Քարե լռության ձայնն ու գաղտնագրությունը …

Արմինե Մելիք- Իսրայելյան
 
hooys-farsi-237-17
hooys-armenian-237-2
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նրա արվեստի ձայնը մի իրական  լռության սիմֆոնիա է, քարե, հուժկու, տաք ու բարի մի երգ՝ ուր հանգ ու հնչյունները ժայռապատկերներն ու սեպագրերն են, տիեզերքի ու գիտության առեղծվածների շշուկները իրենց մեջ պարփակած… Վիշապաքարից մինչ սրբաօծված խաչքար ու սրբազան պատերազմի սուր–խաչերը, մոնումենտալ քանդակի ու սյուրռեա-լիստական ոճին բնորոշ, բայց և բարի հումորով մանրաքանդակները Իսահակ Ապրեյանի մուրճի ու բրիչի հիշողության մեջ ամրագրված են կարծես ու զարկը ասելիք է ծնում… Ամեն ինչ քանդակագործի համբերատար աշխատանքի, պայքարող տեսակի արարման ծնունդն է, որը կարծես գալիս է առասպելական ժամանակներից ու կերտում ապագային նետվող այսօրվա լեգենդը, իրական, շոշափելի, զտված ու մաքրված ամենայն կենցաղայինից, երկրայինից դեպի ժամանակների անհունը ձգտող, միայն ստեղծագործ մտքին հայտնի աղոթքով, պատգամով ու մտմտուն հրամայական կոչնակով, որ կոդավորում է իր մեջ արարող հայի տեսակի ապրելու և պայքարելու ոգին, սերմի նման, որ մի նոր կյանքի ու իրականության ստեղծողն է լինելու… Մանկության հոտը հոգում պահած Իսահակ Ապրեյանի տեսակը  երիտասարդ ստեղծագործողի փնտրված ու եզակի արվեստագետի մասին է պատմում, ով ասելիք ունի ժամանակակից արվեստում, բազում դժվարություններ հաղթահարելով ամուր է պահում իրական ստեղծագործողի տեղն ու դերը…  
 
–    Ծնվել եք արվեստների և արհեստների քաղաքում, ինչպես ասում են, ինչպիսին էր ձեր մանկության ու պատանեկության Գյումրին և ինչպիսին է այն  հիմա…
–     Ծնվել եմ 1977 թվականի հուլիսի 19-ին քաղաք Լենինականում այժմյան Գյումրիում, բազմազավակ ընտանիքում՝ չորս եղբայր, երկու քույր: Ազգատոհմս եկել է Մուշից, իսկ մայրական կողմս շատ վաղ ժամանակներից Անիյից հաստատվել են Կարսում, հետագայում՝ հայոց Մեծ եղեռնի պատճառով հաստատվել են Շիրակի մարզի Ձիթյանք գյուղում: Հաճախել եմ Լենինականի Գաբրիել Սունդուկյանի անվան թիվ 20 դպրոցը, իսկ երկրաշարժից հետո տեղափոխվել Երևան, ուսումս շարունակել Վաղարշ Վաղարշյանի անվան միջնակարգ դպրոցում: (1997 թ. ավարտել եմ . Թերլեմեզյանի անվան ինստիտուտը, 1996 թ. զորակոչվել բանակ, 2004 թ. ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիան, 2013 թ. ՀՀ Նկարիչների միության անդամ եմ … Ներկայիս Գյումրին ցավոք իմ մանկության քաղաքը չէ, երկրաշարժը ոչ միայն ֆիզիկական տեսքը փոխեց, այլ հոգին ու գունագեղությունը կործանեց: Մինչ 12 տարեկան  հասակս եմ ապրել այդտեղ, բայց այնքան լեցուն է եղել  և վառ հիշողություններով, որ կմնա որպես երազ: Ասես դրվագ լինի այդ երազից, երբ հիշում եմ, թե ինչպես էինք բակի երեխաներով թաքնվում, հենց որ լսվում էր ֆայտոնի զանգուլակների ձայնը… Երբ մոտենում էր մեզ, պետք է թաքուն, վազքի ընթացքի մեջ հասցնեինք նստել ֆայտոնի հետևի հարթակին ու բախտավոր էին մեզանից երեքը, եթե իհարկե, աննկատ մնային կառապանի՝ ֆայտոնչի  Գրիշի հայացքից… Վայ նրան՝ ով կարժանանար նրա օդում գալարվող մտրակի օձի խայթոց հիշեցնող հարվածին իր համապատասխան «փափլիկ» տեղին, որից հետո լսվում էր ախ ու վախն ու ծեծ չկերածների ծիծաղը: Հիշում եմ, մենք ըկերներով գնում էինք մեր տան հարևանությամբ Ձիթեղցոնց տուն թանգարանի բակ խաղալու, գաղտագողի, որովհետև չէր թույլատրվում… Մի օր խաթարվեց մեր խաղը, իսկ պատճառը մեզ երկրորդ հարկից նայող աղջիկն էր, որը միշտ նայում էր մեզ և բոլորս սիրահարված անցնում էինք պատուհանից նայող նրա հայացքի առջևով բռունցքով պարզելու, թե ու՞մ էր սիրում նա: Ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ այդ թանգարանի տոմս գնեցինք և պարզվեց, որ մեր սիրո ու կռվի առարկան մի դեկորատիվ տիկնիկ էր:
Գեղեցիկ էր իմ Լենինականը իր խաս քարե շինություններով, արհեստանոցներից եկող մուրճերի  ձայների զրնգոցներով, որ խառնվում  էր շուկայից եկող կանչերի ու եկեղեցու անուշ զանգերի հետ, որին միանում էր մարդկանց  համով հոտով հումորը… Երազի ու հեքիաթի նման եմ հիշում հայրական կողմից կարմրաթուշ ու կապուտաչյա Հայաստան տատիս, որ շատ առաքինի և աստվածավախ կին էր, ամբողջ օրը լուռ իր մեջ աղոթք էր անում, մանավանդ, երբ տնից մեկը հիվանդ լիներ, զորավոր էր նրա աղոթքը: 
     Փոխվել է իմ քաղաքը և դա նկատելի է: Երկու տարի առաջ հուշարձանի տեղադրման աշխատանք էինք կատարում ընկերներիս հետ, մեզանից հեռու կանգնած մեզ էին նայում տարիքով մեծ տղամարդիկ՝ գլխիկոր և խոժոռ հայացքներով և միակ բանը, որ անցնում էր մտքներովս՝ այն էր, որ չեն հավանել մեր աշխատանքը… Օրվա վերջին մեզ մոտեցավ  նրանցից մեկը և հայացքը փախցնելով, կարծես թե մեծ մեղք էր գործել՝ ասաց.«Բարև ձեզ վարպետներ, հազար անգամ ներող էղնիկ…» Հետո հասկացանք ինչն էր տակնուվրա արել նրանց հոգին, ճզմված ու գլխիկոր հեռանալու պատճառը այն էր, որ չէին կարողացել հյուրասիրել մեզ: Շատ է փոխվել լենինականցու տեսակը, այն պատիվ տալու մեջ մրցակցող տեսակը, որն այսօր կոտրված և մոռացության է տրված ապրելով կարիքի մեջ: 
 
–    Երբևիցէ մտածել կամ երազել էիր քանդակագործ դառնա՞լ … Ի՞նչ է այն քեզ համար՝ մասնագիտությու՞ն, թե կոչում , որ տրված է ի վերուստ…Ո՞վ է այն մարդը, ըստ քեզ, որ կարող է բարձրաձայնել, որ ինքը քանդակագործ է… 
–    Նկարում էի մանկուց, ինձ միշտ հետաքրքրում էր Գյումրվա յուրահատուկ ճարտարապետական ոճը, շինությունների վրա արված զարդաքանդակները, որոնք աննկատ, բայց իրենց հետքը թողեցին ինձ վրա, ձևավորելով ապագա արվեստագետին… Փոքր քույրս հաճախում էր Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, ինձ միշտ իր հետ էր տանում և քանի որ փոքր էի, նստում և նայում էի, թե ինչպես է նա նկարում, կավից քանդակներ պատրաստում, դա էլ ունեցավ իր բաժինը, չնայած ես միշտ երազում էի ռազմական օդաչու դառնալ, զբաղվում էի սպորտով… 1988-ի երկրաշարժը պատճառ դարձավ, որ տեղափոխվենք Երևան: Սկսվել էր Արցախյան շարժումը և ծնունդ առավ սկաուտական շարժումը, դարձա նրանցից մեկը, նպատակ ունենալով զինվորական ուղղությամբ շարունակել ուսումս, բայց եղավ անսպասելին… Ընկերս, որ հաճախում էր Հենրիկ Իգիթյանի մանկական գեղարվեստի կենտրոնի քանդակագործության բաժին, ինձ մի օր տարավ իր հետ: Նա կավից կենդանիների արձանիկներ էր քանդակում: Ցանկություն հայտնեցի ինքս էլ մի բան փորձեմ պատրաստել և կավով Հայկ Նահապետին քանդակեցի, աղեղը մեջքին գցած… Այնքան էի տարվել, որ չնկատեցի թիկունքումս աշխատանքիս հետևող վարպետ Գագոյին: Նա հարցրեց սովորու՞մ եմ արդյոք որևէ տեղ, ասացի ո'չ, լուռ վերցրեց աշխատանքս և դուրս եկավ մի քանի րոպեից վերադառնալով ընկերոջ՝ վարպետ Հենրիկի հետ: Երկուսով, իմ կամքը չհարցնելով անգամ, որոշեցին, որ պետք է իրենց մոտ սովորեմ: Ինձ համար այդ ամենը ծիծաղելի էր, քանի որ ես ավելի լուրջ նպատակ ունեի՝ զինվորական դառնալ, բայց նրանց սիրալիր վերաբերմունքից և իրենց համաձայնությամբ ես երբ ցանկանայի, կարող էի հաճախել կենտրոն. և արվեստն այսպես աննկատ իր գործն արեց ինձ հետ…Ամեն բան տրված է ի վերուստ՝ Աստծուց: Քանդակագործությունը մասնագիտություն է և կոչում, երբ հոգիդ է բավարարվում: Ինչով էլ, որ անցնես, կյանքը բերում դնում է այնտեղ, որտեղ որ պետք է լինես: Այն մարդը կարող է բարձրաձայնել, որ ինքը քանդակագործ է, ում ձեռքերում շունչ է առնում քարն ու կավը, փայտն ու մետաղը: 
 
–     Քարի լռությունն ըստ քեզ… 
–      Քարերը լուռ չեն, նրանք զրուցում են, մեր սրտերն են  քարացել մեր տեսակի հանդեպ, էլ ուր մնաց բնության հանդեպ… Անգամ Աստված է ասում. «Սրտերի քարանալուց քարերը պիտի խոսեն Տիրոջ փառքից»…
 
–   Քարտաշ, խաչքարագործ, քանդակագործ սահմանագիծն ըստ Իսահակ Ապրեյանի որտե՞ղ է բաժանվում և որտե՞ղ է հատվում …
 – Տարբեր են բնույթով՝ քարտաշություն, խաչքարագործություն և քանդակագործություն, բայց կապված են իրար այնպես, ինչպես մարդու էությունը, շունչը, մարմինը և հոգին՝ մեկ միասնությամբ…Վարպետանալու, գիտելիքներ ձեռք բերելու և արհեստից արվեստի սահմանագիծը անցնելու մեջ է տարբերությունը…Իհարկե, բարդ է խաչքարագործի խնդիրը, որը պետք է մի ողջ գիտության ու համակարգի տիրապետի, ճիշտ, հիմնական կանոնները պահպանած խաչքար ստեղծելու համար: Խաչքարերը նման են տիեզերքին իրենց զարդաքանդակներով և գաղտնիքներով: Քրիստոնեության ընդունման ընթացքում հասկանալի և անհասկանալի պատճառներով վերացվեց հազարամյակների մշակույթը, հայը կտրվեց իր նախնյաց թողած մշակութային, գիտական և հոգևոր հիմքից…Այսօր էլ կատարվում են երևույթներ, որ նման են հնում եղածին: Նախաքրիստոնեական շրջանում էլ կային խաչքարեր, դրանցից շատ քիչ պահպանվել են Արևմտյան Հայաստանում, Արարատ լեռան ստորոտում: Խաչքարն ունի իր ծագման պատճառը և որքան ուսումնասիրում եմ, այնքան հասկանում եմ, որ դա ուղղակի մարդու ստեղծած գեղարվեստական գործը չէ, այլ մեր նախնիների տիեզերքի գաղտնիքները ճանաչելու և փոխանցելու գաղտնագրեր են: Օրինակ պատկերված է շրջան և  դրա մեջ հավասարաթև խաչ, շրջանը մեր մոլորակներն են, միջի հավասարաթև խաչը խորհուրդն է չորս տարրերի՝ հող, ջուր, կրակ և օդ: Սրանք միանալով ցույց են տալիս Արարչի արարման խորհուրդը, ամեն բան սրանց միացումից սկիզբ առավ: Սրանք միանալով դարձան խաչապատկեր:  «Սասնա Ծռերը» էպոսում աջ թևին կրել են հավասարաթև խաչ՝ ի նշան Արարչի, նշան հախթանակի և զորության: Քրիստոնեությունն ընդունելուց հետո կերպարանափոխվեց խաչը, վերևի երեք թևերը մնալով հավասար, ներքևինը երկար: Երեք հավասար թևերը խորհուրդն են Սուրբ Երրորդության, ներքև իջնող թևը Աստծո իջնելու խորհուրդն է (հիմնված հնի խորհրդի վրա):
 
– Քանդակագործության այսօրվա դիմապատկերը մեր երկրի և համաշխարհային մասշտաբով, ինչ ձեռքբերումներ և ինչ կորուստներ է արձանագրել ըստ քեզ… Կոմերցիան դրանում ինչպիսի՞ դեր ունի դրական և բացասական առումով…
–    Քանդակագործությունը հոգևոր վերելքից իջել է մարմնավոր փառասիրության, կոմերցիոն վիճակի, այսօրվա արվեստը ստրկացած է, նրան բռնաբարում են և արդյունքում ծնվում է վիժվածքային արվեստ: 
 
–    Կոմերցիան նաև իր դրական կողմերն ունի, այն օգնում է մտավորականին քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրել, այնուամենայնիվ մտավորականն ու արվեստագետներն էլ են երբեմն հաց ուտում …  Այսօր, իհարկե, բազմաշերտ է դարձել  նաև այդ  էլիտան, որտեղ  է իրական միտքը և արվեստի արժեքը , թե այդեղ ևս գործում է կլանային քաղաքականությունը … Մեկ այլ խնդիր է, թե ինչու՞ այդ նույն ստեղծագործողը չի կարողանում իր ճաշակը թելադրել, ձևավորել, այլ հլու հնազանդ է «ով ինչ երգ պատվիրի» տարբերակին…
–    Այո, ես կողմնակից եմ կոմերցիային, այն ունի իր դրական կողմերը, վերջապես արվեստագետին տալիս է իր հացը վաստակելու հնարավորություն: Եթե դա չափի մեջ է՝ գեղեցիկ է: Ունի իր բացասական կողմը ևս, որը արվեստագետին գցում է կենդանական վարքով պայքարի մեջ մյուս արվեստագետների դեմ և այդտեղ է, որ նա կորցնում է իր կոչումը և վերածվում ոհմակային քաղաքականության: Եթե ապրում ես և արվեստագետ ես, քո հոգու պրիզմայով չես կարող չանդրադառնալ քո ապրած ժամանակաշրջանին, երևույթներին ու իրադարձություններին և միակ միջոցը  քեզ համար խոսելն է արվեստի լեզվով: Հնում մարդը իր վերապրածը փոխանցել է քարին խազելով իր սրտի զգացմունքը, դա կլիներ կին, որս, թե առեղծվածային տեսիլքներ… Այդ ամենը զարգացում ապրեց, օրինակներից մեկը խաչքարագործությունը՝ ինձ համար չբացահայտված արարչագործության, տիեզերքի գաղտնագիրն է: Այսօր այդ վերը նշված կոմերցիան փոխել է իմաստը խաչագրի կամ խաչքարի բովանդակության: 
 
 
hooys-armenian-237-3
–    Քո քանդակները կրում են իմաստային խորը կնիք և ասելիք- պատմելիք ունեն, ասես աղերսներ են ձգում դեպի ժամանակների խորքը, երբ մարդը իր ժամանակի մասին պատմող հիշատակություններ էր թողնում  գալիք սերնդի համար… քարային – արձանագրային այդ գործընթացը այսօր շարունակվու՞մ է վիրտուալացման մեր դարում, ուր ամեն ինչ իրականում օդում է ամրագրվում…
–    Միշտ ձգտում եմ, որ ստեղծագործություններս դիտողի հետ ունենան շփում, ասելիք տվյալ իրավիճակի մասին, թողնեն ազդեցություն: Ամեն մի աշխատանք իր խորքում պահում է իր ասելիքը, ենթատեքստը: Չգիտեմ կկարողանա՞մ փոխանցել գալիք սերնդին իմ իմացությունը՝  դա էլ Աստված գիտի, բայց պատրաստ եմ տալ և սովորեցնել… Այսօր աշխարհը կենտրոնացել է մի հին ազգի՝ մայաների քաղաքակրթության ուսումնասիրության վրա, որը չկա այլևս, սեպագիր, խորհրդանիշներով մի քարի վրա թողած պատկերների մեկնաբանելու ջանքերով, որը խոսում է աշխարհի կործանման մասին: Ցավոք մեր խաչքարերը չպահպանվեցին,  Հին Ջուղայում՝ Ադրբեջանական պետության հովանու ներքո վերացվեցին հազարավոր եզակի խաչքարեր: Երբ դեռ քրիստոնյա չէինք, դարձյալ վերացրել են, սա ցույց է տալիս մի բան, որ կան ուժեր, որոնք վերացնում են աշխարհին սնուցող մի ազգի մշակույթը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իմանալ ո'չ միայն խաչքարերի մասին, այլ այն ամենն ինչ վերաբերվում է հայ ազգին, որի մեծության մասին վկայել են օտարազգի պատմիչները՝ Հերոդոտոսը, Քսենոֆոնը և այլոք… Ունեմ խաչքարեր, որոնք տեղադրված են տարբեր երկրներում և սա իմ ամենահզոր, հաստատուն վկայությունն է այսօրվա վիրտուալ համակարգչային արխիվացումից դուրս: Ի դեպ, Ջուղայի խաչքարերի կրկնօրինակով խաչքարեր ունեմ, որոնք տեղադրված են Երևանում: 
 
 
 
 
–    -Ինչ՞ են պատմում քարերը քեզ… Որ՞ քարի հետ ես սիրում աշխատել, ասում են՝ նրանք էլ բնավորություն ունեն… 
–    Քարերի տեսակից սիրում եմ քարը, բացառություն չկա, բայց որպես նախասիրություն ազգիս ջերմությունը իր մեջ պահող տուֆ քարը և մարմարը, որին նմանեցնում եմ կնոջ. որքան սեր տաս այնքան պահանջկոտ է դառնում և գեղեցկանում է:
 
 
 
hooys-armenian-237-4–    Քննադատական ոճդ, որը բարի հումոր ունի նաև իր մեջ՝ քո արվեստում ձեռագիր է ստեղծել, քո հայտնի «Ոջիլների սերը» քանդակը դրա վառ ապացույցն է…, դրանց զուգահեռ խաչքարային ծավալային աշխատանքներ ունես, որոնք նոր խոսք ու ասելիք են բերում խաչքարային արվեստ…
–    Հին աշխարհում և ինչու չէ հիմա էլ Արքան իր ասելիքը, ճշմարտությունը մեկ այլ Արքայի ասում էր իր իմաստուն խեղկատակ – ծաղրածույի շուրթերով, որպես կանոն ընդունվում էր ծիծաղով՝ իր մեջ պահելով պատերազմի կամ համերաշխության կոչը: Իմ պարագայում իմ ծաղրածուն իմաստուն  արվեստն է: Խաչքարերի լիարժեք խորհուրդը չի պահպանվել, դրա պատճառներից մեկը մեր նախնիները իրենց փորձի փոխանակման ընդհատումն էր գալիք սերունդներին(դա նման է մի բանի, երբ ես աշխատում եմ ժանգոտված բրիչով(զուբիլ) քարի վրա, մեկը ինձ ցույց է տալիս ոսկյա բրիչ, ես դեն եմ նետում իմ ձեռքի գործիքը տարվելով ոսկյա բրիչի փայլով և կանգնում եմ փաստի առաջ, սա լավ չի տաշում քարը, որովհետև ամրություն չունի), այսպես վերաբերվում ենք կյանքում ամեն ինչին, հայացքներս ուղղած փայլուն երկրների վրա կորցնելով դարերով անցած մեր երկիրը:  
 
 
 
 
 
 
 
–    Հոգևոր իմաստից դեպի ազգային նկարագիր և ազգային արվեստի ներկայանալի ոճ. հոգևոր տեսանկյունով կարելի է միյացնել այս երկու՞սը… 
–    Ազգայինը և հոգևորը, երբ բաժանվում են իրարից, նման են մարմնի, որը առանց հոգու է:
 
 
–    Քո աշխատանքների մեջ մի առանձին տեղ են զբաղեցնում պատմական կոթողների մանրակերտերը, որոնց մեջ հոգևոր կառույց-ներինը մեծ տեղ է զբաղեցնում, ինձ համար աչքի զարնեց Երևանի Կապույտ մզկիթի վերականգնված մանրակերտը, ինչպես ստանձ-նեցիր այդ գործը… 
–    Մանրակերտով զբաղվելը մեծ հաճույք է պատճառում, մանավանդ որ չես կարող տեսնել իրական մեծ շինությունը վերևից, ամբոջական, այդ զգացումը ապրում ես, երբ ունենում ես իրականությանը մոտ չափերով քո առջև դրված տվյալ ճարտարապետական կոթողի մանրակերտը, զգում ես քեզ ավելի հզոր…Իմ մանրակերտերից իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում Երևանի Կապույտ Գմբեթ մզկիթի մանրակերտը: Ստացել էի պատվերը ՀՀ- ում Իրանի Իսլամական հանրապետույթան դեսպանից, երբ  գործի անցա և որոշեցի համալիրի մի մասը, որը որ չէր պահպանվել վերականգնած տեսքով պատրաստեմ… Մանրակերտը այնքան հաջողված էր ստացվել, որ Իրանից եկան ճարտարապետներ և հաստատեցին ճշտությունը և որոշեցին մանրակերտով վերականգնել իրա-կան շինությունը, մզկիթի համալիրը:

hooys-armenian-237-5

 

 
–    Պատմական կոթողների հանդեպ հետաքրքրությունդ միայն քրիստոնեկան խորհրդանիշերով չի սահմանափակվում, ինչպես տեսնում ենք, ինչ նմանօրինակ գործեր ունես, որոնք մեր երկրի սահմաններից դուրս են …  
–    Աշխատանքներիցս  և ինձ մոտ կան և  տարբեր երկրներում են գտնվում, եթե ուզում ես հաղորդակից լինեն քո աշխարհին, մտքին և ներկայացնես ազգային տեսակետդ,  պետք է ճիշտ ժամանակին բաժանվես  քո ստեղծագործությունից: «Գայ» քանդակը կատարեցի ելնելով կոմերցիոն հիմունքից, մեծահարուստի նախաձեռնությունով, որը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն: Քանդակը բազալտ քարից է և կատարեցի 1 ամսում: Շատ ցուցահանդեսների եմ մասնակցել արտերկրում, տարբեր թանգարաններում և ցուցասրահներում կան իմ գործերից…
 
 
–    Ինչպիսին ես տեսնում Հայաստանն այսօր իր քարակերտ միջավայրով, Երևանը, մյուս քաղաքները, որոշակի գաղափարախոսության ուղղվածությամբ են տեղադրվում արդյոք քանդակները, թե՞ կամայականությունն այնուամենայնիվ անում է իր գործը…Ի՞նչն է պակասում մեզ և ի՞նչն է չափից դուրս շատ մեզանում …
–    Կուզեմ տեսնել հզոր Հայաստան: Կուզեմ տեսնել Հայաստանում արվեստը մնար մաքուր, ցավոք թայֆայական մտածելակերպը այստեղ էլ իր սև գործը  արեց և չի թողնում շատ շնորհալի արվեստագետների ծնունդ տալ իսկական արվեստին : Մեզանում պակասում է…ո՞րն ասեմ, շատ բաներ… Ցավոք, աներևույթ մի ձեռք վերացնում է ազգային պատկեր կրող, անուն կրող ամեն մի բան, օրինակ՝ Տորք Անգեղը, նախկին Դվին հյուրանոցի դիմաց գտնվող «Պար» քանդակը, Վիշապաքաղ Վահագնի արձանը փրկվեց մի բարձրաստիճան, ազգասեր մարդու՝ Վարուժանի հետևողական քայլերի շնորհիվ… Կամայական քանդակների կողքին լավ գործեր էլ ոււնենք, բայց շատ քիչ: Մեզանում պակասում է մի շատ կարևոր բան, այն ինչ ուզում ենք հայրենիքից առաջինը տանք հայրենիքին…
 
 
–     Առաջ, ամեն գյուղում մի Լենինի արձան ու մի անհայտ զինվորի հուշարձան ունեինք, իսկ հիմա ապամոնտաժված լենինների փոխարեն ու ժամանակի քմայքին նետված հայրենական պատերազմի անհայտ զինվորի քայքայվող հուշահամալիրների կողքին ինչ է արվում, կա՞ քեզ ծանոթ գաղափարական մի մոդել, որով պիտի լրացվի և թարմացվի այդ բացը  սերունդների համար… 
–    Դեմ եմ, երբ վերացնում են արվեստի գործերը ելնելով ազգային, հոգեոր և որևէ  գաղափարախոսությունից: Մեզ մոտ վերացրին Մերկուրովի հայտնի շատ գործեր, որոնք կարող էինք ցուցադրել բաց երկնքի տակ մի հատուկ վայրում՝ որպես թանգարանային ցուցադրում:
 
–         Լենինների պահով, ին՞չ պիտի արվեին մեկ մարդու կերպարին պատկանող այդքան կիսանդրիները թեկուզ մեկ վայրում հավաքված…
–    Իհարկե, Սովետական շրջանում հատուկ պարտադրանք կար, որ արվեստագետը մեկ տարվա կտրվածքով առնվազն մեկ ստեղծագործություն ստեղծեր նվիրված մեծ առաջնորդ ընկեր Լենինին և պատկերացրեք ինչքան գործեր կային կուտակված տարբեր քաղաքների մշակութային ֆոնդերում, սա ուներ նաև իր դրական կողմը: Արվեստագետը ստանում էր մեծ գումար և անընդհատ աշխատում էր, թեկուզ դա միշտ նույն Լենինի կերպարն էր: 1993-ին Թալինի գյուղերից մեկում Լենինի կիսանդրի կար մի բակում երեսնիվայր գցած, երբ շրջեցինք, նա հիշեցնում էր ֆիդայինի՝ բեղերը վեր ցցած, դա հատուկ էր արված թե՞ ո'չ, չեմ կարող ասել, բայց հիմա հասկանում եմ, որ ամեն ստեղծագործող թեկուզ չսիրելով կերպարը՝ միևնույն է իր սրտից, իր էությունից դրոշմում է իր ստեղծած կերպարի մեջ: Ասածս այն է, որ չէր խանգարի բազում լենինների ցուցադրումը մեկ վայրում, վստահ եմ, որ շատ հետաքրքիր կլիներ, օրինակ ՝ տաջիկ, ուզբեկ, վրացի ու հայ լենիններ տեսնելը…
 
 
 
 
hooys-armenian-237-8 hooys-armenian-237-9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
–    Կինը և կնոջ ներկայությունը քո ստեղծագործություններում… 
–    Կինը հենց ինքը մուսան է, արվեստագետի համար նա լինում է վերելքի կամ անկման պատճառ, այդպես է նաև ինձ մոտ:  
 
–    Դասավանդում ես Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, երիտասարդ սերնդի մեջ կա՞ այն ոգևո-րությունը, որը հնարավոր է ապագայում իր ժամանակի Քոչար ծնել, թե սպասենք այլ երևույթների՝ հանգիստ թողնելով ժամանակի հանճարներին, որոնք կամ չեն կրկնվում, կամ գերազանցում են մեկը մյուսին… 
–    Այսօրվա սերունդը հավատացեք հզոր սերունդ է հաղթանակած սերունդի ժառանգներն են: Եթե ինչ որ  բան այն չէ նրանց մեջ՝ մեղքը նրանցը չէ ,նրանք կարիք ունեն իրենց հարգող և սիրող սրտի: Տանք նրանց ճշմարտությունը և կհաղթենք…
 
– Արցախում, Ստեփանակերտում  պուրակներ կան , որոնք հարստացած են քո ուսանողների քանդակներով, խոսիր այդ գաղափարի մասին և արդյո՞ք առաջիկայում  նախատեսվում է նոր համալրում … 
–    Այս մի քանի տարի է քոլեջում կազմակերպում եմ քանդակի սիմպոզիումներ ուսանողների համար, որի արդյունքում քարե քանդակներ են ստեղծվում նրանց ձեռքերով և այդ աշխատնքները զարդարում են Արցախի հանրապետության քաղաքների այ-գիները: Երբ այս  ծրագրի մտահղացումով կիսվեցի Փանոս Թերլեմեզյանի քոլեջի տնօրեն Աննա Առուշանյանի հետ, նա ուրախությամբ  ընթացք տվեց, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ:
 
 
 
hooys-armenian-237-6
 
 
 
 
 
–    Որն՞ էր վերջին գործդ, որի վրա աշխատել ես … 
–    Վերջին ստեղծագործական աշխատանքս ՙՙ«Եվրոպայի առևանգումն» է: Միտքը ծնվեց այսօրվա Եվրոպայի ներքին վիճակից, թե' բարքերի և թե' քրիստոնյա լինել չլինելու այդ տարանջատման խնդրից: Այս գործը իմ ներսի ցավն ու տագնապն է… 
 
 
 
 
 
 
 
 
 
hooys-armenian-237-7
 
 
 
 
 
–    Ինչ է անհրաժեշտ տաղա՞նդ, ու՞ժ, գիտելիք ունենալուց զատ՝ արվեստագետին, ում զրույցը քարի ու երկաթի հետ է …և ոչ միայն… 
–    Կուզենայի ստեղծագործել առանց խոչընդոտների: Փորձել եմ այլ նյութերով էլ աշխատել, օրինակ բույսերով… Ծաղիկները, խոտերը դրանք ուղղակի նյութեր էին փոխարինող քարին, բրոնզին, որոնցով փորձել եմ ստանալ ծավալային պատկերներ: Երևանի քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի մտահղացումն էր ստեղծել որևէ բան խոտերից և ծաղիկներից և ես ստեղծեցի բույսերով քանդակները, որոնք տեղադրվեցին մայրաքաղաքի տարբեր վայրերում: Քչերը գիտեն, որ հեղինակը ես եմ… 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
–    Կա մի գործ, որ կուզենայիր կերտել , մինչ քանդակագործի մուրճդ ցած դնելը, ինչպես արտիստների մոտ է լինում, միշտ մնում է մի բաղձալի կերպար, դեր, որ կցանկանային կերտել…
–    Որպես այդպիսին ինձ մոտ չի ձևավորվել որևէ կերպար, որ լինի վերջնազարկը, դեռ ունեմ արվեստի քավարանը անցնելու ճանապարհ:
 
–    Հասարակություն – արվեստագետ կապն այսօր ինչպիսին է քո բնորոշմամբ, արդյոք մեկը մյուսին արժանի ե՞ն, մեկը մյուսին կերտող ու քանդակո՞ղ, թե կա «թելադրված» ասվածը…
–    Հասարակությունն այսօր հացի խնդիր ունի, ֆիզիկապես գոյատևելու պայքարի մեջ է, չեմ հավատում, որ սոված մարդը  ճաշարանը կփոխի  Էրմիտաժի հետ, այդպիսին է մարդու բնույթը: Արվեստը վերելք է ապրում, երբ մարդիկ կուշտ են և մտածում են ցգացմունքայինը, հոգևորը սնելու մասին: Միշտ փորձել եմ հասկանալ, գտնել որի՞ն եմ պատկանում, իմ կարծիքով արվեստագետները տեսնում են այն, ինչը չեն տեսնում այլոք, նրանք տեսնում են անտեսանելին և դարձնում տեսանելի, նրանց համար ովքեր չեն տեսնում: Արվեստագետին լսելով ասում են այս մարդը խոսում է մի բանից, որը գոյություն չունի, նրան համարելով ռոմանտիկ, բայց երբ իրագործում է միտքը նյութի վրա՝ դառնում է իրականություն: Լեոնարդո դա Վինչին գծում էր, խոսում մի բան, որ չհասկացան իր օրոք և ծիծաղելի էին մարդկության համար նրա երազանքները… Այդ ժամանակ նրան նայում էին որպես ռոմանտիկ մի մարդու, դարեր հետո հասկացան, որ նա աշխարհը ավելի ռեալ էր հասկացել:
 
–    Ինչպես ես վերաբերվում կուռքերին արվեստում և առհասարակ կյանքում… 
–    Եթե կուռք ասելով նկատի ունենք արվեստի հանճարներին՝ վերաբերվում եմ լավ, նրանք փարոսներ են գալիք արվեստագետ սերունդների համար այս կյանք ասված օվկիանում:
 
–    Կա՞ մի կրեդո, որով առաջնորդվում ես կյանքում…
–    Ապրեմ այնպես, որ  չզղջամ մարդկանց և Աստծո առաջ: 
 
 
 
«Յոյս» թիւ 237
18 Ապրիլ 2017

 

 

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *