Խմբագրական

ԱՆԴՐԱՆԻԿ  ՍԻՄՈՆՅԱՆ
 
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի օրերին: Այս համաժողովի մեկնարկը տրվեց հայտարարվածից էլ դեռ մէկ օր առաջ: Նախ գրանցում ՀՀ Սփյուռքի նախարարությունում, իսկ երեկոյան ընդունելություն Երևանի «Փարավոն» հանգստի համալիրում:
Սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 8-ից, հրավիրյալները, Կարեն Դեմիրճյանի անվան համալիր մեկնելու համար հավաքվել էին Հանրապետության հրապարակում:
Ժամը 10-ին սկսվում է  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որը վարում է ՀՀ Սփյուռքի նախարար տիկին` Հրանուշ Հակոբյանը: Նախագահությունում նստած են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ` պարոն Բակո Սահակյանը և Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսը, որոնք նույն հերթականությամբ էլ ելույթ են ունենում:
Նախատեսված է համաժողովը շարունակել չորս հիմնական ուղղություններով.
1 .Հայաստանի տնտեսական զարգացումը և ներդրումներ
2 . ՀՀ պաշտպանության քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում
3 . Արտաքին քաղաքականության օրակարգ
4 . Հայապահպանության հիմնախնդիրներ:
Նիստերը շարունակվում են նախատեսված ծրագրով, ներկայացվում են զեկուցումներ, տեղի են ունենում բուռն քննարկաումներ, կամաց-կամաց մտայնությունները տեղեկացվելով ձևավորվում են, գաղափարները մոտենում են ու տրված առաջարկները` մեկը մյուսին լրացնում են:
Գնալով նախկին հակադիր գաղափարները հասունանում ու մոտենում են և այդպես է ձևավորվում մտածողության ու գաղափարական միացյալ, կամ համահայկական ամբողջական դաշտը:
Այդ դաշտում էլ իհարկե, տարաձայնություններ կան, բայց ոչ  անհաշտ, կամ անտագոնիստիկ հակադրվածությամբ: Բացակայում է Հայրենի մտավորականությունը, որն այստեղ լինելու, իրազեկվելու և աճ ապրելու կարիք ունի:  
Իսկ այդ նիստերից էլ դուրս  համաժողովի ոգին պարարտանում է  միջացքներում ու հանգստի պահերին, երբ հին բարեկամները իրար են հանդիպում, հարցուփորձ անում, կամ նորերը ծանոթանում են, կապի հասցեներ փոխանակում, արդեն ձևավորվող` համազգային  մտածողության համանման հիմունքերը փոխանակելու և ապագա համագործակցությունը ծավալելու համար:
Քննարկումներն ավարտվում են նախատեսված ծրագրով ու ամփոփիչ նիստը  յուրաքանչյուր ուղղությամբ ընթացած նիստերի  ամփոփումն է ու խտացված` ամբողջական արդյունքի մատուցման միջոցը:
Վերջում  կարդում են համաժողովի հայտարարությունը: Դա սեպտեմբերի 20-նն է, օր, որը բացվել էր Ծիծեռնակաբերդում` Մեծ եղռնի բյուրավոր զոհերի հուշակոթողին հարգանքի տուրք մատուցելով ու ծառաստանում հիշատակի ծառ տնկելով:
Սեմտեմբերի 21-ը  Հայաստանի Հանրապետության ծննդյան 26-րդ տարեդարձն է:
Առավոտն սկսվում է Եռաբլուրից: Հարգանքի տուրք Հայաստանի Անկախության ու Արցախի   Ազատության համար զոհված ասպետների  հիշատակին` հերոսական փաղանգ,  որին գլխավորում են զորավար Անդրանիկն ու սպարապետ Վազգենն ու սպարապետ Մոնթեն: 
Հետո Մայր Աթոռում  մասնակցում ենք երկու Հայրապետների միջոցով կատարվող   «Հանրապերտական մաղթանք»-ի արարողությանը:
Ապա փոքրիկ դադար կա, որից հետո պիտի գնանք մասնակցելու ՀՀ Նախագահի ընդունելությանը: 
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարարության տարածքում մեծ հանդիսություն է կազմակերպվել: Ելույթով հանդես է գալիս ՀՀ նախագահը, հետո ընդունելություն է, և ապա` հրավառություն: Ամեն բան իր տեղում է: Արցախի Հանրապետության նախագահը, զույգ Հայրապետները և ՀՀ իշխանական ամբողջ վերնախավը, Սփյուռքից հրավիրված համայնքների ղեկավարները և… 
Ամբողջ ընթացքում էլ զինվորական նվագախմբերը սրտառուչ ու հարազատ մեղեդիներ են հնչեցնում:
Իսկ ամենավերջում, հրավառությունից էլ հետո երևանյան այս աննախադեպ շոգ օրերին հակադրվում է մեղմ ու թեթև ու թարմացնող անձրևը…
Ստացվում է այնպես, որ վերջին հատվածի  զառիվերը բարձրանում  ենք նախարարի հետ: Հոգնած է թվում, բայց մենք բոլորս էլ վաստակած ենք հեռանում` երևի նրա հոգնածության հաշվին : Ապրի ինքը, փոխնախարարներ` Վահագն Մելիքյանն ու Սերժ Սրապիոնյանը և նախարարության ամբողջ անձնակազմը` մեկ առ մեկ: 
Այդ օրերին, աշխատանքից հետո, գեղարվեստական ծրագրեր են եղել, աշխարհահռչակ շատ աստղերի մասնակցութեամբ: Այդ միջոցառումները հավելյալ հագեցում  էին պարգևել այդ պարարտ  օրերին:
Այդ ամբողջ ընթացքը վայելելիս երբեք էլ մտքից չհանեցինք Հայաստանի Հանրապետության պատվախնդիր  ու մեծահոգի, աշխատասեր ու ջերմ զգաբնակչությանը`ռազմաճակատը զինվորով ապահովողին, սահմանամերձ ու փոքրիկ շեներում երկիր պահող մարդուն, մեծ քաղաքներում Հայաստանի Հանրապետությունը մարմնավորողին, ընդդիմադիր կեցվածք ընդունած մտավորականությանը, ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԱԳՈՅՆ ՇԱՀԸ,  որը գերազանցում է ամեն ինչի: Այո չմոռացանք հայրենաբնակ` Հայրենիք պահող  մարդուն, որը կարող է նեղ ապրելով հանդերձ, իր աշխարհացրիվ զավակներից 1600-ին 70 երկրներից տուն կանչել ու գուրգուրանքով ամբողջ մեկ շաբաթ հյուրընկալել:
Համազգային շահը բոլորիս առաջնորդողն է: Եվ գուցէ դրանով էլ պայմանավորված էր  նվաստիս հարցապնդումը ՀՀ սիրելի ու բանիմաց վարչապետին` հայաստանյան կապիտալը, հեշտությամբ և առանց այլևայլի, Հայսատանից դուրս չթողնելու կապակցությամբ:
 
 
«Յոյս» թիւ 246
29 Սեպտեմբեր 2017

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *