Երբ խավարին նետվեց ժանյակե մի ձեռնոց

«Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել» 
Ջոնաթան Սվիֆթ
 
hooys-armenian-238-1
  
«Նա տեսնում է ավելին, քան շատերը» վերնագրով էր սկսվում կյանքի լուսավոր ու մութ երեսներին շիտակ, իր հոգու լույսով նայող արտիստուհու, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի Արմինե Մացակյանի մասին պատմող հոդվածս, որի առիթը դարձավ իր տեսակի մեջ բացառիկ այս արտիստուհու հետ նրա «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» մոնո ներկայացումը… Լուսավոր մարդ է Արմինեն, ներքին բոցով ու կանացի նուրբ հմայքով օժտված բեմի նվիրյալ քրմուհին, ում աղոթքը, սերն ու փրկության լույսը թատրոն ասված մոգական գոյության մեջ է, որտեղ նրա ամեն մի քայլը, շարժումն ու հաճախ ինքնամոռաց խաղը անգամ իր կամքից անկախ բարձրաձայնումն է ոգու ուժի… Իր իսկ գոյությամբ նա իբրև արարման ջահակիր, մի լուսավոր հրեշտակի նման իր ետևից դեպի լույսն ու բարին է տանում բազում հոգիների, ովքեր մեկ անգամ տեսնելով նրա խաղը, նրա մարմնավորած կերպարներից որևէ մեկին՝ իրենց ողջ կյանքում բազմիցս ապրելու և վերապրելու են նրա սխրանքի խորհուրդ – խրատը… Ինչի մասին էլ որ խոսի ու պոռթկա նրա խաղացած կերպարը իր լինելությամբ իսկ պայքարելու, հավատալու և հաղթելու բազմակետեր է թողնում հանդիսատեսի գիտակցության մեջ… Տասնամյակ անց նրա խոսքն ու զրույցը վայելելու գեղեցիկ առիթը դերասանուհու նորանոր ձեռքբերումների մասին է պատմում, հաստատուն պահելով նրա մարդկային և բեմական տեսակը՝ կինը, որը մերժեց ֆիզիկական դժվարությունները, չհանձնվելով, իր ժանյակե ձեռնոցը նետելով խավարին, այնտեղից պեղեց լույսը ու Դանկոյի այրվող սրտի նման ձեռքում պահած՝ այսօր էլ, այլ ափերում ապրելով՝ շարունակում է լուսավորել թերևս ամենասարսափելին՝ հոգու իրական խավարը… 
 
 
 
hooys-armenian-238-2-Ծնվել եմ 1968թ տարվա ամենաերկար գիշերվա լուսաբացին, Հայաստանի Վանաձոր քաղաքաում։ Տասնամյակն ավարտելուց հետո Մանկավարժական ինստիտուտին զուգահեռ սովորել եմ  նաև  ՀԹԳՄ թատերական ստուդիայի Լոռու մասնաճյուղում։ Առաջին ուսուցիչներս  եղան Հայաստանի ժողովրդական արտիստներ Վոլոդյա Գրիգորյանը, Հակոբ Ազիզյանը և Միրոն Չուլակյանը։ Թատերական ստուդիան ավարտելուց հետո  մինչև 2013 թ.  խաղացել  եմ  հարազատ քաղաքիս  նույքան հարազատ  Հ. Աբելյանի թատրոնի բեմում։ 
      Խաղացանկիս մեջ ինձ համար առավել սիրելի էին Գ. Ֆիգերեյդոյի «Եզովպոս» ներկայացման մեջ Մելլին, Լուսինդան Մոլիերի «Ակամա Բժիշկ» կատակերգությունում, Անտուանետը «Կասկած Կնոջ սրտում» -ից։ Ինձ համար շատ թանկ էր նաև մաեստրո Վ. Շահվերդյանի բեմադրած ներկայացումներում որպես արտիստուհի թրծ-վելու և կայանալու հանգամանքը։ Ճանապարհս էականորեն ուրիշ կլիներ, եթե չլիներ չարաբաստիկ 2000-թվականը։ Ես մեծ խնդիրներ ունեցա տեսողությանս հետ, երկու անհաջող վիրահատություն տարա, արդյունքում անդառնալիորեն կորցնելով աչքերս, լույսը տեսնելու հնարավորությունը… Անդառնալի այս շրջադարձից հետո  երկու ճանապարհ կար՝ կամ թաղվել  մոռացության խավարի մեջ, կամ՝ փնտրել հավատարիմ ձեռքեր և նրանց օգնությամբ վերադառնալ բեմ՝ քայլելով տատասկոտ ու ցավեցնող ճանապարհով։ Մարդիկ եղան, ովքեր ինձ հավատացին և նրանցից առաջինը ամուսինս էր։ Ես նորից վերդարձա բեմ։ Առանց տեսնելու խաղընկերոջը, բայց նրան զգալով, ձայնով, շնչառությամբ, հոտով։ Իմ խաղացանկում հայտնվեց Վ. Սարոյանի Էմիլին «Հե՜յ, ո'վ կա այդտեղ» ներկայացումից։ Այս ներկայացման հա-ջողությունը ստիպեց ինձ ավելի վստահ լինել։ Հետո ես ինձ նետեցի հաջորդ մարտահրավերը՝ միայնակ արարել բեմում։ 2004 թ. խաղացի  իմ առաջին մոնոներկայացումը Ս. Զուլոյանի «Ինձնից մինչև Ես» բանաստեղծական շաղախը։ Չորս տարի անց  բեմական կյանք ստացավ  իմ Լեդի Մակբեթը, Շեքսպիրի  «Մագբեթ» ողբերգությունից
 
 
 
 
2004 թ. արժանացա ՀԹԳՄ Արտավազդ մրցանակին Վ. Սարոյանի «Հե՜յ, ո'վ կա այդտեղ» Էմիլիի դերակատարման համար, տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում։ 2004 և 2008 թթ մասնակցել եմ «Արմմոնո» միջազգային փառատոնին, 2006 թվին  մասնակցել  եմ Գերմանիայի Քիլ քաղաքում «Թեսպիս» մոնոներկայացումներ  միջազգային փառատոնին  և ստացել ժյուրիի հատուկ մրցանակ, 2007 և 2009 թթ. մասնակցել եմ Կիևում «Մարիա» մոնոներկայացումների միջազգային փառատոնին և 2 անգամ ստացել «Ոսկե Մարիա» մրցանակ, 2010-ին Մոսկվայում  մասնակցել եմ «Սոլո» մոնոներկայացումներ միջազգային փառատոնին և ստացել երրորդ մրցանակը։ 2005 և 2008 թթ. ստացել եմ գլխավոր մրցանակները «Թատերական Լոռի»  փառատոնում։ 2012 թ. «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնում ցուցադրվեց Մ. Ղազարյանի նկարահանած «Արմինեն և Լեդի Մակբեթը» վավերագրական ֆիլմը՝ իմ պայքարի, իմ ընտանիքի, անցած թատերական ճանապարհի մասին։ 2011 թվականից ամուսնուս հետ սկսել էինք  նոր ներկայացման փորձերը, այս անգամ մարմնավորելու էի մարդկության պատմության առեղծվածային կանանցից մեկին ՝ Շամիրամին։ Սակայն ճակատագիրը այլ  բան էր նախատեսել։ Բժիշկների թույլ տված կոպիտ սխալների, անփութության պատճառով եղած առողջական խնդիրներիս ավելացան նորերը։ Առաջացավ երիկամի փոխպատվաստման պահանջ, որից  Հայստանում բժիշկները հրաժարվեցին։ Ես հայտնվեցի փակուղում, որից միակ ելքը Եվրոպա մեկնելն էր։ Այդպես ընտանիքս հայտնվեց Գերմանիայում։ 2013 թվականից ապրում ենք գերմանական Քյոլն քաղաքում ։ 
 
 
– Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բեմը այսօր զգում է ինքնատիպությանդ պակասը, վստահաբար…Սիրելի Արմինե, տարիների նվիրյալ աշխատանքից հետո, այնուամենայնիվ ինչը՞ քեզ նետեց օտար եզերք…Ինչպես՞ ես զգում քեզ հայրենիքից հեռու, կարոտ ասվածի հետ ինչպես ես համակերպվում և ինչն՞ է, որ արթնացնում է քո մեջ այդ զգացողությունը…
-Արդեն նշեցի, որ Հայաստանից հեռանալուս պատճառը այսօր շատ տարածված հանապազօրյա հացի խնդիրը չէր, այլ բժիշկների անկարողությունը։ Եթե նկատի ունեք ֆիզիկական վիճակը, ապա անհամեմատ ավելի լավ եմ զգում։ Իսկ հոգևոր միայնության և կարոտի մասին կարող եմ շատ երկար խոսել։ Ամեն ինչ և բոլորին կարոտում եմ այնպես, ինչպես մայր հողից կտրված յուրաքանչյուր ոք։
 
 
– Շարունակու՞մ ես գործունեությունդ Գերմանիայում, Արմինե Մացակյան արտիստուհու մոնոներկայացումներին այսօր հանդիպու՞մ է այլազգի հանդիսատեսը …Վերջին ներ-կայացումդ որն՞ էր և որտեղ՞ ես խաղացել…
-Երբ դու կոչված ես ծառայել բեմին և թատրոնը քո ներսում է՝ ապա նշանակություն չունի, թե  աշխարհի ո՞ր կետում ես գտնվում։ Անմասն չմնալով Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներից, ամուսինս, Քյոլնի իր ղեկավարած «Վանադուռ» թատերախմբի հետ  բեմադրեց «Արմենոցիդ» ներկայացումը, որտեղ մարմնավորեցի հայ մոր կերպարը։ Ի դեպ, հանդիսատեսները ոչ միայն հայեր  էին, այլև գերմանացիներ, արաբներ, թուրքեր։ Անցյալ տարի ամռանը ամուսինս բեմադրեց մոնոներկայացում Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» թեմայով։ Ներկայացումը խաղացի Քյոլնի հայկական եկեղեցում։ Դա մի արտասովոր զգացողություն էր եկեղեցում ներկայացում խաղալը, ես կասեյի՝ սա մի մեծ աղոթք էր  թատրոնի լեզվով։ Այս նրկայացումը  արդեն  հրավերներ ունի  Գերմանիայի մի քանի խոշոր քաղաքներում ցուցադրելու համար։ Ի դեպ, ո՞ր քաղաքում էլ, որ խախամ «Նարեկացին», դա անպայման լինելու է եկեղեցում, քանի որ ակուստիկ առումով եկեղեցին աննկարագրելի հմայք ու խորություն է տալիս Նարեկացու ասելիքին և հատկապես այս աղոթաշարի էներգետիկ լիցքերը առավել հասանելի են դառնում հանդիսատեսի հոգուն։  

 

 

 

– Հետադարձ հայացք անցյալին և ներկային… Ինչ՞ ես ստեղծել ըստ քեզ և թողել այստեղ հայրենիքում, ինչ որ թանկ մասնիկ քեզանից… և ին՞չ ասելիքով ես այսօր ներկայանում դրսում…
– Կյանքս այսօր բաժանված է երկու հատվածի՝  Գերմանիայից առաջ և հետո։ Առաջ՝ դա անասելի դժվարություններով, հաղթանակներով, հիասթափություններով, վերելքներով ու անկումներով  հարուստ մի շրջան է եղել, հետոն՝ կյանքս հարստացել է կարոտ կոչված անսահման զգացմունքով և ավելի արժեքավորող հայացքով դեպի ետ։ Արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ պետք  է ունենա իր ասելիքը ազգի, սեփական պատմության, ազգային մշակույթի և ազգային արժեքների վերաբերյալ, հատկապես կարողանալ դրանք հստակ առանձնացնել և պատշաճ մատուցել օտարներին, որոնցից շատերը նույնիսկ չգիտեն Հայաստանի տեղը քարտեզի վրա։ Երբ դու ապրում ես հայրենիքում, հայ մշակույթին ծառայելը ճիշտ է պատվաբեր, բայց մի տեսակ շարքային խնդիր  է, իսկ երբ դու հեռու ես հայրենիքից, արվեստին ծառայելը դառնում է խիստ պատասխանատու  քո սեփականը օտարների ներկայացնելու համար և պարտադիր է, որ այն լինի միյայն բարձր ճաշակով և բարձր նշաձողի վրա։ Իմ խաղացած կանացի կերպարների միջոցով փորձում եմ օտարազգի հանդիսականին ցույց տալ հայ կնոջ հոգու վեհությունը, անկոտրում կամքը, նրա առինքնող ներդաշնակությունը, հայ մոր  անսահման սերը առ հայրենիք և զավակները։ 

hooys-armenian-238-3

– Ինչ են ավելացնում կոչումները արվեստագետի համար և ինչ են տանում  նրանից իրականում…
– Եթե  ասեմ, որ կոչումները և մրցանակները ինձ համար ոչ մի նշանակություն չունեն, դա կլինի մի քիչ սեթևեթանք, մի քիչ էլ  ոչ ճիշտ։ Գնահատականները միշտ ցանկալի և հաճելի  են։ Բայց ինձ առավել մոտ գտնվող մարդիկ կհաստատեն, որ դրանք ինձ չեն փչացնում։ Ես միշտ շոյված եմ զգում լավ գնահատականից, բայց գիտակցաբար աշխատում եմ հեռու մնալ  նրանց բերած աստղային հիվանդությունից։ Կոչումները մեզնից տանում են արածի վրա կանգ առնելու հնարավորությունը և պարտավորեցնում են ավելին անելու, ավելի լավը լինելու, ավելիին հասնելու։ Որքան էլ բարձրացնես որակի նշաձողը, ոտքերդ երբեք չպետք  է կտրվեն հողից։ 
ՙՙՄեզ խաչ են հանում մեր  օրերն ապրած,
Մեզ խաչ  են հանում ու չեն վարանում,
Մեր կորուստների ցավով սրբացած,
Մեզ խաչ են հանում մեր օրերն ապրած,
Եվ մեզ երկնքից ձեռով են անում
Անուրջները մեր չիրականացած,
Մեզ խաչ են հանում մեր օրերն ապրած
Մեր երազների հուշն է համբառնում…՚՚
 

 
– Խաղացանկիդ մեջ կա՞ն ավելացած դերեր, կերպարային փոփոխություններ…Քո ներկայացրած կնոջ կերպարը որքանով՞ է ենթարկվել փոփոխությունների, ինչպիսին՞ է այն այսօր, ինչ՞ է ուզում և ինչ՞ է տալիս աշխարհին քո մարմնավորած կերպարային, բեմական կինը…   
– «Արմենոցիդ» ներկայացման մեջ իմ մարմնավորած մոր կերպարը  ոչ միայն պիեսի հերոսի մայրն  է, այլև հայրենազրկված հայ մարդու, հայության մի հսկա հատվածի, աշխարհե  աշխարհ թափառած և օտար ափերում ծվարած տառապյալ հայի մայրն է, որը հավատում է, որ իր զավակները մի օր տուն կվերադառնան։ Հիմա ես, գուցե զարմանալի, սուր հակադրության մեջ եմ դնում 8, 9 տարի առաջ իմ խաղացած Լեդի Մակբեթը և այսօրվա խաղացանկից Նարեկացու կերպարը։ Եթե Լեդի Մակբեթը դաժան, իշխանության ձգտող և հանուն փառքի ամեն ինչի դիմող կին էր, ապա «Մատյան Ողբերգության» մեջ իմ կերպարը ազատված է մարդկային հոգու ամեն տեսակ ախտերից, նրա հոգու աչքերը ամբողջապես ուղղված են դեպի անսահման բարություն և դեպի աննյութական իրականություն՝ ազատված ամեն տեսակ բռնակալ կրքերից և ընչաքաղց գայթակղությունից։ Ծայրահեղությունից ծայրահեղություն, այսպիսի անցումը նաև ինձ դարձրել է հայրենիքն ու հոգևոր արժեքները ավելի լավ հասկացող ու գնահատող մարդ։ 

 

 

 

– Մարդկային տեսակդ միշտ ձգտում է կատարելությանը… Օժտված լինելով քո ներքին հոգևոր  լույսով, դու  հաղթահարեցիր խավարը, Արմինե, որտեղի՞ց այդ ուժը, որը մղում է քեզ բեմում քո հերթական սխրանքը իրագործելուն… 
– Արդեն շատ վաղուց ինձ  ասել  էին,  որ  ես արևին նայում  եմ  հոգու աչքերով։ Երևի  դա այդպես  է… և հոգուս աչքերի կրակը վառ են պահում իմ երկու արեգակները՝ ամուսինս և  որդիս, նրանք ինձ ուժ են տալիս և ես հավատում եմ, որ ամեն ինչ կարող եմ։
 

– Սիրված կին, մայր, աննկուն կամքի ու նրբագույն հոգու տեր արտիստուհի լինելուդ ու այդպիսինը մնալուդ գաղտնիքը ըստ քեզ…
– Երբ ինձ հարցնում են ինչպես ես, միշտ պատասխանում եմ՝ հրաշալի։ Բառերը մոգական ազդեցություն ունեն։ Ես խուսափում եմ այնպիսի մարդկանցից, ովքեր անընդհատ նվնվում կամ բողոքում են, թե ինչ դժվար է կյանքը։ Պետք է դրական էներգիա ուղարկես տիեզերք, որպեսզի  նույնը հետ ստանաս, չէ որ ողջ տիեզերքը փակ համակարգ է։
 
– Ինչ՞ի է ունակ ըստ քեզ կինը՝ հանուն գեղեցիկի  և  սիրո…
– Նախ գեղեցիկ լինելու համար հարկ չկա ջանք թափել, Աստված ամեն ինչ կնոջը տվել  է, մնում է միյայն  ճիշտ գործածել։ Հանուն  սիրո  կարելի  է աշխարհ շուռ տալ, բայց  հանուն սիրո  կարելի է նաև հավերժ  լռել ։ 
 
– Հե՞շտ է, երբ ընտանիքում նույն մասնագիտության տեր երկու անձ կա, ամուսնուդ՝ Տիգրան Բագրատունու հետ ստեղծագործական վեճերդ ինչպես՞ են ավարտվում …
– Նույն մասնագիտությամբ ամուսնու հետ և հեշտ է և դժվար։ Մենք երբեմն գիշերներ ենք լուսացնում ստեղծագործական որևէ վեճի, որևէ թեմայի շուրջ։ Հաճախ բուռն  բանավիճում ենք,  երբեմն միմյանցից խռովում, կամ անզուսպ պաշտպանում մեր տեսակետը։ Միշտ չէ, որ միմյանց համոզում ենք, միշտ չէ, որ համաձայն ենք լինում հակառակ կարծիքի հետ։ Սակայն համարյա միշտ  բոցերի մեջ ծնվում  է ինչ- որ ազնիվ  ու վեհ բան ։
 
 
 – Ամուսինդ՝ Տիգրան Բագրատունիhooys-armenian-238-4ն նույնպես Վանաձորի Հովհաննես Աբելյանի թատրոնի արտիստներից է, նաև քո բեմական անբաժան ընկերը, ով այսօր իր գործունեությամբ ապացուցում  է, թե ինչ  պոտենցիալ  հնրավորություններ ու ներուժ ունի տաղանդավոր և երիտասարդ արվեստագետը, երբ նրան գործունեության  ծավալման, արտահայտման հարթակ և հնարավորություն է տրվում. այդ մասին խոսում են նրա բեմադրությունները… Նաև ազգային գործունեությամբ է զբաղվում , պատմիր մի փոքր… 
 – Ամուսնուս՝ Տիգրան Բագրատունու հետ միասին ենք արդեն 20 տարի և այդ տարիները անց ենք կացրել միասին նաև բեմի վրա: Նա իմ բեմական խաղընկերն է, մի քանի ներկայացումների նաև մոնո ներկայացումներիս բեմադրիչը։ Նա մարդկային այն տեսակին է պատկանում, որի համար հավատարմությունը, ազնվությունը, առաքինությունը կյանքի հիմնական չափանիշներն են՝ թե՛ կենցաղում, թե՛ արվեստում։ Այստեղ՝ Գերմանիայում նրա առջև բացվեցին գործունեության նոր ոլորտներ, նաև կազմակերպչական։ Այսօր նա կոորդինացնում է Քյոլնի «Հայ մշակութային հանձնաժողովի» գործերը և, իմ կարծիքով, բոլորովին նոր ու թարմ երանգ է հաղորդում այստեղի մշակութային կյանքին։ Տիգրանի բեմադրած երկու ներկայացումները՝ «Արմենոցիդը» և «Նարեկացին» բոլորովին նոր խոսք  են Քյոլնի հայկական մշակութային համայնապատկերում։ Նա զբաղվում է նաև, ի դեպ, ի զարմանս ինձ, ազգային գործունեությամբ։ Նրա մեջ ամբողջ կյանքում եռացող  արյան կանչը  հնարավորություն ունեցավ դուրս ժայթքելու և սկսելու գաղափարական պայքարը մեր  կորուսյալ  էրգրի վերադարձի և Արևմտյան Հայաստանի խնդիրների լուծման համար։
 
 – Երբևիցե կվերադառնաս՞ հայրենիք և արդյոք՞ քո հարազատ բեմն ու հանդիսատեսդ կունենան քեզ նորից տեսնելու և քո խաղը վայելելու ուրախությունը…
-Կանխատեսումներ չեմ անում, եթե Աստված կամենա կուզենայի վերադառնալ և, ինչու չէ, խաղալ  հայ հանդիսատեսի համար։ Ես նրան շատ եմ կարոտում և հույս ունեմ, որ նա էլ ինձ  է կարոտում։  Ես ձեզ սիրում եմ ու կարոտում իմ հայրենիք, իմ ընկերներ, իմ հանդիսատես․․․ՙՙԱրժեր  հասնել  աշխարհի  ծերը, որ  էս բառերը հասկանամ․․․՚՚
 
 
հարցազրույցը՝
Արմինե Մելիք-Իսրայելյանի
 
 

 

 

«Յոյս» թիւ 238
2 Մայիս 2017
 
 
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *