Սև աչերը մի՛ սիրե․․․

(Ավետիք Իսահակյանի մեծ սերը)
 

1891 թվականին գյումրեցի 16-ամյա պատանի Ավետիք Իսահակյանը սիրահարվում է 14 տարեկան Շուշիկ Մատակյանի վրա : Այս սերը վառում է Իսահակյանի սիրտն ու հոգին ամբողջ կյանքում, բայց Շուշիկի կողմից այն չի ընդառաջվում և թողնվում է անպատասխան:  Այդ ժամանակ Աետիքը սովորում էր Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում, իսկ Շուշիկը Ալեքսանդրապոլի (Գյումրիի) հայոց օրիորդաց միջնակարգ դպրոցում: Իսահակյանը պատանի տարիքից մինչև իր կյանքի վերջը պահել է հիշատակարան, ուր գրի է առել իր տպավորությունները առօրյա կյանքից, իր հույզերը, շրջապատի հանդեպ ունեցած համակրանքն ու ատելությունը: Հիշատակարանում հաճախ ներկա է Շուշիկը, որին Իսահակյանը անվանում է նաև Շուշան կամ պարզապես Շ. : 1891 թվականին հունիսի 17 ին , դեռևս տասնվեց տարին չբոլորած Ավետիքը՝ Շուշիկի հետ իր առաջին հանդիպման մասին Հիշատակարանում գրում է․

– «Կ-ների տանը պատահեցա օր, Շ-ին, ողջունեցի եւ նստեցա մոտը, նա ասեղնագործությամբ էր պարապում, մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում, չափազանց գեղեցիկ է. սեւ եւ կլոր աչքեր, վառվռուն եւ խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկահար դեմք, պարզ, որոշ ձայն, այո՛, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես եւ նա երկար խոսեցինք առանձին. մաքուր հայերեն էր խոսում: Նա երեւի ինձ համակրեց, գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր ․․․ ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, բայց չհաջողվեց, ես գերազանցեցի: Օ՜, նա խորամանկ է, փորձող է: Ա՜խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ… Որքա՞ն ես դյուրաթեք, շուտ խաբվող եւ ընկճվող եմ կուսական սրտի առաջ, ահա իմ բնավորության մի թույլ կողմն էլ… Նա իսկապես մի «ջադու պառավ» է… Նա ինձ, գերեց:

Նրանց միջև հաստատվում է նամակագրական կապ: 1891 թ․դեկտեմբերին Իսահակյանը  Հիշատակարանում գրում է

Այսօր ստացա օր, Շ.-ից երկրորդ նամակը ․․․ որքա՜ն ուրախացա, ես այժմ երջանիկ եմ, որ կարողացա գտնել «մեկը» նման իմ հոգուն, իմ բնավորությանը: «Նրա» մեջ տեսնում եմ իմ հոգեկան պատկերը՝ որոշ գույներով, ես «նրան» սիրում եմ՝ իդեալական սիրո ամենաընդարձակ ծավալով, «նրան» սիրում եմ… անվերջ, հավիտյան… Մեր uերը, անշուշտ, անթառամ կլինի, ես շատ ուրախ եմ զգում ինձ, ես այժմ մենակ չեմ աշխարհում- անապատում- ես ունեմ նազելի ընկեր, թեւ ու թիկունք… Կյանքը թվում է ինձ անվերջ սեր… Սիրել-ապրել- տանջվել. – կյանքի խորհուրդը այս է, ինձ համար մասամբ պարզվում են կյանքի նպատակի կնճիռները… Ա՜խ… մեր սերը դեռեւս չենք հայտնել միմյանց, բայց, անշուշտ, հավատացած եմ, որ «Նա» էլ ինձ է սիրում, ամբողջ նամակից փոխադարձ սեր էր ծորում… Ես երջանիկ եմ եւ երջանիկ… Ինձ պատահած անախորժ դեպքերը հյուլե են երեւում սիրո փոթորկի առաջ… Տոկունությո՛ւն- կյանքի մռայլը կփարատվի:

Թեկուզ սիրահարված Ավետիքը խոսում է իր և Շուշիկի փոխադարձ սիրո մասին, դժվար է ասել թե ինչ զգացում ուներ Շուշիկը Ավետիքի հանդեպ: Համենայն դեպս նա իր նամակներում Ավետիքին դիմում էր որպես «եղբայր ջան, համակրելի, թանկագին, ամենասիրելի եղբայր… »: Ավետիքը , ինչպես ինքն է ասում, Շուշիկին սիրում էր հերոսի նման և ,փոխադարձաբար , նրանից սպասում էր հերոսական-իդեալիստական սեր : Գուցե Իսահակյանի փիլիսոփայական ծանր խոհերը խորթ էին դեռատի աղջկա հոգուն : Օրինակ՝1892 թ. Հունվարի 1-ին Իսահակյանը  գրում է

Ավելի լավ է ոչինչ չգրեմ «նոր-տարվա» առթիվ սարսափելի հուզված, նույն դրության ներքո մի նամակով շնորհավորեցի Շ-ի «Նոր- տարին»․․․ Այնտեղ եմ թափել ամբողջ մաղձս․․․ «Նոր- տարին» եկավ, ինձ համար բացեց մտորմունքների, մտքերի և վշտերի նոր ասպարեզ․․․

Ինչևէ, 1892 թվականի սկզբներին դադարում է Ավետիքի և Շուշիկի կապը: Փաստորեն Շուշիկը չի խոսում Ավետիքի հետ։ Պատճառը գուցե Ավետիքի պեսիմիստական հայացքները, հուզմունքներն ու դառն ապրումներն էին , կամ գուցե Շուշիկը մեկ ուրիշին էր սիրում:

Այնուհետև Ավետիքի բոլոր ջանքերը ու հնարքները՝ հաշտվելու համար Շուշիկի հետ անցան ապարդյուն: Շուշիկը Ավետիքին տեսնելիս նույնիսկ նրա բարևին չէր պատասխանում : Ավետիքի մոտ Շուշիկի հանդեպ առաջանում է հակասական զգացում.Շուշիկին տեսնելիս տատանվում  է և չգիտի՝ սիրում է նրան թե ոչ, իսկ հիշելով նախկինում տեսած և սիրած իր Շուշիկին լցվում է անհուն սիրով և կարոտով: Այս հոգեվիճակով, սիրուհուց մերժված18- ամյա Ավետիքը մեկնում է Գերմանիա ուսանելու :Այստեղ ևս Շուշիկին հիշելով է ապրում : Եւ այստեղ էլ ահա լսում է ցնցիչ լուրը՝ Շուշիկն ամուսնացել է : Ավետիքը շատ ծանր է տանում այդ լուրը։ Հականդրադարձը մերթ լինում է հանդարտ՝«եթե Շուշիկի մեջ լիներ բարոյական ինքնագիտակցություն, նա չեր ամուսնանա…», մերթ էլ ցասկոտ ու խենթ.« Շուշիկը ինձ շատ է տանջում, առանց նրա հետ հաշիվս վերջացնելու ես չեմ կարող ապրել ես կփախցնեմ նրան:Ուրիշ կերպ ես չեմ կարող ապրել»:

Իսկ մերթ էլ ծայրահեղական մտքերի մեջ է ընկնում:1894 թվի Նոյեմբերի 23-ին Հիշատակարանում գրված է.

Երեկ գիշեր մինչեւ 4-ը չեմ քնել։  Տանջվեցի, լացեցի, հուսահատվեցի ու գլուխս պատին խփեցի… Շուշի՛կ, միայն քեզ համար այսօր էլ եմ լացել ու շատ տանջվել… Ես վճռել եմ, պիտի գրել նամակ Շուշիկի մարդկանց եւ խնդրել ու ստիպել որ ապահարզան տա, իսկ եթե չտվեց, ես էլ չեմ կարող էր տանել այն ժամանակ կդիմեմ խիստ միջոցների- արյուն… ես, ինձ կսպանեմ ու իմ արյունով կներկեմ նրանց լիրբ ամուսնության խայտառակ անկողինը։

 

Ավետիքը երբեմն գրում է որ չի սիրում Շուշիկին և այլևս ոչ ոքու չի սիրելու, բայց միշտ և շարունակ հիշում է սրտով սիրած պատանի Շուշիկին․

Իմ սերը դեպի Շուշիկը ոչ մի ժամանակ բոլորովին կույր չէր- նա միայն սեռական ծածուկ ձգտումից չէր այդքան բյուրեղացել ու նրբացել: Ես իրոք սիրեցի նրա աչերը, թերթիչները եւ ականջի մոտի մազերը- նրա ողջ դեմքն ու քնքուշ ձեռիկները- ես այդ սիրեցի՝ ինչպես կսիրեի ժայռը, բնության մի չքնաղ անկյունը, ջրվեժ, լճակ: Հետո ես սիրեցի նրա հոգեկան աշխարհը – ես այդ իրոք, գիտակցաբար սիրեցի – երկար խոսելուց, արտահայտվելուց, իրար մասին լսելուց, մենք իրար համակրեցինք բարոյապես: Մեր նամակագրությունը մեզ ավելի իրար ճանաչեցրեց ու սերտ, սրտանց կապեց, մենք իրար մեջ մեր որոնածը գտանք <…>

Վերջապես 1895 թվականի հունվարին հանդիպում է տեղի ունենում Ավետիքի և Շուշիկի միջև: Այս մասին Հիշատակարանում գրված է.

Հաշտվա Շուշիկի հետ հունվարի 23-ին․ նա շատ մտերիմ վարվեց ինձ հետ․ բայց զուր է։ Ես է՛լ նրան չեմ սիրում-նա ինձ համար է՛լ բյուրերից մեկը չէ։

-Այո՛,- հաշտվեցա Շուշիկի հետ․ մի երկու օր հետո գնացի նրանց տուն․ մարդը շատ սիրով ընդունեց․ ինքն էլ եկավ մեր խոսակցությանը մասնակցեց․․․շատ պարզ էր վարվում հետս, բայց ոչ սիրալիր․․․

Է՛հ, կյանքը ինձ շատ փչացրեց, բայց ամենից շատ ճնշեց ու փչացրեց ինձ Շուշիկը՝ թունավորելով իմ հավատը դեպի կինը, կյանքն ու սերը։

Մի քանի օր հետո Իսահակյանը գրում է․

Շուշիկի հետ էլ հաշտվա՝ մի երազ, որ տարիներ սրտիս խորքից փափագում էի․․․

Բայց երազս երբ կատարվեց՝ ատեցի Շուշիկին․․․Սառն եմ դեպ նա և մոռանում եմ։

Հետո Իսահակյանը ցավով տեսնում է որ նույնիսկ սեռային ցանկությամբ է նայում Շուշիկին․

Այս երեկո էլի Շուշիկի հետ խոսեցի․․․բայց չեմ սիրում էլ նրան,հիացմունքն ու մշուշը անցել է, մնացել է միս-ոսկոր և մարմին Շուշիկը․քիչ է մնում, որ տռփանք տածեմ նրան․․․վա՜յ, վա՜յ․․․

 

Թեկուզ Շուշիկի և Ավետիքի միջև եղած խռովությունը երևութապես անցել է և ամեն ինչ թվում է խաղաղ, Ավետիքի հոգում դեռ վառ է մնում պատանեկան նախնական սերը Շուշիկի հանդեպ: Նույն օրերին նա գրում է.

Առվակի մեջ քու ձայնն եմ լսում,

Արշալույսի մեջ՝ քու երազները,

Աստղերի մեջ՝ քու աչերը․․․

Ծիածանի մեջ՝ քու ժպիտը․․․

Արար-աշխարհի մեջ՝ողջ քեզ,

Միայն քեզ եմ տեսնում

Իմ վաղեմի Շուշի՛կ։

1897-ի ամռանը նորից հանդիպում են Շուշիկն ու Ավետիքը: Նույն թվականի հուլիսի15-ին Հիշատակարանում կարդում ենք.

Ամսու.7.ին Շուշիկը ինքը իր կամքով բացատրեց տարիներ առաջ իր վարմունքը իմ սիրո նկատմամբ.նա իրեն արդարացնում էր ,ասելով ,որ ինքը ուրիշին էր սիրում, իսկ ինձ ,իբրև լավ տղայի, միայն համակրում էր.հետո թե՝ վրաս շա՜տ էր կարեկցում, բայց անզոր էր.ինքը մեղավոր չեր,փոքր աղջիկ էր…

Շուշանիկը ինձ ասաց.«ես պատրաստ եմ քեզ բժշկելու համար ամեն միջոց գործ դնել քեզ համար.ինչ որ կախված է ինձնից՝…»-Ոչինչ չեմ ուզում…անցածը անցած է…

Բայց անցյալը չի անցնում։ Երկու ամիս անց սեպտեմբերի 17-ին Իսահակյանը գրում է.

Այսօր Շուշիկը գնաց, խոստացավ Թիֆլիսից նամակ գրել.բայց ասում է, որ ամուսինը դժվար թե համաձայնի:

Ինձ համար այժմ ամեն բան պարզ է. Շուշիկը ինձ սիրում է, ինձ պատրաստ էր ոչ թե միայն համբույր տալ, այլև…: Ես այժմ շվարած եմ ,այս խմորը երևի շատ ջուր կվերցնի …..

Իսկ նույն տարվա նոյեմբերին նորից հուսախաբված Իսահակյանը Հիշատակարանում գրում է.

Շուշիկի սերը ինձ վերք տվեց.,այդ վերքի թարմ ժամանակ ես մահամերձ էի…

Շուշիկի սերը մի խոց-վերքի պես այս վեց տարի է ընկել է սրտիս մեջ.և ես միշտ տանջվում էի նրա ցավով,այդ ցավով էի կլանված.ո՛չ պարապում էի, ո՛չ աշխատում, ո՛չ ապագայիս վրա մտածում…

Իսահակյանի այս վեց տարիների անանց վիշտը արտացոլված է նրա  «Սև աչերը» հայտնի բանաստեղծության մեջ

Սև աչերեն շա՜տ վախեցի՛ր,-

Էն մութ, անծեր գիշեր է,

Մութըն ա՛հ է, չարքեր շա՜տ կան,

– Սև աչերը մի՛ սիրե:

 

Տես իմ սիրտը արուն-ծով է

Էն չարքերը զարկեցին,

Էն օրվանեն դադար չունիմ.-

Սև աչերը մի՛ սիրե…

1897 թվականին Իսահակյանը մեկնում է Շվեցարիա, ուր ուսանում է հինգ տարի: Հետագա տարիներում ևս Շուշիկի սերը կամ վերքը չի մոռացվում։ 1901 թվի դեկտեմբերին գրում է.

Նորից զարթնեցին հոգուս վերքերը. Հին, լայնաբերան վերքերը…Շուշիկը դաշույն ցցեց սրտիս մեջ,և մնում է դաշույնը. Վերքը խորը, արնով լիք. և ապրում եմ ամեն քայլափոխում արյան կաթիլներ ծորելով…

Բայց Շուշիկի այս դաժան պատկերի հետ միասին Իսահակյանի սրտում ապրում է նաև պատանի երազային Շուշիկը: Իսահակյանը իր երազանքներում նրա հետ է ապրում։ Դրա օրինակը տեսնում ենք Իսահակյանի «Արազի ափին բոստանս լինի» բանաստեղծության մեջ, գրված 1902 թվականին․

 

Ու սրտով սիրած Շուշանս լինի,

Օջախիս կողքին գուրգուրենք իրար.

Արազի ափին բոստանս լինի,

Ծովքրտինք թափեմ Շուշիկիս համար:

 

1908 թվականին Իսահակյանը ձերբակալվում է ցարական կառավարության կողմից և վեց ամիս բանտարկվում է: Բանտից հետո գրում է «Աբուլալա  Մահարին» հանրահայտ պոեմը, որը յուրահատուկ բողոք է քաղքենի վարք ու բարքի դեմ: Պախարակվում է նաև քաղքենի միջավայրի կինը։ Այստեղ, անտարակույս, արտացոլված են Իսահակյանի անձնական ընկալումները կնոջ մասին.

Եւ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող , առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,

Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

1909 թվականին Իսահակյանը ամուսնանում է: 1911թվականին մեկնում է արտասահման, ուր մնում է մինչև 1926 թվականը: Բայց նույնիսկ երկար տարիներ հետո էլ հին ցավը չի մոռացվում: 1925թվականի օգոստոին Իսահակյանը Հիշատակարանում գրում է.

 

Ով Շ,…ի՜նչ արիր ինձ, որ տասնյակ տարիներ հետո դեռ մխում է վերքը ….

Քե՜զ հետ միայն, միա՜յն քեզ հետ կարող էի բախտավոր լինել, ներդաշնակ, հաշտ՝ աշխարհի և մահի հետ: Քեզ հետ կյանքս կիմաստավորվեր, և տիեզերքը խորհուրդ կունենար, որովհետև նրա կամքը, նրա խորհուրդը կատարած կլինեի….  

1926 թվականին Եւրոպաից հայրենիք է վերադառնում արդեն հռչակավոր բանաստեղծ Ավետիք Իսահակյանը:1928 թվի հուլիսին շուրջ 30 տարի իրարից հեռանալուց հետո հանդիպում են Շուշիկն և Իսահակյանը: Այս հանդիպման մասին Հիշատակարանում կարդում ենք․

Տարիներ հետո Շուշիկի մոտ… Հրավիրեց թեյի: Նստել էի նրա կողքին, կարծես թե ոչինչ չի պատահել, դրսերեւույթով հանգիստ, զվարթ,

Նրա երկու աղջիկը, եւ քույրն ու քրոջ աղջիկը ներկա էին, իբրեւ անցյալին անգիտակ:

Նա էլ հանգիստ էր եւ զվարթ: Ո՞վ կարդաց երբեւէ մարդկային սիրտը Ո՞վ գիտե՝ այդ պահին ինչե՞ր էր զգում ու մտածում: Ի՞նչ ապրումներ ուներ նա:

Նրա հոգին փակ էր ինձ համար, ինչպես իմ հոգին նրա համար:

Այնինչ՝ հոգիս ծանր ու խուռն ապրումներ ուներ, կորած երջանկության կսկիծը, այլեւս անցած, անդարձ գնացած կյանքիս, ցավ ու ափսոսանք։

Լսում էի նրանց և խոսում ու ժպտում, բայց անցյալի ուրախ, մանավանդ տխուր հիշատակները եկել, լցվել էին ու խեղդում իմ հոգին եւ ծովացել էին շուրջս։

Ինչքա՞ն դժբախտ ու դաժան անցավ իմ տխուր երիտասարդությունը, ինչքա՞ն ճակատագրական թշվառություն, հիվանդություն, հուսահատություն, օրերի թունավորում: Հույսերի, կամքի, եռանդի փչացում: Եվ ինչքա՞ն բախտավոր կլինեի մինչեւ օրս, այս րոպեիս, որ չեղավ…

Շուշիկն ասաց,- Ավետիք, հիշո՞ւմ ես Ղփչաղ, այն կարմիր ծաղիկը, բաց, նուրբ կարմիր, բայց մեղմ կտրված թերթերով: Ի՞նչ էր նրա անունը, ուրիշ տեղ չեմ գտել նրան, չեմ տեսել նմանը:

Ես չհիշեցի:

– Այն ծաղիկը, որ դու քաղեցիր բարձր ժայռի կրծքից: Ձորում մի բարձր ժայռ կար, մագլցեցիր եւ քաղեցիր…

Ես հիշեցի, բայց ասացի, որ բնավ չեմ հիշում, բոլորովին մոռացել եմ: Բայց ասացի մտքից մեջ: Այդ՝ մեր սիրո, մեր երջանկության ծաղիկն էր, որ թառամեց ու մեռավ անդարձ: Եվ, իհարկե, նրան չես կարողացել ու չես գտել մինչեւ օրս ո՛չ մի տեղ, ո՛չ մի տեղ: Եվ նույնիսկ նմանն էլ չես տեսել: Այո՛, երջանկությունը, սերը անկրկնելի է:

 

Քիչ անց Իսահակյանը գրում է.

.․․ Տեսա սիրուհուս, թառամած, խորշոմ, տժգույն, աչքերը անհոգի, ձայնը չոր, կուրծքը ոչ դալար, այլ ցամաք և լալիս ես սրտիդ մեջ… Անցել են բախտավոր հին օրերը, երջանիկ օրերը չկան, ժամանակը կրծել է ամեն բան ու տարել դեպի անհունը կորստի… Ինչո՞ւ էր մերժում նա առաջ, փախչում իզո՝ւր իզո՝ւր։

Հետագա տարիներում մինչև կյանքի վերջը Իսահակյանը Հայաստանում արժանանում է մեծ պատվի և հարգանքի: Ստանում է ակադեմիկոսի կոչում: Ընտրվում է Գրողների Միության նախագահ: Այս ժամանակաշրջանում ևս Շուշիկի պատանեկան պատկերը Իսահակյանի սրտում է։ 1942 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում Իսահակյանը գրում է

․․․Ռադիոն առավոտյան, զարթնեցրեց ինձ. աչքերս բացած-չբացած լսեցի «Ուռի ես, կռանալ մի՛…» երգը ուղղակի զգացի ինձ Հայաստանում, շատ և շատ  հուզվեցի… Տեսա մեր քաղաքը 1892 թվի աշնանը, հարազատ փողոցները, տները, բարդիները, ուռիները… Շուշիկը նստել էր լուսամուտի առաջ եւ երգում էր «Ուռի ես, կռանալ մի՛, մեր դռնեն հեռանալ մի՛, յա՛ր, Աստվածդ կսիրես, սիրել ես, մոռանալ մի… » :

Նա ինձ լքել էր, ինձ արհամարհել էր, ուրիշին էր սիրում, ես գիշեր-ցերեկ նրա դռներից չէի հեռանում, նրա դռան գերին էի, իսկ նա ուրիշին էր ուղղում իր խնդիրը- «Մեր դռնեն հեռանալ մի՛, սիրել ես, մոռանալ մի՛…»: Ա՛խ, ինչ հակասություն, ի՞նչ չար բախտ… Այդ բախտը ինձ կործանեց, թշվառացրեց ամբողջ կյանքս, ինձ հիվանդացրեց ամբողջ կյանքիս ընթացքում… Չա՞ր բախտ, չա՛ր Աստված․․․

 

 Ժամանակի  ընթացքում աստիճանաբար ծերանում են և՛ Իսահակյանը և՛ Շուշիկը: 1944 թ. Հունիսի 30-ին Իսահակյանը  գրում է.

Տեսա Շուշիկին, հիվանդ, ծերացած, կմախկացած: Եւ համեմատել՝ այն ծայրը և այս ծայրը:

Զարհուրելի է:

Այս գրառման տակ ավելացված է.«Լսեցի մահը հոկտեմբերի 21-ին,ժամը 2-ին»:

Շուշիկի մահով ամեն ինչ վերջացա՞վ: Ո'չ, երազային սերը և մուրազը Իսահակյանի հետ են։

1950 թ. սեպտեմբերին Իսահակյանը Հիշատակարանում գրում է․

Այս գիշեր (առավոտյան դեմ) տեսա, որ ես ջահել տղա, նստել եմ հրաշալի ձին եւ ուրախ, զվարթ, գնում եմ եւ հենց էն է՛ պիտի անցնեմ Շուշիկի կեցած տան առջեւից, որի պատշգամբում նստել է նա, հանկարծ՝ առջեւս քամու ջրաղացի թեւի պես մի գերան է կանգնել օդում եւ քիչ է մնում ճակատիս դիպչի, ուզում եմ գերանը հրել մի կողմ. զարթնում եմ այդ ամենաչքնաղ մոմենտին, երբ պիտի տեսնեմ երազական սիրածիս…

Եւ այսպես իր հին սիրով, մուրազով և երազով ապրեց Իսահակյանը  իր կյանքը, որն ավարտվեց 1957 թ․ հոկտեմբերին։

Վերջում մեկ կարևոր հարց․ ճիշտ է, Շուշիկի սերը տանջեց ու տառապեցրեց Իսահակյանին ամբողջ կյանքում, բայց հենց այդ սերը չե՞ր արդյոք, որ գյումրեցի պատանի Ավետիքին դարձրեց մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյան․

 
«Յոյս» թիւ 226
5 հոկտեմբեր 2016

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *