Մեծ Եղեռնի մասին Գրառումներ Իսահակյանի «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ում

(Առաջին մաս, 1915-17 թվականներ)
Ավետիք Իսահակյանը պատանի տարիքից մինչև խոր ծերություն պահել է հիշատակարան, ուր գրի է առել իր ապրումները՝ անձնական կյանքի և  շրջապատի անցուդարձի մասին: Ապրիլյան եղեռնի ոգեկոշման այս օրերին հատկապես հետաքրքրական է կարդալ հայրենասեր գրող-մտածողի անդրադարձը իր ժողովրդի մեծ ողբերգության մասին: Այդ տարիներին Իսահակյանը ապրել է Եվրոպայում, բայց ուշադրությամբ հետևել է Եղեռնի դեպքերին: Ասվում է, որ նա իր մասնակցությունն է բերել «Նեմեսիս» -ի գործողություններին: Նա ծրագրել էր Եղեռնի մասին հրատարակել «Սպիտակ Գիրք», հավաքել էր ստվար նյութ, որի մի մասը արտացոլված է «Հիշատակարան»-ում: Ստորև կներկայացնենք Մեծ եղեռնի և դրան հաջորդած տարիների դեպքերի վերաբերյալ գրառումները «Հիշատակարան»-ում՝  սկսած 1915 թվականից: 
Ամեն թվականի գրառումները ներկայացնելուց առաջ, ամփոփ կերպով կնշենք նույն թվականի կարևոր իրադարձությունները:
                                                                                                            
  Հ .Ս.
 
1915
Ապրիլի 24-ին մտավորականների ձերբակալության լուրը, և դեպի մահ քայլող հայոց առաջին քարավանների տեղեկությունները աստիճանաբար հասնում են ԵՎրոպա: Ուշադրության արժանի է, որ Իսահակյանը հենց սկզբից տեսնում է ոչ միայն թրքական բարբարոս պետության արարքը, այլև ևրոպական «քաղաքակիրթ» պետությունների արյունոտ ձեռքը Հայոց Եղեռնի մեջ:
 
Օգոստոս, Բեռլին
Իմ հայրենիքը- ավեր, արյուն, նախճիր, որբեր, հրդեհ, ավար… Սարսափը համակել է ինձ, լռություն. Վախից չեմ կարող հետ նայել, կամ կողմերս. – ինձ թվում է, թե իմ աջն և ձախը, հետևն և առաջս տարածվում են գերեզմաններ, եղբայրական գերեզմանների ծով, անթաղ դիակներ բյուրավոր, բյուրավոր և նորից բյուրավորներ, մեջքիս ետև սեղմում են ինձ գերեզմանները-իմ  անգին ընկերների- Սիամանթո, Վարուժան, Խաժակ… Գերեզմաններ, – հրդեների և ծովերի մեջ, ջրհորների և գետերի մեջ… Արյունոտ Եփրատ
Միջագետք, սոսկալի Դեիր Զոր… քաշում են ինձ դեպի իրենց… Ո՞ր ոճրագործ, դիմական ձեռքն արեց. – Վիլհելմ, Բրիան, Հորվեգ, Թալաաթ, Էնվեր, գերման, թուրք և քուրդ խաժամուժ, հավիտյան նզո՛վք ձեր անունին ու սերնդին, ո՞ւր | պիտի գնաք մաքրելու ձեր արյունոտ ձեռները: Ո՞ր օվկիանոսը կարող է մաքրել…
 
 
1916
Ցարական Ռուսաստանի զորքերը գրավում են Տաճկահայաստանը (Արևմտյան Հայաստանը): Սկզբում հույսեր կային, որ հայության բեկորները կարող են վերադառնալ ավերված հայրենիք և նոր կյանք ստեղծել: Գաղթականների մի մասը վերադառնում են իրենց տները: Բայց շուտով բացահայտ է դառնում ցարիզմի քաղաքականությունը հայերի և Հայաստանի հանդեպ: Երևում է, որ Ռուսաստանը նպատակ և ցանկություն չունի հայկական պետություն տեսնել գրավյալ տարածքներում, այլ Հայաստանն ուզում է առանց հայերի: Հիշատակարանի 1916 թ. գրառումներոմ էլ թե՛ առկա է ինչ-որ աղոտ հույս, թե՛ դառը հուսախաբություն:
 
Փետրվարի 28
… Այնքան մեծ է հայության վիշտն ու տառապանքը: Այնքան ահռելի է ու անօրինակ, որ մեծությունը չափելու համար տիեզերքի անհունությունն ու խորությունը պիտի առնել, իսկ ահռելիությունը սարսափների՝ որակելու համար բառարաններում բառեր չկան: Եվ ո՛չ մի բանաստեղծ չի կարող արտահայտել, և միայն պիտի զգալ այն հասկանալու համար, իսկ զգացողն էլ չի կարող այդ ապրել՝ կմեռնի այդ սարսափն զգալով…
 
Սեպտեմբերի 21
… Այնքան մեծ է հայության վիշտն ու տառապանքը: Այնքան ահռելի է ու անօրինակ, որ մեծությունը չափելու համար տիեզերքի անհունությունն ու խորությունը պիտի առնել, իսկ ահռելիությունը սարսափների՝ որակելու համար բառարաններում բառեր չկան: Եվ ո՛չ մի բանաստեղծ չի կարող արտահայտել, և միայն պիտի զգալ այն հասկանալու համար, իսկ զգացողն էլ չի կարող այդ ապրել՝ կմեռնի այդ սարսափն զգալով…
Սեպտեմբերի 21
Հայոց բոլոր արյունի մեղքը ևրոպացիների խղճի վրա է ծանրացած, նրանց համար ողջ հայերը եղած-չեղած՝ հավի չափ արժեք չունեն: «Թող կոտորե թուրքը, եթե այդ նրան պետք է, մանավանդ, երբ դրա համար մեզ կոնցեսիա է տալիս, ուրեմն թող ջնջե, մեզ ի՞նչ, մենք մեր շահը, փողն ենք ուզում . . . . »Եվ այդ Եվրոպան իրան հաշվում է քաղաքակիրթ, լուսավոր, քրիստոնյա:
Այս պատերազմը բոլոր կռվողների գույները ցույց տվեց: Ցույց տվեց, որ բոլորն էլ բորենիներ են, խաբողներ, փոքր ազգերի դահիճներ, և ամենքի դրոշակը հյուսված է կեղծիքներից, խոստումներից, խորամանկություններից և մեծ գադափարների (եղբայրություն, քաղաքակրթություն, ազգերի ազատություն, իրավունք, արդարություն) անուններից:
Ստորության և եղեռնի դրոշակակիր պետություններ…: Կեղծ, դավող-խաբող դրոշակներ՝ փոքր ազգերին առաջ նետող և կոտորել տվող…
<….> Դարեր պիտի գան ու գնան, և խոսքի հանճարներ չպիտի կարողանան հայկական սարսափների, տառապանքի, մարտիրոսության անհունը սպառելու…
Ես պիտի նստիմ Մասիսի ստորոտին, գլխիս մոխիր ցանեմ և լամ, լա՛մ՝ նզովելով ամբողջ աշխարհը՝ բարեկամ ու թշնամի, և ամեն հայի սրտում վառելով վրեժի օձ ու թույն:
Այսուհետև անհնար է հավատալ մարդուն, մորալին, բարոյախոսության, խղճի, խղճմտանքի, ազնվության, եղբայրության, մարդկության, մարդասիրության: Մարդը կատարելագործված գազան է, ոչի՞նչ ավելի և ոչի՛նչ պակաս…
Ա՜խ, ես էլ լինեի քեզ հետ, իմ ջարդվա՛ծ, ճղակտոր, որբ և այրի՛ ժողովուրդ, որ հիմա <…> Միջագետքի անապատներում խորշակի ու մրրիկների բերան՝ մերկ ու քաղցած… Լինեի ձեզ հետ, լայի ձեզ հետ…
Հայությունը խմեց ոչ թե դառնության բաժակը, այլ դառնության օվկիանը, մինչև մրուրը պարպեց… Հայություն՝ մեծ, հսկա, ահագին՝ քո վշտով, քո տանջանքով…
Աշխարհը՝ քար, մարդիկ՝ օտար, թուրքերը՝ գազան, մանկամորթ, Եվրոպան՝ շահամnլ… իսկ հայերը՝ հավիտենական զոհեր… Եվ Աստված էլ չկա, միայն սատանան է, որ իշխում է: Ինչպե՞ս դիմանալ- հայը տիեզերքից մեծ սիրտ պիտի ունենա, որ կարողանա տիեզերքի չափ այն ցավերին դիմանա… բարեկամների կողմից եկած անարդարությունները տանի և վատությունները հանդուրժե…
Սեպտեմբեր
Հայ ժողովրդին խաչ հանեցին և նրա կայքն ու գույքը և ազգային հնությունները Քրիստոսի պատմուճանի պես բարբարոսները իրար մեջ վիճակի ձգեցին:
Անտերությո՛ւն, անտերությո՛ւն, կորած, հոշոտված խեղճ ժողովուրդ:
 
Նոյեմբեր 5
 … Հայրենի ավերակներից, հրդեհումներից ու փլուզումներից հող ու մոխիր է մաղվել քո վրա, քո աչքերի առաջ:
մորթեցին քո մանուկներին… Բավական է գութ ու ողորմածություն հայցես, ուժ, վրեժ, ցասում, հաղթանակ կամ մահ պահանջիր:
 
 
 

 

1917
1917 թ. հայ ժողովրդի համար սկսվում է նախկին հուսախաբության խորացումով: Արդեն պարզ էր դառնում ռուսական ցարիզմի քաղաքականությունը հայերի հանդեպ: Այդ իսկ պատճառով էլ Իսահակյանը ողջունում է ռուսական առաջին (փետրվարյան) հեղափոխությունը, այն հույսով, որ ցարիզմի տապալումով նոր հորիզոններ կբացվեն հայոց փրկության համար: Միաժամանակ առաջին համաշխարհային պատերազմը շարունակվում է, բայց արդեն նշաններ կան Թուրքիայի պարտվելու և ծրագրեր՝ նրա մասնատման մասին: Օրինակ՝ որոշում կա, որ Կիլիկյան հանձնեն Ֆրանսիային: Իսահակյանը դեմ է. նա կանխատեսում է այն դավը, որ Ֆրանսիան խաղաց Կիլիկիայի հայերի գլխին երեք տարի անց: 
 
 
Ապրիլի 16

Ռուսական այս հրաշափառ հեղափոխության սկզբից, մարտի 16-ից մինչև այսօր՝ ապրիլի 16-ը, ես ներքնապես համոզված եմ, որ ամեն բան աջող պիտի գնա, կոնտր- հեղափոխություն, ռեակցիա չի գալու. հակասական, վրդովեցուցիչ լուրերը վախեցնող չեն, հասկանալի են ներկա հուզված մոմենտում, օվկիանոսը հուզվել է, մի օրվա մեջ չի խաղաղվի:
Հայաստանն ազատվեց, այսպես կամ այնպես, այլևս կասկած չկա, վերջ հայ մարտիրոսության:

 

Ապրիլի 27
Եվրոպան միանգամայն բարոյազուրկ է, հոգեպես փտած, և կամաց-կամաց ընկնում է տգիտության և անզգայության մեջ. շահը, պզտիկ նյութական շահը տիրապետում է բոլոր հոգիների և մտքերի վրա, շահով է չափվում ամեն մի արժեք, ով նրանց սանտիմ է տալիս, նա ազնիվ է և սիրելի-ուղղակի պոռնիկի հոգեբանություն:
Այդ է պատճառը, որ ահավոր, պատմության մեջ չտեսնված հայկական ջարդերը ո՛չ միայն զայրույթ չհարուցին նրանց մեջ դեպի թուրքերը, այլ ջանացին օգտագործել այդ արյունը՝ դառնալ փաստաբան և պաշտպան թուրքերի համար, ստանալով նրանցից վարձ ու հատույց, կոնցեսիաներ: Նույնիսկ մեղադրեցին հայերին…
Մենք կարծում էինք, թե հայկական ջարդերը պիտի խոցեն ազնիվ Եվրոպայի խիղճը, նա պիտի զայրանա, հուզվի և միահամուռ միանա և կռիվ հայտարարե թուրքերի դեմ… Որքա՜ն միամիտ էինք, չգիտեինք, որ Եվրոպային պետք են այդ ջարդերը և իր շուկան տարածելու, և՛ իր դիրքը ամրացնելու Թուրքիայում ի հաշիվ հայերի արյան և մրցում մյուս պետությունների: Մեր ջարդերի պատճառով ևրոպական պետությունները թուրքի ձեռքը սեղմելու մեծ փառքը իրար ձեռքից էին խլում…
 

 

Մայիսի 10
Մեր մեջ անբուժելի ռոմանտիզմ կա դեպի Ֆրանսիան և Անգլիան, իբրև ազատությունների, մարդասիրությունների երկրների.. Այնինչ Ֆրանսիայում միայն փողոցների պատերի վրա են գրված «ազատություն, եղբայրություն, հավասարություն» խոսքերը, և ինչ որ անում են, և ինչ որ արվում է, անում են և արվում է այդ գաղափարների դեմ, մանավանդ արտաքին քաղաքականության մեջ: Այժմ էլ Ֆրանսիան ուզում է Կիլիկիան տիրել, ոմանք էլ ասում են, թե Իտալիան է ուզում: Վա՛յ, թե Կիլիկիան անցավ Ֆրանսիայի ձեռքը, ինձ թվում է, թե թուրք տիրապետությունից լավ չպիտի լինի. մենք գիտենք Մարոքի վիճակը՝ ճնշում, կախաղան, կեղեքում և այլն: Կիլիկիան պիտի լցնեն légion étrangère վայրենի խմբերով, որոնք նոր ենիչարիներ են, այլևս մնաս բարեվ ազգային ոգի և անկախություն, պիտի հիմիկվանից կռվել ու բողոքել դրա դեմ…
 
0qnuunnuի 24, Ժնև
Գերմանները իրենց բարեկամությունը թուրքերի հետ համարում են քրիստոնեական սիրո մի փառավոր ապացույց: Քրիստոնյա Եվրոպան ատում է մահմեդականին, իսկ Գերմանիան, կատարելով Հիսուսի պատվերը, սիրում է թշնամուն, նրան ձեռք տալիս: Ի՞նչ կա ավելի քրիստոնեական:
Եվ այս ոգով գրում են նրանց հայտնի աստվածաբանները:
 
0qnuunnu
Հայկական տանջանք, հայկական զոհ, հայկական արյուն, դու պիտի լինես այն սուր, այրող, հավիտենական խայթը մարդկության խղճի մեջ:
Խիղճ չունի Եվրոպան, նա գազան է, գրագետ և հաշվագետ գազան, նրա նպատակը դրամն է՝ արյունների և զոհերի, ազգերի ոչնչացման գնով…
… Գազա՛ն Եվրոպա, նզովում եմ քեզ, հավիտյան խարանում ոճրագործ ճակատդ…
Երբ կարդում ես հայկական ջարդերի մասին, – մարդկային պատմության մեծագույն եղեռնի, – արյունդ կանգ է առնում:
Հայկական սարսափների՝ այս մշտական, տևողական սարսափների տեսակետից նայած` մի ահավոր պեսիմիզմ է գալիս մարդու վրա: Նզովք և թո՛ւք Եվրոպայի քաղաքակրթության և քրիստոնեության վրա, սո՛ւտ խոսքեր են՝ լուսավորություն, ազնվություն, կրթություն, Եվրոպան կատարելագործված գազան է, զուրկ ամեն խղճմտանքից, բարոյականությունից, նա դարձել է փողապաշտ մի անասուն…
 
 
 
 
 
«Յոյս» թիւ 238
2 Մայիս 2017

 

 

 

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *