Չճանաչված Դինքը

Հրաչ Ստեփանյան
 
hooys-armenian-232-1
 
10 տարի առաջ, 2007 թվի հունվարի 19-ին, Թուրքիայի ֆաշիստական շրջանակների կողմից կազմակերպված տեռորի զոհ դարձավ Իստանբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նա պայքարում էր Թուրքիայի հայերի ազատ ապրելու իրավունքի ձեռքբերման, հայերի և տեղացի ժողովուրդների փոխըմբռնման համար՝ դրա մեջ տեսնելով Թուրքիայի հայերի և ամբողջ Թուրքիայի ազատագրման հեռանկարը: Դինքը հավատում էր երկխոսությանը. «Թուրքերու հետ երբ կխոսիմ, ես միայն կջանամ, որ իրենք իրականությունը գիտնան», ասում է Դինքը, որովհետև «ադ ժողովուրդը մեկ բանի պետք ունի՝ գիտակցելու, գիտնալու, սորվելու։ Եվ մեր պայքարը մենք այդ ուղղությամբ կտանինք՝ ժողովրդին գիտցնել, կխոսինք, կգրենք, պայքարի մեջ ենք երկրի մեջեն»:  
Անցած 10 տարիների ընթացքում Թուրքիայի արդարադատական մարմինները իբր թե հետապնդել են սպանության հարցը, սակայն երկար ձգձգումներից հետո դատապարտել են միայն մի երկու հոգու, իսկ սպանության պատվիրատու-կազմակերպիչների մասին ոչ մի բացահայտում չի արվել: Եթե Դինքի սպանության մանրամասները չճանաչված են մնացել Թուրքիայում, ինքը Դինքն էլ իր գաղափարներով չճանաչված է մնացել հայության մեջ: Նրա մահից հետո գրեթե բոլոր հայ կազմակերպություններն ուզում են Դինքին և իրենց ներկայացնել որպես գաղափարակիցներ և ուղեկիցներ, սակայն Դինքի մտածելակերպը տարբեր է հայաշխարհում տարածված մտայնութուններից, օրինակ՝ մեծ պետություններին դիմելու և ցեղասպանության «ճանաչում»-ի հարցում։ Դինքն ասում է՝ «չեմ հավատար ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ մյուսին, որ ցեղասպանության ճանաչման հարցը նույն ատեն չեն գործածեր, չեն շահագործեր իրենց քաղաքականության Թուրքիո հետ ունեցած մարզին մեջ»։ Դինքը համոզված է, որ նախկինում հայերը սխալվել են օտար պետություններին դիմելով և հիմա նույնիսկ քրդերին էլ խորհուրդ է տալիս հայերի սխալը չկրկնել։ Նա Թուրքիայի քուրդերի համար արտասանած իր մեկ խոսքում նրանց հորդորում է երբեք չդիմել մեծ պետությունների օգնությանը և դաս վերցնել հայերից: Մենք, ասում է Դինքը, դիմեցինք Անգլիային, Ֆրանսիային, Ռուսաստանին, որ գան մեզ օգնեն: Նրանք եկան, մեզ չօգնեցին և գնացին, իրենց ետև թողնելով թշնամացած տեղացի ժողովուրդներ:
Ըստ Դինքի՝ Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց թուրք ժողովրդի ճնշման տակ, և ոչ թէ մեծ պետությունների պահանջով կամ հրահանգով. «Օր մը չէ օր մը Թուրքիայի ժողովուրդը իր մեջեն պիտի ընդունի և իր պետության պիտի ճնշե իրականության ընդունման։ Ես ասոր կհավատամ և ասոր համար կպայքարիմ արդ»։ Այս մասին Դինքը բացատրում է, թե իրոք կարելի է, որ օտար պետությունների ճնշման բերումով Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, բայց «վերեն» կատարված այդ ճանաչումը շատ բան չի փոխի։ 1908 թվին էլ երիտթուրքական վերնախավը վերից ձևականորեն ճանաչեց Համիդյան ջարդերը, ընդունեց հայերի և թուրքերի հավասարությունը, բայց ահա մի տարի չանցած տեղի ունեցավ Ադանայի ջարդը, որովհետև թուրք նախապաշարված հասարակությունը չէր փոխվել, որովհետև «վերեն եկած և չմարսված այդ փոփոխությունը ձև մըն է, բայց ավելի էական է վարեն վեր կատարվածը»։
Հայոց ցեղասպանության այսպիսի ճանաչումի համար Դինքը մեծ աշխատանքի ասպարեզ է տեսնում. «Մենք ներսեն ինչ կրնանք ընել՝ անիկա կնենք», ասում է Դինքը և դիմելով Թուրքիայից դուրս գտնվող հայերին ավելացնում՝ «Դուք ալ ձեր ձեռքեն եկածը կարենաք ընել, ին՞չ կրնաք ընել, գրեցեք՝ եթե պատմաբան էք, խոսեցեք, դուրսեն չեմ գիտեր՝ դուք պիտի արտադրեք, թէ ինչեր կրնաք ընել»։ Ներկայումս կարևոր անելիք է շրջապատի ժողովուրդներին ճանաչեցնել թրքական շովինիզմի և փանթուրքիզմի էու-թյունը, ներկայացնել հայկական հարցի ճիշտ պատմությունը, մանավանդ պատռել պետք է «քաղաքակիրթ» աշխարհի դիմակը այս հարցում:
Ներկա պայմաններում հայկական հարցի, ավելի որոշակի՝ Թուրքիայի տիրապետության տակ մնացած Արևմտյան Հայաստանի հարցի հնարավոր լուծման մասին Դինքն ունի իր ուրույն տեսակետը։  «Ճանաչում-հատուցում»-ի հույսով մեծ պետություններին դիմողների մասին Դինքն ասել է, որ նրանք ցեղասպանությունը ճանաչող պետայրերին «Հիսուս Փրկիչներ» են կարծում։ Մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունից առայժմ միայն կարելի է սպասել, որ նա պահի ու պահպանի Արևելյան Հայաստանը։ Ըստ Դինքի՝ ներկա իրադրության մեջ հայկական հարցի միակ հնարավոր լուծումը կարող է սկսվել հենց Թուրքիայում՝ կապված թրքացած, քրդացած և այլ հայերի ազգային ինքնության վերականգնման հետ։ Դինքի վկայությամբ «Թուրքիո մեջ այսօր հազարավորներ կան, որ քաջություն ունին հրապարակավ արտահայտվելու, գիրքեր և հոդվածներ գրելու, թե իրենց պապերը հայ էին։ Թուրքիո մեջ հիմա այս ուղղությամբ շարժում կա, և ես ըսեմ, որ ապագա հայ կյանքի ամենամեծ և ամենահուսալի աշխատանքներեն մեկը կրնա դառնալ անիկա։ Եթե Թուրքիա Եվրամիության անդամ դառնա օր մը, չեմ սխալիր, եթե հայությունն առնվազն երկու միլիոն ևս շատնա»։ Հայերի այս թվաքանակը այլ աղբյուրներում ներկայացվում է ավելի կամ պակաս։ Թուրք հեղինակներից շատերը այն նշում են կես միլիոն։ Ինչևէ, իրականություն է, որ Թուրքիո արևելքում ընթանում է հայկական ազգային զարթոնքի շարժում, որը հայկական հողերում կարող է առաջացնել հայ տարրի զգալի ներկայություն։ Հայացման այս շարժումն աշխուժացնելու միտումով, Դինքը ջերմեռանդորեն պաշտպանում է Թուրքիայի օր առաջ մուտքը Եվրամիություն, այնինչ բովանդակ Սփյուռքում, չգիտես ու՞մ կամքով և ո՞ր հեռանկարով հակառակում են դրան, պահանջելով, որ Թուրքիան նախ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դինքն ասում է, որ շվարած է սփյուռքահայերի այս կեցվածքից, չէ՞ որ Թուրքիայի մուտքը Եվրամիություն առիթ կստեղծի, որ թաքուն հայերը ազատորեն վերադառնան իրենց ինքնությանը։ Բարեբախտաբար Թուրքիայում ընթացող հայոց զարթոնքի շարժումը չի գտնվում մեծ պետություններին դիմող մեր «ազգայիններ»-ի ձեռքում, այլ ընթանում է սրանցից անկախ, համապատասխան իր շրջապատի պայմաններին։ Այս շարժումով միաժամանակ աստիճանաբար տարածվում է Հայոց ցեղասպանության ճանա-չումը Թուրքիայի ժողովուրդների մեջ, որը կարող է օգնել հայերի և այդ ժողովուրդների ապագա համակեցությանը։ Շարժման նպա-տակը դոլարային փոխհատուցումը չէ, այլ ցեղասպանությունից վերապրած հայերի հետնորդների ազատ ու հավասար ապրելու իրավունքը։ Եվ դրա համար հայերը պետք չունեն մեծ պետությունների «ճանաչում»-ին, առավել ևս՝ նրանց միջամտությանը։ Իհարկե, օտար պետայրերն ու դիպլոմատները որքան ուզում են թող խոսեն, կամ չխոսեն Հայոց ցեղասպանության մասին, ընդունեն, ուրանան կամ ժխտեն այն, միևնույնն է,Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և ճշմարտությունը ընդ-միշտ քողարկված չի մնալու։ Դրա մասին որևէ կերպ խոսելը, թեկուզ ժխտելը, վերջին հաշվով հայերի օգտին է, որովհետև բացվում է հարցը և օգնում ճշմարտության բացահայտվելուն։ Վախը ցեղասպանության ժխտումից  չէ։ Փաստորեն Թուրքիայի մեծ սխալը, այսինքն՝ ցեղասպանության ուրացումը մեծապես օգնել է, որ հայկական հարցը վերարծարծվի և դուրս գա մոռացության փոշուց։ Վախը նախ՝ օտար դիպլոմատների հավանական ներքաշվելն է հայկական հարցի լուծման գործընթացների մեջ և երկրորդ՝ հայ երիտասարդների՝ պատրանքների մեջ ընկնելը, թե մի օր այդ դիպլոմատները կլուծեն հայկական հարցը։
Հայ նոր սերունդը պիտի ապրի ոչ թե երևակայական, այլ՝ իրական աշխարհում: Ներկա իրականությունն այն է, որ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում գտնվող հարակից շրջաններում տասնյակ միլիոնավոր բնակչության մեջ մեծամասնություն են կազմում ոչ թուրք ժողովուրդները՝ քրդեր, լազեր, մուսուլման վրացիներ և այլ զանազան էթնիկ և կրոնական խմբեր, որոնք ձգտում են իրենց ինքնության վերականգնմանը։ Այդ ժողովուրդների ազգային շարժումը վաղ թե ուշ տանելու է դեպի ինքնորոշման իրավունք, որը Թուրքիայի արևելյան մասում կստեղծի նոր իրավիճակ և կբացի ապագայի նոր հեռանկար։ Այժմ այդ բազմացեղ միջավայրի ընդարձակ տարածքում ինքնության զարթոնք են ապրում նաև ծագումով հայերը։ Թուրքիայում զարգացող տարբեր ազգերի պահանջատիրական այս շարժումը կարող է միասնական հաղթանակի հանգել, եթե ընթանա առանց մեծ պետությունների միջամտության և եթե նացիոնալիստական գրգռումներով մեկ ազգին չլարեն մյուսի դեմ։ Դինքի մտածումներն ու տեսակետները հիմնված են հայկական և թուրքական վերոհիշյալ իրականությունների վրա։ Նա ընդհանրապես համամիտ չէ Սփյուռքում տարվող «ճանաչման» աշխատանքների հետ։ Իր խոսքերով՝ «ճանաչման հարցը, վերջը հատուցումի հարցը, հողի հարցը և այլն և այլն ես այդպիսի մտածումներ չունիմ։ Իմ տեսակետս Հայաստանի և հայաշխարհի ապագայի մասին քայլ առ քայլ իրականությունն ապրիլն է, տեսնենք հետո Աստված ինչ քայլ կբացե առջևդ, կամ ինձմե վերջը իմ սերունդիս կընե, ինչ-որ պետք է այդ քայլն ընե առաջիկային։» Եվ ներկա փուլում իր առաջնահերթ անելիքն է համարում Թուրքիայի ծագումով հայերին իրենց ինքնությանը վերադարձնելը. «Ինձի համար շատ կարևոր է այս հարցում աշխատել և գտնել այդ կորսվածները, ողջացնել այդ մեռածները։ Շատ կարևոր է գտնել այդպիսի հայ մը և իրեն տալ իր հայությունը»։ Եվ «ես թաքուն հայության ապագային մասին հոն ապրող քաղաքացի մը ըլլալով իմ առջև ունիմ մեկ պայքար, մեկ աշխատանք՝… պայքարել մեր հավասար քաղաքացիության իրավունքը ձեռք ձգելու և մեր ինքնությունը ազատաբար արտահայտելու իրավունքը ձեռք ձգելու։ Մեր հիմիկվա հեռանկարը միմիայն ասիկա է»։ Ազգային զարթոնքի այս շարժումը արդեն տվել է իր արդյունքները, որ նախկինում երևակայելն իսկ դժվար էր: Այսօր Սասունում, Դերսիմում և այլուր ծագումով հայերն իրենց հայտարարում են հայ և աշխատում են տեր կանգնել իրենց ազգային ժառանգության։ Այդ զարթոնքի շարժումը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը Դինքի նշած ուղիով: 
 
«Յոյս» թիւ 232
12 հունվար 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *