Տօնւեց Իրան-Հայաստան Առևտրական պալատի հիմնադրման 22-ամեակը

Լևոն Ահարոնեան
 
hooys-armenian-243-2
 
1990 թւին Խորհրդային Միութեան ամբողջ տարածքում մի նոր մտածողութիւն առաջացաւ, որն ազդա-րարում էր ազատութեան ու դեմոկրատիկ կար-գավիճակի նախադրեալների հաստատում և որը կատարւեց ժամանակի Սովետական Իշխանութեան գլխաւոր քարտուղար Գորբաչևի միջոցով: Այդ հասարակական-քաղաքական շարժումը կոչւեց Պրեստրոյկա: Այդպիսով նախկին սովետական 15 հանրապետութիւնները միանշանակ ձգտելով ազատութեան ակնկալում էին անկախութիւն ձեռք բերել, որոնցից էր նաև  Հայաստանը:                                      
Ես հանգուցեալ կնոջս հետ 1990 թւի մարտ ամսին ժամանել էի Ռուսաստան, այնուհետ Հայաստան, որ այդ ուղևորութեան անցուդարձի մասին հանգամանօրէն  անդրադարձել եմ իմ «Փոթորկոտ կեանքիս օրերը» գրքում: Մայիս ամսի սկիզբն էր: Գործի բերումով կարճ ժամանակով գտնւում էի Փարիզում: Հանգուցեալ կինս Թեհրանից հեռախօսով յայտնեց, թէ պր. Ալբերտ Աճեմեանը ինձ հետ շտապ գործ ունի: Զանգահարեցի Ալբերտին: նա ասաց, թէ մայիս ամսի 25-26-ին Հայաստանում հայկական միջազգային համաժողով է տեղի ունենալու և իրանահայութեան անունից էլ մի պատւիրակութիւն  հրաւիրւած է, որի կազմում ընդգրկւած եմ նաև ես: 
Մեր խումբը բաղկացած  էր 6 հոգուց և լիակազմ մասնակցեց այդ առևտրական համաժողովին: Իւրաքանչիւր պատւիրակութեան առիթ էր տրւում  ելոյթ ունենալու և արտայատւելու  մասնաւորապէս Հայաստանի ապագայ տնտեսութեան և կառավարութեան կազմի վերաբերեալ: Ես էլ մեր խմբի կողմից ելոյթ ունեցայ, որ ներկաների կողմից գնահատւեց: Համաժողովը նախագահում էր պր. Եսայի Ստեփանեանը: Հարկ է նշել, որ  այդ ժողովին ներկայ էր նաև հանգուցեաԼ Հրայր Մարուխեանը:    
Ժողովի նպատակն էր իւրաքանչիւր գաղութում կամ համայնքում կազմել հայ առևտրականների խմբակցութիւն և յարաբերւել ազատ ու անկախ Հայաստանի հետ: Երբ վերադարձանք Թեհրան, մի քանի հոգով սկսեցինք աշխատել այդ ուղղութեամբ և ստանալով հանգուցեալ իրաւաբաններ Օննիկ Սահակեանի և դկտ. Ալբերտ Բերնարդիի իրաւաբանական և գաղափարական խորհուրդները,  մտադըրւեցինք հիմնել Իրան-Հայաստան Առևտրական պալատը: Այդ իսկ նպատակով դիմեցինք Իրանի Առևտրաարդիւնաբերական և հանքերի պալատի նախագահ պր. Ալինաղի Խամուշիին, ով մեզ ուղղորդեց վարչութեան անդամ պր. Ասգարօլադիի մօտ: Կարճ ժամանակամիջոցում նա մեզ տեղեկացրեց Իրան-Հայաստան  Առևտրական պալատի հիմնադրման պայմանների մասին, և մենք անմիջապէս անցանք աշխատանքի ու պաշտօնապէս գրանցեցինք այն: 
Գործունէութեան ընթացքում անդրադարձանք, որ այդ նորաստեղծ հաստատութիւնը կարիք ունի բիւջէի: Հիմնադիր անդամներից իւրաքանչիւրը սիրայօժար յատկացրեց 400,000 ռիալ: Ես և պր. Արմէն Մութաֆեանը պալատի անունից ազգային բանկում  հաշիւ բացեցինք և Սաթի ընկերութեան շէնքի մի յարկաբաժինը յատկացրինք պալատին:        
Առևտրական այս հիմնարկն իրապէս դարձել էր մի ազգային ու յարաբերութեան կենտրոն: Իրանի և Հայաստանի միջև պալատի կատարած լաւագոյն  աշխատանքներից  դարձաւ Իրանի արտադրանքների ցուցահանդէսների կազմակերպումը Հայաստանում: Այդ ցուցահանդէսներին տասնեակ իրանական խոշոր ընկերութիւններ իրենց մասնակցութիւնը բերելով, իրանական  ապրանքները ներկայացնում էին Հայաստանի նորակազմ Առևտրաարդիւնաբերական պալատին ու հայ վաճառականներին: Մինչև օրս պալատի կողմից անցկացւած ցուցահանդէսների թիւը հասնում է 16-ի: բացի այդ ամէն օր պալատն ստանում է բազմաթիւ նամակներ Հայաստանի առևտըրականներից ու արտադրողներից, ինչպէս նաև իրանցի գործարարներից ու արդիւնաբերողներից: Պալատը առևտրական, տնտեսական ու ներդրումային հնարաւորութիւններին վերաբերող առաջարկներն ու ծրագրերը տարբեր միջոցներով փոխանցում ու տեղեկացնում  է երկու երկրների գործարարներին, առևտրականներին, պետական ու մասնաւոր հատւածներին առիթ ընձեռելով երկու երկրների փոխյարաբերութիւնների ընդլայնմանն ու առևտրատնտեսական զարգացմանը: Այդ գործունէութիւնների  շնորհիւ Իրան-Հայաստան Առևտըրական պալատը մեծ յարգանքի է արժանացել երկու երկրների վաճառականների և ինչու չէ նաև պետական շրջանակների կողմից, մինչևիսկ Իրանի վսեմաշուք նախագահի: 
Իրանի ու Հայաստանի միջև կատարւող  իրադարձու-թիւններին Իրան-Հայաստան Առևտրական պալատի ներկայացուցիչները իրենց ներկայութեամբ գործօն մասնակցութիւն են ունենում: Իսկ մասնաւորաբար իր ներկայիս ունեցած ծրագրի իրականացմամբ՝ « Հայաստանում իրանցիների առևտրի ազատ կենտրոն»-ի ստեղծմամբ պալատը  արտառոց նշանակութիւն կըստանայ իրանական արտադրանքները Հայաստանի գծով շարունակաբար ու անընդմէջ  դէպի Ռուսաստան ու Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրներ արտահանելով:  
                                                                                                          
 
«Յոյս» թիւ 243
 29 յուլիս 2017

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *