Լրագրողների հետ՝ թեհրանահայութեան արմատների մօտ     

246-hooys-farsi-20
Օգոստոսի 8-ին լրագրողի համաշխարհային օրւայ առիթով  ԹՀԹ  Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում, որի նպատակն էր ստեղծել սերտ յարաբերութիւն լրագրողների միջև և մամուլի միջոցով խորհրդի աշխատանքներն ու գործունէութիւնը ծանօթացնել Իրանի ժողովրդին: Պատեհ համարելով առիթը, մասնակցեցի այս միջոցառմանը Իրանի տարբեր լրատւամիջոցների թղթակիցների հետ: Ազգային առաջնորդարանի և ազգային մարմինների ներկայացուցիչների ընկերակցութեամբ այցելեցինք նախ Ս. Թադէոս Բարդուղիմէոս, ապա Ս. Գէորգ եկեղեցիներ և այնուհետև Հ.Մ. Արարատ միութիւն, որով ավարտւեց ծրագիրը: Ս. Թադէոս Բարդուղիմէոս եկեղեցին գտնւում է Թեհրանի Մոլավի պողոտայի «Բազար Հազրաթի»-ում: Աղմկոտ վայրում բազմութեան  միջից  անցնելով հասնում ենք եկեղեցի: Եկեղեցու հնամենի շէնքը, ներսի պատերին փակւած կրօնական պատկերները և եկեղեցու շրջափակում գտնւող շիրմաքարերը գրաւել էին ներկաների ուշադրութիւնը. լուսանկարչական սարքերը չէին  դադարում նկարելուց:
Ըստ եկեղցու խորհրդի նախագահի բացատրութեան, այն կառուցւել է 1808 թ. 350 քռ մր տարածքում Ջան Բրաուն  ընտանիքի ջանքերով: Եղել է Թեհրանի առաջին հայքրիստոնեայ եկեղեցին: Բուն հիմնադիրներն են եղել Խաչիկ և Յարութիւն կոչւած անձնաւորութիւնները: Այս շրջափակը օգտագործւել է որպէս քրիստոնեաների յուղարկաւորութեան առաջին վայրը: Էական է նշել, որ շիրմաքարերի վրայ նկատելի է ժամանակւայ պետական, քաղաքական բարձրաստիճան դէմքերի անունները՝ ռուս և անգլիացի դեսպաններ և այլ քրիստոնեայ յայտնի անձնաւորութիւններ:
1970 թ. եկեղեցին ներկելու ժամանակ երևան են գալիս որմնանկարներ՝ պատկերւած թռչուններով ու ծաղիկներով, որոնք պատկանել են Ղաջարների ժամանակաշրջանին: Ներկայումս եկեղեցական արարողութիւն է կատարւում ամէն ամսւայ առաջին ուրբաթ օրը,  ապա և եկեղեցուն պատկանող յատուկ օրերին:
Ս.Գէորգ եկեղեցին գտնւում է Թեհրանի Վահդաթէ Էսլամի հրապարակի Ղաւամոլդոլէ շուկայի փողոցներում: Սկզբում կառուցւել  է որպէս մատուռ թաղի ժամանակւայ հայ բնակիչների` Յովսէփեան և Ստեփանեան ընտանիքների միջոցներով 1798 թւին: Ղաջարների Ֆաթոլահ շահի ժամանակ մի խումբ հայ արհեստաւորներ Իսֆահան և Թաւրիզ քաղաքներից գաղթելով Թեհրան բնակւում են Դարւազէ Ղազւին թաղամասում: Հետզհետէ ձևաւորւում է այստեղի հայ համայնքը և բազմանալով հայութեան քանակը մատուռն այլևս չի բաւարարում հայութեան պահանջներին, ուստի 1884 թ. մատուռի տեղում կառուցւում է ներկայիս եկեղեցին: Եկեղեցու շրջափակում գոյութիւն ունեն շիրմաքարեր, որոնք պատկանում են 19-րդ դարի բարձրաստիճան դէմքերին: Ս. Գէորգի տօնին բազում հայ ուխտաւորներ մասնակցում են եկեղեցական մասնաւոր արարողութեանը:
Անձամբ տպաւորւած եմ յիշեալ եկեղեցիներն այցելելուց, դրանց հոգևոր մթնոլորտը վերանորոգ զգացումներով տոգորում է հոգիս:
Եկեղեցիները շուրջ երկու դար վկայ են եղել հայութեան պսակադրութիւններին, մկրտութիւններին և այլ ծիսակատարութիւններին, և հոգևոր դաստիարակութեամբ կատարել են սրբազան առաքելութիւն, նշանակալի դեր են ունեցել թեհրանահայութեան ձևաւորման, համախմբման ու կենտրոնացման գործում:
 
Այցելեցինք նաև եկեղեցու շրջափակում գտնւող տարեցների կենտրոն և ծանօթացանք ոմանց հետ: Չափազանց գնահատելի աշխատանք են իրականացնում կենտրոնի տնօրինուհին և աշխատակազմը, որոնք  ամենայն հոգատարութեամբ խնամք են տանում այնտեղ գտնւող կարիքաւորներին, ու քրիստոնէական և մարդասիրական ծառայութիւն են մատուցում:
Կենտրոնը կառավարւում է ԹՀԹ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ և բիւջէն  ապահովում է բարերար անձերի օժանդակութեամբ, բայց կենտրոնը և այնտեղ ապրող տարեցները առաւել կարիք ունեն բոլորիս աջակցութեան և ուշադրութեան:
Ս. Գէորգ եկեղեցին թողնելով մեկնեցինք Հ.Մ. Արարատ միութիւն: Միութեան Կոմիտաս սրահում լրագրողի օրւայ առիթով ողջոյնի և շնորհաւորանքի խօսք ասաց Առաջնորդարանի յարաբերական մարմնի ատենապետ` պր. Արթին Բաբայեանը ներկաներին, շեշտելով միջոցառման նպատակը: Ապա Արարատ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ պր.Գէորգ Վարդանը նախ բացատրութիւններ տւեց իրանահայութեան և Իրանի երեք թեմերի պատմականի մասին, շեշտելով, որ իրանահայերը ոչ միայն գաղթականներ չեն, այլ ունենալով աւելի քան 20 դարերի անցեալ, իրենց բնիկ իրանցի են զգում: Այնուհետև անդրադարձաւ կազմակերպութեան անցեալին ու  ներկայ իրավիճակին, տարւող մարզական և մշակոյթային աշխատանքներին, շեշտելով, որ Արարատ կազմակերպութիւնն իր 73 տարւայ գոյութեան ընթացքում տասնեակ չեմպիոններ է նւիրել Իրանի մարզական ոլորտին և առաջին գրանցւած մարզական միութիւնն է եղել Իրանում: Նա ընդգծեց, որ նիւթական սահմանափակ աղբիւրներով հանդերձ, կազմակերպութիւնը  շարունակում  է իր աշխատանքները և վերջին տարիներին հիմնական աշխատանքներ է սկսւել մարզանքի մակարդակը բարձրացնելու ուղղութեամբ: Պր.Վարդանը գնահատեց լրագրողի աշխատանքը և նրանց ունեցած կարևորագոյն դերը հասարակութեան մէջ՝ իրականութիւնները ճշգրիտ կերպով արտացոլելու գործում:
Երկրորդ բանախօսը Թ Հ Թ Թեմական խորհրդի ատենապետ պր. Ռոբերտ Բէգլարեանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց իրանահայութեան կրօնական կառոյցի և կեանքի վերաբերեալ, և կարեվորեց, որ  թղթակիցների պարտականութիւնն է գրչով ու մամուլով ներկայացնել փոքրամասութիւնների ազգային-հասարակական և մշակոյթային կեանքը:
Այնուհետև Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչ` պր. Արթուր Յակոբեանը ընթերցեց Իրանում ՀՀ Արտակարգ և լիազօր դեսպան պր. Արտաշէս Թումանեանի ուղերձրը լրագրողի օրւայ առիթով, ի միջի այլոց նշելով,  որ դեսպանութեան առկայ աշխատանքների նպատակն է ստեղծել գործընկերային ջերմ յարաբերութիւններ իրանական լրատւամիջոցների հետ, որպէսզի ճանաչելի դարձնել Հայաստանը իրանցի ժողովրդին:
Վերջում կազմակերպւած ընդունելութեան պահին ֆիլմեր ցուցադրւեց իրանահայութեան հասարակական կեանքից և Արարատ կազմակերպութեան աշխատանքներից:   
 
 
246-hooys-farsi-21
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Յոյս» թիւ 246
13 Սեպտեմբեր 2017
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *