Նոր Ջուղայի «առաջին» առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոսը և նրա «նորահայտ» տապանաքարը

Նիկիտ Միրզայանց
 
hooys-armenian-237-1
 
Առաջնորդի մասին մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել: Նոր Ջուղայի պատմագիր Հարություն Տեր-Հովհանյանը շատ համառոտ հիշատակում է(1), որ 1604 թ. հայերի մեծ գաղթի ժամանակ Հին Ջուղայի առաջնորդը եղել է Մեսրոպը, որը գաղթականների հետ միասին հաստատվել է Ն. Ջուղայում և առնվազն մինչև 1613 թվականը շարունակել է իր հոգևոր պարտականությունը:
Նկատենք, որ ժամանակի հայկական և արևմտյան  աղբյուրները չեն հաստատում   Տեր-Հովհանյանի տեսակետը: Ամենահին աղբյուրը, որ մատնանշում է Մեսրոպին որպես Ն. Ջուղայի առաջնորդ, պատկանում է մի ձեռագիր մատյանի, որ գրվել է 1608 թ. Ն. Ջուղայում(1), մի այլ հիշատակություն ասում է, որ մինչև 1602 թվականը Հին Ջուղայի առաջնորդն էր Հովսեփ անունով մի հոգևորական:
Մի այլ ևրոպական աղբյուր խոսում է կաթոլիկ հոգևոր քարոզիչ Diego de Santa Ana –ի անունից, որ մատնանշել է՝ առաջնորդական պաշտոնը բաժանված է եղել երկու եպիսկոպոսների մեջ և չհիշատակելով նրանց անունները ավելացրել է.
Դավիթ արքեպիսկոպոսի հետ ևս եղել են ամենաքիչը վեց հայր սուրբ Սպահանում:
Ուրիշ ձեռագիր մատյաններում Մեսրոպ եպիսկոպոսի կոչումը առհասարակ եղել է «մեր Ն. Ջուղա գավառի առաջնորդ»(1): Հետաքրքիր է, որ մեծ պատմագիր Առաքել Դավրիժեցին էլ մեծ գաղթի ժամանակ հիշատակում է Դավիթ արքեպիսկոպոսին և նրա տեղապահ Մելիքսեթին, որ Հին Ջուղայից գաղթում են Ն. Ջուղա:
Ինչևիցե, երևի թե մինչև 1607 թ. Ն. Ջուղայի «առաջին» հոգևոր առաջնորդի վերը նշված հակասական և իրարամերժ տվյալները խոսում են այն մասին, որ Մեսրոպ արքեպիսկոպոսը միայն 1607 թվականից հետո է եղել Ն. Ջուղայի առաջնորդը, բայց արդյոք առաջի՞նը՝ դա արդեն կարոտ է լուրջ պատմագիտական ուսումնասիրության:
Ն. Ջուղայի 400-ամյա գերեզմանատան մեջ է ամփոփված լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոսի դին:
Ճանաչված բանասեր Լ.Գ.Մինասյանն իր «Սպահանի հայոց թեմի Առաջնորդները» գրքում՝ էջ(31) նշել է շիրմաքարի վերծանված արձանագրությունը.
         ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԵՎ ՇԻՐԻՄ ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԹՎ. ՌՀԵ (1626 թ.)
և վայրը հիշատակում է գերեզմանատան (3Ե)   մասում:
Նվաստիս համար մի քանի տարի առաջ հարց ծագեց, թե ինչո՞ւ Մեսրոպ առաջնորդի շիրիմը մեր մյուս երջանկահիշատակ առաջնորդների նման չի ամփոփվում Սուրբ Ա.վանքի շրջափակում: Մի օր էլ գերեզմանատան բարեզարդման գործադիր վարիչ՝պրն.Արման Սիմոնյանի հետ միասին որոնելով գերեզմանատան (3Ե )բաժինը գտանք շիրմաքարը՝մի կողմի վրա թեքված, անշուք, խղճուկ և անմխիթար վիճակում, լուսանկարեցինք, և ես որոշեցի իմ դժգոհությունը հայտնել Ն. Ջուղայի նախկին առաջնորդ Գերաշնորհ Բաբգեն Արք.Չարյանին.այս մասին երկար զրուցեցինք և նա համոզվեց, որ Կրոնական խորհրդի միջոցով սկսվի շիրիմի վերականգմման և բարեզարդման գործընթացը:
Փառք Աաստծո, այժմ արդեն մեկնարկել է բարեզարդման աշխատանքները: Այստեղ հարկ եմ համարում հիշեցնել ,որ Ն. Ջուղայի գերեզմանատունը իրենից ներկայացնում է միջազգային բացառիկ մի արժեք և իր 400-ամյա անցյալով իր մեջ հավիտենական  հանգրվանել են մեծանուն հայ և այլազգի վաճառականներ, արհեստավորներ, դեսպաններ և մշակույթի գործիչներ, շիրիմներ, որոնք կարոտ են լուրջ ու-սումնասիրության և համապատասխան հոգատարության:
 
 
Ծանոթ:
1-«The Emergence of  the Armenian Diocese of  New Julfa in the Seventeenth Century» by   Vazken S.Ghougassian ,University of Pennsylvania ,1988    էջ( 86,87)
Նիկիտ Միրզայանց,      Մարտի 23,2017 թ.
Լուսանկարները՝Արման Սիմոնյանի
 
 
«Յոյս» թիւ 237
18 Ապրիլ 2017

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *