Խմբագրական

Անդրանիկ Սիմոնյան
 
Խոսք ընթերցողին
«Յոյս»-ի թանկագին բարեկամներ 

 
 
Արդեն տարիներ է, որ«Յոյս»-ը Ձեզ հետ է:
Ավելի քան մեկ տասնամյակ սրանից առաջ, երբ այս երկշաբաթաթերթը ծնվեց, իրանահայ գործարար ու հասարակական գործիչ` Լևոն Ահարոնյանի նյութական ու բարոյական ջանքերով և մի խումբ իրանահայ մտավորականների աջակցությամբ`մեծ հույսեր ուներ:
Տասը տարի անցավ և այն պայմաններում սկսեցինք տասնմեկերորդ տարին, երբ բոլորին էլ պարզ է, թե իչպիսի դժվարություններ են ծառանում փոքր համայքներում մամուլ ստեղծելու ճանապարհին և դրանցից ամենալուրջը, նյութականից հետո, երևի, տեղական ու սեփական նյութերի ստեղծումն է:
«Յոյս»-ի հրատարակման տևականությունը միշտ էլ այն բանի ապացույցն է եղել, որ իրանահայ համայնքը, անկախ իր քանակից`իր ունեցած տպագիր ու վիրտուալ թերթերով և հնարավորություններով բազմաձայն համայնք է:
Վերջին մէկ տարում տկն.Ա.Խուդավերդյանը լուրջ ու տևական ջանքեր նվիրեց«Յոյս»-ի վերելքին, բայց ցավոք, անձնական ծանրաբեռնվածության պատճառով պարտավոր եղավ հրաժեշտ տալ երկշաբաթաթերթին: Այն օրերին էլ, որ«Յոյս»-ի տևականության ապահովման կապակցությամբ մտածություններ էին տեղի ունենում, տկ.Մ.Մինասյանը մեկ համարով ընկերակցեց  «Յոյս»-ին: Հենց այստեղ այդ երկու տիկնանց էլ մեր շնորհակալական խոսքն ենք ուղղում:
Եվ ահա  «Յոյս»-ը փոքրիկ կանգառից հետո շարունակում է:
Շատ ենք ցանկանում, որ  «Յոյս»-ը իրանահայ կյանքն ամբողջությամբ արտացոլող հայելի դառնա` դժվարին ցանկություն:
Իրանահայությունը, Ատրպատականում քանի հազարամյա ներկայությամբ, սիրելի Իրանի ընդերքում ապրող բնիկ գոյություն է` մեր օրհնյալ Հայրենիքի թանկագին պատառիկը:Իսկ Իրանի կենտրոնում,Սեֆյան Սպահանից, որը ծաղկեց Հին Ջուղայի քայքայման հաշվին, մինչև ներկայիս Թեհրանին հասնելը, ծանր ու ծանրակշիռ ճանապարհ է անցել, մշտապես արժանի ու ընդգծված դիրք զբաղեցնելով երկրի տնտեսական, քաղաքական , գիտական ու մշակութային կյանքում:
 «Յոյս»-ը որպես իրանահայ արմատակալ, կենսառատ ու փթթող համայնքի ավանդույթներին հավատարիմ հանդես, կարող է Իրանյան մեծ հասարակության մեջ, հայ համայնքի պայծառ պատկերի արտացոլումն ու նրա մեջ ապրող գաղափարների թարգմանը հանդիսանալ:
Վերջին երկու տասնամյակներում `ԽՍՀՄ  փլուզումից հետո երկու, հին մշակույթների տեր ազգերի համար իսկական բարեկամության ու համագործակցության նոր բեմահարթակ բացվեց: Երկու բարեկամ երկրները տարածաշրջանային  ու միջազգային բարդ ու խառնակ իրավիճակում, միմյանց հետ քայլ պահելով համանման ջանքեր են գործադրում…
Եվ այսօրվա երկլեզու«Յոյս»-ը տասնամյա փորձի պաշարով ու գրչի նվիրյալների մի պատկառելի խմբի ուղեկցությամբ իր ճանապարհն է շարունակում, տարբերությունների ու տարակարծությունների պայմաններում` ընդհանուր հասկացություն ու փոխադարձ ընկալման եզրեր ստեղծելու ուղիներով:
Մեզ ուղեկից եղեք և օգնեք մեզ:  
 
Հարգանոք
 
 
«Յոյս» թիւ 243
 29 յուլիս 2017
 
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *