Շանթ և Նիցշե

Ալիս Խոդավերդյան
 
Նիցշեական գաղափարների արտացոլումը Լևոն Շանթի «Ուրիշի Համար» պիեսում
hooys-armenian-241-1

 

Շատ գրականագետներ ուշադրություն են դարձրել Շանթ-Նիցշե առնչություններին, նշելով որ Շանթը մեծապես ազդված է Նիցշեից: Դա բնական է. Շանթը ուսանել է Գերմանիայում այն ժամանակաշրջանում երբ Եւրոպայում սկսել էին տարածում գտնել Նիցշեի նոր և հանդուգն գաղափարները, որոնք խոր ազդեցություն են թողել մեծ թվով գրողների վրա:
Շանթին անդրադառնալիս նրա անունը հաճախ զուգորդվում է նրա հայտնի «Հին Աստվածներ»-ի, ինչպես նաև ավելի ուշ գրած պատմական թատրերկությունների հետ: Բայց Շանթի ստեղծագործությունների մեջ ուշադրության արժանի են նաև նրա համեմատաբար երիտասարդ տարիքի գրած երեք պիեսները («Եսի Մարդը», «Ուրիշի Համար» և «Ճամբուն Վրա» ), որոնց նյութը վերցված է ժամանակի հասարակական կյանքից: Շանթի բոլոր գործերում առկա է մարդու ձգտումը՝ կաշկանդումներից  ազատ ի'ր կյանքով ապրելու համար: 
«Ուրիշի Համար» դրամայի նյութը Մինասյանների ընտանիքի մասին է,  որի ամբողջ հոգսը ընկած է տան 27 տարեկան աղջկա՝ Սիրանի ուսերին: Ընտանիքի մայրը մահացել է 8 տարի առաջ երկարատև հիվանդությունից հետո: Բայց հենց մոր հիվանդության տարիներից Սիրանը վարում է բազմանդամ ընտանիքի տնտեսությունը, նաև ասեղնագործությամբ դրամ վաստակում ընտանիքի ապրուստի համար: Ընտանիքի մյուս անդամներն են Սիրանի հայրը, որ զբաղվում է տնային գինեգործությամբ և մասամբ հոգում է ընտանիքի ծախսերը. Սիրանի մեծ քույրը, որ միջին տարիքի դյուրագրգիռ մի կին է, ամուսնացած և ամուսնու հետ չսազվելու պատճառով հոր տուն վերադարձած. Սիրանի եղբայրը՝ Հակոբը, 30 տաերկան ինքնահավան, մեծամիտ իրեն վեհ մտքերի տեր կարծող մեծախոս մտավորական.փոքր քույրը՝ Նվարդը, 17 տարեկան դեռևս դպրոցական, որ ուզում է նկարիչ դառնալ և հույս  ունի  Սիրանի օգնությամբ հասնել  իր նպատակին: Եվ այսպես տարիներով ընթանում է կյանքը Մինասյանների ընտանիքում: Բոլորը կարծես վարժվել և ընդունել են այն: Բոլորը բեռի տակ են պահում Սիրանին՝ մեկը որպես ծերացած հայր, մյուսը որպես հիվանդ մեծ քույր, երրորդը որպես գոռոզ մեծ եղբայր և վերջինը որպես դպրոցական փոքր քույր: Մի խոսքով բոլորը գլուխները իրենց գործին, իրենց կյանքն են ապրում՝ անհոգ ու անտարբեր, որ իրենց կողքին մաշվում-անցնում է Սիրանի երիտասարդությունը: 
Ինքը Սիրանը ևս կարծես համակերպվել է այս դրությանը և համարում է, որ իր պատականությունն է ուրիշների համար ապրելը: Բայց նա հոգեփոխվում է, երբ ամուսնության առաջարկով իրեն է դիմում մի համակրելի և կենսասեր երիտասարդ: Այստեղից էլ սկսվում են Սիրանի հոգեկան տատանումները: Ասենք, որ Սիրանին սիրահարված են երկու երիտասարդներ: Սրանցից առաջինը Սահակն է, փոքրահասակ, մեղմ դիմագծերով, մեղմ բնավորության տեր, բայց  թույլ կամքով անինքնավստահ մի անձնավորություն: Իր խնամքի տակ ունի մի ծեր մայր: Սահակը խիստ կապված է Սիրանին, քանի որ կարիք ունի նրա նման կնոջ կողմից հոգեպնդվելու և նրա տնօրինությամբ ու ձեռներեցությամբ ապրելու: Սիրանը նրան ամուսնանալու մի կիսատ խոստում է տվել, բայց դա արել է ոչ թե նրա հանդեպ սեր ունենալուց, այլ նրան խղճալուց: Մյուս երիտասարդը Հովհաննեսն է՝ ֆիզիկապես և հոգեմտավոր հատկանիշներով  Սահակի ճիշտ հակապատկերը: Նա թիկնեղ է, բարձրահասակ արևավառ դեմքով, ապրում ու աշխատում է քաղաքից դուրս իր սեփական ագարակում որպես գյուղատնտես: Մի խոսքով կարելի է ասել, որ նա ապրում ու գործում է իր սեփական կամքով ու ճաշակով: Սիրանը իր հոգու խորքում լիովին համակրում է Հովհաննեսին: 
Ինչպես տեսնում ենք, պիեսի կենտրոնական դեմքը մի աղջիկ է, բարի ու ձեռներեց, որ շարունակ ապրել է ուրիշներին օգնելու և ծառայելու համար, բայց հիմա նա անձնական պահանջ է զգում ապրելու վերջապես ի'ր համար:Սիրանի հոգում արթնանում է ի'ր կյանքն ապրելու տենչը, որի դեմ են դուրս գալիս հնուց եկած և արմատացած սովորությունները: Այսպիսով Սիրանը զոհն է գթության, զոհաբերության և պարտականության մասին ունեցած իր սխալ պատկերացումների, որոնք կաշկանդում և խոչնդոտում են նրան և արգելք հանդիսանում որ նա գնա իր կյանքի ճամբով, վճիռ կայացնելու պահին ցցվում են նրա դեմ և կամազրկում նրան: Նա անվերջ տատանումների մեջ է և չի կարողանում վերջնական որոշում կայացնել: Մի կոզմից իր բախտը փոխելու և երջանկանալու հեռանկարն է, մյուս կողմից խղճահարության զգացումը թե ինչ դժբախտ վիճակի կմատնվեն իրեն կապված մարդիկ եթե ինքը  գնա Հովհաննեսի հետ ապրելու: Այդ երկու հակադիր տրամադրությունները առկա են նաև Սիրանի ապրած միջավայրում: Մինասյան ընտանիքի բարեկամներից մեկը, Սիրանի արարքը համարում է աստվածահաճո գործ և ասում է ՝ «Աստված է օրհնել քո ծնունդը, որ այսպես նայես խնամես հորդ ու եղբայր-քույրերիդ»: Իսկ Սիրանի հարևան-ընկերուհին, որ տարեց մի օրիորդ է, և ինքն էլ ժամանակին մոռանալով իր կյանքը ապրել է միայն ուրիշների համար, հիմա, տարիներ անց, այդ արարքը համարում է ապուշություն:
Հին մտայնության դեմ Շանթի առաջ քաշած նոր գաղափարները հավանաբար այդ ժամանակ տարածում գտած Նիցշեի գաղափարների արտացոլումն են: Այստեղ համեմատելով Շանթի և Նիցշեի հայացքները հարկ ենք համարում որոշ պարզաբանում անել նրանց գաղափարների մասին եղած ճիշտ ու սխալ մեկնաբանությունների վերաբերյալ: Ըստ Նիցշեի՝ մարդ պիտի սովորի «ոչ» ասել նույնիսկ պարտականության, բայց այստեղ պարտականություն ասելով Նիցշեն հասկանում է բռնավորների կողմից սահմանված և մարդկանց վզին փաթաթած պարտականությունը, այլապես Նիցշեն համոզված է որ մենք բոլորս պարտավորություն ունենք կյանքի հանդեպ և քանի որ մեր կյանքը մի մասնիկն է տիեզերական համընդհանուր կյանքի, ուրեմն մենք ուրիշներին օգնելով հանդերձ պարտկանություն և պարտավորություն ունենք նաև մեր անձնական կյանքի նկատմամբ: Շանթն էլ իր տարբեր գործերում դրական է խոսել հանուն վեհ նպատակի պատրավորության և դրանից բխող անձնազոհության մասին՝ որպես բարձր արժեքների: 
Սխալ է մեկնաբանվել նաև Նիցշեի ուսմունքի հիմնական նյութերից մեկը՝ գերմարդը: Կարծվել է թե Նիցշեի գերմարդը մի եսասեր բռնավոր է. բայց դա կեղծ գերմարդն է: Նիցշեն գերմարդ ասելով նկատի ունի ներկա մարդու տեսակից վեր մի նոր տեսակ, հոգեկան նոր կերտվածքով: Դա լիակատար մարդն է, որ փշրել է իր հոգում նստած բոլոր և ամեն տեսակ կուռքերը և ազատագրվել է սնոտիապաշտությունից: Շանթի իդեալն էլ նման մարդն է: Սիրանի ձրիակեր եղբոր՝ Հակոբի  կերպարով Շանթը փաստորեն բացահայտում ու ժխտում է կեղծ գերմարդին, որի մարմնացումն է  ինքը Հակոբը: Նա իրեն համարում է մեծ խելքի և տաղանդի տեր, իրեն կարծում է նուրբ զգացումներ և հոգեկան բարձրություն ունեցող վերը նստած մտավորական, իսկ ուրիշներին ցածում գտնվողներ, սև աշխատանքի համար ստեղծված մարդիկ: Ինքը չի աշխատում, իր ասելով զբաղված է համայնքի հոգսերով, հանրային ցավերի համար չարչարվելով հոդվածներ է գրում թերթերում, մտրակում-քննադատում է կյանքի ախտերը, բայց իրականում զբաղված է բամբասանությամբ, գրպանը ծակ ման է գալիս, բայց այդ վիճակից դուրս գալու համար չի ուզում աշխատանքի անցնել, այլ ճարպկությամբ ուզում է ամուսնանալ մի մեծահարուստի աղջկա հետ: Այստեղ մի օրինակ բերենք նրա կեցվածքից.ընտանիքի հայրը վերջապես տեսնելով որ ծանր աշխատանքը կարող է հյուծել Սիրանին և մտահոգված որ առանց նրա ընտանիքի կյանքը անկարելի է շարունակել, առաջարկում է որ Սիրանը մի երկու շաբաթով գնա գյուղ հորաքրոջ մոտ՝ օդափոխվելու և կազդուրվելու: Մակաբույծ եղբայրը հակառակելով այդ առաջարկին այն համարում է Սիրանի եսասիրությունը, որ ուզում է պարտականությունից փախչել, ընտանիքը անտեր թողնել և գնալ իր քեֆի ետևից: Նա արհամարանքով և բարկացած այսպես է ասում Սիրանին «Գնա, գնա քու քեֆիդ, քու զվարճությանդ: Միայն ես քեզի կ'ըսեմ, որ այդ քու ըրածդ նեղ ու կոպիտ եսականություն է: Դու կաշկանդել կ'ուզես ինծի, առջևս քար նետել կուզես, դուն խանգարել կ'ուզես ինծի ու իմ ծրագիրներս: Ա՜խ, վար կքաշեք դուք ինծի, կխլեք ազատությունս, վա՜ր, վա՜ր, դեպի ձեր տուն ու խանութի մանրիկ-մունրիկ գործերը, դեպի կյանքի այդ չնչին սև աշխատանքը:Դուք բոլորդ:»
Բացարձակ արժեք չէ նաև գութը: Գութ ո'ւմ հանդեպ և ի'նչ հանգամանքներում: Դա ևս սխալ մեկնաբանված հասկացություն է: Օրինակ՝ ծերացած ծնողների հանդեպ հոգատար վերաբերմունքը գթություն չէ, այլ՝ երախտապարտություն. ինչպես նաև փոքրիկների հանդեպ մեր ուշադրությունն ու խնամքը բխում է ոչ թե գթասրտությունից այլ՝ սիրուց: Գութի մասին խոսելիս Շանթը թերևս կրում է Նիցշեի ազդեցությունը: Նիցշեի հայտնի խոսքն է՝ «Վայ այն սիրողներին, որոնց մոտ սերն ավելի բարձր չե, քան գութը»: Սիրանի մոտ տեսնում ենք հակառակը՝ իր գութը ավելին է  քան իր սերը, այնպես որ առանց Սահակի հանդեպ սեր ունենալու, պարզապես խճահարությունից մղված չի կամեցել մերժել նրան: Այդ մասին Սիրանը այսպես է պատմում իր ընկերուհուն. «Հապա ինչ ընեի, երբ ամբողջ տարի մը շուքի պես ետևես կպտտեր. երբ գիտեի որ իր միակ ուրախությունը ես եմ աշխարհիս երեսին. անտեր,միս-մինակ. ունի-չունի, մայր մը ունի, կես- խենթ, կես- խելոք: Ինչպես մերժեի, երբ դողալով, վախվխելով դեմս ուղղակի հարց դրավ:» Եվ այսպես Սիրանը Սահակի ամուսնության առաջարկին այո է ասել, որովհետև նրան գթացել է:Այդպիսի գթասրտությամբ էլ Սիրանը ապրել է ուրիշների համար, մոռանալով որ ինքը պարտականություն ունի նաև ի'ր կյանքի հանդեպ:
Ամփոփելով կարող ենք ասել, որ «Ուրիշի համար»  դրամայում, Մինասյանների ընտանիքի անդամների փոխհարաբերությունը հիմնված է անձնազոհության, պարտականության կատարման և գութի մասին արմատացած հին ըմբռնումների վրա: Շանթը դրանց հակադրում է այլ տեսակետներ, որոնք համեմատելի են Նիցշեի հեղաշրջող նոր գաղափարների հետ:
Նիցշեի գաղափարների ներկայությունը նկատվում է նաև Շանթի մյուս գործերում, որը պահանջում է առանձին ուսումնասիրություն:
 
 
«Յոյս» թիւ 241
13 Հունիս 2017
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *