Մեծ Եղեռնի մասին գրառումներ Իսահակյանի «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ում

(երկրորդ մաս)
 
1918
Բոլշևիկյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը հեռանում են ոչ միայն գրավյալ Տաճկահայաստանից (Արևմտյան Հայաստանից), այլև բովանդակ Կովկասից: 1918 թ. գարնանը թուրքական բանակը շարժվում է դեպի Կովկաս: Տագնապալի վիճակ է ստեղծվում հայության համար, որը արտահայտված է «Հիշատակարան»-ում: Մայիսին տեղի է ունենում Սարդարապատի հայոց հաղթանակը և  Հայաստանի հանրապետության ստեղծումը: Մղձավանջը մասամբ վերանում է: 1918 թ. հոկտեմբերին ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը՝ Գերմանիայի և նրա դաշնակից Թուրքիայի պարտությամբ: Հայ ժողովուրդը լավատեսությամբ է նայում ապագային: Այդ լավատեսությունը երևում է նաև «Հիշատակարան»-ում՝ գրված նոյեմբերին:
 
 
 
Մարտի 5
Հայության վիճակը ամենահուսահատականն է, վտանգված է հայի գոյությունը, Կարսի և Բաթումի գրավելուց հետո ամբողջ Կովկասը թյուրքերի ոտքի տակն է, կջարդեն հայերին և մասամբ էլ վրացիներին կհասնեն Բաքու և Թավրիզ: Հայությունը վրացիների հետ միացած կարող են կռվել և պաշտպանվել մինչև դրության փոփոխությունը, իսկ եթե առանց կռվի հանձնեն երկիրը… վայն եկել, տարել է:
 
Մարտի 8
Երբ կարդում եմ թերթերը՝ սարսափից աչքերս ծածկում եմ, ասես թե՝ մեռնում եմ…
Հայությունը աներևակայելի վտանգի մեջ է հիմա, եթե անկորուստ դուրս պրծնի  այս մահամերձ վիճակից, խոսք եմ տալիս ինձ՝ կյանքիս մեջ երբեք ախ չքաշել, չտխրել, չհուսահատվել, այլ ուրախ ու զվարթ, հարբած՝ ոգևորված ապրել ու գործել…
 
Մարտի 9, Ժընև
Հայությունը ապրում է իր 3000 տարվա պատմության ընթացքում չտեսնված մի ճգնաժամ: Թրքահայաստանը կոտորված ու ավեր ու ամայի, իսկ Ռուսահայաստանը նույն օրհասի առջև սրտադող կանգնած, աշխարհից, մարդկանցից և Աստցուծ լքված, մենակ ահավոր թշնամու դեմ, գերմանաթուրան արյունարբու հորդաների առջև: Այսօր հեռագիրը գուժում է Սամսոնի նոր ջարդերի մասին, վաղը և մյուս օրը թերևս Կովկասի… Քուրդ, թուրք, Կովկասի լեռնցիներ հեղեղելու են մեր երկիրը… Ինչպե՞ս պիտի դիմադրել և դիմանալ… 
Ի՞նչ հույսեր կան… 
… Ծանր, անհույս մտքեր. խենթացուցիչ հեռանկարներ:
Բայց չպետք է հուսահատվիլ, այլ պետք է կռվել և կռվով մեռնել…
 
Մարտի 13
Այսօր թյուրքերը գրավեցին էրզրումը, ուրեմն մոտենում են Կարսին, հայերը նորից պիտի կռվեն և հերոսաբար մեռնեն: Մի՞թե ո՛չ մի տեղից օգնություն չպիտի հասնի մեզ…
Մի՞թե ես պիտի աչքովս տեսնեմ իմ ազգի մահը…
Կարնո անկման օրը:
Միայն թե չմեռնի հույսը…
 
Մարտի 15
… Վայրկյանը չափազանց ծանր է, մեռցնող մեր ահավոր պատմության մեջ իսկապես աննախընթաց, հայության կեսը ոչնչացավ, օրհասը, անխուսափելի օրհասը մյուս կեսին է…
Եվ ո՛չ մի տեղից փրկություն չկա…
Այս պատերազմը եղավ միայն մեզ ջնջելու համար: Անչափ անգամ նզովվա՛ծ լինի մարդկությունը՝ գազա՛ն, ավելի քան գազա՛ն…
 
Ապրիլի 25
Օրեցօր դրությունը վատթարանում է, մեր վիճակը դառնում է սարսափելի, ավելի սարսափելի, գերսարսափելի, բայց նորեն դեռ չի եկել սարսափելին…
 … Որտեղի՞ց պիտի գա մեր փրկությունը… 
Այս սոսկալի հարցը երու-երեք ամիս է… տանջում է, խաչում է հայությանը…
 – Թո՛ւք և մո՛ւր մարդկության խղճին…
 
Մայիսի 19
Դրությունը նորից ծանր է, կրիտիկական: Թյուրքերը Կարսը առան, բայց առաջ չեն գնում, եթե այդպես լինի, կիսով փրկված ենք, սակայն դեռ անորոշ է և անակնկալներով ու սարսափներով հղի:
Ե՞րբ պիտի անցնի մղձավանջը…
 
Հունիսի 9
… Շատ անորոշ է ամեն ինչ, մի բան պարզ է, որ մեր վիճակը շա՜տ վատ է, շա՜տ խառն, շա՜տ կրիտիկ, դեմ առ դեմ, ուրեմն, կանգնած ենք, մենակ, մեն-մենակ մեր հազարամյա ստոր, ցած, ոճրագործ թշնամու առաջ…
Նորից սպասենք, հուսանք, անհույս հուսանք …
 
Հունիսի 23
… Թե հայությունը ի՞նչ վիճակի մեջ է այժմ՝ Աստված գիտե, ո՛չ մի լուր, ո՛չ մի ձայն, ասես թե ամենքը մեռել են և գերեզմանի լռություն է տարածված հայության վրա…
 
Հուլիսի 11, Ժընև
Մենք պիտի կռվենք մի անհույս հույսով, մենք պիտի հաղթենք թյուրքերին- դա մեր հույսն է, եթե կուզեք ասեմ՝  մեր անհույս հույսն է:
 
Նոյեմբերի 31
< .. > Թող  նոր սերունդները գան, որոնց հոգին պղտորված չէ սարսափով ու վշտով, ուրախանան և պայծառ սրտով երգեն հայության ազատությունը:
 
 
 
 
1919
Առաջին համաշխարահային պատերազմում հաղթանակած մեծ պետությունները, պատրաստվում են ժողովի նստել և պայմանագիր կնքել պարտված Թուրքիայի հետ: Հայերը մեծ հույսեր են փայփայում, որ ահա մեծ պետությունները իրենց փոքր դաշնակից հայերին շուտով պիտի Հայաստան տան: Բայց ըստ երևույթին մեծ պետությունները ձգձգում էին իրենց ժողովները հույս ունենալով Թուրքիայի ներսում ուժեղացող Մուստաֆա Քեմալի վրա՝ որպես պատվար բոլշևիզմի տարածման դեմ: Եվ այսպես այդ  ժողովները տևեց մինչև իր 1920 թ. օգոստոսը, երբ Սուլթանական Թուրքիայի հետ ստորագրվեց Սեվրի դաշնագիրը: 
 
 
 
Հունվարի 23, ժընև
Սարսափների այն օվկիանոսը, որ թյուրքերը թափեցին մեր գլխին, այն բազմապիսի և բազմաձև տանջանքները, որով թյուրքերը խոշտանգեցին ամեն հայի՝ մի լեզու չի կարող պատմել,ոչ  մի սիրտ, որքան էլ որ նա մեծ, անհուն, անսահման լինի, չի կարող զգալ այդ զարհուրանքը, լաց լինել, ողբալ… Երեխայական, կանացի, սովորական բան է լացը, լացով չի ասվի մեր կսկիծը, օռնանք պիտի մենք, խենթագին, մոլաբար, խոլագին պիտի օռնանք, պիտի օռնանք երկինքն ի վեր պիտի մեր օռնոցը փոթորիկ լինի, մի ահեղ քամի, սաստկաշունչ հողմ, որ մտնի ամեն երկիր, ամեն տուն ու ապարանք՝ պիտի հանգցնե բոլոր ճրագներն ու լույսերը, խավար սփռե աշխարհքի վրա, պիտի փոշի դարձնե ամեն ինչ, և փոշով ծածկե մարդկային կեղծ խիղճը, արդարությունը բոլորի քունը պիտի կտրե, բոլորի կրծքերին պիտի նստի ահավոր մղձավանջի պես և հույսը մեռցնե բոլորի հոգու մեջ ավելին, մեր խենթությունը, անհույս խենթությունը պիտի մարե աստղերն ու արևները, պիտի իրար շաղախե նրանց, և տիեզերքի խորքերից պիտի գտնի, դուրս հանե փակված ու թաքնված և աստծուն, և նրա օձիքից բռնած պիտի ջախջախենք նրա գլուխը մեր ավերակների սալաքարերի վրա… 
 
 
 
1920
Եվրոպայի հաղթական (Անտանտի) պետությունները ձգձգում են հայկական հարցի լուծումը, իսկ Թուրքիայում ուժեղանում է Մ. Քեմալը և պատրաստվում շարժվել Հայսատանի Հանրապետության վրա: Մինչ Հայաստանի կառավարությունը դեռ հավատում և սպասում էր Անտանտի պետությունների օգնությանը, 1920 թ. աշնանը քեմալական զորքերը գրավում են Կարսն ու Ալեքսանդրապոլը և սպառնում են գրավել Երևանը: Այս ընթացքում բոլշևիկները Հայաստանի մնացյալ հողում հայտարարում են Սովետական Հայաստանի հիմնադրումը: Մյուս կողմից Ֆրանսիան պատրաստվում է Կիլիկիան լիովին հանձնել քեմալական Թուրքիային: 
 
 
 
Հունվարի 21, ժընև
Արմիստիսից (հրադադարից) մինչև այսօր 15 ամիս է անցել և հայոց հարցը մեր «բարեկամ» Անտանտը դեռ չվճռեց: Անցյալ ամբողջ տարվա ընթացքում (1919 թ.), մենք ունեցանք նորից, և այս անգամ ամենամեծ, զարհուրելի հիասթափությունը եվրոպացի մարդու ազնվության վերա. մենք տեսանք, որ եվրոպացին միայն մեկ Աստված ունի՝ տնտեսկան շահը, ինչպես որ եվրոպացի անհատը էգոիստ է, այնպես էլ նրանց պետությունները ՝ էգոիստ, ցինիկ էգոիստ…
Ամբողջ տարվա ընթացքում մենք տեսանք, որ եվրոպացին ձգտում է թաղել հայկական հարցը, անտարբերությամբ հայտարարելով, թե Հայաստանում հայ չկա, ցավում ենք, բայց ինչ արած, Հայաստան չի կարող ստեղծվել…
…Եվ այս ամենը իրենց հինգ տարվա շարունակական խոստումներից հետո. նրանք Հայաստանի նահատակությունը և արյունը շինեցին իրենց համար ագիտացիայի միջոց և հիմա մեզ վատաբար լքում են մեր դահիճների ձեռքը…
Ահա մերկ, իսկական, դաժան իրականությունը…  
 
Փետրվար 22
Կիլիկիայում նորից ջարդեր՝ 7000 հայ, կրկին ջարդում են հայերին, և մեր դաշնակիցները բավականանում են լոկ դատարկ խոսքերով մխիթարելով հայերին և վախ տալով թյուրքերին. սակայն թյուրքը շատ լավ գիտե եվրոպացիների սպառնալիքների արժեքը…
Մեզնից հիմա օգուտ չունեն. ունեին, երբ նեղն էին, պատերազմ կար, խոստումների շրջան էր, որ կռվեին հայերը, որ ջարդվէին և դրանով զենք տային իր ձեռքը՝ վարկաբեկելու Թյուրքիային և Գերմանիային, մանավանդ Գերմանիային չեզոքների առջև, և մեր սուրբ արյունով իրենց կեղտոտ ակտը սրբագործէին. իսկ հենց որ պատերզամը վերջացավ՝ հիմա շահը. մեզնից ինչ շահ. քանդված երկիր, ավեր, սով, ջարդված, մերկ ժողովուրդ… իսկ թյուրքը, քուրդը, թաթարը հայերին կողոպտել են, փող ունեն, քանդված չեն, շեն երկիրներ ունեն, ուրեմն նրանց հետ բարեկամանալ՝ օգտվելու համար. հապա հայերը… Պետք է նրանց օգնեն, հաց տան, փող տան, հագուստ տան, զենք տան… Ուրեմն թող կորչին հայերը, մեռնին, որ իրենք ազատ զգան հատուցումից, երախտիքից, պարտքից: Քուրդը սպանում է իր երախտավորին՝ ազատվելու համար. իսկ եվրոպացին ինչով է բարձր քյուրդի մորալից, եթե ոչ միայն կատարելագործված թնդանոթով: 
Իսկ մամուլը… Սա որ իր երկրների պես պոռնիկ է, վաճառված. Ստանում է փող. և արդարությունը, մարդկայնությունը, իրավունքը, բարին ուրանում…      
 
Փետրվարի 29
Կիլիկիայում նորից ջարդ, 20,000: Ուրեմն հավիտենական ջարդ, լինի Գերմանիայի տիրապետության տակ, թե այսօր  Ֆրանսիայի: Հայության ճակատագիրն է ջարդ, ոչնչացում, ո՛չ մի տեղից փրկություն: Հաղթական դաշնակիցներ, հաղթված թյուրքեր… և նորից ջարդ ու ջարդ:
Ամերիկան ճառում է մարդասիրությունից, Հայաստանի փրկությունից, բայց չուզեցավ մի փոքր զոհաբերություն, մի բանակ ուղարկելու Թյուրքիա՝ պաշտպանելու հայերին:
Անգլիան զինադադար կնքեց, ինքը թյուրքերի հետ չդատարկեց Հայաստանը, զինաթափ չարեց թյուրք զորքը, և թողեց ամբողջ 16 ամիս Հայաստանը թյուրքերի ձեռքում, որ ավերեն, քանդեն, ոչնչացնեն մնացածներին, կովկասահայերից, պարսկահայերից կողոպտած հարստությունը թյուրքերը ժամանակ ունենան տեղափոխելու իրենց երկրի խորքերը, … Եվ հազար ու մի խաղ խաղաց՝ Հայաստանը սահմանափակելու միայն Կովկասով<…>
Իսկ Ֆրանսիա՞ն… Կիլիկիան գրավեց և թույլ է տալիս սարսափելի ջարդերի, ինչո՞ւ չէ, ի՞նչ կորուստ ունի ինքը… խի՞ղճ – վագրի մոտ խիղճ ե՞րբ է տեսած…
Գերմանիային մեղադրում էին, թե թույլ է տալիս, որ հայերին ջարդեն ինքը ինչ է անում… Թշնամին կոտորում է քեզ ապավինած ժողովրդին, իսկ դու հրճվանքով Պոլիսն ես նրան ընծայաբերում, թերթերդ՝ վաճառված, կաշառված քո բերանը, քո հասարակության ձայնն ու խիղճը՝ պահանջում է Թյուրքիան թողնել անձեռնմխելի…
Լի՛րբ Ֆրանսիա, գնաց զինաթափ արեց հայերին, կամավորներին և զինեց քյուրդերին, թյուրքերին գնաց Մուսթաֆա Քեմալին այցի և սիրաշահեց:
 
Մարտի 8, Ժընև
Վերջապես մեր զոհերը Եվրոպան՝ պատերազմող կամ չեզոք՝ 0-ի արժեք չտվեց, այնինչ ամբողջ պատերազմի ընթացքում խոսեց ու ճառեց մարդկության, խղճի, հատուցման վեհ գաղափարներից նույնիսկ Ամերիկան շահագործեց մեր զոհերի մարտիրոսացումը իր բուրժուական աղտոտ նպատակը սրբագործելու համար, և այսօր նա, միսիոներների համար, նորից զոհում է հազար անգամ մորթված զոհին և գաղտնի հովանավորում գազանթյուրքին: Այո, խոսեցին հումանիզմից, անարգեցին, թքեցինմրեցին Գերմանիային, բայց երբ խաղաղությունը եկավ՝ ամենից շուտ դավաճանեցին հայ դատին, թյուրքերի հետ նպաստավոր պայմաններ կապեցին զինադադարի, չգրավեցին հայ նահանգները՝ դյnւրություն ներկայացնելով թյուրքերին, որ ի գլուխ բերեն հայաջնջման ծրագիրը բոլոր-բովանդակ: Ամբողջ 16 ամիս շոյեցին հաղթական պետությունները թյուրքին, և այնպիսի մարդիկ, ինչպես Կլեմանսո, որ առաջ գրել էր ու պաշտպանել հայերին, բողոքել ու կատաղել, բայց երբ պիտի վճռեր, շահը կուրացրեց իր խիղճը և ծախեց իր հոգին:
Այդպես բոլորը:
Ամբողջ 16 ամիս նա մեր խնդիրքին, աղերսին չլսեց, ո՛չ զենք տվեց, ո՛չ հաց, ո՛չ պաշտպանեց ջարդերից, ո՛չ պատժեց ջարդարարներին, ուղղակի թքել չուզեց վրաներս:
 
Մայիսի 14
Այսօր ամենավատ լուրերով օրն է,…. տաճիկ զորքերը Էրզրումից շարժվում են հայերի վրա, իսկ լիրբ, խաբեբա, սրիկա, անազնիվ Անտանտը մեր վրա թքել չի ուզում…
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, բոլոր ազգերի, բոլոր բորենիների զոհ և մեր հիմարներից խաբված զո՛հ…
 
 

 

 

 
hooys-armenian-239-1
 
 
Հունիսի 5, Ժընև
Հայ ժողովրդի անանուն տառապանքը, եթե գրելու լինի մարդը, պիտի միլիոն հատոր լեցնե, որովհետև միլիոն զոհի զարհուրելի պատ-մությունն է, որ պիտի պատմվի, ամեն մի զոհի տառապանքները մի հատոր կպարունակեն, սակայն, մի քանի խոսքով պատմելու որ լինենք, այսպես կլինի,
Անտանտը արդարության, ազատության, փոքր ազգերի ազատագրման՝ բազմիցս մեծադղորդ խոստումներով զարդարեց իրան, հայ ժողովուրդը, հավատալով այդ խոստումներին, կռիվ մտավ և ջարդվեց ու կոտորվեց, Անտանտը օգտագործեց այդ ջարդերը իր պատերազմական շահախնդիր նպատակների համար, աշխարհի համակրությունը գրավելու համար, խորամանկ կերպով իր սրտի դավերը իր ստոր դեմքի ժպիտներով ծածկելով: Եկավ զինադադարը, առաջին դավաճանությունը ծայրը ցույց տվեց՝ Հայաստանը չգրավեցին, դատարկել չտվին, ապա գնացին Կովկաս, զինեցին թաթարներին՝ նավթի համար՝ մեր դեմ, թյուրքերին շոյեցին… թույլ տվեցին Կիլիկիայի և Հայաստանի հանրապետության ջարդերը, և ապա վերջը մեր արյունի գնով Կ. Պոլիսը գրավելով՝ ստիպում են մեզ մեր ուժերով, պատերազմով գրավելու տրվելիք հայ հողերը, որպեսզի մնացած հայությունն էլ կոտորվի թյուրքթաթարքուրդ ոհմակների միջոցով: Ապա իրենց վատությունը արդարացնելու համար սկսեցին հային մեղադրել… Սրիկա՛ գրողներ, ժուռնալներ, սենատորներ և միսիոներներ՝ ամենքը կաշառված, վարձված, իսկ մամուլը՝ այդ յոթերորդ մեծ պետություն կոչված պոռնիկը, սկսեց հայերին դավել և թյուրքին գովել…
Ահա այս ահավոր դավաճանությունը, պատ-մության մեջ չտեսնված, պատմության մեջ անունը չունեցող մի մեծ ոճրի հանդեպ:
Սուտ են մարդկայնություն, խիղճ, արդարություն, քրիստոնեություն խոսքերը, Եվրոպան գազան է և ավազակ, արյունարբու և ոճրագործ, խեղդել բոլորին, բոլորին… և ինքնասպան լինել, ջնջվել այս լիրբ աշխարհից…

 

 

(շար․․․)

 

 

 

 

 

«Յոյս» թիւ 239
16 Մայիս 2017
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *