Ալենուշ  Տէրեան

ՇԱՐԻՍ ՄԵԼՔՈՄ ԱԲԳԱՐ
 
249-hooys-armani-2
 
«Իրանական աստղագիտութեան մայր», Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիր, Իրանի առաջին կին պրոֆեսոր՝ Ալենուշ Տէրեանը ծնւել է 1920 թւականին թեհրանահայ ընտանիքում:Մայրը  ծնւել է Իրանի Թաւրիզ քաղաքում: Ուսման շարունակման համար մեկնել է Շւէյցարիա և այնտեղ աւարտել ֆրանսերէն  լեզւի և գրականութեան ֆակուլտետը: Նա երկար տարիներ ֆրանսերէն լեզւի ուսուցչուհի է եղել:Երբ վերադարձել է իրան ամուսնացել է Տէրեանի հօր հետ: Իր կեանքի մի հատւածում զբաղւել է նաև դերասանութեամբ՝ «Լալա» գեղարւեստական մականունով, և բազմաթիւ թատերգութիւնների ռիժիսոր է եղել:
 Տէրեանի հայրը աւարտել է Մոսկւայի թատերգութեան և դերասանութեան համալսարանը: Նա քսանհինգ տարիներ շարունակ բազմաթիւ բեմադրութիւնների մէջ միատեղ աշխատել է իր կնոջ հետ:Հայրը նաև գրող ու թարգամնիչ էր. ունի պարսկերէնից հայերէն թարգամանութիւններ՝ Ֆիրդուսու բանաստեղծություններից, որոնք հրատարակւել են իր «Արիզադի Պոէզիայի Հաւաքածու» գրքում:Նա իր կեանքի վերջին 20 տարիներին ծառայել է՝ որպէս Իրանի Սեփահ բանկի տնօրէն:
Ծնողները երկուսն էլ տիրապետել են հայերէն, պարսկերէն, և ֆրանսերէն լեզուներին:Ալենուշը հասակ է առել այսպիսի արւեստագէտ ընտանիքում:Նա իր նախնական կրթութիւնն ստանում է հայկական դպրոցներում, ապա 9-րդ դասարանից հայկական դպրոց չլինելու պատճառով յաճախում է «Անուշիրւան Դադգար» միջնակարգ դպրոցը:
Ալենուշ Տէրեանը 1947 թւականի մայիսին աւարտում է ուսումը Թեհրանի համալսարանի գիտութեան ֆակուլտետում և նոյն տարւայ սեպտեմբերից սկսում աշխատել նոյն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մէկ տարի յետոյ նշանակւում լաբորատորիայի գործառութիւնների պետ:
Տէրեանը փորձում է իր դասախօս Մահմուդ Հեսաբիին համոզել իրեն օգնել կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար: Սակայն կին լինելու պատճառով մերժւում է: Դիմելով հօրը խնդրում է, որ նա օգնի իրեն, որպէսզի այն գաղափարը, թէ կին արմատը չի կարող ուսանել ֆիզիկայի ու թւաբանութեան ասպարէզներում, ընդմիշտ վերացւի մարդկանց մտածողութեան ոլորտից: Հայրը ընդունում է նրա առաջարկը և ֆինանսապէս օգնում նրան: Հօր օգնութեան ներքոյ  մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը:
1956 թւականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան, և Սորբոնում նրան դասախօսութեան աթոռ է առաջարկւում: Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպէս ասիստենտ դասախօս՝ սկսում է թերմոդինամիկայ դասաւանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:
Ֆրանսիայում ուսման ժամանակ նա ծանօթանում է Իռէն Քուրիի՝ Մարիա Քուրիի դստեր հետ, և հետագայում նշում, թէ իր համար մեծ հպարտութիւն է եղել Իռենի հետ ընկերութիւնը, քանի որ նրա մայրը ՝ Մարիա Քուրին Տէրեանի համար մանկուց օրինակելի անձնաւորութիւն է եղել:
1959-ին, Արևմտեան Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնը թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին՝ արևային ֆիզիկայի աստղադիտարանում չորս ամիս սովորելու համար, և Տէրեանն է ընտրւում՝ որպէս թոշակի ստանալու թեկնածու:
1961-ի մարտին՝ չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան և 1964 թւականի մայիսի 30-ին արժանանում դասախօսի կոչման՝ այդպիսով դառնալով Իրանի առաջին կին դասախօսը:1966 թւականի նոյեմբերի 20-ին ընտրւում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտէի անդամ, իսկ երեք տարի յետոյ Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազօտութիւնների խմբի նախագահ է նշանակւում, և սկսում աշխատել արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մէջ ինքը մեծ դեր է իւրացրել:
Տէրեանը առաջին դասախօսն է եղել, ով Իրանում աստղաֆիզիկա է դասաւանդել:
Նա խօսել է հայերէն, պարսկերէն եւ ֆրանսերէն լեզուներով, նաև ծանօթ է եղել անգլերէն և թուրքերէն լեզուներին:
Երբեք ամուսնացած չլինելով՝ Տէրեանն իր ուշադրութիւնը կենտրոնացրել է գերազանցապէս հետազօտութիւնների և դասաւանդման վրայ։
Իրանի հեռուստատեսութեան «Իմաստուններ» ծրագրի կողմից որպէս գիտութեան ոլորտի մնայուն դէմք է ճանաչւել։
2003 թւականին նրա կեանքի մասին վաւերական ֆիլմ է պատրաստւել Իրանի հեռուստատեսութեան պատւէրով, «Դէպի արև»  անւամբ։
2006 թւականի յուլիսին Իրանի նախկին նախագահ՝ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։
Յայտնի է եղել որպէս հոգատար ուսուցիչ և փոխադարձաբար մեծ սէր է վայելել իր ուսանողներից։
1979 թւականին պաշտօնաթող է եղել:Նա կտակում բնակարանը նւիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք յարմար բնակատեղի չունեն: Կեանքի վերջին տարիներն ապրել է Թեհրանի Թոհիդ ծերանոցում:Ծերանոցում յայտնւելուց որոշ ժամանակ անց, պետական և համայնքային մարմինների կողմից մեծ գիտնականի նկատմամբ դրսևորւած անտարբերութիւնը բողոք յօդւածով հրապարակ հանեց պարսիկ լրագրողներից մէկին, որից յետոյ դոկտ. Ալենուշ Տէրեանն յայտնւեց ուշադրութեան կենտրոնում, որի արդիւնքում՝ «Արարատ» մարզաւանում մեծ շուքով տօնւեց նրա ծննդեան 90-ամեակը:
 «Իրանի աստղագիտութեան մայր» և «Մնայուն դէմք» կոչումների արժանացած դոկտ. Ալենուշ Տէրեանը մահացել է 2011 թւականի մարտի 4-ին՝ 91 տարեկան հասակում:
Նոյնիսկ դարեր անցնեն, Տէրեանի պէս մարդկանց անունը կը յիշւի շարունակ, քանի որ նրա նման մարդիկ անմահանում են:
 
 
«Յոյս» թիւ 250
13 Նոյեմբեր 2017
 
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *