Նոր Տարի, Նոր Աշխարհայացք

Ալիս Խոդավերդյան
 
Նոր Տարվա շեմին սովորաբար վերագնահատում են անցյալ տարվա անց ու դարձը և լավագույն մաղթանքներով դիմավո-րում են գալիք տարին: Այս առթիվ «Յոյս»-ը, որպես իրանահայ թերթ, բնական է, որ առաջին հերթին անդրադառնա իրանահայության իրավիճակին: Անցյալ տարի ևս ընթացող արտագաղթի արդյունքում, մեր համայնքը շարունակեց նոսրանալ, և դեռ հայտնի չէ, որ այս նոսրացումը մինչև երբ է տևելու: Այսպես գնալով նվազում է իրանահայությունը քանակապես: Եթե առայժմ այս արտագաղթը ոչ մի կերպ չի կասեցվում, ապա ստեղծված իրադրության մեջ մենք պարտավոր ենք իրանահայ համայնքն ուժեղացնել որակապես: Խոսքը, ըստ էութ-յան, վերաբերում է որակյալ  նոր սերունդ պատրաս-տելու մասին: Այս նպատակի համար մեր առաջին անելիքն է նոր սերնդին մղել  դեպի գիտություն և մասնագիտացում: Ներկա, և մանավանդ աշխարհում շատ ազդեցիկ կարող են լինել գիտնականներն ու մանսագետ անձինք, այնպես որ նրանց գաղափարներն ու պահանջները չի կարելի հեշտությամբ անտեսել: Գիտական աշխարհայացքի տեր այդ մասնագետ սերունդը կարող է նաև իր ուրույն կարծիքն ունենալ ի՛ր ժողովրդի հարցերի մասին: մեր երկրորդ անելիքն էլ հենց այդ ուղղությամբ աշխատանք տանելն է: 
Նախ պիտի ընդունեք, որ մեր և ընդհան-րապես աշխարհի ներկա պայմաններում ան-կարելի է երիտասարդ սերնդին կապել մեր մեջ արմատացած, այսպես կոչված՝ ազգային ավանդություններին: Այսօրվա պատանի ու երիտասարդ սերնդին չի հետաքրքրում մեր ազգային ավանդական տարեկան տոնակա-տարությունները ներկա ձևերով: Տարիներով լսել են ազգային ճառեր, նույն խոսքերով և կրկնվող լոզունգներով: Եվ մենք նոր սերնդից պահանջում և սպասում ենք, որ ազգային տոներին խուռներամ կերպով գան և լսեն մեր ճառերն ու դասախոսությունները, ծափահարեն մեզ և հետո ցրվեն իրենց տները, իրենց սրտերում «վառ պահելով» ազգային ավանդույթները: Մեր ազգային բոլոր ոգեկոչում-տոնակատարությունները, Վարդանանքից մինչև Ապրիլ 24, ձևով և բովանդակությամբ փոխվելու կարիք ունեն: Ճառախոսությունների փոխարեն պիտի անցկացնել քննարկումներ՝ նոր սերնդի աշխույժ մասնակցությամբ: Նույնը պիտի արվի  նաև օրվա հարցերի, օրինակ՝ արտագաղթի վերաբերյալ:
Նոր սերունդ նախ՝ նշանակում է ապագա: Եվ նոր սերունդը հանուն ապագայի իրավունք և պարտականություն ունի ի՛ր աշխարհայացքով նայել և քննարկել իր ժողովրդի անցյալն ու ներկան, այլ ոչ թե հլու-հնազանդ քայլել նախորդ սերնդի անցած ճանապարհով: Նախկինում ևս, երբ մեր ազգային կյանքում տիրել է լճացում կամ տեղքայլ կամ գաղջ մթնոլորտ, նոր սերունդն է հրապարակ իջել իր նոր գաղափարներով ու նորանոր դռներ բացել փակուղուց դուրս գալու համար: Այժմ  երիտասարդ սերունդը ճառ լսելուց և ամեն խոսողի ծափահարելուց բեզարած է: Նոր սերունդը իր խոսքն ասելու հնարավորություն է ուզում: Այդ հնարավորությունը պատանիներին ու երիտասարդներին ընձեռելու համար տա-րեց սերունդը պարտավոր է ցուցաբերել ըմբըռ-նողություն և հանդուրժողականություն: Այս նոր աշխարհայացքով էլ ահա դիմավորենք Նոր տարին: 
 
 
«Յոյս» թիւ 231
29 Դեկտեմբեր 2016
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *