Պատգամաւորական Ժողովի Նիստում

Անդրանիկ Սիմոնյան
 
Պատգամավորական ժողովի նիստերի մասին բավականաչափ լեգենդներ ու առասպելներ էի լսել: Թե ինչպես է այնտեղ ներկայացված զանգվածը երկու մասի բաժանվում` մեկը մեծամասնություն, ամեն ինչը քամուն տալու պատրաստ, իսկ միյուս մասը պատվախնդիր փոքրամասնություն, որը ջանում է պահպանել ազգային հարստությունը և իր ազգաշահ աշխատանքով  օգնել, որպեսզի ազգային գույքը ծառայի իր նպատակին:
Իհարկե, կա նաև մի այլ վարկած: Պատգամավորական ժողովում հավաքվել են մի խումբ նվիրյալներ, որոնք ցանկանում են համայնքի կապակցությամբ խորհելով կայացնել ամենալավ որոշումները։ Նրանք որոնք միայն և միայն համայնքի գերագույն շահերն են ներկայացնում և համայնքը տանում են դեպի երջանիկ ապագա: Բայց նրանց դեմ հանդիման կանգնած է ազգային դիմագծից զուրկ, ազգային շահի մասին չմտածող, չգիտես որտեղից Պատգամավորական ժողովում հայտնված մի խումբ, որը ոչ միայն ազգային շահի մասին չի մտածում, այլև պատրաստ է ամեն կարգի զազրաբանությամբ արատավորել ազգի նվիրյալ գործիչների բարձր կերպարը:
Ահա այսպիսի պատկերացումով մասնակցում եմ այդ նիստին: Չէ որ մամուլը պետք է լուսաբանի և ժողովրդին ներկայացնի բոլոր այն մանրուքները, որոնք կան այդպիսի հանդիպումների մեջ և դրանց ճակատագիրն են ճշտում:
Ի զարմանս ընթերցողի պիտի ասեմ, որ իմ մասնակցած ժողովի մեջ ոչ մեկը կար, ոչ էլ մյուսը.   օրակարգում դրված էին 7 լրջագույն հարցեր, որոնք մեկ առ մեկ զրույցի առարկա դարձան և քննարկվեցին, սպառվեցին ու դուրս դրվեցին մինչև կես գիշերն անց, երբ տեղի ունեցավ 7-րդ օրակարգի սահմաններում նախատեսված` Անթիլիասում` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային ժողովին մասնակցող պատգամավորների ընտրությունը: Ժողովը բարեհաջող ավարտ է ունենում ժամը  00:30-ին:
Խոսելու բաներ, իհարկե շատ կան կտակակալվածային բաժնում: Հողը գնվում է, հետո նրա վրա բավականաչափ աշխատանք է կատարվում, հետո էլ գնորդ է գտնվում, որը պատրաստ է մեծ զոհողություն անել և հողը գնել նախնական գնից էլ էժան, բայց օրվա փորձագիտական գնից ավելի բարձր: Ժողովը որոշում է հավելյալ քննություն անցկացնել: 
  Բազմաթիվ են խնդիրները կրթադաստիարակչական համակարգում, քանզի մեր դպրոցների հարցը բավականին լուրջ է: Մի կողմից աշակերտության նվազելու խնդիրն ունենք, որի հետևանքով արդեն միևնույն ուսուցիչներին երկրորդ դպրոց էլ ենք ուղարկում, մյուս կողմից առաջ է քաշվում որակի խնդիրը, որ պատճառ է դառնում այդ նվազած խմբի մի մասի էլ օտար դպրոց գնալուն:
Օրակարգի հարցերը սպառվում են և մնում է վերջինը. 10 հոգի պետք է մեկնեն Անթիլիաս: Սրբազան Հայրը իր հայեցողությամբ մի քանիսին ընտրել է, իսկ մյուսների համար կազմակերպվում է 3 փուլով անցնող ընտրություն: Մեկը կատակում է՝ Սրբազա'ն, դրանք էլ ընտրեիք, մենք էլ ընտրության խնդիր չունենայինք: Կատակը` կատակ և ակնարկը` ակնարկ, բայց իսկապէս Թեմակալ Առաջնորդը իրավունք ունի մեկնող խմբի կապակցութեամբ իր ինքնուրույն մոտեցումն ունենալ, և անհրաժեշտ ցուցումները տալ:
Ի վերջո, Սրբազանի առաջարկով վեց  պատգամավորների կազմին  չորս ներկայացուցիչներ ևս ընտրվեցին Ազգային ժողով մեկնելու նպատակով: Նրանք մասնակցելու են դեկտեմբերի 5-ից մինչև 8-ը Անթիլիասում կայանալիք ժողովին: Այդ ներկայացուցիչների ցուցակը հետևյալն է` պարոնայք և տիկնայք Ռոբերտ Բեգլարյան, Արմինե Սեթխանյան, Հենրիկ Տեր-Ղուկասյան, Հովսեփ Ավետյան, Սուրիկ Աբնուսյան, Անի Քրիստի Մանվելյան, Շապին Աբրահամյան, Վահիկ Աղաքյան, Հրաչ Մարկոսյան, Ալֆրեդ Քեշիշյան և անձնափոխանորդներ`Մարինա Ղահրամանյան և Ժանետ Թումյանց:
Որդիական սիրով ու ակնածանքով հավաստելով Սրբազան Հոր և Պ.ժ ընտրության արդյունքում ընտրված արժանի  խումբը միայն հուշելու կարգով պետք է հավելենք, որ երևի հնարավոր էր այդ 10 հոգու կազմում ընդգրկել մի 2 հոգի, այնպիսի անձանց,որոնք նոյն եկեղեցու զավակը լինելով, մի քիչ ավելի հեռու են կանգնած ավանդաբար ՙյուրային՚ համրվող խմբից:
Այն, ինչ ավարտից հետո կարելի է ասել անկեղծ և առանց չափազանցումների, հետևյալն է, որ մենք քննարկումների ընթացքում չնկատեցինք բլոկային մոտեցմամբ առանձնացած միտում: Նույն բլոկի մարդիկ միմյանց հակադրվում էին, կամ միմյանց լրացնում էին, որպէսզի վերջում լիարժեք եզրակացության հանգեն: Այսպիսի մոտեցումը իհարկե մեծ հույսեր է ներշնչում և մենք անձամբ ուրախ ենք այդ բանի համար: Որքան լավ է, որ քննադատողները մի բլոկից չեն, իսկ պաշտպանվողները այլէ։ Բոլորը մտածում են միասնական նպատակի մասին և այդ ուղղությամբ առարկություններ անում կամ հավաստում, իսկ դա ինքնին լավ երևույթ է: Միասնական միտքը ազատ դրսևորելու առիթը միասնական ու լավ արդյունքների կարող է հանգեցնել, ինչը անկասկած ապահովելու է համայնքային շահը: Այն ինչ զարմացնում է, փորձագետ խմբերի բացակայության հարցն է, երևի այդպիսի խմբեր անհրաժեշտ են Պատգամավորական ժողովին:
Նաև պետք է ավելացնել, որ բացի կրթական խնդիրներից, Թեմական խորհուրդը աչքի է ընկնում նյութերին տիրապետելու իր առանձնահատուկ պատրաստությամբ:
Մեր այս նյութը ավելի քննություն էր, քան լրատվություն, բայց իհարկէ դա էլ այն պատկերացումներից է բխում, որ նախապես ունեինք Պատգամավորական ժողովի մասին:
ՙ«Յոյս»-ը յաջողություն է մաղթում ԹՀԹ Պատգամավորական ժողովին` իր և համայնքի դեմ ծառացած բարդ ու դժվարին խնդիրների համար խելամիտ լուծումներ գտնելու գործում և փափագում է , որ բոլոր նիստերը ընթանան հենց այս նիստի ոգով։
 
 
 
«Յոյս» թիւ 248
14 Հոկտեմբեր 2017
 
 
 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *