ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

ՇԱՐԻՍ ՄԵԼՔՈՄ ԱԲԳԱՐ
 
247-hooys-arman-1

 

    Իրանահայ վաստակաւոր ուսուցիչ, հմուտ գրաշար, սրբագրիչ, աւելի քան 50 տարիների աշխատանքային և ստեղծագործական վաստակով հարուստ, խոնարհ արձակագիր, Իրանահայ և Հայաստանի գրողների միութեան անդամ՝ Նազար Շահվերդեանը ծնւել է 1936 թւականին՝ Իրանի Բուրւարի գաւառի Շափուրաբադ կամ տեղի բար-բառով Շաւրաւա գիւղում: 
    Նախնական կրթութիւնն ստացել է գիւղի վարժատանը՝ վարժապետ Սարգսի մօտ, իսկ երբ ընտանիքով փոխադրւում են Թեհրան՝ շարունակում է իր ուսումը Հայոց «Դանայի» և «Քուշեշ-Դաւթեան» ազգ. դպրոցներում: 
    Նազար Շահվերդեանը նիւթական ծանր պայմանների հետևանքով ստիպւած է լինում թողնել ուսումը, սակայն նոյն դպրոցի դասաւանդող ուսուցիչ և բանաստեղծ՝ Ոստանիկը օգնութեան է հասնում և նա որպէս իր սանը կարողանում է շարունակել կրթութիւնը դպրոցում՝ որի տեսուչն էր դոկտ. Յով-հաննէս Հախնազարեանը:
    Այդ երջանկութիւնը նրա մօտ այդքան էլ երկարատև չեղաւ, քանի որ մի քանի ժամանակ անց կրկին զրկւում է դպրոց յաճախելու հաճոյքից՝ յայտնւելով փողոցում:
    Այդ օրերին Նազար Շահվերդեանի հայրը որոշում է որդուն ուղարկել տպարան աշխատելու, որտեղ գրաշարութեան հետ միաժամանակ, առիթ կունենայ ընթերցելու գրքեր, և այդպիսով կը զար-գանայ նաև տղայի ուսման մակարդակը և հոգին: 
    Հօր խորհրդով նա անցնում է աշխտանքի «Մոդեռն» տպարանում, որտեղ պարսկերէնով տպագրւող աշխատանքներից բացի, լոյս է տենում նաև հայերէն դասագրքեր ու հեղինակային այլ հրատարակութիւններ: 
    «Մոդեռն» տպարանի հայերէն բաժնի գրա-շարն էր «Դանայի» դպրոցի յայտնի դասատու, երա-ժիշտ, ազգային հասարակական գործիչ՝ Արմենակ Մելիք- Աբրահամեանը: 
    Նազար Շահվերդեանը մի քանի տարի Մելիք-Աբրահամեանի մօտ գրաշարութեամբ զբաղւելուց յետոյ, որպէս հմուտ գրաշար հրաւիրւում է «Ալիք» օրաթերթի տպարան: Այնտեղ մի այլ աշխարհ է ձևաւորւում հեղինակի համար, քանի որ նրան շրջապատում են մտաւորականների մի ամբողջութիւն, ինչպիսին էին՝ Համբարձում Տէրտէրեանը, Անժէլ Տէր-Օհանեանը, դոկտ. Բաղդիկ Մինասեանը, Խաժակ Տէր-Գրիգորեանը, Երւանդ Հայրապետեանը, Արամ Գառօնէն, Վահէ Արծրունին և այլն:
    Նա աշխատանքի ընթացքում մեծ հաճոյքով ընթերցում էր նրանց ստեղծագործութիւններն ու յօդւածները և զբաղւում ինքնազարգացմամբ. ըստ հեղինակի, ընթերցանութիւնը նրա համար այն տարիներից մինչ այսօր կեանքի անբաժան մասն է կազմել:
    Առաջին անգամ Նազար Շահվերդեանը գրում է «Ալիք» օրաթերթի համար, երբ ինչ-որ առիթով առաջարկում են նաև գրաշարներին առանձին նիւթ ներկայացնել:     Նազար Շահվերդեանը որոշում է մի փոքրիկ յուշ ներկայացնել իր գրաշարական կեանքից՝ այն էլ հումորի ձևով, որը տպագրւելուց անմիջապէս յետոյ արժանանում է շրջապատի և իր մտաւորական ընկերների քաջալերական խօս-քերին և գնհատականներին, որն էլ հեղինակի ստեղ-ծագործական կեանքի սկիզբն է դառնում: 
    Այնուհետև 1968-1972 թւականներին առիթ է ունենում մասնակցելու Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդի կողմից նոր կեանքի կոչւած երեկոյեան հայերէնագիտական դասընթացներին և աւար-տել այն: Հարկ է նշել, որ Նազար Շահվերդեանի հետ միաժամանակ սովորում էին նաև Նորայր Էլսայեանը և Միշա Հայրապետեանը:
    Նա երկար տարիներ որպէս գրաշար՝ աշխատել է «Ալիք» հաստատութիւնում և դրան զուգընթաց՝ 30 տարիներ որպէս հայոց լեզւի դասատու՝ պաշտօնավարել հայոց ազգ. դպրոցներում: 
    Աշխատակցել է սփիւռքահայ և Հայաստանեան մի շարք թերթերի ու պարբերականների հետ, որոնց համար արժանացել է պատւոյ գրերի և գնահատագրերի Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդից, «Ալիք» օրաթերթից և Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնից:
    Ունի նաև պարսկերէնից թարգմանւած ստեղծա-գործութիւններ:
    Նրա հեղինակած առաջին գիրքը՝ «Առօրեայիս հետքերով» կարճ պատմւածքների ժողովածու է, որը լոյս է տեսել 2004 թւականին մեկենասութեամբ՝ Իրանի հայ արհեստաւորների միութեան, ինչպէս նաև շնորհիւ վաստակաւոր ուսուցիչ, ազգային-հասարակական գործիչ՝ Նորայր Շահնազարեանի: 
    Սոյն ժողովածուն ինչպէս հեղինակն ինքն է նշում գրքի նախաբանում, իրական դէպքերի փունջ է, որը մասամբ կապւած է հեղինակի կեան-քի հետ: 
    Պատմւածքներում նշւած դէմքերը բոլորն էլ խոնարհ մարդիկ են՝ առօրեայ հոգսերով, բացի մի քանիսից, որոնք հեղինակի մօտեցումով ընդմիշտ խոտոր մնացին շրջապատին ու նաև իր յիշողութեան մէջ՝ շնորհիւ իրենց կարծր բնաւո-րութեան:
    Նազար Շահվերդեանի հեղինակած երկրորդ գիրքը՝ «Նոր տարւայ նւէրը» լոյս է տեսնում 2014 թւականին մեկենասութեամբ ազ-գանւէր հայորդի՝ Անդրէ Մանուկեանի, իր հօր բազմավաստակ ուսուցիչ՝ Ալբերտ Մանուկեանի յիշատակին:
    Իր ստեղծագործութիւնների բոլոր թեմա-ներն ընտրւում են այնպիսի պայմաններից՝ ինչպի-սին հեղինակը գտնւել և ապրել է: 
    Նկատելով շրջապատում առկայ խնդիր-ները, հեղինակն այնպիսի նրբութեամբ ու հումորի զգացումով է խօսում դրանց շուրջ, որ հետևելով նրա անցած ուղին ու կառչելով մտածողութեանն ու գրչին, ընթերցողը սիրում է քայլել նրա հետքերով…
    Նրա պատմւածքների ակունքը ինչպէս նշում է Նորայր Շահնազարեանը՝ «Մասամբ գիւղական կեանքն է, համեստ ապրող հայ ըն-տանիքների ու հայ մարդու առօրեան, որով և հեղինակի մարմնաւորած անձինք գիւղից քաղաք տեղափոխւելով հանդերձ, շարունակել են ապրել նոյն ակունքներից սկիզբ առած վարւելակերպով ու մտայնութեամբ:  
    Իսկ հեղինակի գոյակոչմամբ, նրա ստեղ-ծագործութիւնների հերոսներն ու գործող անձինք նաև բնական են, կենդանի և տեղին. թող որ թէկուզ և նրանք երբեմն լինեն խորամանկութեան արտայայտիչներ, արատաւոր ու բացասական տիպարներ, սակայն դրանք ևս հասարակական առօրեայում ապրող և ներկայ բնական ու հարա-զատ տիպարներ են»:
    2017 թւականի սեպտեմբերի 14-ին կայացաւ Նազար Շահվերդեանի մեծարանքի երեկոն, որը կազմակերպւել էր Իրանահայ գրողների միութեան վարչութեան կողմից Ս. Աստւածածին եկեղեցու շրջա-փակի Հայ կանանց եկեղեցասէր միութեան սրահում: 
    Երեկոյին ներկայ էին ազգային հասարակական գործիչներ, ուսուցիչներ, մտաւորականներ: Ծրագը-րի ընթացքին նրա ընկերները, որոնք նոյնպէս վաստակաւոր ուսուցիչներ և բանաստեղծներ էին, արտայատւեցին հեղինակի անցած ստեղծագործական ճանապարհի, համեստ և խոնարհ բնաւորութեան ու նրա անգնահատելի գործունէութեան մասին: 
    Նոր սերնդից փայլուն կատարումներով հանդէս եկան մի քանի ասմունքողներ իրենց ելոյթը նւիրելով Նազար Շահվերդեանին:
    Նախքան հեղինակի արտայայտւելը օրւայ առիթով, Նազար Շահվերդեանի թոռը՝ եօթամեայ Արեգ Շահվերդեանը անակնկալ մատուցելով իր պապիկին, ասմունքեց նրա մանկական բանաստեղծութիւններից մէկը, որը մեծ յուզմունք պատճառեց հանդիսատեսին ու հեղինակին:
    Վերջում Նազար Շահվերդեանը նոյնպէս իր գեղեցիկ արտայայտութիւներով հանդէս եկաւ, ընթերցելով կարճ կենսագրական իր անցած ճա-նապարհի և կեանքի մասին, աւելացնելով իր շնոր-հակալութիւնները թէ՛ իր ընկեր բանաստեղծներին և ուսուցիչներին և թէ՛ հանդիսատեսին, ապա իր գոհու-նակութեան աղօթքը բարձրացրեց առ Աստւած իր երկու որդիների Արա եւ Արմէն Շահվերդեանների, ինչպէս նաև նրանց կանանց ու իր թոռան՝ Արեգի համար: Վերջինիս մասին նշելով, թէ նա լոյսի պէս ծագեց իր կեանքում այն պահին, երբ իրեն միայնակ էր զգում կնոջ անվերադարձ հեռանալու համար.  ամէն անգամ Արեգին գրկաբաց ընդունելով լոյս է ծագում նրա սրտում և յոյսի նշոյլ  յայտնւում նրա կեանքում և ներշնչում, թէ ապրել է հարկաւոր:
    Հեղինակն իր արտայայտութիւններում նշեց նաև, որ մտադիր է հրատարակել իր երրորդ գիրքը, որը կընդգրկի թէ՛ պատմւածքներ,  թէ՛ մանկական արձակ ու չափածոյ ստեղծագործութիւններ. դա նւիրելու է իր կնոջ անմար յիշատակին:
    Մաղթում ենք Նազար Շահվերդեանին իր նոր գրքի համար հարթ ճանապարհ և ի խորոց սրտի աղօթում նրա և իր ընտանիքի համար երկար ու առողջ կեանք, նորանոր յաջողութիւններ, պայծառ արեգ, որպէսզի լոյսի և շնորհքի շողը միշտ և ամենուր անպակաս լինի նրանց կեանքից, թէ գիշերւայ մթին և թէ ցերեկւայ լոյսին:
    Ազգը կարիք ունի Նազար Շահվերդեանի պէս խոնարհ հեղինակների, որոնք չեն շտապում իրենց անունը բարձրացնելու, այլ խոնարհւելով գրչին բարձր են պահում  ազգը և անունը հայի:
 
 
«Յոյս» թիւ 247
29 Սեպտեմբեր 2017
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *