը յայտնեց երկու մեծ բարերարներին՝ Անթուան և Ալֆրէդ Այսէներին:Հայկաշէնի վարիչն է եղել գերպ. Ներսէս վրդ. Թոսունեանը: Առաջին կառուցւած շէնքը ծառայել է աշակերտական ճամբարին, որտեղ մինչ օրս հիւրընկալւել են տարբեր միութիւններ, դպրոցների աշակերտութիւն, ուսուցչական կազմեր և ազատ խմբեր:
Հայկաշէնը նման է փոքր Հայաստանի, որտեղ միայն հայեր են բնակւում: Երբ ներս ենք մտնում գլխաւոր մուտքից, մեր առջև բացւում է մի փոքր հրապարակ արմաւենու  ծառերով և երփներանգ ծաղիկներով, որը գլխաւոր ճանապարհով տանում  է մեզ դէպի ճաշարան: Այս ճանապարհի երկու կողմերում բացւում են վեց փողոցներ, որտեղ գտնւում են վիլաները, մինի վիլաներն ու բնակարանները: Հայկաշէնն ունի մօտ 225 վիլայատէրեր:
Ճաշարանի աջ կողմում կայ մի խաղավայր երեխանների համար տարբեր խաղի պարագաներով: Իսկ ճաշարանի ձախ կողմում գտնւում է մի մեծ սրահ, որը օգտագործում են ուրախ երեկոների և ժամանցների համար: Անցեալում այն օգտագործւում էր մշակութային ձեռնարկների համար: Սրահից այն կողմ գտնւում է եկեղեցին, որը մարդաշատ օրերին բաց է լինում և կատարւում է եկեղեցական արարողութիւն:
Եկեղեցու շրջափակում գտնւում է ֆուտբոլի, բասկետբոլի և թենիսի կանաչապատ դաշտը և այլ մարզական յարմարանքներ:
Տարածքում կայ նաև լողաւազան, որը լցւում է ծովի ջրով, որպէսզի փոթորկոտ օրերին մարդիկ չզրկւեն լողալու հաճոյքից:
Շրջափակում կարելի է անց ու դարձ անել ազատօրէն առանց իսլամական հագուստի: Յատկապէս երեխանների համար ապահով մթնոլորտ է, որտեղ  կարող են անհոգ խաղալ և հանգիստ հեծանիւ քշել:
Վիլայատէրերից գանձւած տարեվճարով, ապահովւում է շրջափակի մաքրութիւնը և կողմնակի ծախսերը:
Անցեալում Հայկաշէնում կար մի շէնք «Հարսնաշէն» անունով, որը տրւում էր վարձով նոր ամուսնացած զոյգերին, բայց այժմ այն վարձակալութեան է  տրւում  ցանկացած այցելուներին:
Վրդ. Թոսունեանը համալսարան կառուցելու նպատա-կով տարածքում շինեց  աշակերտական կացարան, որն այժմ նոյնպէս տրւում է վարձակալութեան:
Ընդհանրապէս Նովրուզի  արձակուրդներին աւելի բազմամարդ է լինում Հայկաշէնը:  Յատուկ եռ ու զեռ է տիրում այնտեղ: Մարդիկ ջերմ մթնոլորտում հաղորդակից են լինում միմիանց հետ:  Երիտասարդութիւնը վայելում է ազատութիւն և ամէն կողմից ու վիլաներից լսւում է ծափ ու ծիծաղի, երգ ու պարի հաճելի ձայներ: Գոնէ մի քանի օր մարդիկ կտրւում են դրսի աղմկոտ աշխարհից ու մեքանայական կեանքից, իրենց ընտանիքների, հարազատների ու ընկերների հետ վայելելով ազատ բնութեան բարիքները:
2001թւականի փետրւարին Իրանի հայ Կաթողիկէ եկեղեցու Առաջնորդ նշանակւեց Արհ. Նշան Արք. Գարաքէհէեանը իր ձեռքն առնելով թեմի ղեկավարութիւնը և կարգի բերեց նաև Հայկաշէնի աշխատանքները:
 2011 թւականի մարտի 24-ին նշւեց Հայկաշէնի 40-ամեակը: Այս առիթով սրբազանը իր պատգամը յղեց, անդրադառնալով անցած տարիների դժւարին ճանապարհին և յորդորեց  ներկաներին, որ աշխատեն նրա բարեկարգման ուղղութեամբ:
Հայկաշէնը քաղաքային գազից սկսել է օգտւել 2006 թւականից, իսկ խմելու ջրից 2011 թւականից:
 
 
«Յոյս» թիւ 250
13 Նոյեմբեր 2017
 
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *