Դուդուկի իւրայատուկ տեղը հայ երաժշտական մշակոյթի մէջ

Author of: Maryam Sazesh
Post graduate of the Instated Philosophy,
Sociology & Law of Armenia National
Academy of Science

 

249-hooys-armani-1

Երաժշտական գործիքները երաժշտության կարևոր բաղադրիչն են, քանի որ հենց նրանց միջոցով  են ստեղծվում ձայներանգներն ու մեղեդիները: Երաժշտական գործիքները բազմազան են լինում՝ գիթառ, դաշնամուր, ջութակ, տրոմպետ և այլն, և դրանցից մեկն էլ դուդուկն է, որի մասին շատերը  տեղյակ չեն ու շատ բան չգիտեն: Դուդուկը ֆլեյտաների ընտանիքին պատկանող նվագարան է, սակայն նրա ձայնը ֆլեյտայի ձայնի նման չէ, այլ ունի յուրատիպ և առանձին երանգ: Այն պատրաստվում է ծիրանենու փայտից և հնչում է տարբեր առիթներով, ինչպես օրինակ հարսանիքներում, փառատոներում, առանձնահատուկ արարողակարգերում,  օրինակ՝ Օսմանյան կայսրության կողմից  իրականացրած Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրերին: Ցեղասպանությունը հայոց պատմության ահավոր և ողբերգական էջերից է, որի մասին դուդուկի միջոցով  ի լուր աշխարհի խոսում է հայ ժողովուրդը: Դուդուկը ձայնակցում է նաև հայկական հին երգերին ու երաժշտությանը:
Այս նվագարանը թեև փոքր է և առաջին հայացքից պարզ թվացող, սակայն սովորելու և նվագելու համար ամենադժվար ու բարդ երաժշտական գործիքներից մեկն է, քանի որ ամենաչնչին սխալն ու վրիպումն անգամ խախտում են նոտաների հնչման  ելևէջը: Դուդուկ նվագող ամենահայտնի վարպետներից մեկը Ջիվան Գասպարյանն է, ում հմտությունն ու երաժշտական ընկալումն այս բնագավառում անգերազանցելի են ամբողջ աշխարհում,  նա կարողանում է  դուդուկի երաժշտության միջոցով  փոխանցել ուրախության կամ թախծի զգացումներ  և դրանցով ամբողջապես համակել իր ունկնդրին:
 
Դուդուկի պատմությունը
Դուդուկի պատմական անցյալի մասին կան տարբեր կարծիքներ: Հետազոտողների մի  խումբը նրա ծագումը հասցնում է մինչև 8-րդ դար (մթա), իսկ ուրիշները նրան վերագրում են 700-ամյա  անցյալ և կապում Տրդատ Երկրորդի գահակալության շրջանին, ով Հայաստանի Արշակունյաց թագավորության 34-րդ արքան էր, Խոսրով Բ-ի որդին և գահակալել է երկու տարի: Ուսումնասիրողների մի խումբը ևս դուդուկի համար ենթադրում է  5-դարյա պատմություն, իսկ մյուսները՝ մինչև 1500-ամյա վաղեմություն: (1)
Դուդուկի  կառուցվածքը  գլանաձև   ձող  կամ  փող  է՝ պատրաստված ծիրանենու փայտից: Այն համարվում է աշխարհի հնագույն նվագարաններից մեկը, որի ծագումը կապում են հայոց պատմության վաղ շրջաններին: Դուդուկն իր ջերմ ու գեղեցիկ ձայներանգով Հայաստանի ժողովրդի  առօրյա կյանքի ու կենցաղի մի մասնիկն է դարձել: Չնայած Հայաստանում կան բազմաթիվ ժողովրդական նվագարաններ, սակայն միայն դուդուկն է, որ իր արմատներով սերում է Հայաստան աշխարհից, մինչդեռ մյուս նվագարանների հետքերը մեզ հաճախ տանում են դեպի արաբական երկրներ և Մետաքսի ճանապարհի վրա գտնվող տարածաշրջաններ:
Դարերի ընթացքում երաժշտական այս գործիքը դուրս է եկել Հայաստանի սահմաններից և շրջանառվել այլ երկրներում՝ կրելով փոփոխություններ արտաքին տեսքի ու ձևի, ինչպես նաև իր վրա փորվող անցքերի տեսակետից: Ներկայումս հայկական դուդուկի տարատեսակները կարող ենք տեսնել Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, նույնիսկ, բալկանյան երկրներում: Արտաքին տեսքի փոփոխությունների հետ միասին այս նվագարանի անունը ևս տարբեր վայրերում կրել է որոշակի փոփոխություններ: Օրինակ, Թուրքիայում այն կոչվում է «Մեյ», Իրանի քրդերն այն անվանում են «Նարմ նայ», իսկ Ադրբեջանի Հանրապետությունում և Կենտրոնական Ասիայի որոշ մասերում այն հայտնի է «Բալաբան» անվամբ:   Անունների այս տարբերությունները դրսևորվում են նաև նրանցից արտաբերվող ձայնի ու մեղեդայնության մեջ, այսինքն չնայած բոլոր նմանություններին, հեշտությամբ առանձնանում ու զգացվում է  հայկական դուդուկի ձայնը:
Իրականում, հայկական դուդուկի նախնական ձևն իր պատմության երկար ընթացքում որոշ չափով փոփոխվել է: Ինչպես բոլոր ֆլեյտաները դուդուկը ևս  սկզբնական շրջանում պատրաստվում էր ոսկորից, հետզհետե ժամանակի ընթացքում նրա վրա փորված անցքերը փոփոխվել են, ինչի արդյունքում փոխվել է նաև նրանցից լսվող նոտաների ձայնը: Դուդուկի ձայնի  կարգավորումն ու երանգը  ուղղակիորեն կապված են տվյալ տարածաշրջանի մշակույթին: Նույնիսկ դուդուկի չափսերը տարբերվում են շրջանից շրջան: Հազարամյա այս նվագարանը երեք չափսերով է պատրաստվում՝ փոքր (28 սմ), միջին (33 սմ) և մեծ (40 սմ): Դուդուկն ունի  միայն մեկ օկտավա, երկու գամմա և երկու նոտա: Քսաներորդ դարում հայ երաժշտագետները համակարգեցին երաժշտական այս գործիքը և ի տարբերություն արևմտյան նոտաների՝ այն դասավորեցին  երկու նոտա մեկ օկտավայի (երրորդ և չորրորդ) մասշտաբով: (2)
 
Մշակութային ժառանգություն 
Խորհրդային Միության կազմի մեջ մտնող շատ ազգերի պես Հայաստանն ու հայերը ևս խորհրդային տարիներին նկատելի փոփոխությունների ականատես եղան: Հայաստանը 20-րդ դարում անցավ արդիականացման, արդյունաբերականացման և արևմտականացման ճանապարհ,   որն իր ազդեցությունը թողեց Հայաստանի մշակութային կյանքի բոլոր ոլորտներում: Դուդուկը ևս՝ որպես մշակութային մի տարր, բացառություն չկազմեց ընդհանուր այս միտումից:
Խորհրդային  կարգերը Հայաստանում հաստատվեցին 1921 թվականին, որից հետո հիմնական շեշտը դրվեց արևմտյան երաժշտության ուսուցման վրա, ինչի արդյունքում հայկական ժողովրդական երաժշտությունը լուսանցքում մնաց: Դուդուկի վարպետներն ու արվեստագետները աստիճանաբար սկսեցին հետևել արևմտյան երաժշտական դպրոցին և ըստ այդմ դուդուկը հարմարեցնել այդ ոճին և կատարելագործել: Այս շրջանում պրոֆեսիոնալ երաժշտությունը՝ որպես երաժշտության առավել զարգացած ձև, ավելի մեծ ուշադրության արժանա-ցավ, քան ժողովրդական ու ազգագրական երաժըշտությունը:
Խորհրդային Միության փլուզմամբ ոչ միայն վերափոխվեցին քաղաքական կարգերը, այլ նաև մշակութային կյանքն ու խնդիրները: Գործն ավելի դժվարացավ երաժշտագետների ու դուդուկ նվագողների  համար: Նվազեց դուդուկի ուսուցմնան դպրոցների  ու դասընթացների թիվը, թերևս այն պատճառով, որ մեծ թափ էին ստացել ուրբանիզացիան և արևմտամետությունը: Դրան զուգահեռ թե՛ հայ և թե՛ ռուս շատ երաժշտագետներ փորձում էին պահպանել սեփական մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները: Հայերը ևս փորձում էին ընդգծել իրենց երաժշտական գեղագիտական ընկալումն ու ճաշակը, սակայն, ցավոք, երբեմն դա չհաջողվեց և ժողովրդական ու էթնիկ երաժշտությունը մեծ վնասներ կրեց:
Ավանդական երաժշտության գործիքը ծնունդ է առնում ժողովրդական միջավայրից և գյուղական շրջաններից, սակայն խորհրդային կարգերի օրոք էթնիկ ավանդույթներն ու մշակութային տարրերը, այդ թվում նաև դուդուկը արևմտականացման ուղի էին բռնել, որով փորձ էր արվում տարածել խորհրդային իդեալներն ու գաղափարախոսությունը: Խորհրդային գաղափարախոսությունը երեք առանցք ուներ՝ առաջին. առաջընթացը և զարգացումը դրված էր որպես նպատակ, որը պիտի  իրականացվեր եվրոպական կաղապարով: Երկրորդ. դասակարգային տարբերություններ  հարող մշակութային դրսևորումների կրճատում: Երրորդ. «ազգային»  բաղադրիչների գոյատևումը մշակույթի մեջ: Եվրոպականացումը համարվում էր Խորհրդային միության կարևոր գերակայություններից մեկը, քանի որ նրաք այն համոզման էին, թե «եվրոպական  պրոֆեսիոնալ երաժշտության» յուրացումն է զարգացման միակ ճիշտ ճանապարհը: Այս ժամանակահատվածում դուդուկն իր տեղը գրավեց դասական կամ արևմտյան աշխարհում և փոխվեց այս գործիքի դերը: Դուդուկ նվագողները սկսեցին դուդուկը սովորել արևմտյան նոտաների հիման վրա, և այնուհետև 1970-ականներին դուդուկ նվագողները հատուկ դասընթացներ էին անցնում Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Նրանք փորձեցին Խորհրդային միության հզորացման և երաժշտության արևմտականացման  ուղղությամբ օգտվել նաև հայկական դուդուկից: Շատերը սակայն այն կարծիքին են, որ դուդուկի հարգն ու դիրքը վնասվեց Խորհրդային տարիներին, և հետսովետական շրջանում  միայն տեղական երաժշտությունն ստացավ իր դերն ու նշանակությունը՝ որպես ժողովրդական մշակույթի մի մասնիկ, քանի որ հետսովետական շրջանում գեղարվեստական խոշոր արտադրանքի (օպերայի, սիմֆոնիկ նվագախմբի ..) վրա կենտրոնանալու փոխարեն, ավելի մեծ ուշադրություն դարձվեց  տեղական ու ժողովրդական մշակույթին:(3)
Դուդուկը թեև պատրաստվում է ծիրանի ծառի փոքրիկ փայտից, այդուհանդերձ դարեր շարունակ հսկայական ազդեցություն է թողել հայ երաժշտության վրա և վայելել է ժողովրդի սերն ու հետաքրքրությունը: Այս գործիքը անցյալի ավանդույթները ներկային կապող կամուրջ է:  Դուդուկը թեև մշտապես կիրառվել է ժողովրդական մշակույթում և ավանդույթներում, սակայն  հիշեցնում է Խորհրդային Միության դասական ժամանակաշրջանը, և մերօրյա շատ երաժշտագետներ ընդօրինակում են այդ դպրոցը: (4)
 
 
References:
1.https://travelarmenia.org/duduk-armenian-national-musical-instrument/
2.http://www.armenianduduk.am/
3.Nercessian, Andy. 2001. The duduk and national identity in Armenia. Landan and lanham, MD: Scarecrow Press.ps 30,31,32
4.Christofakis. A, Florida state university College of music the music that shaped a nation: The role of folk music, the duduk, and Clarinet in the works of contemporary Armenian composers Aram Khachaturian and Vache Sharafyan. A, Treatise submitted to the College of Music in partial fulfillment of the requirements for the degree of Doctor of Music, pdf, 2015, p.s.115, p.19.
Շարունակելի
 
 
 
«Յոյս» թիւ 249
29 Հոկտեմբեր 2017
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *