ՊԺ-ի երեք նիստերն ու ԹԽ-ի ընտրությունները

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
 
hooys-armenian-236-1

 

Պատգամավորական ժողովի 16-րդ շրջանի 3-րդ, 4-րդ և 5-րդ նիստերը տեղի ունեցան 2017 թվականի փետրվարի 20-ից մինչև 22-ը, իսկ փետրվարի 25-ին կայացավ 6-րդ նիստը, որտեղ ընտրվեցին Կրոնական և Թեմական խորհուրդներն ու Հաշվեքննիչ մարմինը: Առաջին երեք նիստերի ընթացքում տվյալ երեք մարմինները ներկայացրին իրենց 2015-ից մինչև 2017 թվականների եր-կամյա գործունեության զեկույցները: Հենց սկuզ-բից հնչեց այն քննադատությունը, որ տվյալ երեք մարմինները ընտրվել են 15-րդ շրջանի պատգամավորների կողմից և ավելի ճիշտ կլիներ նրանց զեկուցեին իրենց գործունեության մասին, սակայն պատասխանը եղավ այն, որ մեր թեմի դրվածքը այսպես է ու հնարավոր չէ փոխել: 
Սկզբում Թեմական խորհուրդը հանդես եկավ իր զեկույցով. նա տեղեկացրեց, որ այս երկու տարվա ընթացքում ունեցել են 154 նիստեր, յուրաքանչյուրը տևել է 3-4 ժամ: 50 էջանոց զեկույցը ներկայացրեց ԹԽ-ի նախագահ պրն. Ռուբիկ Կարապետյանը, որը բաղկացած էր 8 գլուխներից :
Թեմական խորհուրդը իր 22-րդ նիստի ժամանակ պատրաստել էր մի հայեցակարգ, սակայն դա ընդհանուր բնույթ է ունեցել: Այնպես եզրահանգում եղավ, որ ավելի լավ է յուրաքանչյուր Թեմական խորհուրդ իր աշխատանքի սկզբում կազմի երկու տարվա ժամկետային մի կարճ ծրագիր, որտեղ գնահատական կտրվի մեր համայնքի ներկա կարգավիճակին ու կճշտի մարտահրավերներն ու առաջնահերթությունները և ըստ այնմ կկազմի իր երկու տարվա ծրագիրը: Կաշխատենք մեր համայնքի հետաքրքրվող անդամների համար հնարավորինս այս կանոնակարգը ներկայացնել ապագայում: 
Զեկույցը ներկայացնելուց հետո առիթ տրվեց լուսաբանական հարցեր ուղղել ԹԽ-ին, որից հետո եղավ գործունեության քննարկում: Ստորև կանդրադառնանք որոշ կարևոր հարցերի: 
 
500000 դոլարանոց հողատարածքը
Ինչպես տեղյակ եք, ժամանակի Թեմական խորհուրդը մեր համայնքի ավելի քան 10 տարի առաջվա որպես արտագաղթային ծրագիր՝ 500,000 դոլար հատկացրեց Սևանի ու Աբովյանի տարածաշրջանում մի հողատարածք գնելու և իրանահայ երիտասարդ զույգերի համար բնակարաններ կառուցելու և տրամադրելու համար, որպեսզի ԱՄՆ գաղթելու փոխարեն գնան Հայաստան բնակվելու, սակայն հենց այն ժամանակ էլ անորոշ էին նման երիտասարդների աշխատանքի հարցը և բնակարանաշինության այլ հարցեր: Պիտի նկատի ունենալ, որ ժամանակի ԹԽ-ը շահագրգռված էր անմիջապես գումարը վերցնել և իբրև թե գնել այդ հողատարածքը: Պետք է նկատի առնել, որ դա համընկնում էր Հայաստանում խորհրդարանի ընտրություններից առաջ ժամանակահատվածի հետ, որտեղ ինչպես գիտենք, բոլոր կուսակցությունները կանգնած էին մեծ ծախսերի առջև և հենց այն ժամանակ էլ այն կասկածը կար, որ այդ գումարը անհրաժեշտ է կուսակցությանը և ոչ թէ որպես հակաարտագաղթային ծրագրի իրականացմանը: Հետագայում պարզվեց, որ այդ հողատարածքը երեք առանձին վայրերում  են գտնվում ու ոչ պիտանի, և ըստ պր. Ալբերտ Աճեմյանի, անարժեք են ու որևէ հույս չպիտի կապել դրա հետ: Ներկայիս ԹԽ-ը տեղեկացրեց, որ մի գնորդ էր գտել, որպեսզի վաճառի այդ տարածքը, սակայն հետո փոշմանել է ու պատրաստ չէ գնելու: Քննարկումների ժամանակ պարզվեց, որ այն ժամանակվա ԹԽ-ի նախագահ դոկտ. Աիդա Հովհաննիսյանը և ԹԽ-ի անդամ Հարություն Այվազյանը, որը ներկայումս ՊԺ-ի անդամ է, միասին են գնացել այդ տարածքը գնելու և վճարել են ընդամենը 50,000 դոլար: Այս բացահայտումից հետո հարցը ավելի բարդացավ ու չպարզվեց, թե մնացած 450,000 դոլարը ուր է կորել: Այս հարցը մնում է մեր Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի ու ամբողջ համայնքի անդամների ուշադրության կենտրոնում ու պետք է թափանցիկ ձևով պարզվի հարցի բոլոր կողմերը և իրականությունը:
 
Թեմի կանոնագրության վերանայումը
Քննարկման ենթարկվեց թեմի կանոնագրության վերանայման ձգձգման և ընտրությունների օրենս-գիրք չունենալու խնդիրը: Քննադատության են-թարկվեցին անցյալի բոլոր պաշտոնյանները, ովքեր բավարար շահագրգռվածություն ու կամք չեն դրսևորել կազմելու ընտրական մի օրեսնգիրք և վերանայել ներկա պայմաններին չհամապատասխանող կանոնագրությունը, որը պատրսատվել է  ավելի քան 35 տարի առաջ:
 
ՏՆՏեսական հանձնախումբ 
ԹԽ-ը տեղեկացրեց, որ կյանքի են կոչել «Արմատական ռազմավարության տնտեսական հանձնախումբ»: Ըստ ԹԽ-ի, այդ հանձնախումբը պետք է որոշի մեր համայնքի տնտեսական իրավիճակը և ճշտի համապատասխան ռազմա-վարություն. ըստ ԹԽ-ի, այդ հանձնախմբի մեջ ընդգրկված են հայտնի մասնագետներ, սակայն դեռ մինչ այժմ որևէ ծրագիր չեն մշակել և պետք է հուսալ, որ շուտով նրանք հանդես կգան իրենց ուսումնասիրած ծրագրերով և կներկայացնեն ԹԽ-ին ու ՊԺ-ին: 
 
Աշակերտության թվի նվազումը
Մեր աշակերտության թիվը նվազում է ու ներկայումս հայոց դպրոցներում մենք ունենք ընդամենը 2033 աշակերտ, իսկ 2015 թվականին դա եղել է 2234: Ուրբաթօրյա աշակերտների թիվը մոտավորապես 300 հոգի է կազմում: Դժբախտաբար նվազումը շարունակվում է և որևէ քայլ չենք կարողանում վերցնել այդ ուղղությամբ: Խոսվեց արտադասարանային աշխատանքների կարևորության մասին: Սա առանձին թեմա է, որ հուսով ենք կարողանանք առանձին անդրադառնալ դրան: Հայոց դպրոցներում աշակերտության թվի նվազումը պատճառ է դարձել, որ անորակ ուսուցիչներ տրամադրվեն մեր դպրոցներին: Մեր դպրոցների մակարդակը գնահատվեց պետական դպրոցների մակարդակին համահավասար:
 
Բյուջետային բացը 
Բյուջետային բացը լրացնելու համար օգ-տագործվել է որոշ եկամուտներից ու կալվածների վաճառքից, որը բացասական գնահատվեց: Այս ուղղությամբ նաև պետք է առանձին հոդվածով հանդես գալ ու մեր համայնքի անդամներին տեղյակ պահել իրենց ունեցած կալվածների մասին, որպեսզի տեր կանգնեն մեր կալվածներին:
 
«Ավետիսյան» բուժարան
«Ավետիսյան» ազգային բուժարանի մասին տեղեկացվեց, որ ունի 43 անձնակազմ, 48 բժիշկ և 22 մասնագետ: Տարեկան շահը կազմում է մոտավորապես 260 միլիոն թուման: Սակայն քանի որ 65 տարեկանից վեր անձնավորությունների բուժման ծախսերը վճարում է Ազգ. Առաջ-նորդարանը, ուստի վնասով է աշխատում և միշտ բաց է բերում: Ամբողջ հաշվետվությունն էլ չի փոխանցվում Թեմական խորհրդին, և հաշվեքննիչ մարմինը անգամներ զգուշացրել է այս կապակցությամբ, սակայն որևէ արդյունք չի ունեցել:
 
Կարիքավորների օժանդակող մարմին
Խոսվեց «Կարիքավորներին օժանդակող մար-մին»-ի (ԿՕՄ) մասին: Տեղեկացվեց, որ այն ունի 95 նպաստընկալ: Վերջերս Սահակյան դպրոցը որոշ փոփոխությունների ենթարկելով օգտագործվել է անօթևանների համար որպես բնակարան, ուր ներկայումս բնակվում են մոտավորապես 16 հոգի: Հեշմաթիե թաղամասի պատգամավորները իրենց դժգոհությունը հայտնեցին այդտեղի կառավարման համակարգի մասին ու պա-հանջեցին վերահասու լինել խնդիրներին: Առաջարկ կա, որ «Սահակյան բարեսիրական կենտրոն»-ի համար ստեղծել մի հանձնախումբ, որը կկառավարի այդ կենտրոնը:
 
Գագիկ Ծառուկյանի այցը
Հայաստանի հայտնի մեծահարուստ և Բարգավաճ կուսակցության նախագահ՝ Գա-գիկ Ծառուկյանի այցելության հրավերը և աշխատանքները ներկայցվեց Թեմական խոր-հուրդի կողմից, սակայն, երբ հարց բարձրացվեց, թէ ո՞վ է հրավիրել նրան, ԹԽ-ը հանձն չառավ ու ասաց, թէ մենք չենք հրավիրել և այդպես էլ հայտնի չեղավ, թէ ով է հրավիրել և ինչ նպատակով:
 
Այլ հարցեր 
Դատական Մարմինը ունեցել է 85 դիմում, որոնցից 53-ը ավարտվել է ապահարզանով: Ներկայումս կա նաև 45 դիմում: Ուսանողական ֆոնդն ունի 61 կրթաթոշակ ստացող ուսանողներ: Լիսանսի մակարդակի ուսանողները ստանում են տարեկան մեկ միլիոն թուման, իսկ գերլիսանսինը 1,200,000 թուման: Կատարվել են նոր բուրաստանի ու դուլաբի գերեզմանատան վերանորոգման աշխատանքներ:   
Կրոնական խորհուրդը ևս ներկայացրեց իր երկամյա զեկույցը և եղան պարզաբանական հարցեր ու քննարկումներ: Վերջում հաշվեքննիչ մարմինը ներկայացրեց իր երկամյա զեկույցը, որտեղ կային բազմաբնույթ նկատողություններ, որոնց մեծ մասը ուղղված էր Թեմական խորհրդին և որոնց մեծ մասը դեռևս լուծում չեն ստացել: Այս բաժինը նաև կարելի է առանձին ներկայացնել մեր համայնքի անդամներին, որպեսզի տեղյակ լինեն բացթողումներին ու դաս լինի ապագա մարմինների համար:
 
Ընտրություններ 
Շաբաթ, 25 փետրվարին տեղի ունեցան թեմիս երեք մարմինների՝ ԹԽ-ի, Կրոնական խորհրդի և Հաշվեքննիչ մարմնի ընտրությունները: Նախօրոք դրսում ամեն ինչ որոշված էր: Ընթերցվեցին թեկնածուների անունները և քվեարկեցին ու ընտրվեցին նախապես ճշտված թեկնածուները: Կարծես նման ընտրությունների ձևը տեղ է ընկել մեր համայնքում ու բոլորին թվում է, թէ սա նորմալ ընտրություն է, և երբ ՊԺ-ի մեծամասնությունը ձայն է տալիս, պետք է դեմոկրատիկ և ճիշտ համարել: Սակայն նման ընտրութունների ձևը հիշեցնում է Սովետական Միության ընտրությունները, երբ կուսակցությունը նախօրոք պատրաստում էր ընտրվողների ցուցակը և ներկայացնում  քվեարկության: Ոչ մի քննարկում և թեկնածուների նպատակահարմարության մասին խոսք չի լինում և չի հարգվում փոքրամասնություն ունեցող խմբերի իրավունքները: Սա համարվում է տիպիկ «ՏՈՏԱԼԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆՏ-ՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»: Դժբախտաբար նման մենա-տիրություն կարող է գոյություն ունենալ նաև կուսակցությունների ներսում, որտեղ իշխում է միայն մեկ հոգի: Սա չի նշանակում, որ ընտրված անձինք լավ կամ վատ մարդիկ են, այլ համակարգն է տոտալիտար կամ մենատիրական, որից տուժելու են բոլորը՝ իրանահայությունը և բոլոր հասարակական ու քաղաքական ուժերը: Մեր բացասական կողմը հենց Պատգամավորական ժողովի համար ժողովրդավարական ընտրու-թյունների համակարգ չունենալն է, որտեղ բոլոր հասարակական ու քաղաքական ուժերը իրենց ձեռք բերած ժողովրդի ձայների տոկոսների հարաբերությամբ ներկայացուցիչներ կամ պատգամավորներ կունենան ՊԺ-ում: 
ԹԽ-ի ընտրված անդամներն են. 1-Ռոբերտ Բեգլարյան, 2-Արմինե Սեթխանյան, 3-Արմինե Սիմոն Խաչիկ, 4-Սերոժ Մաթևոսյան, 5-Զորիկ Կարապետյան, 6-Վարդգես Եդգարյան, 7-Արա Գալստյան, 8-Քրիստ Արզումանյան, 9-Հարմիկ Ավետյան, 10-Վարուժ Հովհաննիսյան, 11-Արամ Նոշադյան: Ներկայացված 7 հոգևորականներն էլ ընտրվեցին որպես Կրոնական խորհրդի անդամներ: Հաշվեքննիչ մարմնի համար ներկայացվեցին 11 թեկնածուներ, որոնցից ընտրվեցին 9 հոգի: Նիստի ավարտին ԹՀԹ-ի առաջնորդ Տ. Սեպուհ սրբազանը շնորհավորելով նորընտիր մարմինների անդամներին, հանդես եկավ եզրափակիչ խոսքով: 
Հաջողություն ենք մաղթում մեր նորընտիր մարմիններին և հուսով ենք լավ գնահատելով մեր համայնքի ներկա կարգավիճակը կկարողանան դրական քայլեր վերցնել զարգանալու և առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: 
 
 
«Յոյս» թիւ 236
11 Մարտ 2017
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *