Վերացականի շոշափելի ներկայությունը        

Հարցազրույցը՝ Արմինե Մելիք-Իսրայելյանի
 
hooys-armenian-241-3
      …Վերացականի տիրույթներից դեպի իրականության շոշափելի տեսադաշտ են հայտնվում երևակայության գոյատիրույթում ապրող մտքերն ու դառնում արվեստի գեղեցիկ ու առաջին հայացքից անսովոր, իրենց ձևաչափերի մեջ ազատ ու տարածական, բովանդակությամբ՝ հաճախ էմոցիոնալ-վերացական, ոճով՝ խիստ էթնոազգային ու բնապաշտական ստեղծագործություններ՝ ընդգծուն ու անշփոթելի… Անտոնյո Գաուդիի ոճն ու ստեղծագործական ոգին, մի նոր ասելիքի սկիզբ դարձան նրա արվեստի շնչով հմայված հայուհու համար, ում բնավորության ներքին կարծրությունն ու ինքնամփոփ էության նույնքան ինքնատիպ բացահայտումը խոսեց հենց իր՝ դիզայներ, զարդագործ Սոնա Գրիգորյանի մասին… Պոլիմերային կավով ստեղծագործող Սոնան հայկական զարդանախշի, խաչքարի ու մանրանկարի նրբությունները ներմուծելով զարդարվեստ մի նոր էթնո-զարդի հիմնադիր հեղինակ է հանդես գալիս այսօր… 
    Դիլիջանյան բնաշխարհի մոգական շունչն ու ճարտարապետ հոր գծագրերը… գուցե այս երկու գործոններն էին, որ ապագա արվեստագետի մեջ զարգացրեցին գույնի, ծավալի, նյութի ու ճարտարապետական գծապատկերային ամբողջությունից ստանալ այն ինչն այսօր ներկայանում է որպես զարդարվեստի, դեկորատիվ արվեստի, քանդակի մի գեղեցիկ ճյուղ, որտեղ երևակայությունն անսանձ է ու անհավանական կերպարների վերածվելու ունակությամբ օժտված: Բարսելոնայում հաստատված իր նորաստեղծ, երիտասարդ ընտանիքի հոգսերով և ուրախություններով ապրող Սոնայի անունը իբրև երիտասարդ և ինքնատիպ ստեղծագործողի արդեն հայտնի է Գերմանիայում, ուր բոլորովին վերջերս Ֆրեիսլեբեն պատկերասրահը հատուկ առաջարկ էր ներկայացրել  իր հարուստ հավաքածույի մեջ ընդկգրկելու նաև Սոնա Գրիգորյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ իրենց ներկայությամբ բազմաթիվ այցելուների հիացմունքի ու զարմանքի, նորի բացահայտման առիթն են դառնում: 
 
 
 
-Ինչպես համարյա բոլոր արվեստագետները սիրելի Սոնա, դուք էլ պրպտումներ ունեցել եք, որտեղի՞ց սկսեցիք ձեր ուղին և ո՞րն էր նախադրյալը, որ տարավ ձեզ արվեստի դըժ-վարին, բայց գեղեցիկ ճանապարհով : 
–     Ես ծնվել եմ բնության մի այնպիսի հրաշք վայրում, որտեղ գտնվում է Դիլիջան քաղաքը և ինձ համար չկա ավելի գեղեցիկ քաղաք, քան իմ ծննդավայրը, որին այսօր շատ կարոտում եմ, արցունքոտվելու  չափ: Վաղ մանկությունից ինձ հետաքրքրում էր գեղեցիկը, երբ մեր բակի իմ տարեկից երեխաները խաղում էին դրսում, ես հագուստներ էի կարում տիկնիկներիս համար: Ինքնամփոփ բնավորություն ունեյի, չափազանց զգայուն լինելս էր երևի պատճառը: Հայրս շինարար-ինժեներ էր և միշտ շրջում էր իր գծագրերով լի թղթապանակով: Ինձ  անբացատրելի ձգում էին նրա գծագրերը, ես շատ էի հետաքրքրվում, ուզում էի հասկանալ, բայց դեռ շատ փոքր էի այդ ամենի համար… Երազում էի, որ մեծանամ և ես էլ կկարողանամ հասկանալ այդ ամենը… Հայրս հպարտանում էր ինձնով, իմ ցանկացած փոքրիկ հաղթանակով, նա այն մարդն էր, որ ինձ ոգևորում էր ու հավատում իմ ուժերին… Նա հեռացավ այս կյանքից, երբ ես 9 տարեկան էի… ու ամեն բան փոխվեց… Հորս մահն իմ կյանքի առաջին փորձությունն էր… 
 
– Դժվարինը հաղթահարող, արվեստի մեջ իրենց ասելիքով հանդես եկող բոլոր անհատները յուրահատուկ ճանապարհ են անցնում, որը ինչպես կանոն հեշտերից չի լինում, ինչպիսի՞ն է այն քեզ համար, հետադարձ հայացքով…
– Արվեստի աշխարհ մուտք գործելը ինձ համար նաև փախուստ էր իրական դաժան իրականությունից, աշխարհից, ես ոչ մի բանի մասին չէի մտածում, ամեն ինչ ինքնիրեն ստացվեց, երբ ծանոթացա պոլիմերային կավի հետ…  Ես ընդունվել էի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որտեղ 3 ամիս սովորելուց հետո հասկացա, որ իմ տեղը չի և ուղղակի դադարեցի հաճախել և մի տարի անց միայն մորս ընկերուհու խորհրդով ընդունվեցի Երևանի գեղարվեստի ակադեմիա, կերամիկայի բաժինը: Հայաստանում եղած ժամանակ համարյա ոչ մի գործ չեմ ստեղծել, իհարկե, զբաղվում էի ձեռքի աշխատանքներով, հելունագործություն, մաքրամե, ողջ զգեստապահարանս իմ ձեռքով էի կարում… Ապագա ամուսնուս հետ ծանոթացա Դիլիջանում, հյուրանոցում էինք աշխատում երկուսս էլ, նա այնուհետև մեկնեց Բարսելոնա, հետո կանչեց նաև ինձ, ամուսնացանք, ծնվեց մեր հրաշք տղան, որին ես եղբորս անունով կոչեցի, քանի որ շատ եմ սիրում իրեն և շատ կարոտում եմ:  
 
– Պոլիմերային կավով աշխատել սկսել ես Բարսելոնայում, կիրառելով այն հիմնականում զարդերիդ մեջ… Ի՞նչ է այն քեզ համար. Կա՞վ, որով Արարիչն ստեղծեց մարդ արարածին, կատարյալն ստեղծող ամենահին նյութը ինչպե՞ս քեզ տարավ իր աշխարհը… Իրականության ու երևակայության մի հեքիաթային տիրույթից դեպի մեր կյանք տեղափոխվող ստեղծագործական պահիդ մասին պատմիր, ինչպե՞ս են ստեղծվում այդ անկրկնելի զարդերը…
– Պոլիմերային կավը մի հրաշք նյութ է, որի մասին դեռ Հայաստանում էի լսել, բայց դեռ չկար մեզ մոտ, իսկ երբ եկա Իսպանյա, սկսեցի համացանցի միջոցով տեղեկանալ նյութի մասին, ուսումնասիրել հիմնական տեխնիկաները: Այդ կավը մի նյութ է, որով երևակայություն ունեցող մարդը կարող է անել միանգամայն ամեն ինչ, այն շատ հետաքրքիր հատկություններ ունի… Հերթով փորձեցի բոլոր տեխնիկաները, հետո հոգնեցի և իմը հորինեցի… և հիմա հիմնականում օգտագործում եմ հենց իմ տեխնիկաները, այսօր արդեն նաև համակարգչային դասընթացներ եմ անցկացնում և սովորեցնում: Զարդերի պատրաստման մեջ յուրահատուկ այս կավը հնարվորություն տվեց մի շատ հետաքրքիր ոճ ստեղծել, ներմուծել հայկական զարդանախշի տարրերը… Սկզբում կրկնօրինկում էի հայտնի ստեղծագործողների զարդերը, բայց հետո, եկավ մի պահ, որ ամեն ինչ կտրուկ փոխվեց և ինձ ոգևորողը Անտոնյո Գաուդին էր…  Նրա արվեստը շատ օգնեց ինձ ոճային կողմնորոշմանս մեջ… Բայց ես կարողացա մշակել իմ սեփականը, որը ճանաչելի դարձավ, որպես Սոնա Գրիգորյան և այդ ոճը ինչ-որ տեղ ֆուտուրիստական է… Ստեղծագործում եմ երաժշտության ներքո, մեծ ականջակալներով և կողքից շատ նման եմ դիջեյի…
 
– Նախապատվություններ կան՞…
-Երաժշտության նախապատվությունս՝ դասականից մինչև ռոք… Ծնողներս ինձ մոտ մանկուց երաժշտական ընդունակություններ նկատելով տարան երաժշտական դպրոց: Ընդունվեցի դաշնամուրի բաժին, սակայն չէի ուզում հաճախել դասերին: Ժամանակի ընթացքում ինձ այնտեղ սիրեցին, որպես շատ ընդունակ և շատ ծույլ աշակերտի… Դասատուս՝ ընկեր Սվետան, ինձ խցկում էր բոլոր համերգներին, իսկ ես համերգից ընդամենը մեկ օր առաջ էի անգիր անում տեքստը ու փորձի ժամանակ նվագում էի շատ ազատ և զգալով երաժշտությունը: Նրա ասելով ինձ լսել էի տալիս…Նա շատ ջանքեր թափեց ինձ մոտ ձգտում առաջացնելու համար, քանի որ համոզված էր, որ ես կարող եմ փայլել աշխարհի բեմերում… Այ հիմա եմ հասկանում ինչ նկատի ուներ… Հիմա ես չեմ կարող իմ կյանքը պատկերացնել մեկ օր առանց երաժշտության: Ես այն զգում եմ… Խոսքերով երգեր չեմ լսում, քանի որ ես երբեք խոսքերին ուշադրություն չեմ դարձնում և չեմ էլ լսում, ես միայն երաժշտությունն եմ լսում… 
 
– Ի՞նչ ես մտածում, երբ պատրաստում ես հերթական զարդը, տեսնես ու՞մ մոտ կհայտնվի, ո՞վ կլինի կրողը…
– Աշխատելուս ընթացքում մոռանում եմ ժամանակի, իրականության ու ամեն ինչի մասին, բացի իմ բալիկից… միշտ հաստատ գիտեմ նա որտեղ է և ինչով է զբաղված: Երբ շատ փոքր էր, լինոմ էին պահեր, որ նա իմ գրկում էր լինում ստեղծագործելիս… Ստեղծագործելիս երկար չեմ մտածում, թե տեխնիկապես ինչպես իրականացնեմ, քանի որ արդեն ունենում եմ  միտք, որը մնում է միայն զարգացնել, իսկ վարպետությունս արդեն թույլ է տալիս երկար չմտածել տեխնիկապես իրականացման մասին, ամեն ինչ իրեն-իրեն ստացվում է ու ձեռքերս անկախ ինձանից աշխատում են, անհավատալի կարող է թվալ, բայց երբեմն արդյունքն ինձ էլ է զարմացնում… Իսկ թե ու՞մ մոտ կհայտնվի, հաստատ իրենը փնտրող և ինքնատիպ մի մարդու, ով կգտնի իրեն հարազատ մի զգացում այդ զարդի մեջ:
 
– Ինչպե՞ս են արձագանքում մարդիկ քո գործերը տեսնելիս, ցուցահանդեսով ե՞րբ կներկայանաս…
– Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում… Շատերը շոկ են ապրում, շատերը հիանում են, կան նաև, որ տհաճություն են ապրում, ամեն ինչ պատահում է… Ցուցահանդես դեռ չեմ ունեցել, նման հարցերում ահավոր ծույլ եմ, ե՞րբ պետք է գովազդեմ, ներկայացնեմ կամ ցուցադրեմ ինձ… 
 
– Նկարիչ-մոդելավորող Սոնայի համար հե՞շտ է այլ միջավայրում… Ինչպե՞ս են քեզ վերաբերվում օտարները… Ինչպե՞ս ես հաղթահարում հայկական միջավայրի կարոտը, Դիլիջանի հանդեպ այդքան կապվածությունն ու հեռավորությունը, օտար երկրում զավակ մեծացնելու պատասխանատվությունը նաև…
– Երբ նոր էի եկել Բարսելոնա չափազանց դժվար էր ինձ համար, մայրիկիս էի շատ կարոտում, օտարների միջավայրն էլ ճնշող էր, բայց ժամանակի ընթացքում, մանավանդ երեխայիս ծնվելուց հետո ամեն ինչ աստիճանաբար հարթվեց: Ես հիմա զգում եմ ինձ ինչպես իմ տանը, բայց ինչպե՞ս կարող եմ մոռանալ իմ ծննդավայրի օդն ու ջուրը, մայր հողի ջերմությունը, որ մորս չափ հարազատ են ինձ համար, ինչպե՞ս կարող եմ մոռանալ… Եվ հենց այդ կարոտն է, որ ժամանակ առ ժամանակ տեսանելի է իմ գործերում, դա այն հայկականն է, որն իմ մեջ է, որը ես զգում եմ անկախ բնակությանս վայրից… Ես չեմ վախենում իմ երեխային օտար երկրում մեծացնելուց, առաջին հերթին մենք երկիր մոլորակի բնակիչներ ենք ու ազատ ենք և չկան սահմաններ ճիշտ ապրելու, երջանիկ լինելու համար: Այս պահին իմ երեխայի համար չեմ տեսնում ապագա Հայաստանում, բայց  ո՞վ գիտի, ամեն բան հնարավոր է կյանքում… Մանուկ ժամանակ շատ երազկոտ եմ եղել, հիմա բոլորովին հակառակն եմ, ապրում եմ այսօրվա օրով, աշխատելով հնարավորինս բովանդակալից  դարձնել այն: Իմ երազանքներն արդեն կապված են իմ երեխայի հետ, ուզում եմ, որ նա լավ մարդ դառնա… 
 
– Ասացիր, որ չես վախենում երեխայիդ օտար երկրում մեծացնելուց, իսկ լեզու՞ն, ի՞նչ ես կարծում հայերեն կխոսի՞, ինչպիսին ես պատկերացնում նրան որպես հայ. նոր սփյուռքահայ՞, թե՞ ուղղակի աշխարհաքաղաքացի… 
– Նա իմ փրկիչն է, շատ զգայուն է, ամեն ինչ զգում է, նա նույնիսկ իմ աշխատանքներն է հասկանում և այս տարիքից կարողնում է գնահատել գեղեցիկը, նա ինձ շատ է ոգեշնչում… Ունեմ փուչիկներով, փուչ ուլունքներով աշխատանքների տեխնիկա, որ իր հետ եմ մշակել, խաղալու ընթացքում… Երեխաս շատ լավ խոսում է հայերեն, հավասար նաև իսպաներեն… Տղաս ծնվել է այստեղ, շատ է շփվում տեղացիների հետ, բայց նա ոտքից գլուխ հայ է, ճիշտ իր հայրիկի պես… Գենետիկա…, որի դեմ ոչինչ չեն կարող անել… 
 
– Ինչպե՞ս է քեզ հաջողվում ֆուտուրիզմի մեջ այդքան հայկականություն դնել: Գաուդիի ազդեցությունից բացի ուրիշ ի՞նչն է քեզ ոգևորում:
– Ես կարող եմ ոգևորվել ցանկացած բանից, կյանքի իրավիճակ, երաժշտություն, այն ամենն ինչ տեսնում եմ, զգում եմ, լսում եմ… Այս պահին օրինակ ոգեշնչված եմ երաժշտությունից և իմ մոտ հասունանում է իմ հաջորդ աշխատանքի միտքը: Ես շատ տարբեր եմ… Այնպես է ստացվել, որ ֆուտուրիզմը իմ էության մի մասն է, բայց հայկականն էլ, այն է, որն անկախ ինձանից բխում է իմ սրտից, ինչ էլ որ անեմ… Այդ պատճառով իմ աշխատանքներից հայկական հոտը միշտ գալիս է … 
 
–  Ի՞նչ է քեզ համար կատարելությունը…
– Կատարելությունը ինձ համար այն է ինչին ձգտել եմ մի ժամանակ, մինչև հասկացել եմ, որ դա անիմաստ է: Հասարակ մահկանցուն չի կարող երբեք կատարյալ լինել: Ունեմ շատ թերություններ, հնարավորինս փորձում եմ շտկել դրանք, սակայն միայն նրա համար, որ դրանցով չխանգարեմ ու ցավ չպատճառեմ ինձ շրջապատող մարդկանց: Իսկ ընդհանրապես կատարյալ է Արարչի ստեղծած յուրաքանչյուր բան՝ մինչ այն պահը, երբ մարդ արարածի ձեռքն է խառնվում… 
 
– Միջավայր, մարդիկ, աշխարհաճա նաչողություն և աշխարհընկալում… դրանց ներգործությունը քեզ վրա որպես ստեղծագործողի… 
– Ինձ ճանաչում են հիմնականում ձեռագործ աշխատանքների աշխարհում, իմ գործերը տեսնողներն ու ճանաչողները շատ արագ տարածում են իմ մասին տեղեկությունները, բացի իմ համացանցային էջերից… Վերջերս պարզեցի, որ արդեն ամբողջ պոլիմերակավային աշխարհը ճանաչում է ինձ, ընդունում որպես լավ վարպետի, շատերին ոգեշնչում են իմ աշխատանքները…
 
– Գործերդ հուշում են, որ կան աշխատանքներ, որ նախնական էսքիզների հիման վրա են պատրաստվում…
– Մի ալբոմ-նոթատետր ունեմ, որտեղ արագ պատկերում եմ մտքովս անցածը, մտքեր շատ եմ ունենում, որոնց մի փոքր մասն եմ միայն իրականացնում, ժամանակս ուղղակի չի հերիքում… Կան նաև աշխատանքներ, որոնց մասին չեմ էլ մտածել, դրանք հենց իրենք իրենց էսքիզ են հանդիսանում, կավը երբեմն հենց իմ թուղթն ու մատիտն է, այդ ժամանակ նկարելու սկբունքով եմ աշխատում, սկզբում կառուցելով ուրվագծերը, հետո քիչ-քիչ, փուլ առ փուլ զարգացնելով մինչև ավարտը:
 
– Վաճառքում կա՞ն քո աշխատանքները և ինչպե՞ս կարելի է այն ձեռք բերել, պատվերներ ընդունու՞մ ես…
– Ես ազատություն եմ սիրում արվեստի մեջ: Պատրաստում եմ այն, ինչ զգում եմ, առանց մտածելու, թե ու՞մ դուր կգա: Ես իմ աշխատանքներն ավելի շատ եմ գնահատում, քան պատրաստ են վճարել նրանց համար, ես իմ գործերում գնահատում եմ միտքը և հոգին, որ դնում եմ յուրաքանչյուրի մեջ… Նրանք իմ մի մասն են: Երբ նոր էի ծանոթանում պոլիմերային աշխարհի վարպետներին, Մոսկվայից մի կին ինձ գրեց իր հիացմունքի մասին: Նա ռուսական վարպետներից է՝ Ելենա Ալյոշինան, մի քանի ամիս անց գրեց, որ գալիս է Բարսելոնա հանգստանալու և անպայման ցանկանում է ինձ հանդիպել: Ես շատ ուրախացա և ոգևորվեցի և միանգամից ուղեղս սկսեց մտածել այդ ուղղությամբ: Վերցրեցի թուղթն ու մատիտը և սկսեցի նկարել: Ինձ մոտ միանգամից եկավ ռուսական  մատրյոշկաների պատկերը Գաուդիի աշխարհում: Սկսեցի պատկերել ռուս կանանց և պատկերացնել, թե ինչ տպավորություն կունենան Գաուդիին տեսնելուց… Այդպես  ծնվեց մի վզնոց, շատ զվարճալի ընթացք էր… Վաճառվում են իմ, այսպես ասած, «համակարգչային խանութում»՝ www.sonagrigoryan.com հասցեով, որտեղ ներկայացված են աշխատնքներս և գնորդներ լինում են աշխարհի բոլոր երկրներից, փոստային տարբերակով… Վարդերով զարդերի էջ ունեմ, որը անվանել եմ տատիկիս անունով՝ «Roza»… Նոր աշխատանքներիս մեջ այսօր, ինչպես ասում են, լավ մոռացված հինն եմ կիրառում, հելունագործություն եմ անում և այդ նույն նրբահյուս զարդանախշով պոլիմերային զարդեր ու դեկորատիվ իրեր պատրաստում, որոնք շատ ինքնատիպ են դիտվում…
 
hooys-armenian-241-4
– Կա՞ն մարդիկ, որ քեզ ուղղորդել են, ազդեցություն գործել քեզ վրա, վարպետ հասկացողության մասին եմ ուզում խոսես…
– Ես ընդունակ ուսանող էի, բայց ծույլ: Երիտասարդ էինք, այնքան բան կար անելու, բացի դասերով զբաղվելը… Ունեինք սիրելի դասախոսներ ու ոչ այնքան, այ հիմա եմ հասկանում, որ ես վատ դասախոս չեմ ունեցել, բոլորն էլ ինձ շատ բան են սովորեցրել ու այնքան շնորհակալ եմ նրանց… Բայց մի դասախոս ունեինք, որը հենց սկզբից շատ հարազատ էր ինձ, դա ընկեր Հրաչ Հայրապետյանն էր, մի տարօրինակ բան ձգում էր մեզ ու չէինք հսկանում թե ինչն էր, մինչև մի օր պարզվեց, որ նա էլ ինձ պես արմատներով նավուրցի է, իսկ նավրեցիները անսահման բարի ու միամիտ մարդիկ են… Նա մեծ մարդ է ու այդ մեծության հետ մեկտեղ շատ համեստ ու հասարակ, որը կարող է բնորոշ լինել իսկական մեծությանը, իսկական արժեքի… Նա մեզ գունանկար էր դասավանդում, բայց դրան հավասար մենք կյանքի ու բարոյականության դասեր էինք քաղում նրանից, անգամ պահի տակ, չգիտակցելով… Մի դասախոս էլ եմ ունեցել, որը ինձանից երկու տարով էր մեծ, բայց ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել, նա իմ կոմպոզիցիայի դասախոսն էր՝ Հասմիկ Սողոմոնյանը, ով ինձ ազատ մտածել է սովորեցրել և այնպես, որ դա ինձ մոտ ուժեղ արտահայտված բնավորություն է դարձել… Հիմա ես ազատություն եմ շնչում և՛ արվեստում և՛ իմ կյանքի բոլոր որոշումներում… Ցավում եմ, որ հայ հասարակության մեջ շատ դեպքերում ամեն ինչ որոշված է քո փոխարեն և դա մեծ խնդիր է…
 
hooys-armenian-241-5-1-01

– Ըստ քեզ, քո համոզմունքի, ի՞նչ է պահանջում այսօրվա արվեստը, ինչպիսի՞ ճաշակ է թելադրում, ինչի՞ թելադրանք կա… Ո՞ր հորիզոնականի վրա է դասականը արագ զարգացող աշխարհում, ուր ամեն օր նոր սպասելիքներ են առաջ քաշվում և կա՞ արդյոք ըստ քեզ ճշմարիտ արվեստ այդ ամենում…
– Արվեստ ասելով ես հասկանում եմ անկեղծություն, հոգու անկեղծություն, հոգեվիճակ, մի բան, որը ընդունակ է ինչ-որ զգացմունքներ, հույզեր առաջացնել դիտողի մոտ: Ես հիմա կասեմ մի բան, որը հնարավոր է զարմանալի հնչի… Չեմ ընդունում նորաձևություն ասվածը, բնականաբար չեմ էլ ընդունում նրանց, ովքեր ստեղծում են այն: Ինչու՞… որովհետև նորաձևությունը ժամանակավոր է, իսկ ես մնայուն արժեքների կողմնակից եմ: Նորաձևությունը ուղղակի բիզնես է, որն իմ աչքին երբեք էլ արվեստ չի դառնա, այդ «Fashion» ասվածը, տանել չեմ կարողանում «Glamour» բառն իր բոլոր նշանակություններով: Այդ երկուսը հիանալի գործիք են մարդկանց կապանքների մեջ գցելու համար ու քանի դրանք կան, մարդկանց մեծամասնությունը իրենց սեփականը փնտրելու փոխարեն կենթարկվեն մի քանի մարդկանց կողմից որոշված նորմերին, ցավալի է կողքից նայելը… Դա անշուշտ մարդկանց մտքերի բանտարկման «արվեստ» է:
 

– Քեզ դու՞ր է գալիս զարմացնել մարդկանց… Ինչպիսի՞ն են քո զարդերն ըստ քեզ, համարձա՞կ մարդկանց համար են , թե՞ ավելի բեմական…
– Իհարկե դուր է գալիս զարմացնելը… Կավե ակնոցները ես ինքս կրեցի և փողոց դուրս եկա, ինձ հետաքրքիր էր մարդկանց վերաբերմունքը: Ոմանք զրմացած էին, ոմանք ժպիտով էին նայում, շրջվում էին ետ գալիս նորից նայում… շատ տարբեր էին…Երբ դեռ նոր էի պատրաստել և լուսանկարը դրել էի համացանցում, մեր արտիստներից մեկը անմիջապես գրեց, որ հենց տեսավ աթոռից ընկավ… Իմ զարդերի մի մասն է կրելի, մնացածը մտքի թռիչք են,  շատ ավելի թանգարանային, գուցե օգտագործվեն ֆիլմերում, մոդաների ցուցադրության մեջ… Եթե ինձ առաջարկեին ֆիլմ ձևավորել, այ դա իսկական հեքիաթ կլիներ… 
 

– Իսկ դու երազիր Սոնա ջան և դա էլ կլինի, ովով դու դա գիտես ինչպես անել…
-Շնորհակալ եմ…  

hooys-armenian-241-6 

«Յոյս» թիւ 241
13 Հունիս 2017

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *