Լուսաւորութեան քաջամարտիկները Յովհաննէս խան Մասեհեան

ՇԱՐԻՍ ՄԵԼՔՈՄ ԱԲԳԱՐ

 

246-hooys-farsi-28
 
Իրանահայ յայտնի թարգմանիչ, պետական և հասարակական գործիչ, դիւանագէտ, հրապարակախօս, մանկավարժ, խմբագիր, Պարսկաստանի հինգ տիրակալների կողմից արժանացած յարգանքի և պատւի, Պարսկաստանի բոլոր ազգերի կողմից սիրւած և յարգւած մարդ, ևրոպական մի շարք երկրների կողմից արժանացած  պարգևների և շքանշանների՝ Յովհաննէս Խան-Մասեհեանը ծնւել է 1864 թւականի փետրւարի 23-ին Թեհրանում:
Նա Ծերունի Խան-Մասեհեանի որդին է, ով՝ յիսուն տարիներ շարունակ Պարսկաստանի Նասեր էդ Դին շահի արքունական պալատում, զբաղւում էր ոսկերչութեամբ և այդ իսկ պատճառով յայտնի էր որպէս ոսկերչապետ (զարգարբաշի): Նա ճանաչւած էր իր պատրաստած անկրկնելի ադամանդակուռ գլոբուսով։ Այդ՝ ոսկուց, արծաթից և հարիւրաւոր թանկարժէք ադամանդներից, զմրուխտներից, յակինթներից, փիրուզից և մարգարիտ քարերից ձևաւորւած գործը ժամանակին եղել է հինգ միլիոն ռուբլի: Ներկայումս այն համարւում է Իրանի ազգային հարստութիւն և պահպանւում է ԻԻՀ կենտրոնական բանկի գոհարեղէնի թանգարանում:
Յովհաննէսը հինգ տարեկան հասակից յաճախում է Ս. Բարդուղիմէոս եկեղեցուն կից վարժարանը: 1870-78 թւականներին Թեհրանի Հայկազեան դպրոցում ստանում է միջնակարգ կրթութիւնը:
Մինչև 1981 թւականը Թաւրիզում Երեք տարիներ շարունակ մնալուց յետոյ մեկնում է Եւրոպա՝ բարձրագոյն կրթութիւն ստանալու համար:
1881 թւականին ընդունւում է «Փարիզի Քոլեջ դէ Ֆրանս»-ի փիլիսոփայութեան, իրաւագիտութեան, քաղաքատնտեսութեան և գրականութեան ֆակուլտետը, որտեղից 1984 թւականին մասնագիտութիւն ստանալով վերադառնում է Թեհրան՝ նշանակւելով Նասեր էդ Դին շահի պալատական թարգմանիչ, և միաժամանակ Հայկազեան դպրոցում զբաղւում է  ուսուցչութեամբ, ապա 1888 թւականից սկսած ութ տարիներ շարունակ դառնում է Հայկազեան դպրոցի՝ ներկայ «Քուշեշ Դաւթեան»-ի տնօրէնը:
1892 թւականին ընտրւում է որպէս Թեհրանի «Ուսումնասիրաց ընկերութեան» նախագահ:
1894 թւականին Մասեհեանը հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը` «Շաւիղ» շաբաթաթերթը: «Շաւիղ»-ը, ազգային, գրական, քաղաքական շաբաթաթերթ էր, որն իր աշխատանքը շարունակեց մինչև 1897 թւական:
1894 թւականին նշանակւում է Նասեր էդ Դին շահի գլխաւոր թարգմանիչ, որով սկսւում է Մասեհեանի երկարամեայ, դժւարին ու բարդ դիւանագիտական և թարգմանչական գործունէութիւնը: Գիտելիքների մեծ պաշարը, ընդունակութիւնն ու լեզւական զարմանալի կարողութիւնը նրան կարճ ժամանակում մեծ ճանաչում է բերում Պարսկաստանում: Մասեհեանը 1895-1901 թւականներին եղել է Պարսկաստանի արտաքին գործերի նախարարութեան գրասենեակի պետ, մամուլի բաժնի վարիչ, արևելեան երկրների բաժնի պետ, արտասահմանեան գրագրութիւնները վարող օպերատիւ տեսուչ` շարունակելով մնալ շահի թարգմանիչը:
Մեծ է Մասեհեանի երախտիքը նաև պարսկական դպրոցների հիմնադրման և ընդարձակման գործում:
Նա տիրապետում էր հայերէն, պարսկերէն, թուրքերէն, յունարէն, ֆրանսերէն, գերմաներէն, անգլերէն և ռուսերէն լեզուներին:
Դեռևս պալատական թարգմանիչ եղած տարիներին ևրոպական մի շարք գրողներից շահական ընտանիքի անդամների համար թարգմանութիւններ է կատարել: Նա թարգմանել է նաև Գեօթէից, Բայրոնից, Հայնէից, Օմար-Խայեամից, Տագորից և նշանաւոր այլ գրողներից:
Մասեհեանը ոչ միայն գեղարւեստական երկեր է թարգմանել, այլև թարգմանել է գիտութեանը և արւեստին վերաբերող ուրիշ շատ գրքեր: Նրա թարգմանութիւնները յիսուն հատորներ կը լինեն:
Յովհաննէս Մասեհեանը Աւետիք Իսահակեանի խորհրդով է սկսել Շեքսպիրի ստեղծագործութիւնների թարգմանութիւնները։
1894 թւականին, Յովհաննէս Թումանեանը մի գրախօսականում՝ անդրադառնալով Մասեհեանին, գրել է «Շեքսպիրը դարձել է մի չափ՝ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար։ Եթէ մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կը նշանակի տգէտ է, եթէ չի հասկանում, կը նշանակի տհաս է․ եթե մի լեզու նրա վրայ չի գալիս, կը նշանակի տկար է։ Շեքսպիրեան գրականութիւնը մեր մէջ մտաւ, երբ երկու տարի առաջ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերութիւնը հրատարակեց թարգմանիչ Յովհաննէս Խան-Մասեհեանի թարգմանութեամբ՝  «Համլետը»։
1894-ից սկսած իւրաքանչիւր տարի նա հանդէս եկաւ մի նոր թարգմանութեամբ, ինչպիսին են՝ «Ինչպէս կուզէք», «Ռոմէօ և Ջուլիետ», «Վենետիկի վաճառականը», և «Արքա Լիրը»:
Նրա թարգմանութիւնների մասին նաև արտայայտւել է Գէորգ Էմինը շեշտելով՝ «Մասեհեանի թարգամանութիւնները գերազանց և հրաշալի են հնչում հայերէնով»:
Ինչպէս պարզւում է, թարգմանչի մահից յետոյ նրա թղթերի մէջ գտնւել են ուրիշ թարգմանութիւններ, ինչպիսին են՝ «Անտոնիոս և Կլէոպատրա», «Իզուր աղմուկ», «Փոթորիկ», «Հուլիոս Կեսար», «Կորիոլան»: Սրանց հետ միասին նաև «Ռոմէօ և Ջուլիետ»-ի վերախմբագրւած թարգմանութիւնը: Վերջին երեքը լոյս տեսան Վենետիկում և Թեհրանում: Ըստ տւեալների` Մասեհեանի թարգմանութիւններից վեցը` «Թիմոն աթենացի», «Ձմեռային հեքիաթը», վերամշակւած «Արքա Լիրը» և «Ինչպէս կուզէք»-ը ու երկու այլ մեզ անյայտ գործեր, կորել են: Նշանակում է` Մասեհեանը Շեքսպիրից կատարել է ո՛չ թէ եօթ թարգմանութիւն, այլ` տասնչորս:
1899 թւականին նրա նախաձեռնութեամբ Թեհրանում բացւել է քաղաքական գիտութիւնների դպրոց, որտեղ Մասեհեանը եղել է միջազգային իրաւունքի և ընդհանուր պատմութեան ամբիոնի վարիչը և դասախօսը:
1901 թւականին սկսւել է Մասեհեանի կեանքի ևրոպական փուլը, դառնալով Բեռլինում Պարսկաստանի դեսպանի խորհրդական:
1911 թւականին վերադարձել է Թեհրան` շահի խնամակալ Նասեր օլ Մոլքի խորհրդականի պաշտօնով:
1912 թւականին Սուլթան Ահմադ շահի կողմից նշանակւում է դեսպան Գերմանիայում, որպէս բացառութիւն, քանի որ նա քրիստոնեայ էր, սակայն նրանից բացի լեզուներ իմացող և հմուտ դիւանագէտ չկար:
Յովհաննէս Մասեհեանը Բեռլինում պաշտօնավարել է մինչև 1916 թւականի մարտ ամիսը։ 
1916-1919 թւականներին շահի յատուկ յանձնարարականով, մեկնում է Փարիզ:
1919 թւականին վերադառնալով Թեհրան, ընտրւում է խորհրդարանի պատգամաւոր՝ Պարսկաստանի հայ համայնքի կողմից, գլխաւորում Հայկական ազգային խորհուրդը:
1921 թւականին Ղաջարների վերջին՝ Սուլթան Ահմադ շահի հրամանագրով, Յովհաննէս Մասեհեանը երկրորդ անգամ դեսպան է նշանակւում Գերմանիայում:
1927 թւականին Մասեհեանը Պարսկաստանի նոր առաջնորդ՝ Ռեզա շահի կողմից նշանակւում է դեսպան Անգլիայում և պաշտօնավարում՝ մինչև 1929 թւականը: 
Յովհաննէս Մասեհեանը 1930 թւականին Տոկիոյում պարսից առաջին դեսպան Է նշանակւում: Սակայն այս պաշտօնավարումը երկար չի տևում, քանի որ 1931 թւին ծանր հիւանդութեան պատճառով, ստիպւած հրաժարական է ներկայացնում, սակայն տուն դարձի ճանապարհին Չինաստանի հիւսիսարևելքում գտնւող Հարբին քաղաքում Յովհաննէս Մասեհեանը 67 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն: 
Ռեզա շահի թոյլտւութեամբ և հայ համայնքի աջակցութեամբ, 1932 թւականին Մասեհեանի դին Չինաստանից փոխադրւում է Թեհրան:
Ապրիլի 1-ին նրա աճիւնն ամփոփւում է  Թեհրանի Վանաք թաղամասի Ս. Գէորգ եկեղեցու գաւթում. նոյն օրը նաև Լոնդոնում, Բեռլինում և Տոկիոյում հոգեհանգստեան արարողութիւններ է կատարւում նրա պատւին:
1963 թւականին նրա աճիւնը տեղափոխւում և վերայուղարկաւորւում է Թեհրանի Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցու բակում:
 
 
«Յոյս» թիւ 246
13 Սեպտեմբեր 2017
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *