«Մարիամ» կրթական հաստատութիւն

ՄԱՍԻՍ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Լուսանկարները։ ԱԳՆԵՍ ՇԱՀԲԱՆԴԱՐԻ
 

249-hooys-armani-2

Տեղեկանում ենք, որ այս տարի լրանում է Թեհրանի «Մարիամ» հաստատության 80-ամյակը:
Թերթիս սույն համարում տրվում է այդ համալիրի ստեղծման  համառոտ և մոտավոր պատմությունը,  ըստ ազնվափայլ քույր Մարիետ Թադևոսյանի:
Հաջորդ համարում, տեղեկություններ ենք փոխանցելու դպրոցի ներկա վիճակի,  ուսուցչական կազմի, Ծնողական խորհրդի և այլ առանձնահատկություների մասին:
2017-18 ուսումնական տարում լրանում է Թեհրանի «Մարիամ» դպրոցի հիմնադրության 80-ամյակը: «Մարիամ» հաստատությունը Իրանի հայկական լավագույն կրթօջախներից է, որ իր 80 տարիների անխոնջ աշխատանքով բարձրարժեք ծառայություն է մատուցել հայ ազգի զավակներին, նրանց տալով կրթական, բարոյական, հոգևոր և հայեցի դաստիարակություն: Նրա հիմնադիր և արտոնատերն է եղել գերապայծառ Մկրտիչ Աբգարը: 1936 թվականին Իրանի Կաթողիկե առաջնորդ Գերապայծառ Մկրտիչ Աբգարը (հետագայում եպիսկոպոս) «Անարատ հղության կույսերի հայ միաբանությանը» առաջարկում է հիմնել Ջուղայում մի դպրոց:
«Անարատ հղության հայ կույսերի միաբանության» կենտրոնական վարչության մայր տունը գտնվում է Հռոմում: Նրա առաքելությունն է հավաքել հայ աղջիկներին աշխարհի տարբեր երկրներից, նրանց կրթել ու դաստիարակել և առաքինի ու նվիրյալ մայրեր պատրաստել,  առանց խտրության: Միաբանությունը ընդառաջում է գերապայծառ Աբգարի խնդրանքը, կառուցում է օրիորդաց դպրոց Նոր Ջուղայում, դպրոցը հիմնելուց հետո Նոր Ջուղա է ուղարկում հինգ կույս քույրեր, ստանձնելու կրթական աշխատանքները, իսկ նրանց ղեկավարությունն ստանձնում է գերապայծառ Աբգարը. այսպիսով դպրոցն իր սկզբնավորությունն է առնում 1938 թվականին:
 
249-hooys-armani-3
Երբ իրանահայությունը կենտրոնանում է մայրաքաղաքում, Թեհրանում ավելի զգալի է դառնում դպրոցի պակասը և 1943 թվականին «Մարիամ» դպրոցը Նոր Ջուղայից փոխադրվում է Թեհրան, Չրչիլ պողոտայում մի վարձու շենքում հավաքելով մոտ 300 աշակերտուհիներ, հաջորդ տարում դպրոցը հաստատվում է Փարիզ պողոտայում: Դպրոցը տարեցտարի արձանագրում է նորանոր հաջողություններ և առարկաները դասավանդվում են պարսկերեն, հայերեն և ֆրանսերեն լեզուներով, և շուտով «Մարիամ» դպրոցը դառնում է Թեհրանի օրիորդաց լավագույն դպրոցներից: Աշակերտության թվի հավելման պատճառով 1948-49 ուստարվա համար ապահովվում է ավելի հարմար վարձու մի նոր շենք Ֆարանսե պողոտայում: Այդ շենքում դպրոցն ունենում է նաև երաժշտական բաժին: Հետզհետե դպրոցն արձանագրում է ավելի մեծ հաջողություններ, աճում է աշակերտության թիվը և զգացվում է ավելի ընդարձակ վայրի անհրաժեշտությունը:
1958 թ. Դավուդիե թաղամասում գնված հողամասի վրա սկսվում է ներկայիս «Մարիամ» դպրոցի շինարարական աշխատանքը, այս գործում իրենց բոլորանվեր աջակցութիւնն են բերում ճարտարապետ պր. Միքայել Ղարիբյանը և ճարտարապետ պր. Յուրիկ Աֆթանդիլյանը: Նոր շենքում, որն օժտված էր օրվա հարմարություններով, թափ է ստանում հայերենի դասավանդությունը պր. .Հայկ Օհանյանի ղեկավարությամբ, իսկ անգլերենի դասավանդությունը տիկ. Ռիմա Աղայանի շնորհիվ:
1964 թվին Կարապետ և Մանուկ Պետրոսյան եղբայրների նյութական օժանդակությամբ ավարտվում է մատուռի շինարարության աշխատանքները և օծումը կատարվում է նույն տարվա մայիս ամսին անվանակոչելով Ս. Հովսեփ: Նույն անձանց օժանդակությամբ 1968 թվին արևմտյան մասում գտնված հողամասի վրա կատարվում է մանկապարտեզի հիմնարկեքը ձեռամբ գերաշնորհ Ներսես վարդապետ Թոսունյանի: 1968-69 ուսումնական տարում աշակերտության թիվը հասնում է 1200-ի. կենտրոնական շենքի արևմտյան հողամասի վրա կառուցվում են տարրականի և որբանոցի շենքերը, և 1973 թվին Իրանի բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ կատարվում է պաշտոնական բացումը նորակառույց որբանոցի, այն կոչելով «Պահապան հրեշտակի սանուց տուն»:
«Մարիամ» դպրոցի աշակերտությունը տարիներ շարունակ ունեցել է իր ամսաթերթը «Արձագանգ» անունով, որով լույս են տեսել աշակերտուհիների հաջող շարադրությունները, իրենց ճամբորդական հուշերը, բանաստեղծությունները և դպրոցի ներքին կյանքի մասին տեղեկությունները, ունեցել է երգչախումբ և պարային դասընթաց: Դպրոցն իր հիմնադրության օրվանից սերտ կապ է պահպանել ծնողների հետ և միշտ ունեցել է Ծնողական խորհուրդներ, որոնք ցուցաբերել են եռանդուն աշխատանք և օգտակար են եղել թե բարոյապես և թէ նյութապես: «Մարիամ» հաստատությունը ամեն տարի տոնել է ազգային–կրոնական տոները, աշակերտության մեջ վառ պահելով ազգային ոգին:
Անշուշտ նշված բոլոր հաջողությունները դպրոցի կրթական վարչական աշխատակազմի տարիների եռանդուն ծառայության և մանավանդ «Անարատ հղության» հայ կույս քույրերի զոհաբերության շնորհիվ է, որ կանգուն է մնացել այս լուսո տաճարը մինչև օրս, ուր սերունդներ են կրթվում ու դաստիարակվում: Մեծարում ենք նրանց, ովքեր իրենց ազգանվեր աշխատանքով ծառայում են հանուն ազգի վեհ և սուրբ նպատակի:
Յիշատակենք կույս քույրերի անունները, որոնք դեր են ունեցել դպրոցի բարգավաճման գործում: Մայր Աբոլին Թովմասյան, քույր Երանուհի Կոստանյան, քույր Արփինե Միսակյան, քույր Ալֆոնսա Պետրոսյան, քույր Դորոթե Մարդելին և քույր Ալպերթա Պայան, քույր Մարիետ Թադևոսյան, նաև միաբանության ղեկավարներ, որոնք իրենց ներկայությամբ և այցելությամբ ոգի և աշխուժություն են ներշնչել դպրոցին:
Ներկայում դպրոցի ընդհանուր պատասխանատուն է քույր Մարիետ Թադևոսյանը: Սկսած 1971 թվականից նա մյուս քույրերի հետ ծառայել է «Մարիամ» հաստատության մեջ: Ըստ քույր Մարիետի, հեղափոխության շրջանում օրիորդաց օղակը ունեցել է 1700 աշակերտուհիներ,իսկ այժմ 135, տղայոց օղակը՝ 660, իսկ այժմ 130: Մանկապարտեզում երեխաների թիվը 416-ից նվազել է 32-ի: Դպրոցը կիսաշահադիտական է և բոլոր ծախսերը պետությունն ու ծնողներն են հոգում, իսկ պակասը լրացնում է միաբանությունը:
Աշակերտությունն ամեն կիրակի առավոտյան ժամը 7-7:45 մուտք գործելով եկեղեցի ունենում է անձնական աղոթքի պահ և մոմավառություն, իսկ տոնական օրերին, հոգևորականների ներկայությամբ կատարվում է կրոնական արարողություններ: Մանկապարտեզի բաժինը ունի առանձին շենք, սենյակներ, սրահ և առանձնացած բակ ու զանազան մանկական խաղերի պարագաներ: Միջնակարգ բաժինը օժտված է բոլոր հնարավորություններով, ունի դահլիճ, որը օգտագործվում է թատրոնի բեմադրության և տարբեր միջոցառումների առիթով:
Քույր Մարիետը տեղեկացնելով դպրոցի 80 տարիների փայլուն անցյալի մասին, այժմ իր մտահոգությունն է հայտնում առկա խնդիրների դպրոցի պահպանումը, սակայն ցավալի երևույթ է, երբ ծնողները իրենց զավակներին փոխադրում են օտար` ոչ հայկական դպրոցներ, ուր զրկվում է աշակերտը ազգային և հայեցի դաստիարակությունից նկատմամբ, որոնցից հիմնականը աշակերտության թվի նվազումն է, նշելով, թե զանազան սահմանափակումներով հանդերձ, աշխատում ենք շարունակել:
Շարունակելի 
 
 
«Յոյս» թիւ 249
29 Հոկտեմբեր 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *