Ազգայինը որպես ապրելաոճ  ու ներկայանալի այցեքարտ…     

Արմինե Մելիք-Իսրայելյան
 
hooys-armenian-239-8

hooys-armenian-239-9 

   Այս սկզբունքներով է թերևս երիտասարդ ստեղծագործող, երաժիշտ, տիկնիկագործ Մարինե Սարգսյանը առաջնորդվում, համեստ ու գեղեցիկ իր ներաշխարհը պարուրելով հայկական մեղեդիների, շարականների քաղցրահունչ ներկայությամբ, որոնք կարծես սնում են նրա միտքը, ճանապարհ բացելով ստեղծագործական նոր քայլերի համար… Ջանգյուլումի, Զատկական տոնի, Տրնդեզի ու Կաղանդի, հայկական, ազգային, տոնական բոլոր տեսակի առիթների համար գեղեցիկ նվեր ու զարդարանք են նրա ձեռքերով պատրաստված,  հայկական տարազներով, բազմատեսակ տիկնիկները, որոնց նայելիս ան-գամ գույների ջերմություն ու քաղցրություն ես զգում, ասես կերպարների մի ողջ հանդես, մի փոքրիկ, խայտաբղետ ամբոխ  շրջապատում է քեզ ու անկարող ես դառնում աչքդ կտրել այդ չարաճճիորեն ժպտացող հարսիկների հեզիկնազիկ հայացքներից, իսկ քաջնազարյան, փափախավոր մարդուկների կերպարները դեպի հեքիաթ են տեղափոխում միտքդ…Ակամայից ուզում ես խոսել  նրանց հեղինակի հետ, ում  հետ զրույցը հայուհու մի գեղեցիկ ու ազնիվ տեսակի մասին է պատմում…
 
-Որտեղ ես  ծնվել Մարինե, ընտանիքում արվեստագետներ կա՞ն…
-Ծնվել եմ 1978 թ. Երևանում: Սովորել եմ  Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, զուգահեռ սովորել եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Ավարտելուց հետո սովորել եմ  դասական  երգեցողություն (վոկալ): Ամուսնացած եմ, ունեմ մեկ դուստր: 
Մայրս իրավաբան է, հայրս  ինժեներ: Ծնողներս  արվեստասեր մարդիկ են:
Հայրս նվագում է, նկարում է, երկուսն էլ շատ սիրում են գեղեցիկն ու ներդաշնակը:
 
-Երգն ու երաժշտությունը քո կյանքի կարևորագույն մասնիկն են եղել և կան, ինչու դադարեցիր զբաղվել պրոֆեսիոնալ գործունեությամբ… Ինչպես է լրացվում այդ հոգևոր բացը քեզ համար… 
-Այո, երգն ու երաժշտությունը  իմ կյանքի կարևորագույն  մասնիկն են եղել ու կան:  Դե իհարկե, չեմ դադարել զբաղվել երաժշտությամբ ամբողջությամբ: Ընտանիք կազմեցի, երեխա ունեմ և դա պատճառ հանդիսացավ, որպեսզի մի փոքր հեռանամ իմ մասնագիտությունից, բայց ոչ ամբողջությամբ: Ունեմ աշակերտներ, սովորեցնում եմ վոկալ և դաշնամուր և իհարկե մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից:                          
 
 
-Ու՞մ դասարանն ես ավարտել, խմբավարներդ ովքե՞ր են եղել, որտե՞ղ ես հանդես եկել … 
-Ավարտել եմ պրոֆեսոր Սերգեյ Դա-նիելյանի դասարանը, ումից  շատ  գոհ եմ: Մինչ այդ՝ երգել եմ Կարո Չալիկյանի երգչախմբում, ով ինձ առաջինը ծանոթացրեց հայ հոգևոր երաժշտությանը:   Անսահմանություն կա այդ երաժշտության մեջ, մաքրող, զտող, խաղաղեցնող ուժ, որը երգեցիկ աղոթքն է, հզոր ու նուրբ միաժամանակ: Այն ազգային հոգևոր ամենաթանկ արժեքներից մեկն է, որը պետք է ճանաչել, ապրել և տարածել անշուշտ…            
 
-Գիտեմ, որ հրաշալի տիրապետում ես ազգային պարին, հոգևոր դաստիարակության մեջ հայ  մարդու համար որքանո՞վ է կարևոր այն ըստ քեզ հայ մարդու և հատկապես հայ երեխայի համար… Այսօր արդեն դպրոցներում դասավանդվում է ազգային պարը, որպես ուսումնական առարկա…   
-Ես և ամուսինս պարել ենք մեր ազգային պարերը  Գագիկ Գինոսյանի «Կարին» երգի-պարի  համույթում:  Ես  կարծում եմ, որ եթե հայ երաժշտությանը և պարարվեստին ծանոթ չլինեյի, առանց դրանց  ես ինձ  չէի զգա  լիարժեք:  Շատ հաճելի է, որ հիմա  արդեն   շատ դպրոցներում  ուսուցանվում  է հայկական պարարվեստը,   դա Գագիկ Գինոսյանի հայրենասիրական մղումներից մեկի արտահայտությունն է:  Ես կարևորում եմ այդ ամենը նրանով, որ երեխաները վաղ հասակից  ծանոթանում  են մեր հայկական մշակույթին, ոգին է հարստանում, արժեքային համակարգ է ձևավորվում երեխայի մեջ, որը վաղվա քաղաքացին է, ենթակա ամեն տեսակ մշակութային ու հոգևոր հարձակումների: 
Մեր հայկական պարերը հայրենասիրություն են ծնում, որովհետև մեր պարերի  մեջ կա ոգի, ուժ և  զորություն:  Մեր  զինվորները  կռվելուց առաջ պարել  են մեր հայկական   մարտական պարերը, նոր դուրս են եկել մարտի: Այդ ամենը պատահական բաներ չեն և պետք է վերադառնալ ակունքին, ազգային արժեհամակարգերին, որոնք կարող են միայն գեղեցկացնել ու յուրահատկություն հաղորդել մեզ այս խայտաբղետ աշխարհում…  
 
-Ազգային ավանդույթներին, արժեքներին մեծ տեղ տվող ընտանիք ունենալով, այսօր նաև որպես այդ արժեքների կրող հանդես գալով ին՞չ սկզբունքներով ես դաստիարակում, կրթում դստերդ և ըստ քեզ՝ ինչպիսինն՞ ես տեսնում նրան ապագայում, ավելի հասուն տարիքում …  
-Դստերս  դաստիարակում  եմ  հայ  քրիստոնյային վայել  դաստիարակությամբ՝ իր ազգին  և ժողովրդին նվիրվածությամբ և սիրո զգացումներով: Կցանկանայի, որ Մանեն  լինի լավ մասնագետ, ինչ էլ որ ընտրելիս լինի, լինի սիրված  և  հարգված  և ունենա գեղեցիկ ընտանիք:
 
-Շնորհալի մարդը ամեն ինչում է գեղեցիկ, ինչպես ասում են , Մարինե, ձեռքի աշխատանքներով զբաղվելը, տիկնիկագործությունը քեզ համար հոբբի է՞, ինչպես սկսեցիր զբաղվել տիկնիկագործությամբ և որտեղ կա-րելի է գտնել քո աշխատանքները… 
-Ես սիրում եմ ձեռքի աշխատանքը: Սիրում եմ նկարել, բայց  քիչ եմ  նկարել  ժամանակ չունենալու պատճառով: Հետո սկսե-ցի տիկնիկագործությամբ զբաղվել:  Դա  իմ  համար  հոբբի է նաև եկամտի աղբյուր:  Շատ մեծ հաճույքով եմ պատրաստում  տիկնիկները:  Հայկական, ազգային կոլորիտի տարածումը այդ փոքրիկ տիկնիկների միջոցով արդեն իսկ գրավիչ միտք էր ինձ համար: Յուրաքանչյուր օտարազգի զբոսաշրջիկ, այցելու գալիս է և փնտրում է տվյալ երկրին, ազգին ու մշակույթին հարազատ մի մասնիկ, որն իրեն կհիշեցնի այդ երկրում լինելու մասին, փոքրիկ և տարբերվող հուշանվեր իր ծանոթների ու սիրելիների համար…Եվ այսպես, հայկական տարազով ու հայկական հոգու հարուստ գույների մասին պատմող փոքրիկ մի տիկնիկ ամբողջացնում է իր մեջ ճանաչելի լինելու, տարբերվելու գաղափարը նաև.. Աշխատանքներս վաճառվում են վերնիսաժում և հուշանվերների խանութներում:                                                                              
 
-Հե՞շտ է լինել արվեստգետի կին և ընդհանրապես ինչպե՞ս են երկու մշակութային մարդիկ համատեղում կենցաղը, առօրյան և ստեղծագործականը… Լինու՞մ են ստեղծագործական վեճեր և որպես կանոն ո՞ր դերում ես դու՝ հաղթողի՞, խորհրդատուի՞, թե ՞ ամեն դեպքում զիջող-պարտվողի…
-Արվեստագետի կին լինելը ընդհանրապես շատ հետաքրքիր է և եթե հետաքրքիր է, արդեն դժվարությունները հեշտ է հաղթահարել: Ամուսնուս՝ քանդակագործ Իսահակ Ապրեյանի  հետ դժվարութույուններ համարյա չեն լինում, որովետև  նա ոչ միայն տաղանդավոր է, այլ շատ  հետաքրքիր մարդ: Նրա հետ  կարելի է խոսել ամեն ինչի մասին: Նա շատ հայրենասեր է: Իր ուսանողներին ոչ միայն քանդակագործություն է սովորեցնում, նաև նրանց մեջ սերմանում է հայրենասիրություն,  թե  ինչպես պետք է լինի հայ արվեստագետը և հայ երիտասարդը: Ես կարծում եմ ,  որ  նա  կարող էր  նաև լավ երաժշտագետ լինել: Ունի  երաժշտական նուրբ ճաշակ:  Կարողանում է լսել և գնահատել տարբեր ազգերի ազգային երաժշտությունը: Այդ բազմազանությունը  երեվում է նաև  իր քանդակների  մեջ: Նա կարողանում է քանդակել տարբեր  ոճերի մեջ և ավարտի հասցնել պրոֆեսիոնալ մակարդակով:  Մեր  մեջ  ստեղծագործական վեճեր չեն   լինում, որովհետև նա շատ  ճիշտ է զգում արվեստը և ես  գնահատում և  ընդունում եմ  նրա կարծիքը:
 
-Տղամարդկանց պարագայում որպես ժողովրդական պատգամ գործում է .  «Տուն կառուցիր, ծառ տնկիր, զավակ ունեցիր»-ը, կնոջ համար, ըստ քեզ, որոնք են այդ երեք կյանքի կարևորագույն նախապայմանները…
-Ինձ համար կյանքի 3  կարևորագույն նախապայմաններն են, որ ընտանիքը լինի առողջ   ֆիզիկապես, բանականությամբ  և հոգով:      
 
-Երջանկության ու սիրված լինելու բանաձևը ըստ քեզ … 
-Երջանկության գաղտնիքը, երբ  սիրում ես և  սիրված  ես: Իսկ  սիրված լինելու  բանաձևը  ըստ իս՝ սիրել, լինել համբերատար  և  ուշադիր:

 

              

«Յոյս» թիւ 239
16 Մայիս 2017

                       
                                     
 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *