«Վարդի անունը»

Ալիս Խոդավերդյան
 
hooys-armenian-235-1
 
hooys-armenian-235-2
2009-ին,  Հայաստանում փետրվարի 19-ը  հայտարարվեց գիրք նվիրելու օր, որը հետագա տարիներին դարձավ գեղեցիկ ավանդույթ խորհրդանշական օրում: Այդ հայտարարության օրը լրանում էր ամենայն հայոց  բանաստեղծ Հովհ. Թումանյանի 140- ամյակը, իսկ 2016-ի հենց նույն օրը՝ փետրվարի 19-ին, կյանքից հեռացավ իտալացի մեծ գրող-պատմաբան, միջնադարագետ, նշանագետ, 20-րդ դարի սեմիոտիկայի մեկնաբանության բնագավառում առաջատար մտածողներից մեկը՝ Ումբերտո Էկո-ն:
Այս առիթով ձեզ ենք ներկայացնում Ումբերտո Էկոյի «Վարդի անունը»  գիրքը, որի թարգմանիչ  Զավեն Բոյաջյանին  ՀՀ նախագահի կողմից 2014 թվականին գեղարվեստական գեղեցիկ թարգմանության համար շնորհվեց մրցանակ: Ումբերտո Էկոյի մեծ բեսթսելերը՝ «Վարդի անունը» (1980), որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկն է համարվում: Ծննդյան 80 տարին բոլորելուն պես Էկոն անդրադարձավ իր անդրանիկ վեպին՝ հրատարակելով իրեն մեծ գրողի համբավ բերած երկի վերամշակված տարբերակը: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղի-նակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգ-մանվել է: Հանգամանալի մեկնություններն ու ծանոթագրությունները շահեկանորեն առանձ-նացնում են այս հռչակավոր վեպի հայերեն հրատարակությունը այլ լեզուներով կատարված թարգմանություններից:
  1986 թվականին էկրաններ բարձրացավ «Վարդի անունը»  գրքի մոտիվներով Ժան Ժակ Աննոյի գեղարվեստական ֆիլմը:
1988 թվականին ֆիլմը ստացավ BAFTA-ից երկու  մրցանակ՝տրված լավագույն դերասան Շոն Քոններիին և լավագույն դիմահարդար՝ Հասսո Ֆոն Հյուգոյիին:Մինչ այժմ նա արժանացել է 15 մրցանակի, և եղել է 5 անվանակարգերում: 
 
 
 hooys-armenian-235-3
 
Իմ մեղսավոր կյանքի մայրամուտին մոտ, ալեհեր, աշխարհի պես զառամ սպասելով աստվածային անհուն խորխորատի լուռ ամայության մեջ կորնչելուն՝ հրեշտակային համաձայնության անբարբառ լույսին միաձույլ, իսկ առայժմ իմ ծանր ու տկար մարմնով Մելքի հարազատ մենաստանի այս խցում փակված՝ ես ձեռնամուխ եմ լինում այն զարմանալի և ահասարսուռ դեպքերի հիշատակը մագաղաթին հանձնելուն, որոնց վիճակվեց ականատես դառնալ մատաղ տարիքում՝ վերարտադրելով իմ տեսածն ու լսածը առանց կատարվածի խորհուրդը կորզելու հանդգնության, կարծես գալիք սերունդներին թողնելով (եթե միայն Նեռը նրանց չկանխի) նշանաց նշանները մեկնության աղոթքը դրանց վրա անելու համար։
                         , Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան
 
Տարեց վանական Ադսոնը հիշում է 1327 թ. դեպքերը, որոնց ականատեսն ու մասնակիցն է եղել: Ֆրանսիայի Լյուդովիկոս կայսրը պայքար է մղում Հռոմի Պապի դեմ, իսկ վերջինս հետապնդում է ֆրանցիսկյան ուխտի վանականներին: Սրանք միանում են Լյուդովիկոսին: Պատանի Ադսոնը ուղեկցում է անգլիացի ֆրանցիսկյան Վիլհելմ Բասկերվիլցուն: Սա Ուիլյամ Օկկամի և Ռոջեր Բեկոնի ընկերն է, ունի վերլուծական հզոր ուղեղ: Պիտի կազմակերպի ֆրանցիսկյանների և կուրիայի ներկայացուցիչների հանդիպումը: Աբբայության ճանապարհին Վիլհելմը զարմացնում է կղերականներին իր դեդուկտիվ մեթոդով՝ կարողանալով գտնել կորած ձիուն: Աբբայության վերակացուն իսկույն խնդրում է Վիլհելմին օգնել պարզելու մենաստանում տեղի ունեցած տարօրինակ մահը: Երիտասարդ վանական Ադելմի դիակը գտնվել է անդնդի հատակին: Հնարավոր է, որ նրան գցել են աշտարակից: Վիլհելմին թույլ են տալիս հարցաքննել բոլորին և դիտել բոլոր վայրերը, բացի գրադարանից: Այստեղ են գալիս աշխատելու ամբողջ եվրոպայից թարգմանիչներ, մեկնաբաններ, գրիչներ և այլն: Սակայն գրադարանի մուտք ունեն միայն գրադարանավարը և նրա օգնականը: Մյուսները աշխատում են հատուկ առանձնասենյակներում: Գրադարանավարն է որոշում, թե որ գիրքը կարելի է տրամադրել, իսկ որ մեկը՝ ոչ: Չէ՞ որ կան նաև շատ հերետիկոսական գրքեր: Այստեղ Վիլհելմը ծանոթանում է գրադարանավար Մաղաքիայի հետ, նրա օգնական Բերենգարի, հունարենից մի թարգմանչի՝ Արիստոտելի հետե-վորդի, Վենանտիուսի և երիտասարդ հռետոր Բենտիուսի հետ: Հանգուցյալ Ադելմը սիրում էր գրքերի լուսանցքներում ծաղրանկարներ անել, ինչը զվարճացնում էր գրիչներին: Սակայն իսկույն հայտնվում էր կույր եղբայր Խորխեն, որն ասում էր, թե ծիծաղը և դատարկաբանությունը մեղք են: Վիլհելմը գալիս է այն եզրակացության, որ Ադելմը ինքնասպանություն է գործել: Նույն գիշերը խոզերի արյամբ լեցուն տակառում գտնում են Վենանտիուսի մարմինը: Մարմնի վրա բռնության հետքեր չկան: Վիլհելմը նկատում է, որ Բենտիուսը և Բերենգարը վախեցած են: Հարցաքննում է նրանց: Իմանում է, որ Ադելմի մահից 2 օր առաջ տեղի էր ունեցել վեճ զավեշտականի վայելչության մասին և որ հավերժական ճշմարտությունները լավ է ներկայացնել կոպիտ ձևերի մեջ: Վեճի ընթացքում Բերենգարը լեզվից թռցնում է գրադարանում պահվող մի գաղտնիքի մասին: Դա կապված է «Աֆրիկա» բառի հետ: Գրադարանի այդ բաժնի տակ պահվող գրքերն ըստ Մաղաքիայի կորած են: Պարզվում է նաև, որ Ադելմը սոդոմական մեղք է գործել Բերենգարի հետ, ինչը ստիպում է նրան ինքնասպանություն գործել: Վիլհելմին թույլ չեն տալիս նայել գրադարանի գրքերը: Գիշերը Վիլհելմը Ադսոնի հետ ստորգետնյա գաղտնի թունելով, որը հայտնի է միայն գրադարանավարին, վերադառնում է նույն տեղը: Նա հայտնաբերում է գաղտնագրով մագաղաթը, սակայն չի գտնում գիրքը, որը տեսել էր ցերեկը: Գրասենյակում ինչ-որ մեկը կա: Անծանոթը փախչում է. նրա ձեռքին գիրքն է:
Աբբայից իմանում են, որ անհետացել է Բե-րենգարը: Նրան գտնում են լոգարանում: Նրա մատներին ինչ-որ նյութի հետքեր են մնա-ցել: Լեզուն սևացել է: Նրան թունավորել են: Վանահայր Սևերինուսը պատմում է, որ նա ուներ թույնի լուծույթ, որը հետո կորել է: Լուծույթի մասին գիտեին միայն Բերենգարը և գրադարանավարը:
Ժամանում են դեսպանությունները:
Վիլհելմը և Ադսոնը թափանցում են գրադարան, որպեսզի կազմեն լաբիրինթոսի գծագիրը: Լաբիրինթոսը ունի տառերի տեսք, որոնք կազմում են երկրների անվանումներ: Կա նաև «Աֆրիկան»: Դա մի սենյակ է, ուր չի հաջողվում մտնել: Դեսպաններից մեկը՝ Բերնարդ Գին, բանտարկում և կախարդության մեջ է մեղադրում բժշկի օգնականին և մի երիտասարդ աղջկա: Այդ աղջկա հետ հասցրել էր ծանոթանալ նաև Ադսոնը: Հիմա աղջկան սպառնում է խարույկը:
Սևերինուսը հաղորդում է Վիլհելմին, որ գտել է մի տարօրինակ գիրք: Այդ զրույցը լսում է կույր Խորխեն: Բենտիուսը ևս գիտի, որ Սևերինուսը հայտնաբերել է Բերենգարից մնացած ինչ-որ բան:
Կրոնական վերսկսված վեճի ժամանակ լուր է հասնում, որ Սևերինուսը սպանված է: Նրան գտնում են բուժանոցում փշրված գանգով: Վիլհելմը նրա մատներին փորձում է գտնել լուծույթի հետքեր: Նրա ձեռքերին ձեռնոցներ են: Որպես հանցանքի մեղավոր բռնված է Ռեմիգիուսը: Բենտիուսն ասում է Վիլհելմին, որ սպանության պահին ներսում է եղել Մաղաքիան, իսկ հետո աննկատ հեռացել է: Վիլհելմը հասկանում է, որ եթե մարդասպանը Մաղաքիան է, ապա գիրքը գտնվում է լաբորատորիայում: Սակայն նրանք չեն գտնում գիրքը: Այն ընկնում է Բենտիուսի ձեռքը:
Բերնարդ Գին դատում է Ռեմիգիուսին և ստիպում իր վրա վերցնել աբբայությունում բոլոր սպանությունները:
Բենտիուսը Վիլհելմին ասում է, որ չի կարող նրան տալ գիրքը, քանի որ դեռ կարդալ չսկսած վերադարձրել է այն Մաղաքիային և ստացել նրանից գրադարանավարի օգնականի պաշտոնը: Մի քանի ժամից մեռնում է նաև Մաղաքիան: Նրա մատների և լեզվի վրա սև հետքեր են: Աբբահայրը հաղորդում է Վիլհելմին, որ ինքը չի արդարացրել սպասելիքները և պիտի լքի աբբայությունը: Վիլհեմլը ասում է, որ իրեն հայտ-նի է սպանությունների պատճառը: Մեռնում են նրանք, ում հայտնի է գրադարանում եղած «Աֆրիկայի սահմանի» մասին:
Վիլհելմը չի շտապում հեռանալ աբբայությունից: Նա Ադսոնի օգնությամբ կարողանում է լուծել գաղտնագիրը, մուտք գործել գաղտնի սենյակը: Այնտեղ նրանց է սպասում կույր Խորխեն: Սա ժամանակին եղել է գրադարանավար և զգալով, որ կուրանում է, սովորեցրել է առաջին հետնորդին, հետո՝ Մաղաքիային: Բայց ո´չ առաջինը, ո´չ էլ երկրորդը չեն աշխատել առանց իր օգնության: 40 տարի նա գրադարանի տիրակալն է: Որոշ գրքեր նրա համոզմամբ պիտի երբեք չլքեն գաղտնի սենյակի սահմանները: Դրանցից մեկն է Արիստոտելի «Պոետիկայի» երկրորդ մասը, որը համարվում է կորած և առնչվում է զավեշտականին: Խորխեի համոզմամբ Արիստոտելի ուսմունքի հենց այս հատվածը պիտի գաղտնի մնա, որպեսզի նրա հեղինակությունը շարունակի եկեղեցու համար ընդունելի լինել: Խորխեն ցույց է տալիս գիրքը, որը տեսնելու համար կյանքով են հատուցել արդեն 5 մարդ: Վիլհելմը չի վերցնում գիրքը: Նա հասկացել է, որ գրքի էջերը թունավորված են: Նրանք, ովքեր կարդացել են գիրքը, թերթել են այն և թքոտել մատը, որպեսզի թերթեն: Դա առաջ է բերել թունավորում: Խորխեն պատառոտում է գիրքը և արագորեն խժռում է այն: Վիհլեմը փորձում է խանգարել նրան: Ծերունին սկսում է փախչել: Վիլհելմը և Ադսոնը վազում են նրա ետևից, սակայն նրանց ձեռքի ջահը պատճառ է դառնում մեծ հրդեհի:
Ադսոնի աչքի առաջ հսկայական մենաստանից ոչինչ չի մնում: Երեք օրվա հրդեհից հետո վանականները լքում են ավերակը, որպես Աստծո կողմից նզովված վայր:
 
 
«Յոյս» թիւ 235
25 Փետրվար 2017
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *