ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արսեն Նազարյան

hooys-armenian-230-2

Ընթերցողներին հղում եմ մեր նախկին գրությունը՝ «Հայերեն ուղղագրության մասին», որը վերջերս լույս տեսավ Թեհրանի «Ալիք» օրաթերթում և «Յոյս» երկշաբաթաթերթում, յուրաքանչյուրում իրենց նախընտրած ուղղա-գրությամբ:
Այնքանով, որ տեղյակ եմ, գրավոր արձագանքներ ցայժմ չեն եղել, բայց բանավոր անձնական կարգով, երկու թերթի խմբագրություններից էլ լսվեցին դրական ար-տահայտություններ ու դրվատանքի խոսքեր:  
Սա ինքնին կարելի է համարել առաջին փոքր, բայց կարևոր, իրադարձություն մեզ հետա-քըրքրող հարցի կապակցությամբ: 
Մի երկրորդ դրական իրադարձություն խնդրո առարկա հարցի մասին, տեղի ունեցավ վերջերս, որոշ չափով անսպասելի, անցյալ հոկտեմբեր-նոյեմբերին Միացյալ Նահանգների հայահոծ քաղաք՝ Գլենդել կատարած իմ այցելության ընթացքում: Քաղաքն ունի մեծ թվով հայ բնակչություն (ոմանց հայտարարմամբ՝ շուրջ 120.000 / հարյուր քսան հազար (ընդամենը 200.000 բնակչությունից), որոնց զգալի մասը իրանահայեր են:
Հարազատներից ու ծանոթներց իմացա քա-ղաքում գործող Իրանահայ միության մասին, որի պաշտոնական անունն է՝ «Լոս Անջելոսի իրանահայ միութիւն»: 
Միությունն ունի «Գրական խումբ», որը սակայն շատ ակտիվ չէ: Պատճառը՝ համարյա բոլոր անդամները թոշակի անցած մարդիկ են: Պետք է ավելացնել սակայն, որ խմբի համարյա բոլոր անդամներն էլ մշակութային, գրական և հասարակական ասպարեզում ունեցել են բեղմնավոր անցյալ և կատարել են տքնաջան աշխատանք իրանահայ կյանքից ներս:
Մեր հանդիպումների ընթացքում, հարմար առիթ գտա տեղեկանալ նշյալ գրական խմբի անդամների, որպես հայ գիր ու գրականության և հայ կյանքում բանիմաց  մարդկանց, տե-սակետների մասին մեկ ու միասնական ուղղա-գրության հարցի շուրջ: 
Մեծամասնությունն իհարկե գտնում էր, որ պետք է ունենալ մեկ և միասնական ուղղագրություն: Իսկ իմ հարցին, թե ինչպե՞ս պետք է իրականացվի այդ գործը, ի զարմանս ինձ, համարյա բոլորն էլ այն կարծիքն հայտնեցին, որ ամենամոտ և տրամաբանական ճանապարհը հենց նոր, Հայաստանյան ուղղագրության, որդեգրումն է:
Նշենք, որ միության ամսաթերթը՝ Տեղեկատուն, տպագրվում է հին ուղղագրությամբ: Ըստ թերթի խմբագիր՝ պարոն Տեր-Մեսրոպյանի, Լոս Անջելոսում, ներառյալ Գլենդելում, հրա-տարակվում են տասնյակ հայկական թեր-թեր, որոնց ճնշող մեծամասնությունը լույս է տեսնում նոր ուղղագրությամբ: Նրա ասելով, թերևս միմիայն Տեղեկատուն և Ասպարեզն է (արևմտահայերեն), որ տակավին լույս են տեսնում դասական ուղղագրությամբ: Նա նշեց, որ ինքն անձամբ նախընտրում է նոր ուղղագրությունը, քանի որ այն գտնում է ավելի մատչելի և սովորելը դյուրին, հատկապես նոր սերնդի համար:
Իմ հարցին, թե ապա ինչո՞ւ է նա Տեղեկատուն լույս ընծայում դասական ուղղագրությամբ, նա նշեց, որ դա պարզապես միության (նախկին) վարչության որոշումն է և ինքը միայն այդ որոշոման կատարողն է:
Զրույցին ներկա էր նաև միության նախկին վարչության նախագահ`պարոն Նժդեհ Փիր-ջանյանը: Այս հարցի կապակցությամբ, նա բացատրեց վարչության այդ որոշման պատճառը: Նա նշեց, որ թեև ինքն էլ անձամբ նախընտրում է նոր ուղղագրությունը, բայց որովհետև թերթի ընթերցողների մեծամասնությունը (իմա՝ անցյալ սերնդի իրանահայեր) սովոր են դասական ուղղագրությանը և նախընտրում են այդ տարբերակը, ուրեմն վարչությունն էլ բավարարում է նրանց ցանկությունը:
Խոսակցութեան ընթացքում հստակեցվեց մի կարևոր կետ՝ այն, որ «Նոր» ուղղագրության հարցն առավել սուր կերպով դրված է արևելահայերենի ծիրից ներս, քանի որ արևմտահայերենը, բացի ուղղագրությունից, ունի նաև այլ, տարբեր քերականություն և թերևս այդ պատճառով հարցն այնտեղ ավելի բարդ է ստացվում, քան արևելահայերենում: Ուրեմն, թերևս տեղին է, որ առայժմ թողնենք արևելահայերենի ու արևմտահայերենի մերձեցման հարցը, լինի դա քերականական, թե ուղղագրական կտրվածքով, քանի որ դրա արծարծումն ու քննարկումը ավելի բարձր, համապարփակ ու բազմակողմանի մասշտաբ և առավել երկարամյա պրոցես է պահանջում:
Ինչ վերաբերում է արևելահայերենում գործող առկա ուղղագրություններին, 
ներկա դրությամբ, բացի ՀՀ-ից և նախ-կին Խորհրդային Միության հանրապե-տություններից, նոր ուղղագրությունն օգտա-գործվում է նաև Արևելյան Եվրոպայի այն բոլոր երկրներում, ուր կա հայկական համայնք: Միջին արևելքում, Եվրոպայում և այլուր, ուր հաճախ հանդիպում ենք խառն հայ համայնքների, միմիայն իրանահայ հատվածն է, որ տակավին օգտագործում է դասական ուղղագրությունը: Դարձյալ շեշտում ենք՝ խոսքը գնումէ (առայժմ) միմիայն արևելահայերենի մասին:
Լսվեցին նաև այլ փաստարկներ ու արտա-հայտություններ այդ հետաքրքիր վիճաբա-նության ընթացքում, որը համառոտաբար տալիս ենք ներքևում.
-Նոր ուղղագրությունը ՀՀ-ի, որպես հայ-կական անկախ և ինքնիշխան պետության ուղղագրությունն է: Այդ ուղղագրությունը ուսուցանվում և հովանավորվում է պետական մակարդակով, դրանով շարադրվում, խմբա-գրվում ու հրատարակվում են շատ ավելի մեծ քանակով գիր ու գրականություն, քան դասական կոչվող ուղղագրությամբ: Դրանով կրթվում են միլիոնավոր հայ երեխաներ ու դպրոցականներ, այլ խոսքով հայկական նոր սերնդի ճնշող մեծամասնությունը: 
– Արդեն 90 տարի է, որ գործում է այդ ուղղագրությունը հայ կյանքից ներս, առանց որևե բարդությունների: Դրանով շարադրվում են հայոց լեզվի ամենաբարդ դարձվածքները, շարադրանքներն ու արտահայտությունները: Այսպես, օրինակ՝ նոր կամ «բոլշևիկյան» կոչվող ուղղագրությունը պատճառ չդարձավ, որ  դասական ուղղագրությունով դաստիարակված ու կրթված սփյուռքահայ սերունդները չըմբռնեն և չընկալեն Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» հայրենասիրական բանաստեղծության պատգամը:
– Նույնիսկ, եթե քանակի համեմատություն լինի, արևելահայերենի դասական ուղղագը-րության օգտագործողները (թերևս միմիայն իրանահայ համայնքը – այն էլ ոչ բոլորը) բացարձակ, և կարելի է ասել, միանգամայն աննշան  փոքրամասնություն են կազմում ընդ-հանուր հայ կյանքից ներս: 
– Արևելահայերենի արդի ուղղագրությունների մասին կա մի քաղաքականացված, բայց ոչ իրականությանը լրիվ համապատասխանող պատկերացում՝ այն, որ դասական ուղղա-գրության պաշտպանները պատկանում են դաշնակցական գաղափարախոսության հա-րողներին, իսկ նոր ուղղագրություն օգտա-գործողները հիմնականում ձախակողմյաններ են:
Սա էլ կարելի է համարել իր ժամանակն ապրած մտայնություն, ավելի ճիշտ՝ շփոթ առաջացնող մի թյուրիմացություն: Թվում է թե, միայն իրանահայ գաղութում է, որ տակավին գոյատևում է այս ժամանակավրեպ մտահայեցողությունը, քանի որ ՀՀ-ում գործող դաշնակցական մամուլն ու գրականությունը այժմ մեծ մասամբ լույս են տեսնում Հայաստանյան, այսինքն՝ նոր ուղղագրությունով: Նմանապես, չի կարելի ասել, որ Միացյալ Նահանգներում արևելահայերենով լույս տեսնող թերթերն ու հրատարակությունները, որոնց ճնշող մեծա-մասնությունը հրատարակվում է նոր ուղ-ղագրությամբ, մղվում են որևե քաղաքական շարժառիթով:
Վերջաբան
Սույն գրությամբ, մենք բոլորովին նպա-տակ չունենք պրոպականդել այս կամ այն ուղղագրության առավելությունները կամ թերությունները: Պարզապես, ներկայացրել ենք այն, ինչ լսել ենք այդ մասին, առ ի տեղեկություն ընթերցողների: Շատ ցանկալի կլիներ ներկայացվեր ու լսվեր նաև դասական ուղղագրության պաշտպանների կարծիքներն ու փաստարկումները, որոնք նույնքան հետաքրքիր ու համոզիչ կարող են լինել:
Ուրեմն կոչ ենք անում բոլոր հայ գիր ու գրականությամբ հետաքրքրվողներին, բոլոր շահագրգիռ կողմերին՝ որոնք ունեն այլ տե-սակետ այս հարցի շուրջ, ներակայացնեն իրենց տեսակետներն ու հայացքները և այդպիսով լրացնեն այս քննարկումների հնարավոր թերու-թյունները:
Նաև, հարկէ նշել, որ այս հարցում մենք որևե որոշում կայացնելու իրավասության հավակնությունը չունենք: Մեր նպատակն է հարցի լուսաբանումը հասարակության համար, որպես վերջին խոսքն ասող, քանի որ գտնում ենք հասարկությունը, ինչպես նաև որոշում կայացնող իրավասու մարմինները, իրավունք ունեն և պետք է լսեն հարցին կապվող բոլոր թեր ու դեմ փաստարկները: 
Այդպիսով, նրանք ի վիճակի կլինեն ճիշտ և իրական որոշումներ կայացնելու: 
 
«Յոյս» թիւ 230
15 Դեկտեմբեր 2016

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *