Սուրբ Ստեփանոս Նախավկայ` «Աստծոյ նորոգւող տունը»

Անդրանիկ Սիմոնյան
Անդրանիկ Խեչումյան
 

hooys-armenian-245-5

Ժամը 6-ն է: Դուրս ենք գալիս: Ռեզան աստիճանների վրայ` մուտքի մօտ սպասում է: Ժպտադէմ այդ տղայի արտայայտութիւնը յուսադրող է: Ճիշտ է լուսադէմին ենք քնել, բայց առաւօտւայ ցնցուղը վերակենդանացնող յատկութիւն ունի: Դրան գումարւում է նաև այն խանդավառութիւնը, որ մեր վաղ արթնացումի բուն պատճառն է` մեկնել Ս.Ստեփանոսի վանք: Հիմա էլ Ռեզան իր ներկայութեամբ ու ժպիտով հաւաստում է, որ զուր յոյսեր չենք փայփայել:
Ժամը 6.15 րոպէին արդէն Թաւրիզը թողել ենք: «Եքա դուքան»-ի թաղը  Թաւրիզի վերջն է, յետոյ ճանապարհն է` գեղեցիկ ու գերող: Վաղորդեան զով զեփիւռը դէմք է շոյում, դեռ օրւայ տօթից ոչ մի լուր չկայ և աւտօն առաջ է սլանում:
Ռեզան լաւ զրուցակից է, թէկուզ խառնւածքով քչախօս է երևում, բայց մեր ներկայութեամբ ներշնչւել է և կարծում է պարտականութիւն ունի ամէն բան մեզ ասելու և թէ յանկարծ որևէ բան չասի, իրեն դատելու են բացթողումի համար:
Արդէն իմացել ենք, որ նա նոր է ամուսնացել և այս «փրայդով» իր ընտանիքի հանապազօրեան է վաստակում: Երբ պարոն Խոդավերդին գործ է ունենում, դիմում է նրան, նա էլ չի զլանում: Խոդավերդիի «գործը» մեզ պէս մարդիկ են, որ գալիս են«Սաթի»-ի առնչութեամբ, մէկ-երկու օր մնում են, յետոյ էլ գնում: Ռեզան գոհ է, մենք ևս:
Սոֆիանը արդէն քաղաք է: Նախկինում Եամի շրջանն էր իր կանաչ բնութեամբ ու բարիքներով հմայում, հիմաՍուֆիանն է, որից աննկատ անցնել չես կարողանում: Ցեմենտի գործարանը այդ շրջանի արդիւնաբերութեան սիրտն է և Ատրպատկանի շինութեան գրաւականներից մէկը: Այդ քաղաքի եզրին է գտնւում հիւրասրահների այն համալիրը, որի մօտ կանգ են առնում Հայաստանից ժամանող կամ Հայաստան մեկնող աւտօբուսները: Հա', ճաշասրահ տեսնելով յիշեցինք, որ նախաճաշի մեծ պլաններ ենք մշակել: Շուտով պիտի Մարանդ հասնենք, քաղաք, որ հռչակւած է իր հում սերով ու մեղրով, իսկ դա համարեա թէ անզուգական նախաճաշ է, Ատրպատկանի ամենահամով աւանդութիւններից մէկը:
Նախավկայի մասին զրոյցը տաքանում է: Ամբողջ Ատրպատկանում ճանաչում են այդ գեղեցիկ շինու-թիւնը, ուրբաթ և արձակ օրերին այցի գնում: Տեղի մարդիկ նրան «Քիլիսա Խարաբէ»  են անւանում և ի հարկէ զարմանում, որ ինչպես կարելի է այդ գեղեցիկ շինութիւնը Խարաբէ (աւերակ) անւանել: Բանն այն է, որ Ջուլֆայի մօտ կայ մի այլ տեսարժան վայր, որը «Ասիաբ Խարաբէ» է կոչւում: Փաստօրէն ջրաղացի այս «Խարաբէ» ածականն էլ յայտնւել է եկեղեցու անւան կողքին, մի տեսակ, հասցէ ցոյց տւող մասնիկի պէս: Ռեզան էլ է մի քանի անգամ այնտեղ եղել:
 Ճանապարհի աջ կողմում մի նոր հրաշք է բացւում` այգիների ու բուսականութեան անծայր ծով: Սա Մարանդ քաղաքն է և ճանապարհը դաւաճանելով մեզ անցնում է նրանից մեծ հեռաւորութեամբ` բարձրադիր բլուրների լանջերով: Եւ անկեղծօրէն պէտք է խոստովանել, որ այդ պատկերը աւելի յագեցնող ու բաւականութիւն պարգևող հաճոյք էր, քան անշնորհակալ ստամոքսին կապւող որևէ երևոյթ:
Ջուլֆան առանց իր մաքսատան երևի գիւղ համարւել էլ չի կարող: Այս պատահաբար քաղաք կոչւող հանգոյցում նախաճաշում ենք: Չկայ փափագած հում սերը, բայց ձւածեղը ամենուր ընդունելի նախաճաշ է:
Ժամը 8.15 րոպէ  է, դուրս ենք գալիս Ջուլֆայից: 18 կիլոմետր էլ պիտի գնանք, դա, եթէ գումարւի եկած 150 կիլոմետրին, կը ստացւի Թաւրիզից Նախավկայ տանող ճանապարհի երկայնքը: Բայց որքան հաճելի է եղել եկած ճանապարհը, Արաքսի միւս ափի մասին վերջին ժամանակների յիշողութիւնները տհաճութիւն են պատճառում մեզ: Խաչքարերի ջարդը գործել են մեր կողքից հոսող, մեր կարօտի գետի միւս ափին, մեր կարօտի հովտում:
Աջ կողմից Արաքսը մեր երթին դէմ է ընթանում, ակամայ յիշում ես մեծ հայ որդուն:
«Մայր Արաքսի ափերով, քայլամոլոր գնում եմ, հին-հին  դարուց յիշատակ, ալեաց մէջը պտրում եմ»…
Հիւսիսում Նախիջևանն է` ըստ աւանդութեան Նոյ նահապետի Արարատից իջնելու առաջին իջևանը, բայց Նոյի ծոռների փոխարէն ադրբեջանական բանակի զինւորներն ու սպաներն են երևում` խաչքար փշրելու ընդունակ մարդիկ:
Մեր ճանապարհը «առանց զգուշացնելու» թողնում է Արաքսի ափն ու ձախից բլուրների ծալքերի մէջ մտնում: Ծառերը ևս խտանում են…և ճանապարհը փակող շղթան: Ոտքով բարձրանում ենք: Զարիվերը յոգնեցնող է: Շնչակտուր ենք: Յանկարծ մարդիկ են նշմարւում: Նրանց ենք մօտենում: Ջրի ամբարն են կարգի բերում: Ամբարի տակ աստիճանաձև դիրքաւորւած փոքր հարթութիւնները այցելուների վրանների համար են նախատեսւած: Նկատելի է, որ մօտակայ բարձունքներում մշտական հսկողութիւն կայ` ինչպէս Ս.Թադէի վանքի շրջակայքում:
Ահա Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը: Այս շինութիւնը պտք է հէնց այսպէս երևայ, յանկարծակի ու միանգամից: Մեր կանգնած տեղը վանքին յարող բարձրադիր վայրերից մէկն է և ետ դառնալով միանգամից տեսնում ենք վանքի փառաւոր ու շքեղ գմբէթը:
Ապշանքը պատում է մեզ: Առաջին անգամ ենք այստեղ: Երբեք չէինք կարող պատկերացնել, որ լուսա-նկարներում բազմած գողտրիկ գմբէթը այսպիսի շլացուցիչ հմայք ունի:
Մուտքին ենք մօտենում: Մշակութային ժառանգութեան պահպանութեան կազմակերպութեան մի աշխատող` առաջացած տարիքով մի այր տոմս է վաճառում: Գնում ենք երեք տոմս և մտնում վանք: Ներկաները անմիջապէս նկատում են մեզ, յատկապէս պարոն Ռազմիկ Դիլանեանը, որն ամէն շաբաթավերջ այս-տեղ է գալիս Թաւրիզի Առաջնորդարանի յանձնա-րարականով և այսօր էլ Թոփուզեան սրբազանի միջոցով իրազեկ է մեր ժամանումի մասին: 
Մեզ ընդունում են շատ լաւ: Պարոն Ռազմիկը մանրա-մասներ է պատմում:
Որոշւած է Շահրիվարի 10-ին (Սեպտեմբեր 1) Վանքի նախնական գրանցումն անել«ԻՒՆԵՍԿՈ»-ի ցանկում, դրա համար էլ ամբողջ օրը աշխատում ենք:
Մինչև մենք վանք ենք մտնում, մոմ վառում ու Տէրու-նական աղօթքով առողջութիւն ու բարիք հայցում, տեղամասի վերականգնողական աշխատանքների ղեկավարը մեզ է մօտենում: Մի նոր հրաշք, շնչող հրաշք, այս քարակուռ, բայց կենդանի շինութեան կամարների տակ: Վերականգնողական աշխատանքների ղեկավա-րը երիտասարդ մասնագէտ Մեհրեարն է: Ըստ պարոն Ռազմիկի, նա իր աւարտաճառը այստեղ է գրել ու պաշտպանել: Ծանօթանում ենք: Մի անզուգական անձնաւորութիւն է, իր հոգով էլ մարդիկ է հաւաքել ու օրնիբուն աշխատում են: Առանց յոգնելու, առանց հանգստի օրերի, առանց…
Ասես երկար տարիների բարեկամներ լինենք: Նա իր հարազատներին է գտել, անվերջ պատմում է: Խենթի պէս է, սիրահար է, դեռ աւելին, այս տղան այս կառոյցով այնքան է տարւած, որ որոշել է Մորդադի 28-ի համար (Օգոստոսի 19) նախատեսւած իր ամուսնութեան օրը յետաձգել մինչև վանքի ընդունումը «ԻՒՆԵՍԿՈ»-ի ցանկի մէջ: Ասում է.
-Միշտ էլ կարելի է ամուսնանալ, բայց յուշարձանը յանձնելու համար քիչ ժամանակ ունենք:
Ի՞նչ էք սովորել, ո՞վ էք, այստեղ ի՞նչ գործ ունէք: 
Սայիդ Մեհրեարն եմ: Աշխատել եմ վանքի որմնա-նկարների ուղղութեամբ: Առաջինը ես եմ այդ թեմայով զբաղւել: Յետոյ եկել եմ վերականգնողական աշխատանքներին մասնկացելու և ստանձնել տեղա-մասի պատասխանատւութիւնը:
Վանքի շուրջբոլորը զննում ենք: Ծաւալուն աշխա-տանքներ են կատարւում: Քանդում-հանում են այն ամէնը, ինչ պատահաբար է արւել և աններդաշնակ է շինութեան ամբողջական ոգուն: Վանքը շրջանցող միջանցքի յատակի ցեմենտը պոկում են և տեղը մանր խճաքար փռում, ջարդւած քարերը փոխարինում են նորերով: Վանքի տեսքը ամբողջովին վերականգնւում է:
Մեհրեարը զրույցի ընթացքում յիշում է, որ օրիորդ Բաբայեանի հետ (Անի Բաբայեան` Նոր Ջուղայի գեղանկարիչ-ռեստաւրատոր հմուտ մասնագէտներից) մի յօդւած պիտի գրէին այս համալիրի մասին, որ ինքը ծանրաբեռնւածութեան պատճառով չի հասցրել և ափսոսանք է յայտնում: Երևի բոլորն էլ կը համաձայնեն, որ նրա պատճառը յարգելի է, մեղքը ներելի: 
-Վերականգնողական աշխատանքներում մենք վերա-դարձնում ենք նախնական տեսքը: ժամանակի սխալ յաւելումները հեռացնում ենք: Այս քարերը Դարանից են բերւել, մենք նոյն քարից բերում և փշրւածները փոխարինում ենք նորերով: Մենք չենք կարող պիտանի քարերին ձեռք տալ:
Բակի անկիւնում երկու քարտաշ վարպետ են աշխա-տում: Ալի Աքբար Բասթանին աւագ վարպետն է, Աքբար Փաքբազը`նրա օգնականը:
-Բարև , ի՞նչ էք անում:
-Քար ենք տաշում: Բուրգի քարերն են, եզրային մասի քարերն են: Սրանք անձրևաջուրը վերադարձնում են, որ պատը չփչանայ:
-Գմբէթի վրայ թիթեղ կայ: Ես Տաթևի վանքում և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում էլ եմ այսպիսի թիթեղներ տեսել գմբէթի վրայ: Արդեօք գմբէթի քարածածկ դարձնելը շա՞տ է դժւար:
-Իհարկէ, բայց դա անլուծելի խնդիր չէ. ուղղակի աւելի աշխատարար ու ճշգրիտ գործ է: Թողել ենք աւելի ուշ անելու համար: 
-Մի բան էլ հարցնեմ, արդեօք դուք Հայաստան գնացե՞լ էք: Տաթևի վերակառուցւած վանքը տեսե՞լ էք:
-Ո'չ, չենք տեսել, չենք գնացել: 
-Ափսոս, շատ ափսոս, երանի թէ բախտ վիճակւի ու գնաք տեսնէք: Լաւ, այս ի՞նչ շէնք է, որ նորոգում էք:
-Աղօթարան է, աղօթատեղի է, մենք զանգակատունն ենք նորոգում:
-Հարցս ուրիշ էր, եթէ՞ ներքևի գիւղում տուն շինէիք, աւելի լաւ չէ՞ր լինի:
-Սա էլ տուն է` Աստծոյ տուն: Տեսէք, ինձ համար սա էլ մզկիթ է: Այստեղ աշխատելու համար հաւատ է պէտք: Ամէն ինչ դրամի համար չի արւում: Մարդը պիտի իր արածը յարգի: Աշխարհն է գալիս տեսնում:
-9-րդ դարի մի կառոյցի վերականգնման գործում քո երիտասարդութեան մի մասն ես դնում: Դա քեզ ի՞նչ է ասում:
-50 տարի յետոյ, որ գամ, կասեմ` ես եմ արել: Ուրիշները կը գան, կասեն` Աստւած գթայ նրան: Բոլորս գնացող ենք: Եկողները կասեն`.Նրանք էլ մարդ են եղել, յիշատակ են թողել:
-Աստւած ձեզ օգնական, թև ու թիկունք, զօրավիգ:
Սայիդ Մեհրեարը միջամտելով ասում է, որ վարպետի տոհմում քարտաշութիւնը ժառանգական արհեստ է եղել: Խնդրում եմ մի քիչ էլ ծնողների մասին ասի:
-Հայրս, մօր մահւանից յետոյ թողնում է գիւղն ու փախչում, գնում է իր քեռու մօտ: Թաւրիզի «Փոլէ Ղարի»-ի խանութները բոլորը քարտաշներինն էր, հիմա է'լ չկան: Գալիս է քեռու մօտ սովորում է, ես էլ նրանից եմ սովորել:
Թողնում ենք քարտաշ վարպետներին իրենց մուր-ճերի զնգոցի հետ, որից քարը ծաղկում է, Նա-խավկան յառնում: Սայիդ Մեհրեարի հետ յետևի բլուրով բարձրանում ենք վանքի համայնապատկերը տեսնելու: Մեհրեարը ասում է:
-Ես մի կարծիք ունեմ, որ մասնագէտների տեսակէտ-ների խտացումն է: Կառոյցի մէջ տիպական 3 փուլ է նկատւում: Առաջինը հին եկեղեցի է կոչւում: 
Սա Արշակունիների ժամանակաշրջանից եկած ճարտարապետութիւն է: Երկրորդը մենաստանի կառոյցն է, մենաւորրների խուցերը, դասարաններն ու գրչութեան սրահները: Երրորդը Սեֆեանների ժամանակին է պատկանում: Ղաջարների օրօք միայն վերականգնւել է` նորոգւել:
Արդէն հասել ենք վանքին յարող բլրի բարձրունքին և վանքն իր ամբողջ հմայքով ու վեհութեամբ բազմել է մեր աչքերի առաջ: Ձեռակերտ հրաշքը բոլորին է գերել: Անդրանիկ Խեչումեանը ծխելը մոռացել է: Այդ թարմ օդում արժէր սիգարետ վառել, բայց նա և նոյնպէս ծխելու սիրահար Մեհրեարը որոշում են ըմբոշխնել առջևում բացւած գեղատեսիլ պատկերի ամբողջ հմայքը: Մի քանի րոպէ լուռ դիտում ենք ու խոկում: Այստեղ էլ Մեհրեարը խոստովանում է, որ ինքը շատ լուսանկարներ ունի և սիրով կարող է մեզ տրամադրել:
Երբ իջնում ենք բլրից, մեծաթիւ այցելուների ենք հանդիպում: Մեհրեարը մեզ իր աշխատասենեակն է տանում ու ցուցադրում է իր աշխատանքային պլանը և գեղեցիկ նկարները: Թէյը այստեղ ուրիշ համ ունի և մենք ըմպում ենք Սայիդի հետ և նա աւելի մտերմանալով նոր ծալքեր է բացում այստեղ ապրած իր օրերից: Նա ապուպապով էսֆահլանցի է, Սասանեանների շրջանից ճանաչւած մի վայր, որը Իլխանեանների (Մոնղոլների) ժամանակներում բարեկարգւել է: Ահմադ Համիի ստուգաբանութեամբ, սա նշանակում է ձիերի երկիր: Թաւրիզի մօտ է: Սպահանի համալսարանում արւեստի ճիւղ է ընդունւել նա, մասնագիտացել է գեղանկարչութեան ու գեղեցիկ արւեստների ուղղութեամբ: Ասում է.
-Մէկ երկու տարի աշխատում էի աւարտաճառիս վրայ: Մի յարմար սենեակ էի ընտրել, որ գիշերւայ անդորրի մէջ աչքերիս թարթիչների ձայնը լսում էի:
Սիրով ամբողջացրի աւարտաճառս, որի ընծայակա-նում գրել եմ.«նւիրում եմ հօրս, մօրս և Սուրբ Ստե-փանոսի լուռ ու խաղաղ գիշերներին»:
Նախավկայի աշխատանքներում իրենց մասնակ-ցութիւնն են բերում նաև Սայիդ Մաշհուրին, Հոսէյն Սաֆդարին և շատ ուրիշներ:
Բակ ենք իջնում, զարմանալի թեթևութիւն ենք զգում, բաւականութիւն, հոգևոր կեանքով ապրող ու նւիրաբերող մարդկանց հետ շփւելու երջանկութիւն:
Վերադարձի ճանապարհը մեր եկած ճանապարհը չէ: Գնում ենք որակապէս նոր զգացումներով:
Առաւօտից մինչև այս ժամը, անգամներ Առաջնոր-դարանից զանգահարել են: Սրբազան հայրը յատուկ ուշադրութեամբ ու հոգատարութեամբ է հետևում մեր աշխատանքին: Ցաւօք ճանապարհը մեր ցանկու-թիւնների հետ հաշւի չի նստում: Նախատեսւած ժամը 11-ն Էլ մեր կամքին չի հնազանդւում, այդ ժամին դեռ Մարանդում ենք: Հէնց հեռախօսով էլ Սրբազան հօր հետ պայմանաւորւում ենք երեկոյեան ժամը 7-ի համար: Շատ հանդիպումներ ենք ունենալու Թաւրիզի մտաւորականութեան հետ, նաև անակնկալներ . . .

 

«Յոյս» թիւ 245
29 Օգոստոս 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *