Գետ, որն աննկատ հոսում է մեր կողքին

 
ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ԸՆԿԵՐ ԳԵՏՆ ԱՅՍՕՐ ԼՔՒԱԾ ՈՒ ՄՈՌԱՑՒԱԾ
 
Քարմէն Ազարեան
 
 
Հայաշատ Սասուն թաղամասի միջով հոսող գետը՝ մեր գետը, Նարմաքի կամ Զարքէշի գետ կոչւածը, մի ժամանակ զուլալ էր ու խոխոջուն, որը հոսում էր Թեհրանի հիւսիսային լեռներից, իր հետ մեր խղճուկ թաղին բերում բազմապիսի բարիքներ։ Յիսունը բոլորած թաղեցիները երազանքով են յիշում իրենց խաղերը այդ պարզ ու մաքուր ջրերում, որը տեղ-տեղ աւազանի վերածւած երեխաների համար լողաւազան, իսկ մեծերի համար գորգ ու շորեր լւացելու յարմարանք էր ստեղծում։ Երանի էին այն օրերը… Ոչ շատ խորը հունով հոսող գետը մարդիկ անցնում էին քարերի վրայով, իսկ երբ անձրեւում ու հեղեղւում էր, մեծերն ստիպւած փոքրերին շալակած ջրի միջով թրջւելով մի կերպ անցնում էին։ Կամուրջներ չկային, ուրիշ ճար չկար, իշխում էր դեռ բնութիւնն ու իր օրէնքները։ Հայկական համայնքը սկզբում հաստատւել էր գետի ձախ ափին, ուր եւ կառուցւեցին առաջին հայկական դպրոցները, եկեղեցին ու տները, սակայն շուտով տարածւեց գետի հակառակ կողմը եւս։ Հետեւաբար երթեւեկութիւնն ու գետն անցնելը պարտադիր ու անխուսափելի դարձաւ։ Շատ չանցած տան առեւտրով զբաղւող մի հայ կնոջ «Բոնգչի» մականունով յայտնի Նազիկի ջանքերով ու թաղեցիների օգնութեամբ կառուցւեց առաջին կամուրջը, որը հէնց կոչւեց «Նազիկի փոլը» անունով։ Նրան յաջորդեց երկրորդ կամուրջը, որին թաղեցիները «Սիմոնի փոլ» էին ասում, հաւանաբար նրա մօտակայ Սիմոնի վարսավիրանոցի շնորհիւ։ Տարիներ անցան եւ կառուցւեցին եւս մի քանի կամուրջներ թէ՛ թաղեցիների նւիրատւութիւններով եւ թէ՛ քաղաքապետարանի միջոցներով։
 
 
Կեանքը զարգանում էր իր հունով, եւ մեր գետն էլ չէր կարող զերծ մնար նրա հետեւանքներից։ Տարիների ընթացքում, արդիւնաբերական հսկայ ու մարդաշատ Թեհրան քաղաքի  ձեւաւորումով այդ մաքուր ու լեռնային գետից լոկ շատ հեռուն թւացող անմեղ յուշեր մնացին։ Երբեմնի երազային, մեր մանկութեան խաղավայր գետից արդէն բան չմնաց։ Հոսող ջուրը գնալով ու գնալով աւելի աղտոտւեց ու պղտորւեց՝ նրա մէջ թափւող առուների կեղտաջրով ու անխիղճ մարդկանց նետած աղբակոյտով… եւ բնականաբար այն դարձաւ մկների խաղավայր։ Վերջին երկու տասնամեակներում քաղաքի մաքրագործման ու վերակառուցման պլանների մէջ ներառւեց նաեւ մեր խեղճ ու արդէն լքւած գետը։ Հունը փորեցին ու պատերի պէս սալապատեցին, բայց դա էլ ցաւօք նրան չվերադարձրեց իր բնական գեղեցկութիւնն ու մաքրութիւնը եւ դեռ աւելին՝ աւելի ակներեւ դարձան ջրում լողացող աղբերն ու կեղտը։ Եւ այսպէս մարդիկ սկսեցին աննկատ անցնել այդ տհաճ տեսարանի կողքից, եւ մի խօսքով մոռանալ այդ գետի գոյութեան մասին. գետ, որն, ինչ խօսք, նոյնիսկ այսօր, երբ մենք լքել ենք նրան, իր մէջ ընկղմելով ու թաղելով, տանում ու հեռացնում է մեր կեանքի յոռի կողմերը, տհաճ գոյացումները՝ դարձեալ ծառայելով մեզ։ Երանի թէ այն կարողանար տանէր ոչ միայն նիւթական աղտեղութիւնը, այլեւ հոգեւոր մութ կողմերը, որպէսզի մարդիկ դառնային աւելի լուսամիտ ու բարի, որոնց գոյութեան լոյսով ողողւած գետը նոյնպէս մաքրւէր ու վերադառնար իր ակունքներին՝ պարզ ու զուլալ ջրով։ Երա՜նի թէ…
 
«Յոյս» թիւ 129
22 Օգոստոս 2012
 

    Tags: , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *