Լուսաւորութեան քաջամարտիկները -Դոկտ. ՅովհաննԷս Հախնազարեան

Շարիս Մելքոմ Աբգար
 
hooys-armenian-244-7
Դոկտ. Յովհաննէս Հախնազարեանը ծնւել է 1900 թ. Պատմական Ագուլիսի Գողթան գաւառի հայկական թաղամասում:
Նախնական կրթութիւնը թաղի դպրոցում ստանալով, 1912 թւականին ընդունւում է Էջմիածնի Գէորգեան Ճեմարան, որտեղ սովորում է մինչև 1918 թւականը. Սոյն Ճեմարանում նաև իր ուսումն էր ստացել Յովհաննէսի հայրը՝ Մարտիրոս Հախնազարեանը, ով՝ որպէս տեսուչ, երկար տարիներ պաշտօնավարել էր այնտեղ:
Սակայն 15-ամեայ Յովհաննէսի կեանքում ամէն բան միանգամից գլխիվար է շուռ գալիս, երբ 1919 թւականի դեկտեմբերի 24-ին թաթարական հրոսակախմբերը իրենց վաղեմի հարևաններին՝ հայերին, աննկարագրելի կոտորածի են ենթարկում:
Նա ականատես է լինում, թէ ինչպէս են ծնողները իրենց կեանքի արժէքաւոր իրերը թաքցնում պահարաններում, յուսալով, որ աւազակները ոչինչ չեն գտնելու և նրանք կրկին կը վերադառնան խաղաղութեան մէջ, քաղաքը վերականգնւելուց յետոյ: Բայց յուսահատութիւնն ու երկմտութիւնը Հախնազարեանների ընտանիքի համար իր ծայրայեղ աստիճանին է հասնում դեկտեմբերի 24-ի գիշերը, երբ ընտանիքը լքելով տունը, փակում է դուռն ու թաքուն հեռանում, թողնելով դա Աստծոյ ողորմութեանը, սակայն ընդամենը կէս ժամ չանցած նրանց փախուստից, հեռւից երևան է գալիս հայրական տնից բարձրացող ծուխն ու մոխրացած անցեալը…
Այդ գիշերւայ ընթացքում 80-ից 90 հայեր լքում են իրենց տները: Յովհաննէսի ընտանիքը միանալով միւս խմբերին, փորձում են փախչել լեռներով, սակայն մի քանի քայլ փրկութեան գագաթին չհասած, շղթաներով ու փամփուշտներով նրանց վրայ յարձակում են գործում թաթարական հրոսակախմբերը: 
    Ծնողները պահի տակ կնքում են իրենց մահկանացուն և բարձր լեռները դառնում են նրանց համար քարէ գերեզմաններ, որի վրայ թափւում է Յովհաննէսի անխօս արցունքները, իսկ եղբայրն ու քոյրերը գլորւելով բարձրունքից անյայտանում են գիշերւայ խաւարի մէջ, թողնելով Յովհաննէսին իրենց բարձրացրած ճիչն ու աղաղակը:
Նա տեսնելով ծնողների մահն ու ներքև գլորւող եղբօրն ու քոյրերին, վերցնում է ձեռքն ընկած ատրճանակն ու փորձում ինքնասպանութիւն գործել, սակայն պահի տակ մտափոխւելով կրակում է թշնամու վրայ և քիչ անց տեսնում իր շուրջ ընկած անշարժ մարմինները: Այդպիսով բարձրանում է լեռը և անյայտանում մթութեան մէջ: 
15-ամեայ Յովհաննէսը քանի ցերեկ ու գիշեր փախչելով կարողանում է իր անձը փրկել, սակայն նրան միշտ անհանգստացրել էր այն փաստը, թէ ինչո՞ւ չէր կարողացել փրկել քոյրերին, երբ թաքնւած էր եղել մթութեան մէջ և լսել  էր նրանց աղերսանքը, որոնց պատանդ էր վերցրել թուրքը և նրանք շարունակ կանչել էին իրենց եղբօրը: 
Նա կորցնում է իր ողջ ընտանիքը՝ մեծ քրոջից բացի, որն այդ օրերին սովորում էր Թիֆլիսի համալսարանում:
1920 թ. Յովհաննէսը մեկնում է Թաւրիզ, որտեղից էլ տեղափոխւում է Չեխոսլովակիա:
 
hooys-armenian-244-81922 թ. ընդունւում է Պրահայի Կարլի համալսարանը և Չեխիայի կառավարութիւնից ստանում կրթաթոշակ:
Ստանալով պատմական գիտութիւնների դոկտորայի եւ փիլիսոփայութեան աստիճան, չորս տարի շարունակում է իր ուսումնառութիւնը նոյն համալսարանում, մասնագիտանալով համեմատական լեզւաբանութեան և դասական լեզուների մէջ:
1933-1935 թւականներին դոկտ. Հախնազարեանը ուսուցանում է Թեհրանի Քուշեշ-Դաւթեան ազգային դպրոցում, որտեղ Լեզւաբանութեան պրոֆ. Ռուբեն Աբրահամեանը տարիներ պաշտօնավարել է որպէս տեսուչ:
Դոկտ. Հախնազարեանը    ուսուցման հետ միաժամա-նակ պրոֆ. Ռ. Աբրահամեանի աջակցութեամբ սովո-րել է պարսկերէն լեզուն: 
1936 թւին Իրանի  Կրթութեան նախարարութիւնը դոկտ. Հախնազարեանին հրաւիրում է Լեզւաբա-նութիւն դասաւանդելու Թեհրանի Պետական համա-լսարանում: Հարկ է նշել, որ նոյն տարում Ռեզա Շահի հրամանով փակւում են բոլոր հայկական դպրոցները և վերաբացւում միայն 1942 թւականին:
Երբ 1944 թւին պրոֆ. Աբրահամեանը մեկնում է Հայաստան, դոկտ. Հախնազարեանը հրաւիրւում է ստանձնելու Քուշեշ Դաւթեանի տեսչի պաշտօնը:
1950-1951 թւականներին հիմնւում է նաև սոյն դպրոցի արական սեռի միջնակարգ դպրոցը:
1953-1954 թւականներին Մարգար Սարգսեանի հովանու ներքոյ հիմնւում է Մարիամեան օրիորդաց միջնակարգ դպրոցը:
Երբ 1947 թւին, մեծ թւով հայերի չի յաջողւում մեկնել Հայաստան, շարժւում են դէպի Իրանի մայրաքաղաք՝ Թեհրան, յայտնւելով բուռն խնդիրների եւ հոգսերի առջև: Իսկ այդ ժողովրդի հոգևոր և ուսման կարիքները հոգալու համար, դոկտ. Հախնազարեանը հիմնում է մի շարք հայկական դպրոցներ՝ ինչիպիսիք են Աբովեանը, Հուրը, Դանային, Հախնազարեանը և այլն:
Համալսարանի պրոֆեսոր, նոյն համալսարանի դասախօս,Կրթութեան նախարարութեան յանձնախմբի անդամ՝ դոկտ. Հախնազարեանը մեծ յարգանք էր վայելում երկրի քաղաքական շրջանակներում, հարթելով իրանահայութեան առջև բարձրացած խնդիրները: 
Նա Թեհրանի Պետական համալսարանի գրականութեան ֆակուլտետում դասաւանդել է նաև ժամանակակից ու դասական հայերէն:
1969 թւականին դոկտ. Հախնազարեանը Երևանում ներկայացնում է Թեհրանի Պետական համալսարանը, բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 100-ամեակին նւիրւած հանդիսաւոր արարողութեան ընթացքին:
Դոկտ. Հախնազարեանը երկար տարիներ աշխատել է «Գողթան Գաւառ»-ին նւիրւած գրքի վրայ, որում ներառւած է նաև հեղինակի յիշողութիւնները:
Իր աշխատանքային առաջին օրւանից մինչև իր կեանքի վերջին օրը՝ 1978 թւականի յուլիսի 19-ը, դոկտ. Հախնազարեանն իր ակտիւ մասնակցութիւնն է ունեցել իրանահայութեան բոլոր հանրային իրադարձութիւններում: 
Դոկտ. Հախնազարեանի կեանքը բաժանւելով երկու կարևոր փուլերի, հասնում է իր գագաթնակետին այն ժամանակ, երբ նա կանգնած է լինում կեանքի և մահւան եզրին, այնտեղ, ուր նա փորձում է ինքնասպանութիւն գործել, երևան է գալիս Աստծոյ ողորմութիւնն ու սէրը, նրան հրաշքով դուրս բերելով անցեալի ամենամութ անկիւններից ու աննկարագրելի դառն յիշողութիւններից և ուղեկցում դէպի օրհնութիւններով լեցուն լուսաբաց:
 
 
«Յոյս» թիւ 244
12 Օգոստոս 2017
 
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *