Խմբագրական

ԱՆԴՐԱՆԻԿ  ՍԻՄՈՆՅԱՆ
 
Անցած շաբաթների ընթացքում հայ մշակոյթը մեր համայնքում գեր հագեցւած օրեր ապրեց:
Թարգմանչաց տօնի հետ կապւած, ամէն տարի մենք աւանդական դարձած  ձեռնարկներով ու միջոցառումներով տօնում ենք գրերի գիւտի պանծալի փաստը: Տօն, որի նմանը չունի մեզ ծանօթ որևէ այլ ժողովուրդ:
Մեր հարևան ազգերից, ժողովուրդներից ու ցեղերից շատերը մշակոյթն ու գիրն ու գրականութիւնը բարձր են դասում, բայց միայն հայ ժողովուրդն ունի մշակոյթին նւիրւած տօն, թարգմանչաց տօն, ուսուցչաց տօն, դպրաց տօն ու դպրութեան տօն և առանձին Սուրբ գրքի տօն ու «Թագուհի Թարգմանչաի»-ի տօն:
Հայ միութիւններն ու կազմակերպութիւնները առանձին եռանդով են տօնում հայ Առաքելական եկեղեցու այս ամենասիրւած տօնը, իսկ եկեղեցին էլ իր հերթին ջանում է ամէն տարւայ հետ նորանալով՝ նորովի տօնել:
Այս տարին, բայց, իրանահայութեան համար առանձնայատուկ եղաւ:
Հայ և իրանական մշակութային, պատմական ու հասարակական ընդհանրութիւնների մասին շատ էր խօսւել: Բոլորն էլ յարմար առիթ գտնելիս պահը բաց չեն թողնում հայ և  պարսիկ ժողովուրդներին միասնական արմատի, կամ արմատաւոր միասնութեան մասին խօսելու համար:Բայց այս անգամ, ոչ թէ մարդիկ խօսեցին, այլ հազարամեակների միջով անցած իրեղէն փաստերը:
Հայ ժողովրդին պատկանող պատմամշակութային վավերանիւթը, մատուցւում է պարսիկ ժողովրդի իրեղէն արմատները ցուցադրելու, խնամելու և պահպանելու համար նախատեսւած վայրում: Հայաստանը իր վաղ անցեալի փառքն ապացուցող իրեղէն փաստերը փոխ է տալիս՝ Իրանում ցուցադրելու համար,  այդպիսով երկու ժողովուրդների իմաստուն զաւակները կողքկողքի են բերում ու հրամցնում իրենց էութեան արմատները:
Ժամանակակից լոզունգներ չեն այս իրերը, այլ ժամանակի դաժան  փորձութիւններից փրկւած ու մեզ հասած վավերանմուշներ:
Երևանում Հայաստանի պետական թանգարանում, անգամներ բախտ եմ ունեցել Իրանի ժամանակակից գեղանկարչութեան նմուշներով տեսնել ու գնահատել Իրանի արւեստի ու մշակոյթի ժամանակակից դիմագիծը…
Ահա Թեհրանում գնում եմ Իրանի պատմութեան թանգարանում տեսնելու և շօշափելու արևելքի  հնամենի ժողովուրդներից մէկի՝ հայերի շատ վաղ անցեալի մշակոյթի դէմքը:
 
 
«Յոյս» թիւ 249
29 Հոկտեմբեր 2017
 
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *