Ողջունելի քայլ ՊԺ-ի դիվանի կողմից

Դոկտ. Ռ. Սարդարյան
 
 «Յոյս» երկշաբաթաթերթի 2017 թվականի  մայիսի 16-ի  239-րդ  համարում լույս տեսավ ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովի դիվանի ամբողջ կազմի՝ չորս հոգու ստորագրությամբ «բացատրական և պատասխան» վերնագրով մի նյութ, որը ներկայացվում էր որպես պատասխան իմ հոդվածին: Անհրաժեշտություն զգացի անդրադառնալ այս պատասխան նամակին, ըստ հետևյալ կետերի.
 
1-Նախ ողջունում և իմ խորին ուրախությունն եմ հայտնում ՊԺ-ի դիվանի այս քայլի համար, որ անտարբեր չէ համայնքում արծարծված խնդիրների հանդեպ, որովհետև նախկին դիվանները և որոշ «ազգայիններ» որդեգրել էին լռության քաղաքականություն և այսպիսով մեր համայնքի անդամներին զրկել էին զանգվածային լրատվամիջոցներում  երկխոսություններից ու բանավեճերից: 
 
2-500.000 դոլարանոց տարածքի գնման հարցի մասին:
 Տարիներ առաջ այսքան գումար մեր ժողովրդի գանձանակից վերցվել է իբրև թե  Հայաստանում Աբովյանի ու Սևանի ճանապարհին    իրանահայ երիտասարդների համար բնակարաններ կառուցելու, որպեսզի նրանք Ամերիկա չգնան: Նախկին ԹԽ-ի անդամ և ներկայիս ՊԺ-ի անդամ Պրն.  Հարություն Աբնուսյանը ասել է, որ այն ժամանակվա Թեմական խորհրդի նախագահ դոկտ. Աիդա Հովհաննիսյանի հետ միասին են հանձնել այդ գումարը հողատիրոջը և շեշտել է, որ այն 50.000 դոլար է եղել: Որպեսզի այդ շփոթը վերացվի և ժողովուրդը հավատա, լավ կլիներ պրն. Հարություն Աբնուսյանը այդ մասին խոսեր և հայտարարեր ՊԺ-ում արտահայտած իր սխալի մասին և ոչ թե ներկայիս ՊԺ-ի դիվանը: Նաև կարծում եմ, որ  այս կապակցությամբ ստացական պետք է գոյույուն ունենա, որը հարգելի դիվանը կարող էր հրատարակել որևէ թերթում: 
Դիվանը իր պատասխան նամակում նշում է.- «Պրն. Աճեմյանի խոսքը վերաբերում է հողատարածքը բնակարանաշինությանը հատկացնելու անհարմարության մասին»: Իսկ ի՞նչ նպատակով է գնվել այդ հողատարածքը, միթե չէինք ուզում  բնակարաններ կառուցել իրանահայ  երիտասարդների համար, որը  եղել էր ՊԺ-ի որոշումը:  Եկեք անկեղծ լինենք ժողովրդի հետ ու ասենք իրականությունը՝ ո՞վ է ընտրել այդ հողատարածքը: Իրանական այն ընկերությունն էլ, որը ցանկություն էր հայտնել գնելու  այդ ձեր ասած հողատարածքը, այժմ  արդեն չի ցանկանում գնել այն, որովհետև գնի և տարածքի տեսակետից հարմար չի նկատում:  Եթե ցանկանում եք «խթանել» Իրան-Հայաստան տնտեսական աշխատանքները, ինչպես նշում եք գրությունում,  դրա եղանակը հողատարածքներ վաճառելը չէ: Պետք է նպաստել Հայաստանի արդյունաբերական զարգացմանը՝ օգտվելով Մեղրիի ազատ գոտուց և այլ միջոցներից: Ցանկության դեպքում կարող եմ ներկայացնել համապատասխան առաջարկներ:  
 
 
3-«Ա. Ավետիսյան» Բուժարանի մասին: 
Հարցը պարզելու համար պետք է ձեզ հիշեցնոմ, որ երկար տարիներ, ոչ մի հաշվետվություն բուժարանի հաշիվների մասին չէր ներկայացվում Թեմական խորհրդներին, որպեսզի նրանք էլ կարողանային հաշվետվություն ներկայացնել Պատգամավորական ժողովներին, դա կարծես պրն. Հենրի Քոչարյանի սեփականությունն է համարվել և ազգային ամբողջ կառույցը երկար տարիներ չէր կարողանում նրան համոզել, ստիպել կամ էլ չէր ուզում, որ բուժարանի հաշիվները ներկայացվեին ԹԽ-ին ու ՊԺ-ին: 
Ըստ ԹԽ-ի զեկույցի` բուժարանի տարեկան շահը կազմում է մոտավորապես 260 միլիոն թուման, սակայն նրանք նկատի չեն առել 65 տարեկանից բարձր  անձնավորությունների անվճար բուժման ծախսերը, որը կարծում եմ կկազմի 260 միլիոն թումանից ավել ու նաև 400 միլիոն թումանի հարկը (մալյաթը), որը բուժարանը, որպես եկամըտաբեր կենտրոն, ստիպված է մուծել պետական հարկային կազմակերպությանը: Ենթադրենք, որ այդ 400  միլիոն թումանն էլ  բողոքարկվելու արդյունքում  կիսվի ու դառնա 200 միլիոն թուման, կրկին պետք է համարել, որ բուժարանը վնասով է աշխատում: Ինչո՞ւ պետք է իրական պատկերը չներկայացվի: Այս հարցի շուրջ խոսվել է նաև ՊԺ-ի նիստում և բոլորը ընդունել են իրական պատկերը: Անհասկանալի է հարգելի դիվանի բորբոքումը այս հարցի նկատմամբ, որովհետև սպասվում էր, որ դիվանը, որպես օրենսդիր մարմնի ղեկավար կազմ, ավելի  իրատես լինի նման հարցերում և չկոծկի իրականությունը:
 
 
4-Պր. Գագիկ Ծառուկյանի Թեհրան կատարած այցի մասին:
 Լավ կլիներ դիվանը իր պատասխանում գրեր ու պարզեր, թե  ո՞վ է եղել պր. Ծառուկյանի հրավիրողը: Հարգելի դիվանի նախագահ՝ պր. Ժոզեֆ Մեհրաբյանը միշտ եղել է համայնքում Գագիկ Ծառուկյանին ներկայացնողը և ուղեկցողը տարբեր միջոցառումների ժամանակ և  «Ալիք» օրաթերթին ու «Արարատ» կազմակերպությանը  նրա կողմից նյութական օգնություններ ցուցա-բերու հանդեսների ընթացքում, որտեղ նրան դասեցին հայ բարերար թագավորների շարքում՝ նսեմացնելով մեր համայնքի պատիվը և պատկերը: Պր. Մեհրաբյանն էր վարում այդ ծրագրերը, որոնք անգամներ պր. Ծառուկյանի հեռուստաալիքով՝ «Կենտրոն»-ով ցուցադրվել է և շատերն ականատես են եղել: Ինչո՞ւ եք խուսափում ասելուց, որ եթե Թեմական խորհուդը չի հրավիրել, ապա ինչո՞ւ է ԹԽ-ը այդ մասին խոսում իր երկամյա զեկույցում: Վերջապես այդ մարդը գաղտնի չի եկել մեր համայնք ու մեկի հրավերով պիտի եկած լինի: Ցավալի է, որ   մեր համայնքի բարձրագույն մարմինը՝ ՊԺ-ը  կամ չգիտի կամ չի ուզում թափանցիկ ձևով իրանահայերին տեղյակ պահել այդ մասին:
 
 
5-Ընտրությունների մասին:
 Եկեք իրական փաստերով խոսենք: Հարգելի դիվան, դիվանի կազմի չորս անդամներդ էլ կամ մի կուսակցության անդամներ եք կամ էլ համակիրներ: Ձեր կողմից ընտրված 11 հոգանոց Թեմական խորհուրդն էլ նույն կարգավիճակն ունի: Սրանք  կոչվում են միատար կառույցներ կամ ուրիշ լեզվով տոտալիտար համակարգ: Ասում եք՝ իբրև թե այդ ընտրությունները եղել են խորհրդակցությունների արդյունքում, բայց չեք ասում, որ այդ խորհրդակցությունները միայն դաշնակցականների միջև է եղել: Ոչ դաշնակցականի չկարողացաք հանդուրժել այդ կազմերում, սա տիպիկ տոտալիտար կամ մենատիրական համակարգերի հատկանիշերից է: Եթե դուք խելոք լինեիք, հանուն միասնականության ու ազգային շահերի ՊԺ-ի ձեր 4 հոգանոց դիվանում գոնե մեկ հոգի ոչ կուսակցական կամ ոչ համակիր կընտրեիք:  Կամ ձեր 11 հոգանոց գործադիր մարմնում՝ ԹԽ-ում 2-3 հոգի ոչ կուսակցաականի կամ ոչ համակիրի 
կհանդուրժեիք: Գոնե դասեր վերցրեք Հայաստանի ձեր կուսակիցներից:
Դժբախտաբար դուք դժվար եք կարողանում ձերբազատվել մենատիրությունից, որը վնասել և վնասում է թե՛ ձեզ և թե՛ մեր համայնքին: Սա է վտանգավոր հոգեբանական ներաշխարհին և ոչ թե մի անձնավորություն,  որը հարցերին մի քիչ քննադատաբար է մոտենում: Դուք պետք է սովորեք շատ չվրդովվել ու մի քիչ էլ ինքնաքննադատաբար մոտենալ հարցերին: 
Ձեր կողմից արված «Սուտ ասող» և դրա նման  պիտակները, որը շպրտում եք մարդկանց վրա, որևէ հարց չի լուծի, ժողովուրդը ամենաարդար դատավորն է: Մենատերերը միշտ կարծում են, թե իրենք են միակ ճիշտ խոսողները և մյուսները սխալ են:   
Վերջում կրկին շնորհավորում եմ դիվանին, որ լռության քաղաքականությանը դեմ գնալով առիթ է ուզում ստեղծել երկխոսությունների և բանավեճերի համար, որոնք իրենց դրական ազդեցությունը կարող են ունենալ տարբեր հարցերի պարզաբանելում, ժողովրդի  մեջ համայնքային և թե համազգային հարցերի շուրջ ինչ-որ չափով հետաքրքրություն առաջացնելու հարցում: 
 
 
 
 
 
«Յոյս» թիւ 240
30 Մայիս 2017
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *