«Յոյս»-ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՏՆՏԵՍԱՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՊՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՏ

(Առաջին մաս)
 
hooys-armenian-239-2
 
Ապրիլյան նահատակների ոգեկոչման միջո-ցառումների հետ կապված, Թեհրանում էր գտնվում Հայաստանի նախագահին կից Հանրային Խորհրդի տնտեսաֆինանսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ապ-րանք արտադրողների միության նախագահ և Հայաստանի առաջադիմական Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանը: Առիթից օգտվելով «Յոյս» երկշաբաթաթերթը նրա հետ անցկացրեց մի հարցազրույց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 
 
 
Հարց.- Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ «Յոյս» երկշաբաթաթերթի գրասենյակ այցելելու և հարցազրույցի համար: Խնդրում ենք համառոտ կերպով ներկայացնեք ձեզ:
Պատ.- Ես Վազգեն Սաֆարյանն եմ, ծնվել եմ 1950 թվականին Երևանում, 1991-95 թվականներին մեծամասնական համակարգով ընտրվել եմ Երևանի Էրեբունի համայնքի շրջանային խորհրդի պատգամավոր և պատգամավորական ընթացքում վերականգնել եմ Էրեբունու Կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեն և ունեցել ենք կոմունիստների խմբակցություն, 90 պատգամավորներից 36-ը եղել են մեր խմբակցության անդամները: 1995 թվականին կոմկուսի ցուցակով ես ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր մինչև 1999 թվականը: Այդ թվականից ի վեր ես զբաղվում եմ հասարակական և քաղաքական գործունեությամբ, 1999 թվա-կանին հիմնադրել եմ Հայաստանի ապրանք արտադրողների միությունը ապրիլի 4-ին և դրանից երկու ամիս անց մենք Նիկոլայ Ռիշկովի նախաձեռնությամբ 7 տարբեր երկրների ապրանք արտադրողների հետ Մինսկ քաղում ստեղծել ենք Ապրանք արտադրողների միջազ-գային միությունը, որի նախագահն է եղել Ռուսաստանի այն ժամանակվա պատգամավոր Նիկոլայ Ռիշկովը, որը եղել է Խորհրդային Միության վերջին պրեմիեր մինիստրը: Մենք նպատակ ենք դրել վերականգնել մեր տնտեսական և արդյունաբերական կապերը, այդ իմաստով որոշակի ձեռքբերումների ենք հասել ներքին կոոպերացիայի անհրաժեշտության զարգացման արդյունաբերական, ինչպես նաև արտաքին տնտեսական կոոպերատիվ զարգացման ուղղությամբ: 2009 թվականին ընտրվել եմ Հայաստանի Հանրային խորհրդի անդամ, որ Հանրապետության նախագահին կից հասարակական կառույց է և ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահն եմ: Հանրային խորհրդի նպատակն է դառնալ կամուրջ հանրային հնչեղություն ունեցող հարցերի քննարկումը և այդ հարցերը տեղափոխել իշխանությունների քննարկմանը և ստանալ դրանց պատասխանները: Այսինքն մենք հանրային կարծիքը ուսումնասիրող կառույց ենք, ինչու չէ նաև հանրային կարծիքը տեղավորող կառույց ենք: Այս իմաստով մենք որոշակի ճանաչում և ձեռքբերումներ ունենք հանրության մեջ, որովհետև մեր ընդունած շատ որոշումները դարձել են իրողություններ և թույլ չենք տվել այնպիսի գործողություններ, որոնք հանրության մեջ առաջացնեն բացասական տրամադրություններ, օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանի քանդելու հարցը և այդպիսի շատ հարցեր: Մենք այդպիսի հարցերի վերաբերյալ հայտնել ենք մեր կարծիքը, որ գերակայել է և դրանք չեն քանդվել կամ չեն ապամոնտաժվել և պահպանվել են: Այնպես որ իմ գործունեության շրջանակը լայն է քաղաքական և հասարակական առումով, և այդ իմաստով ես որոշակի հարցերի տիրապետում եմ և կարող եմ դրանց մասին տալ որոշակի պատասխաններ:
 
 
 
hooys-armenian-239-4 Հարց.- Հանրային խորհուրդն ի՞նչ հիմունքներով է ընտրվում և քանի տարվա համար:    
Պատ.- Հանրային խորհուրդը ընտրվում է նախագահի ժամանակաշրջանին համապատասխան, բաղկացած է 36 անդամներից, որոնցից 12-ին նշանակում է Հանրապետության նախագահը և այդ 12 հոգին ձևավորում են աշխատանքային խմբեր, որպեսզի կյանքի կոչվեն Հանրային խորհրդի հանձնաժողովները: Հայտարարություն է տրվել հասարակական կազմակերպություններին, որ նրանք իրենց ներկայացուցիչներին գործուղեն Հանրային խորհուրդ: 1900-ից սկսած ավելի շատ հասարակական կազմակերպություններ իրենց ներկայացուցիչներին գործուղել են Հանրային խորհուրդ, և ըստ նախասիրությունների, կազմվում են հանձնաժողովներ, որոնք էլ ընտրում են իրենց նախագահներին: Ես հայտ էի ներկայացրել ապրանք արտադրողների միության կողմից մասնակցելու Հանրային խորհրդի աշխատանքներին և առաջին նիստում 7 թեկնածուների առկայության պայմաններում ինձ ընտրեցին Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ: Այդ 12 հանձնաժողովների նախագահներին նույնպես Հանրապետության նախագահը հրամանագրեց, որպես Հանրային խորհրդի անդամներ: Այսպիսով Հանրային խորհրդի անդամները դարձան 24 հոգի, որից հետո այդ 24 հոգուց յուրաքանչյուրը մեկական թեկնածու են առաջադրում, որպեսզի դրանց 50 տոկոսը կամ կեսը նույնպես դառնան Հանրային խորհրդի անդամներ: Այսպիսով Հանրային խորհուրդը եռաստիճան ընտրովի համակարգով դարձել է մի միավորում 36 անդամներով: Հանրային խորհուրդը աշխատում է համաձայն կանոնադրության, սակայն քանի որ Հայաստանը անցում է կատարում կիսանախագահական համակարգից դեպի պառլամենտական համակարգի, ըստ նոր սահմանադրության փոփոխության, մի կետ կա նաև Հանրային խորհրդի մասին: Համաձայն այդ կետի, մենք ներկայացնելու ենք նորընտիր Ազգային ժողովին Հանրային խորհրդի մասին մի նախագիծ, որ պատգամավորներից որևէ մեկը կներկայացնի որպես իր նախաձեռնությունը, և կարծում եմ կընդունվի օրենք Հանրային խորհրդի մասին, ապա եկող տարվա ապրիլին, երբ կդադարի նախագահի լիազորությունները նախկին սահմանադրությամբ վերապահված և սահմանադրությունը ուժի մեջ կմտնի նաև նախագահի մասով և այդ դեպքում իշխանության կենտրոնը կդառնա կառավարությունը և Հանրային խորհուրդը, ըստ սահմանադրության, լինելու է արդեն կառավարությանը կից խորհըրդատու մարմին և  կգործի օրենքով:
 
 
Հարց.- Քանի որ մենք սփյուռքյան մամուլ ենք, մեզ հետաքրքրում է իմանալ, որ արդյոք Հանրային խորհրդում կա որևէ հանձնախումբ կամ մտայնություն, որ զբաղվի նաև սփյուռքի հարցերով:   
Պատ.- Այո, Հանրային խորհուրդն ունի մի հանձնաժողով, որը զբաղվում է միջազգային և սփյուռքի հարցերով: Հանձնաժողովը գլխավորում է արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս, պատմաբան և թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Սփյուռքի հետ այդ համատեքստում ունենք հարաբերություններ:
 
 
Հարց.- Ի՞նչ առաքելությամբ եք գտնվում Իրանում և ինչ նպատակ եք հետապնդում:    
Պատ.- Նախ պիտի շնորհակալություն հայտնեմ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրին, որ հնարավորություն ընձեռեց ինձ այցելելու Իրան, սա իմ առաջին այցն է և լինելու է ճանաչողական, բայց քանի որ մեր հանրության մեջ շատ են խոսվում մի շարք ծրագրերի մասին, որոնք  մեր հանրության ուշադրության կենտրոնում են, ես ցանկանում եմ այս այցի ընթացքում ուսումնասիրել Իրանում մեր կողմից հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ իրանական կողմի մոտեցումները, դրանք են՝ Հայաստան-Իրան երկաթգծի շինա-րարությունը, որի 70 կիլոմետր հատվածը Իրանի տարածքում է լինելու և ըստ մեր ունեցած պատկերացումների, պետք է դա իրանական կողմը կառուցեր, երկրորդը Մեղրիում, համաձայն կնքված պայմանագրի, պետք է կառուցվեր հէկ, որը երկար տարիներ չի կառուցվում և ես փորձելու եմ այստեղ ուսումնասիրել, թէ ինչն է պատճառը, որ այդ հէկ-ի աշխատանքները չեն կատարվում, պայմանավորվածությունը այնպիսին է, որ իրանական կողմը պետք է կառուցի այդ հէկ-ը և 15 տարի շահագործի և հետո հանձնի հայկական կողմին: Երրորդ հարցը, որ նույնպես ունի հնչեղություն, և որ Նաիրիտ գործորանը խլորոպրոնային կաուչուկ է արտադրում, մենք մեր մասնագետների հետ քննարկման ժամանակ եկել ենք այն համոզմամբ, որ այդ գործարանը կարելի է աշխատեցնել իրանական գազով, որպես հումք կաուչիկի արտադրության համար: Մենք ուսումնասիրելու ենք նաև, թե Իրանում ինչպիսի մոտեցումներ կան գազի քանակների ավելացման և դրա փոխարեն էլեկտրաէներգիայի մատակարարումը ավելացնելու ուղղությամբ: Նաիրիտի հարցով մենք գտնում ենք, որ իրանական գազը տեխնոլոգիապես շատ ավելի արդյունավետ է կաուչիկի արտադրության համար: Սրանք են այն հարցերը, որոնց մասին մտածում եմ Հայաստանում պետք է բարձրաձայնել ու դարձնել քննարկումների առարկա և հանրային կարծիք ձևավորել, որպեսզի մենք կարողանանք ընթացք տալ այս հարցադրումներին, որոնք լուծումներ առայժմ չունեն: 
 
 
Հարց.- Քանի որ դուք հանդիսանում ենք որպես վերջին խորհրդարանական ընտրությունների թեկնածու, ինչպես կգնահատեք այդ ընտրությունները, բոլոր դաշինքների և կուսակցությունների աշխատանքները և ի՞նչ կասեիք նրանց ծրագրերի մասին:  
Պատ.- Բոլոր կուսակցություններն ու դաշինքները, որոնք մասնակցում էին ընտրություններին, համամիտ էին այն հարցում, որ երկրում ընթացող բարեփոխությունները դանդաղ են ընթանում և կա սոցիալական արդարության բացակայություն, կա անարդարություն, կա մոնոպոլիաներ, և կարիք կա փոխելու տնտեսական քաղաքականությունը, որպեսզի ավելի արդյունավետ դարձնել տնտեսությունը: Մենք կոմունիստներով միավորված մասնակցում էինք ընտրություններին և մեր խնդիրն էր փոխել տնտեսական քաղաքականությունը, հասնել նրան, որ տնտեսությունը լինի առավել արդյունավետ, որ լինի բազմակացութաձև տնտեսություն՝  ինչպես պետական պլանավորման համակարգ լինի, այնպես էլ շուկայական, բայց սոցիալապես ուղղորդված տնտեսություն, և այս երկու համակարգերի արդյունավետ համադրումը պետք է, որ տնտեսությանը տա առավել զարգացում: 1997 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը Հոնկ Կոնգում համատեղ նիստ են գումարել ու ետխորհրդային երկրներին իրենց կողմից առաջարկած մոդելը, որ ազատ շուկան առանց սահմանների պետք է ընթանա առաջ, իրեն չի արդարացրել և այդ մոդելը սնանկ է ճանաչվել: Առաջարկվել է նոր մոդել՝ արդյունավետ կառավարում և ուժեղ տնտեսություն, և հենց այստեղ էլ մեր մոտեցումների հիմնական թիրախը, որ պետք է պետությունը մասնավոր գործընկերության գործառույթը դարձնի ավելի արդյունավետ և պետությունը պետք է մասնավոր հատվածի հետ համագործակցի և միջոցներ տրամադրի տնտեսվարող սուբեյկտներին, գնի նրանցից արժետոմսեր և պետությունը մեծացնի իր ներուժը և դրանով ինքը ներազդի տնտեսկան գործառույթների վրա, տնտեսվարող ձեռնարկություններին պետական պատվերներն իջեցնի, գտնի շուկաներ նրանց պատրաստի արտադրած ապրանքների իրացման համար, և տնտեսական արդյունավետությունը պայման դառնա սոցիալական արդարության համար, այսինքն հանրային արդյունքը սոցիալապես արդար բախշելու, այս խնդիրները մեր ծրագրային գլխավոր ուղղություններն են եղել: Միջազգային հարաբերություններում մենք գտնում ենք  Եվրասիական տնտեսական միության մեջ պետք է խորացնենք մեր կապերը առաջին հերթին նաև Իրանի և Վրաստանի հետ, որոնք մեր բնական դաշնակիցներն են համարվում. նրանց հետ տնտեսական հարաբերությունները պետք է ավելի զարգացնել և հասնել նրան, որ այդ երկու ճանապարհները դառնան ավելի արդյունավետ և մատչելի. դրանք եղել են մեր մոտեցումները և հիմա ուրախ ենք, որ Իրանը ցանկություն է հայտնել անդամագրվելու Եվրասիական տնտեսական միությանը և Մեղրին համարվելու է ազատ առևտրի և տնտեսական գոտի, որտեղ հարկային արտոնություններ կտրվեն Իրանի գործարար շրջաններին նաև Հայաստանի համատեղ ձեռնարկություններ ստեղծելուն ու Եվրասիական տիրույթում թողարկվելիք արտադրանքին, որը 170 միլիոնանոց շուկա է իրացնելու համար: Գյուղատնտեսության մասին ունենք մեր մոտեցումները, այն որ մենք 330,000-ից ավելի գյուղացիական տնտեսություններ ունենք, որոնք արդյունավետ չեն կարողանում գործել, որովհետև նախ հողակտորներն են փոքր, որոնք 0.8-ից 1.2 հեկտար են, երկրոդը՝ տեխնիկա չկա, որ գյուղացիները կարողանան իրենց հողակտորները մշակեն: Գյուղացիների ցանկությամբ պետք է այդ հողակտորները միացնել,  ստեղծել մեքենաէլեկրոնային կայաններ, որոնք մեխանիզացիայի միջոցով կօգնեն գյուղացուն հողը մշակելու և բացի այդ, վերականգնելու «Հայկոպ» կազմակերպությունը՝ սպառողական կոոպերացիան, որը կկազմակերպեր գյուղացիների արտադրած մթերքների գնումը և դրա իրացումը ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանելու և դրսի շուկաներում իրացնելու համար: Սրանք մեր հիմնական մոտեցումներն էին, բայց շեշտադրումները մենք դրել ենք Հայաստանի արդյունաբերության զարգացման վրա, որովհետև Հայաստանը ոչ հեռու անցյալում՝ Խորհրդային ժամանակաշրջանում եղել է հզոր արդյունաբերական երկիր և Խորհրդային Միության չորս հանրապետություններից մեկն է եղել, որ ավելի շատ արտահանել է իր ապրանքները, քան ներմուծել շնորհիվ իր մեքենաշինության արտադրանքի, դրա համար էլ մեր համախառը ներքին արդյունքի մեջ այն ժամանակ, որը 13.5 միլիարդ ռուբլի էր կազմում 1980 թվականին, դրա 67.5 տոկոսը եղել է արդյունաբերության մասնաբաժինը՝ մոտ 9 միլիարդ ռուբլի, որը այսօրվա դոլարային արժեքով 15 միլիարդ դոլարին համարժեք է: Այսօրվա մեր արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալը 1.4 տրիլիոն դրամ է, որը համարժեք է 2.9 միլիարդ դոլարի, այսինքն մենք առնվազն 5 անգամ կորցրել ենք մեր արդյունաբերական ծավալները և դրա համար էլ Հայաստանում առկա է գործազրկություն, արտագաղթ և նման բացասական երևույթներ: Մենք խնդիր էինք դնում ներքին և արտաքին տնտեսական կապերը վերականգնել և Հայաստանը նորից աստիճանաբար դարձնել արդյունաբերական երկիր և ավելի շատ ապրանք արտահանել, քան ներմուծել: Այսօր մեր բացասական հաշվեկշիռը անցյալ տարվա տվյալներով 1.5 միլիարդ դոլար է, այսինքն մենք 3.1 միլիարդ դոլարի ապրանքներ ենք ներմուծել և 1.8 միլիարդ դոլարի ապրանքներ ենք արտահանել: Բայց եղել են տարիներ, երբ մենք ունեցել ենք համարյա 3 միլիարդ դոլարի հասնող բացասական հաշվեկշիռ, այսինքն 4.4 միլիարդ դոլարի ապրանքներ ենք ներմուծել, իսկ 1.4 միլիարդ դոլարի արտահանել: Կամաց-կամաց մենք ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման ծրագիր ենք առաջարկում, իշխանություններն էլ այդ ծրագիրը իրատեսական համարելով իրենք էլ են այդ ուղղությամբ քայլեր կատարում: Մի օրինակ բերեմ, պարարտանյութի բնագավառում մենք 32,000 տոնա ազոտային պարարտանյութ ենք բերում Վրաստանից մեր գյուղացիներին վաճառելու համար, այն դեպքում, երբ Վանաձորում ունենք քիմկոմբինատ, որը կարող էր արտադրել այն, հիմա արդեն կառավարությունը վերջին նիստերից մեկում նշում է, որ մենք պետք է տեղում պարարտանյութ արտադրենք: Թեև ուշ, բայց երբեմն մեր առաջարկությունները լսում են և փորձում են իրականացնել:
 
 
Հարց.-Կուսակցությունների կամ դաշինքների ծրագրերում չէր նկատվում հստակ գաղափարախոսություն կամ տնտեսական ու քաղական համակարգի փոփոխություններ: Անհատների շուրջ էին ավելի շուտ ձևավորված այդ ուժերի մեծ մասը: Այդ 9 ուժերից, որո՞նք ունեին հստակ գաղափարախոսություն և քաղաքական ու տնտեսական ծրագրեր: 
Պատ.- Պիտի ասեմ առաջինը, որ գաղափարական ընդդիմություն էր և գաղափարական ծրագրեր էր ներկայացնում, դա Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն էր, որովհետև մենք խոսում ենք սոցիալիզմի գաղափարները նորովի ներկայացնելու մասին և մենք փորձում ենք դառնալ կամուրջ Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի և ապագայի միջև հենվելով նաև այսօրվա իրողության վրա: Այսինքն մեր կամուրջը առնվազն պետք է ունենար երեք հենարան, որից մեկը Սոցիալիստական Հայաստանն էր իր սոցիալական երաշխիքներով՝ անվճար կրթություն, անվճար բուժական և առողջապահական սպասարկում, բնակարան ստանալ, մարդուն  աշխատանքով ապահովել. մյուս հենարանը՝ դա այսօրվա Հայաստանն է, որը ազատ շուկայական տնտեսություն է որդեգրել և երրորդ հենարանը՝ այն ապագա Հայաստանն է, որը ձևավորվելու է ապրիլի 2-ի ընտրություննե-րից հետո: Մենք բնականաբար մասնակցում էինք ընտրությանը հասկանալով, որ ժողովուրդը արդեն այս վերջին 27 տարիների ընթացքում ազատ շուկայական հարաբերությունները տեսավ, որ հասարակությունը բևեռացվել է մի խումբ հարուստների և հսկա զանգված աղքատների, դրա համար մենք վստահ էինք, որ ժողովուրդը տեսնելով կամ հիշելով Խորհրդային Հայաստանի սոցիալիստական նվաճումները, որը համարում էինք որպես ոսկե դար մեր ժողովրդի պատմության մեջ, մենք կարծում էինք, որ այդ ամենը մեր ժողովուրդը իր կյանքի վրա զգալով կփորձի դրանց հիմնադրույթները բերել ապագա հասարակարգ և դրա համար մենք ասում էինք, որ երրորդ հենարանը կլինի ապագա Հայաստանը ապրիլի 2-ից հետո, սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային համակարգը, որը գործում էր այս ընտրություններում, իր խեղաթյուրումները ավելի շատ են, քան առավելությունները, որովհետև մարդիկ ամեն կերպ ձգտում էին անառողջ մրցակցության մեջ մտնել և շատ ձայներ կորզել: Իրենց համար ձայն հավաքելով, նրանք ձայն էին բերում նաև տվյալ կուսակցության համար, իսկ այն կուսակցությունները, որոնք ունեին ադմինիստրատիվ լծակներ, բնականաբար ժողովրդի վրա ազդելու շատ հնարքներ ունեին և նրանք կարողանում էին ժողովրդին ապակողմնորոշել, ինչու չէ նաև կողմնորոշել տարբեր տեսակի հրապուրիչ առաջարկություններով և ձայներ էին կոր-զում, դրա համար էլ մեր Կոմունսիտական կուսակցությունը, որը թվում էր շատ ձայներ կստանա, նույնիսկ «Էքզիտպոլի» տվյալներով, երբ 30,000 մարդու հետ անց էին կացրել հարցումներ ընտրություններից հետո, երկու տոկոս էին նախատեսել մեզ համար, բայց մենք ստացանք 0.75 տոկոս, որը մեզ համար անընդունելի է և անհասկանալի:
 
 
Հարց.- Բացի ձեր կուսակցությունից, ուրիշ ո՞ր կուսակցությունն է ունեցել հստակ գաղափարախոսություն կամ հստակ տնտեսական կամ քաղաքական ծրագիր:
Պատ.- Բոլոր կուսակցությունները, իհարկե, մի փոքր առանձնանում էր Դաշնակցական կուսակցությունը, որն իր պահանջատիրական խնդիրներն էր առաջ բերում: Լևոն Տեր-Պետ-րոսյանի գլխավորած ՀԱԿԺԿ դաշինքը նույնպես, որ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ուներ հըստակ մոտեցում, որ պետք է գնալ միակողմանի զիջումների և հասնել կայուն խաղաղության: Մյուս կուսակցություններն, ըստ էության, նույն դաշտում էին աշխատում՝ նույն լիբերալ տնտեսական ազատական. մի խոսքով, կապիտալիստական մոդելի կողմնակիցներ լինելով և կոսմետիկ փոփոխություններ անելով և ավելի շատ այն համոզմունքով, որ եթե մենք գանք իշխանության ավելի լավ կկառավարենք: Բայց ընդգծված աշխարհաքաղաքական ուղղություններով մենք ունեինք մեր տրադիցիոն կապերը պահպանելու ցանկություն՝ դա Եվրասիական տնտեսության խորացումն էր. կային ազատ դեմոկրատներ, որոնք արևմտյան արժեքներն էին դավանում և ավելի շուտ կարելի է ասել, որ այդ կուսակցությունները ոչ այնքան գաղափարական, որքան որ ասենք աշխարհաքաղաքական կողմնորոշումներով էին առանձնանում՝ դեպի արևմուտք, թէ դեպի Եվրասիական տնտեսական միություն: Ժողովուրդն այս ընտրություններով ամեն մեկին, ինչպես ասում են, իր ձայների տալու չափաբաժինով իր տեղը դրեց և եթե ընտրություններից հետո ժողովուրդը չդժգոհեց ու մասսայական ընդվզումներ չեղան, ուրեմն ընդունված է ասել, որ այն, ինչ կատարվել է, ժողովրդի արտահայտությամբ է եղել, դրա համար մենք մտածում ենք, որ հաջորդ ընտրություններում պետք է փոխենք մեր տակտիկան և պետք է ավելի արդյունավետ լինել ու պայքարել այսօրվանից, որ ռեյտինգային համակարգը չգործի և ժողովրդի հետ ուղղակի հանդիպումները, որոնք արդյունք չեն տալիս և պետք է հեռուստատեսային բանավեճեր կազմակերպվեն, ամեն մի կուսակցություն ունենա իր 5-6 առաջատար դեմքերին, մեկը լինելու է օրինակ վարչապետի թեկնածու, մյուսը ազգային ժողովի նախագահի թեկնածու, մեկը արտաքին գործերի նախարարի, մյուսը տնտեսության զարգացման նախարարի, սրանք պիտի հավաքվեն հեռուստալսարաններում և պատասխանեն լրագրողների հարցերին, որով ժողովուրդը կկողմնորոշվի: 25 օրվա ընթացքում հնարավոր չէ Հայաստանի 48 քաղաքներում և 970 գյուղերում լինել:
 
 
«Յոյս» թիւ 239
16 Մայիս 2017

   

 

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *