Հայաստանը ամենաապահով վայր՝ զբօսաշրջիկների համար        

hooys-armenian-244-2

Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը կորեական պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կորեացի զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը որպես զբոսաշրջության կարևոր ուղղություն: Նա, մասնավորապես, ներկայացրել է այն գեղատեսիլ վայրերը և Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին: «Հայաստանը հաճախ են անվանում «թանգարան բաց երկնքի տակ»: Այն այցելուներին ներկայացնում է ժամանակակից հասարակության և հարյուրամյա ավանդույթների միասնություն, մշակույթային մի վայր է, որտեղ արևմտյան ապրելակերպը հիմնված է արևելյան ավանդույթների վրա: Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին՝ Հռոմից դեռևս 79 տարի առաջ: Գառնիի հեթանոսական տաճարից բացի Հայաստանում կան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, անթիվ պատմական գտածոներ, որոնք հասանելի են այցելուներին: Վանքերից և ամրոցներից շատերը գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Korea post-ի հետ զրույցում ասել է դեսպանը: Աստղադիտությամբ հետաքրքրված զբոսաշրջիկների համար նա առանձնացրել է Քարահունջը, անդրադարձել է նաև մայրաքաղաք Երևանին: «Երևանը՝ մեր վարդագույն քաղաքը, աշխարհի ամենահին քաղաքներից է: Այն սկզբնավորվել է դեռևս Ք.ա. 8 դարից, երբ 782 թվականին Արգիշտի 1-ի օրոք հիմնադրվեց Էրեբունի ամրոցը: 2018 թվականի աշնանը Երևանը կտոնի հիմնադրման 2800-ամյակը. այն ճանաչվել է ամենահին մշտական բնակեցված մայրաքաղաքը: Մեր տոնակատարություններին մեծ թվով զբոսաշրջիկների ենք սպասում»,-ներկայացրել է նա: Հրանտ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը նաև նպատակահարմար ուղղություն է գինու սիրահարների համար, գինու գիտակների համար այն դառնում է առաջատար նպատակակետ: «Արենիում կազմակերպում ենք ամենամյա գինու փառատոնը, ինչպես նաև մայիսի սկզբին Երևանում կանցկացնենք ևս մի փառատոն: 2012 թվականին «Զորահ» հայկական գինին հայտնվեց Բլումբերգի՝ աշխարհի առաջատար գինիների տասնյակում»,-նշել է դեսպանը: Հրանտ Պողոսյանի ներկայացմամբ՝ Հայաստանը նաև առաջարկում է զբոսաշրջիկներին բացահայտել հայկական դասական և ժամանակակից երաժշտությունը.
«Հայաստանը ջազի սիրահարների համար լավագույն կենտրոններից է, որը համալրվում է նոր անուններով՝ Տիգրան Համասյան, Միքայել Ոսկանյան»: Դեսպանը հայկական խոհանոցի, մշակույթի, գինու ավանդույթների մասին խոսելուց զատ ընդգծել է այն, որ Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է:
 
 
«Յոյս» թիւ 244
12 Օգոստոս 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *