Մեծ Եղեռնի մասին Գրառումներ Իսահակյանի «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ում

(Երրորդ և վերջին մաս, 1921 թվականից հետո)
 
Թեկուզ մեծ պետությունները 1921-23 թվականներին պատրաստվում են «Սևր»-ի փոխարեն նոր հաշտության պայմանագիր կնքել (Լոզանում) քեմալական Թուրքիայի հետ, բայց Իսահակյանը, ինչպես նաև հայության մեծ մասը այլևս ավելորդ են համարում հույսեր կապել նրանց հետ: Իսկ իրենք մեծ պետությունները մեծ հույսեր են կապում նոր հառնող քեմալական Թուրքիայի հետ և պաշտպանում նրան: Իսահակյանը  պատռում է ոչ միայն մեծ պետությունների դիմակը հայկական հարցում, այլև բացահայտում է նրանց կառքին լծված զանազան վարձկաններին և հացկատակներին՝ «մամուլ, գրող, կաթոլիկ կղեր, հրյա րաբբիներ, խախամներ ու խախամապետեր, հրյա թերթեր…», որոնք «բոլորը գովում են թուրքին, ամերիկացի միսիոներների  հետ, իրավունք են տալիս թուրքին, ոգևորում Մ. Քեմալին»: «Հիշատակարան»-ում 1921-23 թվականների գրառումները դառը խոստովանությունն է հայերի հուսախաբության: 1923 թ. հետո «Հիշատակարան»-ում այլևս չի խոսվում Մեծ եղեռնի մասին, միայն տարիներ անց, 1936 թվականին, Հայաստան վերադառնալու ճամբին, երբ Իսահակյանը նավով անցնում էր Պոլսի նեղուցներով, «Հիշատակարան»-ում գրի է առել իր ցավագին վերհիշումները, որ կարելի է ասել՝ ամփոփումն է 1915-23 թվականների իր բոլոր գրառումների:
 
 
 
1921
Մայիսի 27, Վենետիկ
… Թուրքը կոտորեց մի ողջ ժողովուրդ չարաչար կերպով, և Եվրոպան, նույնիսկ Ամե-րիկան արդարացնում է… Թուրքը սպանեց մի ողջ ժողովուրդ, որ սիրում էր եվրոպական կուլտուրան, եվրոպացուն ցեղակից էր և հավատակից եվրոպացուն, թուրքը կողոպտեց այդ ժողովրդին, ոչնչացնելով նրա կուլտուրան, հնությունները… և հիմա այդ Եվրոպան թուրքին գրկում է, համբուրում, ճաշեր տալիս, մամուլը գովում է, փառաբանում…
Ահա՛ եվրոպական քաղաքակրթությունը՝ շնական, բորենիական, վայրենի, բարբարոս մի քա-ղաքակրթություն…
Անհնար է որակել…
 
 
Հունիսի 4, Վենետիկ
Գերմանական դատարանը արդարացրեց Թալաաթի սպանողին… սակայն լիրբ անգլիացիք բաց թողին բոլոր ջարդարարներին, այն անգլիացիք, որ հայերի արյունով ներկեցին իրենց ընչաքաղց սև դրոշակը: Հավատացած եմ, որ եթե Թալաաթ բռնված լիներ Մալտա, նորեն ազատ կարձակեին: Ողորմելինե՛ր…
Հայ ազգը չի մեռնի, նա պիտի ապրի, պիտի ապրի ձեր բոլորի գերեզմանների վրա՝ նո՛ր, ազա՛տ կյանքով, ,,
 
 
Օգոստոսի 17, Ազոլո
Զեյթունն էլ ոչնչացավ, Կովկասումն էլ ահեղ են եղել ջարդերը, մոտ 60000 հայ է սպանվել – կոտորվել: Եվ բանը նրանումն է, որ այս ջարդերը այլևս ո՛չ մի ազդեցություն չունեն եվրոպացիների և ամերիկացիների վրա: Այլևս չեն կարդում, չեն հետաքրքրվում, չեն խոսում, թքել են հայերի վրա, և վերջ…
 
 
Օգոստոսի 21, Ազոլո
Կիլիկիայից եկած Քեշիշյանը, որ կուսակցական մարդ չէ, վաճառական է, հետևյալն ասաց,- Թյուրքերը պատերազմի մեջ մտան հայությունը իսպառսպուռ ջնջելու համար. միայն այդ նպատակի համար, չեզոք մնայինք – չմնայինք՝  պիտի ջարդեին: Թյուրքը <…> հին, նոր, զարգացած, տգետ, լուսավոր, մոլեռանդ, իթթիհատ, իթիլաֆ, միլլիճի ամենքը մի նպատակ ունեն՝ ջարդել, ջնջել հայությունը, և մինչև այսօր էլ ջարդում են և պիտի ջարդեն ամեն ժամանակ, երբ առիթ ունենան, ռուսահայ, պարսկահայ, ինչ հայ ուզում է լինի, բավական է, որ հայ է: Եվ գիտեն, որ եվրոպացին <… > ջարդելուն արգելք չէ. դրա համար քառասուն տարվա հազարավոր ապացույցներ ունեն, անպատիժ ջարդում են և արդարանում:
Ֆրանսիացիք ամեն կերպ ուզում են Կիլիկիան թյուրքերին թողնել, որպեսզի թյուրքերը հայերին ջնջեն, մաքրեն, իրենց տիրապետության գործը դյուրացնեն: Ֆրանսիան չի ուզում հայի ստվերը տեսնել Կիլիկիայում և դրա համար էլ չի ուզում գրավել Կիլիկիան, որ հայերը չուժեղանան, քանի որ՝ եթե ինքը տիրե, չի կարող հայերին մաքրել ջնջել, այդ գործոնը հանձնում է թյուրքերին: Ինչ որ թյուրքը չարավ, ֆրանսիացին արավ: Եվ այն օրը, երբ Կիլիկիան հանձնվի թյուրքերին, ո՛չ մի հայ չի մնա Կիլիկիա, կգաղթեն, եթե ոչ՝ կջարդվեն, Ֆրանսիան այդ գիտե, և երբ հայը վերջանա, այն ժամանակ Ֆրանսիան կգա և դյուրությամբ կիշխե թյուրքերին և լիապես կշահագործե նրանց:
Այս պիտի գիտենա ամեն հայ, մանավանդ գործիչները: Մենք, կիլիկիացիքս, գիտենք, ապացույց՝ Մարաշի, Հաճնի, Զեյթունի և ուրիշ ջարդերը:
 
 
<Օգոստոս >
 <…> Եվրոպացին թքեց իր տված հանդիսավոր խոստումների վրա, արված պառլամենտներում, տաճարներում, թագավորների և նախագահների բերնով: Մարտիրոս Հայաստան անունով վարկաբեկեցին Գերմանիային, գրգռեցին չեզոքներին, ոգևորեցին իրենց զինվորներին, և նվիրագործեցին իրենց ավազակային պատերազմը, օգտվեցին հայ կամավորներով, հետո թքեցին հայի վրա, մնացորդները ջնջված մի ազգի մատնեցին նորից դահիճների ձեռքը:
Ասում են, թե կապիտալիստներն են մեղավոր, նրանք են պաշտպանում թյուրքին՝ իրենց տված փողերի համար և ապագայում թյուրքին շահագործելու համար, հային նվիրում թյուրքին՝ պարարտացնելու նրան, սիրաշահելու, կաշառելու համար: Լավ: Ապա սոցիալիստնե՞րը, նրանք, որ կռվում են խեղճերի, ճնշվածների դատի համար: Նրանք թող բողոքեին և պաշտպանեին: Սակայն նրանք էլ կաշառված են և լկտի, նրանք միշտ պաշտպանում են իրենց երկրի բուրժուազիայի արտաքին շահերը, գաղութային պոլիտիկը. նրանք ուզում են, որ ուրիշ ազգերը՝ մանր, ճնշված՝ կողոպտվեն… Անգլիացի սոցիալիստը չի ուզենա զրկվել Հնդկաստանը շահագործելուց. այդ է պատճառը, որ լիրբ Հինդերսոնը կամ լիրբ Լոնգեն պահանջում էին, որ իրենց զինվորները հեռանան Հայաստանից և Կիլիկիայից, հոգ չէ, թե հայերը կջարդվեն, բայց չեն պահանջում, որ նույն զինվորները հեռանան Ալժիրից, Թունիսից, Հնդկաստանից, Միջագետքից…
Մեր հանդեպ ամեն կուսակցություն քար ու գազան դարձան…
Ահավոր վիճակ, դժոխային կացություն: Խաբված, լլկված, ջարդ ու փշուր եղած, սովալլուկ, համաճարակով ոչնչացվող մի ազգ, որ Քրիս-տոսի խաչի սիրույն խաչվեց՝ հավատալով իր հավատակիցների խոստումներին, որոնք Հուդա եղան, և առանց խղճի խայթի, որ Հուդան ունեցավ վերջեն… ,
 
 
Հոկտեմբերի 22, Ազոլո
<・・・> Մենք ձգտում էինք ազատության՝ կռվելով, զոհվելով՝ հույսներս դրած քրիստոնյա, լուսավոր, քաղաքակրթված Եվրոպայի վրա, երեխայի պես հավատալով, թե Եվրոպան Հայաստանը կազատե, թուրքին կպատժե, բայց մենք եվրոպացուն չէինք ճանաչում, թուրքը հրաշալի է ճանաչում նրան. հայությունը ջնջեց, վստահ լինելով, թե հաշիվ ուզող չկա իրենից, վստահ լինելով եվրոպացու քարասրտության, շահամոլության, կաշառակերության վրա… Եվ չխաբվեցավ թուրքը… Նա հայությունը կոտորեց, կողոպտեց և այդ կողոպուտով կաշառեց եվրոպացուն՝ թերթ, մամուլ, սենատորներ, նախարարներ, միսիոներներ: Ինքը uրիկա է և հույսը սրիկաների վրա է, որով լցված է Եվրոպան <… >: Թյուրքը սպանեց հայությունը և ասում է, թե հայի քիթ չի արյունել, և եվրոպացին ասում է՝ ճիշտ է: Թյուրքը ասում է՝ հայը վաշխառու է, ջհուդ է, և եվրոպական մամուլը, որ ջհուդների ձեռքին է, ասում է՝ այո՛, ճիշտ է: Թյուրքը ասում է՝ հայը կոտորեց մուսուլմաններին, եվրոպացին ասում է՝ ճիշտ է: Եվ ստանում է թյուրքից ոսկի՝ հայի արյունոտ ոսկին…
 
 
Դեկտեմբերի 21, Վենետիկ
Այսօր արդեն փաստ է, որ Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց թյուրքերին: Անգլիան, Ամերիկան բողո-քեցին և անցան: Եվ այլևս մարդ չկա, աշխարհի վրա ո՛չ մի մարդ, որ հավատա եվրոպացու կամ ամերիկացու հայասեր խոսքին, խաբեցին հայերին 40 տարի շարունակ, ոչնչացնել տվին մի ազգ, գրգռելով  թյուրքին, և այժմ  նույն
իսկ ատում են հայերին, և գովում թյուրքերին իբրև «քաջ, ազնիվ» ազգի:
Բրիանը, որ հազար խոստումներ արավ հայերին պատերազմի ընթացքին, այսօր հայերին հանձնում է թյուրքերին, որ ջարդեն, ջարդեն… Եվրոպական պետությունների համար պետք է հայի արյունը… … Անգլիացիք ասում են, թե Հայաստանի մեջ մենք պետական շահ չունենք, միայն մարդկայնություն, հումանիտետ … Մալթա տարած ջարդարար փաշաներին- բեյերին Անգլիան բաց թողեց իր գերիները ազատելու համար, մեր արյունով իրեն գործն է տեսնում…
Ֆրանսիացի ժենեռալ Կուրոն (Գուրո), Մարաշի գրգռիչը մեր պատմության մեջ դասվելու է Ջեվդետի, Էնվերի կողքին, հատկապես նա, Բրիանը և Ֆրանկլին Բույոն ջանացին և գլուխ բերին Կիլիկիան թյուրքերին հանձնելը: Նա (ժեն, Կուրոն), երբ 1919 թ. Կիլիկիա գնաց, հայտնի էր որպես թրքասեր: Ֆրանսիացիք ուզում էին Կիլիկիան գրավել, բայց տեսան, որ հայերը ժողովվում են ու զարգանում, թյուրքերը փախչում են, Կիլիկիան անցնում է հայերի ձեռքը,  ուրեմն չեն կարող կողոպտել, հնար գտան՝ թյուրքին տան, որ մաքրե հայերից, հետո դյուրին է: Բրիանն ասում է, թե Կիլիկիան պահելու համար 90000 զինվոր էր պետք, և, վերջապես, ֆրանսիացու արյուն էր թափվում այնտեղ… Իսկ հայի արյունը՝ ոչինչ: Բույոնը հայտնել է թյուրքերին, թե դուք մեծամասնություն եք կազմում, ուրեմն ձերն է երկիրը:
 
 
Դեկտեմբերի 25, Վենետիկ,
Եվրոպայի սրտովն եղավ՝ լուծեց հայկական հարցը իր երազած կերպով. նրան պետք էր միայն թյուրքերով բռնված երկիր, որ հոտի պես խուզե, հում նյութի երկիր դարձնե:
Այժմ մամուլ, գրող, կաթոլիկ կղեր, հրեա րաբբիներ, խախամներ ու խախամապետեր, հրեա թերթեր… բոլորը գովում են թյուրքին, ամերիկացի միսիոներների հետ իրավունք են տալիս թյուրքին, ոգևորում Մ. Քեմալին, և հային քշում դահիճի դանակի տակ: Աստված, քրիստոնեություն, ցիվիլիզացիա,մարդկություն <….>:
 
 
Դեկտեմբեր
<…> Եվրոպան օձը նորից տաքացնում է մարդկության կրծքի վրա <…>:
Սո՛ւտ են եվրոպացիների գովեստները մեր մասին, նրանց ճառերը, սուտ, շահն է միակ ղեկավարող ոգին նրանց գործերի և մտածումների: Մեր եղերավեպը նրանց համար հասույթի աղբյուր դարձավ. և մեր անորակելի, աննախընթաց ջարդերը միայն բազմացրին, աճեցրին մեր դեմ ունեցած ատելությունն ու արհամարհանքը և թյուրքասիրությունը իրենց ախտավոր հոգիների մեջ զարգացրին, իրենց այդ գարշելի հեշտանքը: Մեր օրորոցի կաթնակեր մանուկներից սկսած մինչև ծերերն ու պառավները արյունով վճարեցին հայկական ազատագրության գինը, բայց Եվրոպան՝ ամենքը առանց բացառության՝ յուրացրին մեր այդ արյունի գինը…
… Եվ մեր մեջ մեռավ հավատքը դեպի մարդը, կուլտուրան, Աստված, մորալ, իդեալ <…>: Եվրոպան մեր արյունը առուտուր դարձրեց…
 
 
 
1922
Հունվարի 3, Վենետիկ
Կիլիկիան տվին թյուրքերին, տասնյակ հազարավոր հայեր փախան իրենց տներից այս ցուրտ ձմռան: Եվ Անգլիան փակեց Պալեստինի, Միջագետքի և Եգիպտոսի սահմանները, որ հայերը չմտնեն, որ բեռ չդառնան իրենց վրա, ինչպես լորդ Կրզոն հայտնեց Քեմրիջի արքեպիսկոպոսին, թե Անգլիան պատասխանատու չէ, իրավունք չունի ազգային գումարներ ծախսելու հայերի համար: Պառլամենտում, հարցապնդման ժամանակ, մի երեսփոխան ասաց, թե հայ և թյուրք իրար կոտորել են, մեզ ի՞նչ, հայերը իբրև թե մեզ օգնել են, բայց դրա համար փող են առել և ապրել և էլի ապրում են: Իսկ նախարար Չեմբերլեն ասում է, թե Անգլիn վարչապետը կամ արտաքին գործերի նախարարը թեև խոստում է տվել հայերի ազատագրման, բայց այդ չի նշանակում, թե պետությունը հանձնառություն ունի… Այսպես: Լուծեցին հայոց հարցը, իրենց երեսից միլիոն  հայ մորթվեց ու կողոպտվեց՝ ողջ ազգը, իրենց դրոշակը  սրբագործեցին մեր մարտիրոս ժողովրդի արյունով… Գերմանիայում մինիստր Գեոպերգ ասաց, թե. «Մեզ վնասեցին Բելգիան և հայերը, ամբողջ աշխարհը մեր դեմ  գրգռվեց…»: Եվ հիմա Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա լիզում են թյուրքերին, սիրաշահում, մեզ մեղադրում, թուրքին արդարացնում… Այլևս ոչ մի խոսք կոտորածների մասին, Հայաստանի մասին, այլ՝ «Միլլին (Մ. Քեմալ) իրավունք ունի, հերոս է… Նոր Թյուրքիա. Պոլիսը կհանձնենք, պիտի հանձնենք… Խալիֆաթը հարգել…» Մի խոսքով վերադարձան իրենց հին հեշտանքին… Այս բոլորը արժեց մեր կեսի բնաջնջմանը…
 
 
Փետրվարի 13, Վենետիկ
Որքան գրում եմ դաշնակից պետությունների դավաճանության մասին, նորեն չեմ հագենում: Հանգուցյալ Ջ. Բրայuը իր մահեն մի քանի օր առաջ գրել է Լուցաթիին, թե դաշնակիցները չկատարեցին իրենց խոստումները: Մի անգլիացի «Թայմզ»-ի մեջ գրում է, թե' պետք չէ, որ Մեծ Բրիտանիան տնտեսական մենաշնորհների համար դավաճանե հայերին և մարդկայնությանը… Հայ ժողովրդի ահավոր վիճակը, իր փորձությունները, հուսախաբությունները, լքվածությունը… Այս բոլորը մի անգամ էլ, ավելորդ մի անգամ էլ գալիս են ցույց տալու, որ Աստված չկա, քրիստոնեություն չկա, մարդկայնություն, արդարություն չկա, այլ կա կոպիտ շահ<…> ավազակություն, սրիկայություն, գազանություն, մարդակերություն, կեղծիք, նյու-թամոլություն և բոլոր մահացու մեղքերը… 
 
 
Փետրվարի 17, Վենետիկ
Հայկական հարցի ամբողջ պատմության ընթացքին այս «մենաշնորհ» ճիվաղային թլիսման միշտ փրկել է թուրքին: Ջարդել, և ապա լռեցնելու համար մենաշնորհ տալ՝ Անգլիային, Ֆրանսիային, Գերմանիային… Մեր հարցը եղավ եվրոպացու համար շահի մի անսպառ աղբյուր, մեր արյունով է ներկված եվրոպացու կերած հացը.
Եվ թուրքը. լավ կարդացել և նվաճել է եվրոպացու հոգին, այսինքն դժվար էլ չէր. նա իր հոգին տեսավ կրկնված, մշակված՝ եվրոպացու մեջ, և իր ճանաչողության ուղիղ կետի վրա կանգնած,- ջարդեց հայերին, պատմության մեջ աննախընթաց քանակով և վայրագությամբ, Եվրոպան բոռբռաց, մարդկայնական խոսքեր ասաց, թուրքը քթի տակ ծիծաղեց: ասելով:- «Սպասեցեք, ձեր վարձատրության օրը կգա, ի՞նչ եք իրար անցել, հայ է մորթված, հո դուք չե՞ք։ Ձեզ ինչ, առեք ձեր մասը…»:
Եվ նրանց թշնամին, մեր բարեկամը իրավունք է տալիս թուրքին, ասում է, – Այո՛, իրավունք ունիս, նրանք մեր կողմն էին, բայց… բայց…
Եվ այդ «բայց»-ը… կաշառքն էր…
Առավ մեր բարեկամը կաշառքը, և նրա չունեցած խիղճը հանգստացավ, որովհետև արդեն հանգիստ էր:
 
 
Ապրիլի 28, Վենետիկ
Այլևս գրեթե հայ չկա, որ հավատա մարդկայնությանը՝ Humanité-ին: Ունայն խոսքեր դուրս եկան՝ մարդասիրություն, ազատություն, եղբայրություն, կարեկցություն, տակը մնաց հաստատուն հավերժական նյութը, շահը: Պատերազմի ընթացքին հայերին խոստացան ամեն բարիք, խղճացին ու ներբողեցին, և հայերն էլ հավատացած՝ ամեն բան անխնա վրա տվին, հայերը կարծում էին, թե աշխարհքը իրենց պես է- գաղափարական, հավատարիմ, զոհաբերվող… Եվ ահա եկան խաղաղության, հաշվեհարդարի օրերը… Հայերին ծախեցին իրենց գծուծ շահերի համար: Գարշելի Անգլիան հայերի անունով հավաքեց ջարդարարներին, տարավ Մալթա, ապա պայմաններ կապելով իրեն նպաստավոր՝ բոլորին պատվով արձակեց, որ գնան հիմա ավելի վայրագորեն վրեժխնդիր լինեն հայերից:
Չեմ խոսում Ֆրանսիայի և Իտալիայի մասին, որ մի սանտիմի համար ծախեցին ամեն ինչ՝ ամոթ, պատիվ, ազնվություն, խիղճ…
Ծա՛ղր, խայտառակությո՛ւն մարդկության երեսին…
Այլևս ինչի՞ն հավատալ, ի՞նչ հուսալ, ի՞նչ սիրել…
Աներևակայելի, անհավատալի ոճիրներ գործեցին թուրքերը… և հիմա անպատիժ, հարգված հացասեղան են նստում «քաղաքակրթված» մարդագայլերի մոտ… Սարսափելի է, երբ տեսնում ես, որ սա երազ չէ, այլ իրականություն…
 
 
Հունիսի 2, Վենետիկ
Իմ խեղճ, իմ նահատակ, իմ մեծ ժողովուրդ, նոր խոսքերով, ճշմարտի տեսիլներով, բայց ջարդված, ատված, թքված ու արհամարհված աշխարհի բոլոր լկտի և լիրբ ազգերի կողմից՝ շահամոլների և պոռնիկների կողմից, ոճրագործների և բռնավորների, տմարդ, տգետ, սրիկա թշնամին ջախջախեց քեզ՝ արմատախիլ արեց քո բազմահազարամյա հողից, քո բյուրավոր մանուկներին, ծերերին, մայրերին, աղջիկներին, ռամիկին ու շինականին խողխողեց, քո լուսավոր զավակների գանգերը փշրեցին բարբարոս խավար ոhմակները, քո հինավուրց ոստաններն ու վանքերը փոշի դարձրին և նրանց հրդեհի ու ավերակների մեջ թաղեցին բյուր բյուրոց, երգ ու երազ, հույսեր, թռիչքներ, գեղեցկություններ, գիրք ու դպրություն:
Քո հարստությամբ վայրագ թշնամին՝ կաշառեց Եվրոպան՝ ստի, կեղծի և նենգության, վաճառքի այդ շուկան, դահճին արդարացրին, և զոհին մեղադրեցին՝ իրենց խիղճը մեռցնելով:
Անմեղ կույսերիդ, որոնք միայն լույս և սեր էին երազում, լլկեցին սրիկաները, սրբակրոն մայրերի աչքերի առջև, մեր պապերի երկիրը ծածկեցին մեր երեխաների փշրված ոսկորներով, մեր հորերը՝ նահատակների գանգերով: Գետերը ծածկեցին դիակներով, և անգղներն ու բորենիները եկան աշխարհի ամեն տեղերից անվախճան խնջույքի, արյունդ հեղեղեց լեռներն ու ձորերը, բայց արյանդ գինը յուրացրեց վաշխառու Եվրոպան՝ Քրիստոսի խաչին թքող Եվրոպան <…>
Բյուր-բյուրեր բոկոտն, կողոպտված, ծեծված, անոթի ծարավ՝ յաթաղանի տակ քշեցին անապատները և քաղցից, խելագար՝ մեռցրին: Բոլոր վայրի, գազան ժողովուրդները մաս առան քո աղջիկներից, որբերից, գանձերից ու ձեռակերտներից, բոլորը հոշոտեցին քեզ, քրքրեցին, կերան, կրծեցին: 
 
 
Հունիսի 16, Վենետիկ
<…> Կործանված Թյուրքիան ոտքի կանգնեցրին բոլոր եվրոպացիք: Հայկական ծով արյունը եղավ շաղախը միացնելու եվրոպացիներին, սերտ կապերով, թյուրքի հետ…
Մենք՝ հայերս կես-արևելքցի, կես-արևմուտքցի ենք, բայց քրիստոնեությամբ կապված արևմուտքի հետ, և դարերով կռվել ենք արևելքի հետ, և միշտ դավաճանվել ենք Արևմուտքից՝ սկսած հույներից, խաչակիրներից՝ մինչև այսօր, այս մեծ պատերազմից հետո, Եվ վերջապես, մենք հաղթվել ենք անհավասար կռվի մեջ…
 
1923
 <Մայիս >
Պարզ է, որ եթե բոլշևիկները չգրավեին Հայաստանը, թյուրքերը պիտի կոտորեին ռուսահայությունն էլ, և այդ կլիներ ամբողջ Եվրոպայի և Ամերիկայի սրտովը: Սրա համար արժե, որ ոչ մի բոլշևիկի քիթ չարյունի:
 
 
1936
Հոկտեմբերի 22, Պոլսի առաջ
Շատ հուզված, խռովքի մեջ է հոգիս. գլուխս ցավում է, և բոլոր տխուր, դառն, ցավագին իրողությունները, դեպքերը անցյալ կյանքիս՝ զարթնել են մտքիս մեջ. հուսահատ զգացումներ, ողբային ապրումներ.- պատերազմ, հայ ժողովրդի չարաչար ոչնչացումը…
Այս նեղուցների մեջ, այս սիմբոլիկ նեղուցների մեջ խեղդեց Եվրոպան թուրքի ձեռքով մի ամբողջ ազգ՝ իր անցյալով, ներկայով, ապագայով…
 

 

«Յոյս» թիւ 240
30 Մայիս 2017
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *