Ցեղասպանութեան ճանաչման, Օբամայի եւ այլ «պետայրերի» մասին

 
Հրաչ Ստեփանեան
 
 
«Յոյս»-ի խմբագիր Ռոբերթ Սաֆարեանը թերթի 121-րդ համարում տեսակէտ էր յայտնել թէ հայոց ցեղասպանութիւնը շահագործման նիւթի է վերածւել համաշխարահային քաղաքական շուկայում։ Թերթի 123-րդ համարում Ռուբէն Սաֆարեանը խիստ քննադատել էր Ռոբերթ Սաֆարեանին, արդարացնելով հայերի դիմումը Օբամային եւ այլ «պետայրերին» ցեղասպանութեան ճանաչման համար։ Թերթի յաջորդ համարում Քարմէն Ազարեանը իր հերթին քննադատել էր Ռուբէն Սաֆարեանի յօդւածը, առաջ քաշելով նոր հարցեր Մեծ Եղեռնի պատմութեան ուսումնասիրութեան եւ մեր հզօր ու թոյլ կողմերի յայտնաբերման մասին։ Այս երեք յօդւածներում արտայայտւած են մտքեր ցեղասպանութեան ճանաչման, հայ-թրքական յարաբերութիւնների, Հրանտ Դինքի գաղափարների եւ ընդհանրապէս հայկական հարցի վերաբերեալ, որոնք արժանի են ուշադրութեան եւ որոնց, թէկուզ ուշացումով, հարկ է անդրադառնալ հանգամանօրէն։
 
1-Ռուբէն Սաֆարեանը, ըստ երեւոյթին, մեծ համարում ունի «քաղաքակիրթ աշխարհի բարձրաստիճան պետայրերի» մասին, որոնք իբր ուզում են «սրբագրել մարդկային պատմութեան անցեալի սխալները»։ Որեւէ հայ, որ ծանօթ է հայկական հարցի պատմութեանը դժւար թէ հաւատայ այդ պետայրերի բարի նպատակներին։ Հայոց պատմութեան մեր տարբեր գրքերն ու դասագրքերը մէկ կէտում համաձայն են որ քաղաքակիրթ պետութիւններն ու նրանց պետայրերը աւելի քան քառասուն տարի հայերի գլխին դիւանագիտական խաղեր խաղալուց կամ, ինչպէս գրում են, հայերի արիւնով առեւտուր անելուց յետոյ, երբ արդէն Արեւմտեան Հայաստանը հայաթափւեց, լքեցին հայերին եւ գնացին իրենց քաղաքական բիզնեսի ետեւից։ Եւ ինչպէս տեսնում ենք, նոյն արիւնոտ բիզնեսը շարունակւում է առ այսօր աշխարհի տարբեր մասերում՝ մերօրեայ պետայրերի միջոցով։ Մենք պարտաւոր ենք առաջնորդւել մեր պատմութեան դասերով   եւ   ոչ  թէ «քաղաքակիրթ» պետայրերի խոստումներով ու խօսքերով։ 1920-ական թւականների սկզբում, ահաւոր տառապանքներից ու կորուստներից յետոյ, հայերը վերջապէս համոզւեցին որ իզուր են յոյս դրել այդ քաղաքակիրթ պետութիւնների վրայ, որ այդ պետայրերը եղել են պրոֆեսիոնալ դիւանագէտ-խաբեբաներ, որոնց լարախաղացութիւններով եւ ճամարտակութիւններով տարւած՝ հայ ժողովուրդը հասաւ իսպառ ոչնչացման անդունդի եզրին։ Այդ մեծարգոյ այրերին Աւ. Իսահակեանը անւանել է դեւ-դիպլոմատներ, սրիկաներ, լրբեր եւ այլն, իսկ սրանց պոչը բռնած հայ ղեկավարներին, սրանցից հող ու հայրենիք մուրացողներին Չարենցը կոչել է «հացկատակներ, մթին սերմանողներ քամու ու մուրացկանութեան»։
Եւ այսպէս, «քաղաքակիրթ» պետութիւններից հիասթափւած հայ ժողովուրդը, բացի Սփիւռքում ծւարած որոշ տարրերից, ձեռք քաշեց տասնամեակների իր պատրանքներից եւ նւիրւեց իր յօշոտւած հայրենիքի փրկւած վերջին հողակտորի վերաշինութեան գործին։ Արդիւնքը աւերակ ու արնաքամ Հայաստանի վերածնունդն էր։ Խորհրդային Հայաստանի առաջին քսան տարում Հանրապետութեան բնակչութիւնը գրեթէ կրկնապատկւեց։ Մի պահ երեւակայէք, որ ներկայ անկախ Հայաստանի այս քսան տարում երկրի բնակչութիւնը կրկնապատկւած լինէր, թող որ ոչ մի Օբամա էլ հայոց մասին խօսած չլինէր։ Ո՞րը կը լինէր ցանկալի՝ հէնց հայկական հարցի տեսանկիւնից դիտւած՝ ստեղծել զարգացող ու կայուն Հայաստա՞ն, թէ՞ աչքերը  տնկել  Օբամայի շրթերին, թէ երբ է արտասանում «Genocide»-ը» բառը, որ հայերի բախտը բացւի։ Կարելի է պատկերացնել նաեւ հակառակը։ 1920-30-ական թւականներին Հայաստանի բնակչութիւնը չաճէր ( եւ դեռ այսօրւայ նման մի բան էլ պակասէր), բայց փոխարէնը օրւայ պետայրերը- Մուսոլինին, Հիտլերը եւ ուրիշներ- դատապարտած լինէին հայոց ցեղասպանութիւնը. ո՞րն էր աւելի կենսական հայոց ապագայի համար։ Այն, ինչ մնաց հայերին՝ դա տքնաջան աշխատանքով վերածնւած իրենց հայրենիքն էր, իսկ բոլոր «հայասէր» ու «հայապաշտպան» պետայրերի խօսքերը յօդս ցնդեցին։
Այսօր դարձեալ Արեւմուտքի պետայրերը հետաքրքրւած են հայերով։ Այս փուլում նրանք նպատակ ունեն Կովկասից դուրս մղել Ռուսաստանին ու Իրանին, բայց այստեղ նրանց խոչընդոտում է այդ երկու երկրների գործընկեր Հայաստանը։ Արեւմուտքն ուզում է Վրաստանից եւ Ադրբեջանից յետոյ իր հետ ունենալ նաեւ Հայաստանը։ Դրան հասնելու համար արեւմտեան պետայրերը, բոլոր խօսքերի ու խոստումների հետ, լայնօրէն չարաշահելու են նաեւ ցեղասպանութեան բառը։ Նրանք ամէն դերասանութիւն կանեն, միայն թէ Հայաստանը ներքաշեն իրենց ազդեցութեան ոլորտը, իսկ յետոյ Հայաստանի գլխին ինչ գալիս է՝ թող գայ։ Վերջինը՝ այդ դերը խաղաց Սարքոզին, ցեղասպանութեան ճանաչումով հմայւած հայերին նախ ոգեւորելով մինչեւ երկինք, եւ վերջը նրանց թողնելով՝ շշմած ու բերանբաց։ Բայց թւում է թէ կոյր հաւատը դէպի քաղաքակիրթ պետայրերը նորից ամրանում է հայերի մէջ։ Ըստ երեւոյթին արեւ-մտեան քարոզչամեքենան անում է իր գործը, եւ դեռ կը գտնւեն հայեր, որ կը շարունակեն դիմել նորանոր օբամաների եւ սարքոզիների, մինչեւ մի գեղեցիկ օր նրանք արտասանեն ցեղասպանութիւն բառը, իհարկէ եթէ մինչ այդ Հայաստանն արդէն հայաթափւած չլինի։
Եզրակացնենք։ Հայաստանի մէկ գիւղի վերաշինութիւնը հազար անգամ աւելի արժէ, քան հազար հայասիրական խօսքեր, որ մեզ շռայլել են քաղաքակիրթ պետայրերը՝ Գլադստոնից մինչեւ Սարքոզի։
 
2-Ի՞նչ նպատակ են հետապնդում քաղաքակիրթ երկրների պետայրերին դիմող հայերը՝ ցեղասպանութեան ճանաչման հետ կապւած։ Ոչ մէկից յստակ պատասխան չէք ստանայ։ Յամենայն դէպս Ռուբէն Սաֆարեանը այսպէս է ասում. «Միջազգային առումով հայոց ցեղասպանութեան համաշխարհային ճանաչեցման բուն նպատակը վրէժխնդրութիւն կամ ներկայիս Թուրքիայի տերիտորիայի մի մասը Հայաստանի Հանրապետութեան տարածքին կցելու իմաստով չէ, այլ միջազգային արդարութեան եւ մարդկային վեհ արժանապատւութեան վերական-գնումն է»։ Հեղինակը իր յօդւածի այլ տեղերում եւս խօսում ու կրկնում է մարդկային արդարութեան եւ համամարդկային արդարութեան վերականգնման մասին։ Այդ խօսքերը առատօրէն գործածւում են նաեւ «մարդու իրաւունքների պաշտպան» քաղաքակիրթ երկրների պետայրերի կողմից։ Եւ մեր մէջ որոշները սպասում են, որ օբամաները գալու են ինչ-որ մարդկային արդարութիւն վերականգնելու եւ մխիթարելու հայերին։ Պրն. Սաֆարեա՛ն, ով ուզում է թող նման մարդասիրական լոզունգներին հաւատայ, բայց այդ քաղաքակիրթ պետայրերի մարդասիրութիւնը ճաշակած եւ նրանց աչքի առջեւ ցեղասպանւած հայ ժողովրդին վայել չէ այս խօսքերով տարւելը։ Այդ խօսքերին հաւատալու եւ յուսախաբւելու արդէն բաւական փորձառութիւն ունի հայ ժողովուրդը։ Արդեօք նորից պիտի նա իրեն փորձութեան ենթարկի։ Հայոց տառապանքի, ջարդերի եւ ցեղասպանութեան տարիներում ժամանակի պետայրերը որքա՜ն խօսքեր են ասել հայերին՝ մարդկային արդարութեան վերականգման վերաբերեալ եւ այդ մասին որքան դիպուկ է ասել հայոց տառապանքի երգիչ Սիամանթօն՝ «Ո՜վ մարդկային արդարութիւն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ»։ Դա նահատակ բանաստեղծի խօսքն է յղւած «ապագայ սերունդներուն եւ մեր անցեալին տխրութեանն ի նւէր» եւ մենք պարտաւոր ենք չմոռանալ այն։
Մի այլ տեղ Ռուբէն Սաֆարեանը ասում է. «Հայերի իրաւունքն է աշխարհի ամենահզօր պետութիւն՝ Ամերիկայի նախագահից պահանջել պաշտօնապէս ճանաչելու հայոց «Genocide»-ը»։ Նպատա՞կը։ Այն, որ Օբաման ճնշում բանեցնի Ամերիկայի դաշնակից Թուրքիայի վրայ, որ սա «արժանի հատուցում կատարի իր նախկին հնազանդ ու պարտաճանաչ քաղաքացիների յետնորդներին»։ Ո՞րն է այդ արժանի հատուցումը։ Ռուբէն Սաֆարեանը յայտարա-րում է. «Թուրքիայի գործող կառավարութիւնը պարտաւոր է շուրջ 43 միլիարդ դոլար վճարել վերապրողներին։»
Պրն. Սաֆարեան, Թուրքիայի ուզածն էլ հօ հէնց այդ է՝ փակել հարցը դրամական փոխհատուցումով. թող իր նախկին հնազանդ հպատակների այսօրւայ հնազանդ ժառանգները գան, խօսեն հարցի մասին, սակարկեն, քաղաքակիրթ պետայրերն էլ կը միջնորդեն եւ վերջը այդ ժառանգները թող մի կլոր գումար ստանան, տանեն ծախսեն եւ ցեղասպանութեան հարցը արժանի կերպով լուծւած համարեն։
Պրն. Սաֆարեան, «Յոյս»-ի խմբագրի յօդւածը քննադատելիս գրել էք, որ նրա դժգոհութիւնը՝ թէ ինչու են հայերը Օբամայից պահանջել, որ նա անպայման օգտագործի Genocide տերմինը, «խորհել է տալիս յօդւածի իւրաքանչիւր հայ ընթերցողին»։ Օգտագործելով ձեր գրելաոճը՝ թոյլ տւէք ասել, որ ձեր յօդւածում առաջ քաշած այն գաղափարը, որ օբամաների միջնորդութեամբ կարելի է դոլարային փոխհատուցումով լուծել հայոց ցեղասպանութեան հարցը, «խորհել է տալիս յօդւածի իւրաքանչիւր հայ ընթերցողին»։
 
3– Վերոյիշեալ երեք յօդւածների առանցքային թեման հայոց ցեղասպանութեան ճանաչումն է։ Հարց է առաջանում՝ արդեօք կարիք կա՞յ հայոց ցեղասպանութեան ճանաչման։ Հաստատօրէն այո՛, բայց կարեւորը ճանաչումն է ժողովուրդների կողմից եւ ոչ թէ պետութիւնների։ Պէտք է տարբերել հասարակութիւնը պետութիւնից։ Հասարակութիւն ասելով հասկանում ենք ժողովրդական լայն զանգւածները եւ նրանց առաջադէմ ներկայացուցիչները՝ մտաւորականներ, գիտութեան եւ արւեստի գործիչներ, ինչպէս նաեւ ժողովրդական պատգամաւորներ։ Ժողովուրդների կողմից հայոց ցեղասպանութեան ճանաչման կարեւորումը առաջ է քաշւել 1970-ական թւականներին՝ հայ ազգային ազատագրական նոր շարժման ընթացքում։ Արեւմտեան Հայաստանի ազատագրման նպատակով սկսւած այդ շարժումը անհրաժեշտ էր համարում շրջապատի ժողովուրդների զօրակցութիւնն ունենալ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման պայքարում, եւ առ այդ՝ նա աշխատում էր զինակցական կապ հաստատել տարածաշրջանի յեղափոխական ուժերի, յատկապէս Թուրքիայի բռնապետութեան դէմ պայքարող քրդերի եւ թուրքերի հետ։ Նոր շարժումն այդպիսով ձգտում էր նաեւ ներկայութիւն դառնալ Թուրքիայում, մասնաւորապէս հայկական հողերում։ Շարժման մասնակիցները նոր հայեացքով էին նայում հայոց նորագոյն պատմութեանը, հայերին եւ ոչ-հայերին ներկայացնում էին ճշմարտութիւնը հայոց ցեղասպանութեան մասին իր բոլոր կողմերով, ուրեմն եւ քօղազերծում էին քաղաքակիրթ աշխարհի բացասական դերը հայկական հարցում։
Հայերի համար ազատ ապրելու իրաւունքի ձեռքբերման, հայերի եւ տեղացի ժողովուրդների փոխըմբռնման եւ հայկական հողերում ներկայութիւն լինելու գաղափարը հետագայում զարգացրեց Հ. Դինքը, միայն թէ Դինքը բացառում էր զինեալ պայքարն ու ուժային լուծումները եւ հաւատում էր երկխօսութեանը. «Թուրքերու հետ երբ կը խօսիմ® ես միայն կը ջանամ, որ իրենք իրականութիւնը գիտնան», ասում է Դինքը, որովհետեւ «ադ ժողովուրդը մէկ բանի պէտք ունի՝ գիտակցելու, գիտնալու, սորվելու։ Եւ մեր պայքարը մենք այդ ուղղութեամբ կը տանինք՝ ժողովրդին գիտցնել, կը խօսինք, կը գրենք, պայքարի մէջ ենք երկրի մէջէն»։
Ի դէպ, հիմա գրեթէ բոլոր հայ կազմակերպութիւնները ուզում են Դինքին եւ իրենց ներկայացնել որպէս գաղափարակիցներ եւ ուղեկիցներ, սակայն Դինքի մտածելակերպը տարբեր է ներկայումս հայաշխարհում տարածւած մտայնութիւններից, մանաւանդ հէնց ցեղասպանութեան «ճանաչում»-ի հարցում։ Դինքն ասում է՝ «չեմ հաւատար ոչ Ֆրանսիայի, ոչ Գերմանիայի, ոչ միւսին, որ ցեղասպանութեան ճանաչման հարցը նոյն ատեն չեն գործածեր, չեն շահագործեր իրենց քաղաքականութեան Թուրքիոյ հետ ունեցած մարզին մէջ»։ Դինքը համոզւած է, որ նախկինում հայերը սխալւել են օտար պետութիւններին դիմելով եւ հիմա նոյնիսկ քրդերին էլ խորհուրդ է տալիս հայերի սխալը չկրկնել։
Ըստ Դինքի՝ Թուրքիան պիտի ճանաչի հայոց ցեղասպանութիւնը, բայց թուրք ժողովրդի ճնշման տակ, եւ ոչ թէ մեծ պետութիւնների պահանջով կամ հրահանգով. «Օր մը չէ օր մը Թուրքիայի ժողովուրդը իր մէջէն պիտի ընդունի եւ իր պետութեան պիտի ճնշէ իրականութեան։ Ես ասոր կը հաւատամ եւ ասոր համար կը պայքարիմ արդ»։ Այս մասին Դինքը բացատրում է թէ իրօք կարելի է, որ օտար պետութիւնների ճնշման բերումով Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանութիւնը, բայց «վերէն» կատարւած այդ ճանաչումը շատ բան չի փոխի։ 1908 թւին էլ երիտթուրքական վերնախաւը վերից ձեւականօրէն ճանաչեց Համիդեան ջարդերը, ընդունեց հայերի եւ թուրքերի հաւասարութիւնը, բայց ահա մի տարի չանցած տեղի ունեցաւ Ադանայի ջարդը, որովհետեւ թուրք նախապաշարւած հասարակութիւնը չէր փոխւել, որովհետեւ «վերէն եկած եւ չմարսւած այդ փոփոխութիւնը® ձեւ մըն է® բայց աւելի էական է վարէն վեր կատարւածը»։
Հայոց ցեղասպանութեան այսպիսի ճանաչումի համար Դինքը մեծ աշխատանքի ասպարէզ է տեսնում. «Մենք ներսէն ինչ կրնանք ընել՝ անիկա կընենք», ասում է Դինքը եւ դիմելով Թուրքիայից դուրս գտնւող հայերին աւելացնում՝ «Դուք ալ ձեր ձեռքէն եկածը կարենաք ընել®ին՞չ կրնաք ընել, գրեցեք՝ եթէ պատմաբան էք, խօսեցէք, դուրսէն չեմ գիտեր՝ դուք պիտի արտադրէք թէ ինչեր կրնաք ընել»։ Ներկայումս կարեւոր անելիք է շրջապատի ժողովուրդներին ճանաչեցնել թրքական շովինիզմի եւ պանթուրքիզմի էութիւնը, ներկայացնել հայկական հարցի ճիշտ պատմութիւնը, մանաւանդ պատռել պէտք է «քաղաքակիրթ» աշխարհի դիմակը այս հարցում։ Օրինակ Սարքոզիին լորձնաշուրթ շողոքորթելու փոխարէն լաւ էր, որ հայերը «ազատատենչ» Ֆրանսիայից պահանջէին բացայայտել 1920-21 թւականներին Ֆրանսիայի կողմից Կիլիկիան թուրքերին յանձնւելու ամբողջ թղթածրարը, որը վերջացաւ հազարաւոր հայերի նոր ջարդերով։ Նմանապէս կարելի է պարզաբանել հայկական հարցում Անգլիայի տեւական թրքանպաստ կեցւածքը՝ Բեռլինի Կոնգրեսից մինջեւ Պոտսդամի Կոնֆրանս։
Բացայայտել պէտք է նաեւ Իսրայէլի կողմից հայոց ցեղասպանութեան ճանաչումի ներկայ խաղը, որն ուղղակի ծաղր ու վիրաւորանք է հայերի հանդէպ։ Սիոնիզմը հիմնական դեր է ունեցել պանթուրքիզմի գաղափարաբանութեան ստեղծման մէջ, երկար տարիներ սիոնական լոբբիները պաշտպանել են Թուրքիային հայերի դիմաց, իսկ այսօր Իսրայէլը մի կողմից նոր թափով զինում է Ադրբեջանին, ու միւս կողմից, հայերի աչքին թոզ փչելու համար, ահա բարեհաճել է քննարկել հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը։ Եւ կան գլուխը կորցրած հայեր, որ իրենց դռանը չոքած վտանգը չտեսնելով, սպասում են հրաշագործ «Ճանաչում»-ին։ Տեսէք՝ այդ ճանաչման տենդը մինչեւ ո՛ր աստիճանի կարող է կուրացնել հայ մարդկանց։ Իսրայէլից ցեղասպանութեան ճանաչում սպասող հայերը լաւ կանէին նախ սիոնիստներից պահանջէին հայ եւ հրեայ նոր սերնդի համար մեկնաբանել սիոնիստ-երիտթուրք եղբայրութեան պատմութիւնը եւ ընդհանրապէս խօսել հայկական հարցում սիոնիստ ղեկավարների հակահայ դիրքորոշման մասին՝ Թէոդոր Հերցլից մինչեւ Շիմոն Փերեզ։
 
4-Վերջում մնում է մէկ հարց. ներկայ պայմաններում ի՞նչ հնարաւոր լուծում կարող է ունենալ հայկական հարցը, աւելի որոշակի՝ Թուրքիայի տիրապետութեան տակ մնացած Արեւմտեան Հայաստանի հարցը։ Մի կողմից ցեղասպանութեան «Ճանաչում-հատուցում»-ի յոյսով մեծ պետութիւններին դիմելը թւում է անհեռանկար, եւ որոշ իմաստով նոյնիսկ վնասակար, որովհետեւ հայ նոր սրնդի միտքը շեղում է հայ կեանքի իրականութիւնից՝ ճօճելով նրանց ազգային երա-զանքների մէջ։ Այդպիսիների մասին Դինքն ասել է, որ նրանք ցեղասպանութիւնը ճանաչող պետայրերին «Յիսուս Փրկիչներ» են կարծում։ Միւս կողմից Հայաստանի Հանրապետութիւնից առայժմ միայն կարելի է սպասել, որ նա պահի ու պահպանի Արեւելեան Հայաստանը։ Ըստ Դինքի՝ ներկայ իրադրութեան մէջ հայկական հարցի միակ հնարաւոր լուծումը կարող է սկսւել հէնց Թուրքիայում՝ կապւած թրքացած, քրդացած եւ այլ հայերի ազգային ինքնութեան վերականգնման հետ։ Դինքի վկայութեամբ «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ կան, որ քաջութիւն ունին հրապարակաւ արտայայտւելու, գիրքեր եւ յօդւածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին։ Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ, եւ ես ըսեմ, որ ապագայ հայ կեանքի ամենամեծ եւ ամենայուսալի աշխատանքներէն մէկը կրնայ դառնալ անիկա։ Եթէ Թուրքիա Եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր եթէ հայութիւնն առնւազն երկու միլիոն եւս շատնայ»։ Հայերի այս թւաքանակը այլ աղբիւրներում ներկայացւում է աւելի կամ պակաս։ Թուրք հեղինակներից շատերը այն նշում են կէս միլիոն։ Ինչեւէ, իրականութիւն է, որ Թուրքիոյ արեւելքում ընթանում է հայկական ազգային զարթօնքի շարժում, որը հայկական հողերում կարող է առաջացնել հայ տարրի զգալի ներկայութիւն։ Հայացման այս շարժումն աշխուժացնելու միտումով, Դինքը ջերմեռանդօրէն պաշտպանում է Թուրքիայի օր առաջ մուտքը Եւրոմիութիւն, այնինչ բովանդակ Սփիւռքում, չգիտէս ում կամքով եւ ո՛ր հեռանկարով հակառակում են դրան, պահանջելով, որ Թուրքիան նախ ճանաչի հայոց ցեղասպանութիւնը։ Դինքն ասում է, որ շւարած է սփիւռքահայերի այս կեցւածքից, չէ՞ որ Թուրքիայի մուտքը Եւրոմիութիւն առիթ կը ստեղծի, որ թաքուն հայերը ազատօրէն վերադառնան իրենց ինքնութեանը։ Բարեբախտաբար Թուրքիայում ընթացող հայոց զարթօնքի շարժումը չի գտնւում օբամաներին դիմող «ազգայիններ»-ի ձեռքում, այլ ընթանում է սրանցից անկախ, համապատասխան իր շրջապատի պայմաններին։ Այս շարժումով միաժամանակ աստիճանաբար տարածւում է հայոց ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի ժողովուրդների մէջ, որը կարող է օգնել հայերի եւ այդ ժողովուրդների ապագայ համակեցութեանը։ Շարժման նպատակը դոլարային փոխհատուցումը չէ, այլ ցեղասպանութիւնից վերապրած հայերի յետնորդների ազատ ու հաւասար ապրելու իրաւունքը։ Եւ դրա համար հայերը պէտք չունեն օբամաների «ճանաչում»-ին, առաւել եւս՝ միջամտութեանը։ Իհարկէ, օբամաները, բուշերը եւ նմանները որքան ուզում են թող խօսեն, կամ չխօսեն հայոց ցեղասպանութեան մասին, ընդունեն, ուրանան կամ ժխտեն այն, միեւնոյնն է, հայոց ցեղասպանութիւնը պատմական փաստ է եւ ճշմարտութիւնը ընդմիշտ քօղարկւած չի մնալու։ Դրա մասին որեւէ կերպ խօսելը, թէկուզ ժխտելը, վերջին հաշւով հայերի օգտին է, որովհետեւ բացւում է հարցը եւ օգնում ճշմարտութեան բացայայտւելուն։ Վախը ցեղասպանութեան ժխտումից չէ։ Փաստօրէն Թուրքիայի մեծ սխալը, այսինքն՝ ցեղասպանութեան ուրացումը մեծապէս օգնել է, որ հայկական հարցը վերարծարծւի եւ դուրս գայ մոռացութեան փոշուց։ Վախը նախ՝ օբամաների հաւանական ներքաշւելն է հայկական հարցի լուծման գործընթացների մէջ եւ երկրորդ՝ հայ երիտասարդների՝ պատրանքների մէջ ընկնելը, թէ մի օր օբամաները կը լուծեն հայկական հարցը։
Հայ նոր սերունդը պիտի ապրի ոչ թէ երեւակայական, այլ՝ իրական աշխարհում: Ներկայ իրականութիւնն այն է, որ Արեւմտեան Հայաստանում եւ Թուրքիայում գտնւող յարակից շրջաններում տասնեակ միլիոնաւոր բնակչութեան մէջ մեծամասնութիւն են կազմում ոչ-թուրք ժողովուրդները՝ քրդեր, լազեր, մուսուլման վրացիներ եւ այլ զանազան էթնիկ խմբեր, որոնք ձգտում են իրենց ազգային ինքնութեան վերականգնմանը։ Այդ ժողովուրդների ազգային շարժումը վաղ թէ ուշ տանելու է դէպի ինքնորոշման իրաւունք, որը Թուրքիայի արե-ւելեան մասում կը ստեղծի նոր իրավիճակ եւ կը բացի ապագայի նոր հեռանկար։ Այժմ այդ բազմացեղ միջավայրի ընդարձակ տարածքում ինքնութեան զարթօնք են ապրում նաեւ ծագումով հայերը։ Թուրքիայում զարգացող տարբեր ազգերի պահանջատիրական այս շարժումը կարող է միասնական յաղթանակի յանգել, եթէ ընթանայ, առանց օբամաների միջամտութեան եւ եթէ նացիոնալիստական գրգռումներով մէկ ազգին չլարեն միւսի դէմ։ Դինքի մտածումներն ու տեսակէտները հիմնւած են հայկական եւ թուրքական վերոյիշեալ իրականութիւնների վրայ։ Նա ընդհանրապէս համամիտ չէ Սփիւռքում տարւող «ճանաչման» աշխատանքների հետ։ Իր խօսքերով «ճանաչման հարցը, վերջը հատուցումի հարցը, հողի հարցը եւ այլն եւ այլն® ես այդպիսի մտածումներ չունիմ։ Իմ տեսակէտս Հայաստանի եւ հայաշխարհի ապագայի մասին քայլ առ քայլ իրականութիւնն ապրիլն է, տեսնենք յետոյ Աստւած ինչ քայլ կը բացէ առաջեւդ, կամ ինձմէ վերջը իմ սերունդիս կընէ, ինչ որ պէտք է այդ քայլն ընէ առաջիկային։» Եւ ներկայ փուլում իր առաջնահերթ անելիքն է համարում Թուրքիայի ծագումով հայերին իրենց ինքնութեանը վերադարձնելը. «Ինձի համար շատ կարեւոր է այս հարցում աշխատել եւ գտնել այդ կորսւածները, ողջեցնել այդ մեռածները։ Շատ կարեւոր է գտնել այդպիսի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը»։ Եւ «ես թաքուն հայութեան ապագային մասին հոն ապրող քաղաքացի մը ըլլալով իմ առջեւ ունիմ մէկ պայքար, մէկ աշխատանք՝… պայքարել մեր հաւասար քաղաքացիութեան իրաւունքը ձեռք ձգելու եւ մեր ինքնութիւնը ազատաբար արտայայտելու իրաւունքը ձեռք ձգելու։ Մեր հիմիկւայ հեռանկարը միմիայն ասիկա է»։ Ազգային զարթօնքի այս շարժումը արդէն տւել է արդիւնքները, որ նախկինում երեւակայելն իսկ դժւար էր: Այսօր Սասունում, Դերսիմում եւ այլուր ծագումով հայերն իրենց յայտարարում են հայ եւ աշխատում են տէր կանգնել իրենց ազգային ժառանգութեան։ Այդ զարթօնքի շարժումը յաջողութեամբ շարունակում է իր ընթացքը դէպի Մեծ Եղեռնի հարիւրամեակ։ Օբամաներն ու հայ օբամայականները այդ շարժման մէջ տեղ չունեն։
 
«Յոյս» թիւ 129
22 Օգոստոս 2012
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *