Հայ դպրոցի պատմությունից

Ալիս Խոդավերդյան

Հայ մշակույթի ստեղծման և տարածման գործում մեծ դեր են ունեցել հայկական դպրոցները:  Դարերի ընթացքում դպրոցը հայկական իրականության մեջ ներկա է եղել տարբեր ձևերով: Դեռևս 5-րդ դարի սկզբին դպրոցներ հիմնադրելու ծավալուն աշխատանք են կատարել Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները: Միջնադարյան Հայաստանում վանքերին կից գործել են դպրոցներ, որոնք կոչվում էին վարդապետարաններ և համալսարաններ, ինչպես Տաթևի և Գլաձորի համալսարանները, ուր բացի աստվածաբանությունից, սովորել են նաև լեզուներ, մաթեմատիկա, տարբեր գիտություններ, արվեստներ և այլն: Այդ դպրոցները նաև եղել են ձեռագիր մատյանների գրչության կենտրոններ: 19-րդ դարից հայաբնակ քաղաքներում սկսում են բացվել նոր՝ ժամանակակից  դպրոցներ: Նույն ժամանակ հայկական գյուղաբնակ շրջաններում գոյություն են ունեցել արևելյան մաքթաբխանեների նման դպրոցներ, որտեղ որպես վարժապետներ դասավանդում էին տերտերներ կամ տիրացուներ: Այս էջում Րաֆֆու, Թումանյանի և Չարենցի գրչով կներկայացնենք նրանց հիշողությունները իրենց հաճախած դպրոցների մասին: 

 
1840-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐhooys-armenian-225-3
Սալմաստի Փայաջուկ Գյուղ
 
Այս ժամանակաշրջանում բացվել են մի քանի նոր դպրոցներ՝ ինչպես Թիֆլիսի Ներսիսյանը, բայց դեռ նախնական ուսումնառությունը հիմնականում կատարվում է հին եղանակով. Դրա հայտնի օրինակը Րաֆֆու ծննդավայր Սալմաստի Փայաջուկ գյուղում Տեր Թոդիկի դպրոցն է, որի մասին հետագայում պատմել է Րաֆֆին:
 
 
 
 
 
 
 
 
 
Մայրս իմ փոքր հասակից հոգս էր տանում, որ գիր կարդալ սովորեմ և «լավ մարդ» դառնամ: Տասն տարեկան էի, երբ նա ինձ մեր թաղի քահանայի մոտ տարավ: Այն օրը հոգեգալստյան տոնն էր: – «Հոգեգալուստը լավ օր է,-ասում էր մայրս,- եթե երեխան այս օրը վարժատուն մտնե, շատ բան կսովորի, նրա համար, որ հոգին սուրբ այսօր առաքյալներին լեզու տվեց»:
Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ մայրս ինձ վարժապետին հանձնելու ժամանակ ասաց.- «Տեր հայր, ծառա լինեմ սուրբ աջիդ, որդիս քեզ համար ղուլ (ճորտ) եմ բերել, միսը քեզ, ոսկորը ինձ. Ինչ ուզում ես արա, միայն թե երեխաս մի բան սովորի»…
Ես բոլորովին չհասկացա, թե ինչ էին նշանակում մորս խոսքերը, միայն լսեցի, որ տերտերը խոստացավ ինձ լավ ուսում տալ, բոլոր գրքերը կարդացնել, ավելացնելով, թե «հանգուցյալ հայրս» իր լավ բարեկամն է եղել, և «նրա խաթրու» ինձ վրա առանձին ուշադրություն կդարձնե և այլն:
Մեր դպրոցը տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ և համարյա կպած նրա հետ: Այն նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին թվով մինչև քառասուն աշակերտներ. բացի աշակերտններից, այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը։
Ամբողջ դպրոցը բաղկացած էր մեկ դասատնից. նրա միջումն էին ավանդվում թե’ բարձր և թե’ տարրական գիտությունները, սկսյալ այբբենարանից, մինչև այն ահագին գիրքը, որ ես հազիվ էի կարողանում մինչև ժամատան խուցը տանել: Մեր դասատունը, թուրքի մեչիդի նման, բոլորովին մերկ էր. նստարան, աթոռ, սեղան կոչված բաները այնտեղ չկային: Աշակերտները ծալապատիկ նստում էին խոնավ հատակի վրա, առանց տախտակամածի, որ միայն պատած էր ճահճային բույսերից հյուսած հասիրներով: Վարժապետը միայն իր տակին փռած ուներ այծի մորթի, և մի քանի հարուստների որդիները նոյնպես ունեին փոքրիկ օթոցներ, որ բերել էին իրենց տներից: Միակ առարկաները, որոնք հիշեցնում էին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց էր,- էին` ֆալախկան և մի խուրձ դալար ճիպոտներ նրա մոտ դրած…
Վաղ առավոտյան սկսվում էր դասատվությունը: Վարժապետը մի անկյունում նստած էր լինում, որպես քուրմը իր խորին սրբազնության մեջ: 
Նրա առջև դրած էր փոքրիկ գրակալը,  -այդ նրա ամբիոնն էր: Աշակերտները հերթով մոտենում էին, վարժապետի աջը համբուրում էին, չոքում էին նրա առջև և դասագրքերը դնելով գրակալի վրա, սկսում էին «համար տալ» (դասը ասել):
Սովորաբար ամեն մի սխալի համար յուրաքան-չյուրն ընդունում էր խրատի մի-մի սաստիկ զարկ իր ափի մեջ: Իսկ եթե դասը բոլորվին սերտած չէր, նրա համար պատրաստ էր անիծված Ֆալախկան…  
Պատիժների մեջ մինչև այսօր չեմ մոռացել մեկը, որը որքան ծիծաղելի, այնքան էլ սարսափելի էր: Աշակերտին կանգնացնում էին ոտքի վրա և երկու ձեռքով բռնել էին տալիս մի աղյուս կամ ահագին Այսմավուրքը: Նա ժամերով, հնդկական ֆակիրի նման, այդ ծանր գիրքը պետք է պահեր գլխից բարձր, երկու ափերի մեջ: Թևքերը հոգնում էին, ջղերը թուլանում էին, բայց այդ ոչինչ:
Գլխավոր տանջանքները նրանումն էր, որ հանցավորը  պետք է կանգներ մեկ ոտքի վրա. մյուս ոտքը գետին դնելու համարձակություն չուներ: Սովորաբար ընտրում էին ձախ ոտքը, իսկ աջը պետք է  վեր բարձրացած պահեր: Մի աշակերտ մտրակը ձեռին կանգնած էր նրա մոտ, հսկում էր այդ անտանելի մարմնամարզության վրա: 
Երբ պատահում էր հանցավորին ոտքը գետին դնել, նա իսկոյն մտրակով զարկում էր ոտին: Այդ սատանայական պատժին ես այն աստիճան սովորած էի, որ երկար կարողանում էի սագի նման մեկ ոտքի վրա կանգնած մնալ: 
Մեր դպրոցը ուներ իր ուրիշ խստությունները:
Վաղ առավոտյան պետք է դասատուն գայինք բոլորովին անոթի,առանց մի պատառ հաց անգամ բերան դնելու: Թեյի կամ սուրճի գործածությունը այն ժամանակ դեռ մեր երկրում մտած չեր: Իսկ եթե մեր տներում գտնված թանից կամ մածունից նախաճաշիկ անեինք, դրա համար սաստիկ պատիժներ էին նշանակված: Վարժապետն ասում էր. «Կուշտ փորով չէ կարելի դաս սովորել, երբ մարդ մի բան ուտում է, խելքը պակասում է»: Եվ նա օրինակ էր բերում ճգնավորներին, վարդապետներին, որոնք ոչինչ չէին ուտում, բայց իրանցից գրքեր էին շարադրում:
Հիշյալ պատվերը մենք կատարում էինք ամենայն ճշտությամբ. զեղումներ անել նրա դեմ անկարելի էր, որովհետև վարժապետը սատանայի պես իմանում էր, երբ աշակերտը մի բան կերած էր լինում:
Հարուստների որդիքը բացառություն էին կազմում դպրոցի խիստ կարգապահության մեջ.նրանց շատ բան ներվում էր. դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկ դրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրանց աղքատ ընկերներին:
Հարուստների որդիների նախապատվությունը դպրոցի մեջ առանց պատճառի չէր. նրանք տոն օրերում վարժապետի համար ընծաներ էին բերում գինի, արաղ, յուղ, պանիր և դրանց նման բաներ: Նրանց հայրերը վարժապետին «խալաթ» էին տալիս, երբ որդիները մի գրքի կարդալը վերջացնում էին և սկսում էին մյուսը: Բայց ես աղքատ էի. մայրս դժվարությամբ կարողանում էր վճարել իմ ամսականը, իսկ ընծաների փոխարեն ես կատարում էի վարժապետի տնային գործերը։ Առավոտից մինչև երեկո հանգստություն չունեի. աղբյուրից խմելու ջուր էի բերում, կովերի համար ուտելու խոտ էի քաղում դաշտից, հորթերը բռնում էի, մինչև երեցկինը կովերը կթում էր, և եթե ուրիշ գործ չեր լինում, ճաշից հետո նստում էի վարժապետիս կողքին, ճանճեր էի քշում, որ նրա անուշ քունը տանի…
Պատահում էր, մեր թաղում մկրտություն էր լինում կամ թաղում. այն օրը վարժապետիս հա-մար հարսանիք էր, իսկ մեզ համար մահ: Աշա-կերտներից մի քանիսը, որոնք մեծ էին հասակով և տիրացություն անել գիտեին, վեր էին առնում տեր հոր փիլոնը, մաշտոցը, բուրվառը, և քահանայական այլ սպասները: Նրանք գնում էին խորհրդի տեղը: Այսպիսի դեպքերում, երբ կարող էինք մի փոքր ազատ շունչ քաշել, ավելի դառն էր լինում մեր վիճակը: Վարժապետը մտածելով, որ իր բացակայության ժամանակ մենք անկարգություններ կանենք, հնա-րել էր մի սատանայական միջոց մեզ հանգիստ պահելու համար: Նա մեզ նստացնում էր միմյանցից հեռու, մեր հագուստի լայն փեշերը տարածում էր գետնի վրա, նրանց վրա ածում էր մանր ավազ, հետո ավազը դրոշմում էր փայտյա կնիքով, որ հատկապես դրա համար պատրաստված էր: Երևակայեցե՛ք մեր դրությունը, ամբողջ ժամերով պետք է մեխած մնաս գետնի վրա, մի շարժում անգամ անել կարող չես, որովհետև իսկույն ավազը կխառնվի, կնիքը կլուծվի, և վարժապետը այդ տեսնելով, հոգիդ կառնե…
Այսպիսի պատիժներին խիստ հաճախ ենթարկվում էի ես: Բարերար Աստվա՜ծ, ի՞նչ պետք է անեի, խո մեռել չէ՞ի, որ անշարժ մնայի: Պատահում էր, կամ լուն էր կծում, կամ ճանճն էր նեղացնում, կամ վերջապես մի ուրիշ հարկավորություն ունեի… Վարժապետը դառնում էր տուն մի փոքր տաքացած գլխով, նա գտնում էր կնիքը լուծված, այն ժամանակ պատրաստ էր ինձ կամ անիծված ֆալախկան, կամ մերկ ծնկներով չոքել աղյուսի մանրած կտորների և կամ սիմինդրի հատիկների վրա: Դարձյալ պետք է անշարժ մնայի…
Երբ պատմում էի մորս դպրոցում կրած իմ տանջանքները, նա էլ միևնույնն էր հաստատում և սովորաբար պատասխանում էր.- «Որդի, մինչև ծեծ չուտես, մինչև նեղություն չքաշես, բան չես սովորի»: Ապա ի՞նչու այնքան ծեծ էի ուտում, այնքան տանջվում էի, դարձյալ ոչինչ չէի կարողանում սովորել:
 
 
hooys-armenian-225-41870-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ
Լոռվա Դսեղ գյուղ
 
Հայաբնակ վայրերում արդեն մեծ թիվ են կազմում նոր դպրոցները: Նույնիսկ հայկական գյուղերում էլ, ինչպես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում, մեծ տրամադրություն կա երեխաներին գրել կարդալ սովորեցնելը: Թումանյանը պատմում է, թե ինչպես իր մայրը խնդրել է տիրացու Սհակին, որ իրենց գյուղում դպրոց բացի և երեխաներին «կարդացնի»: Տիրացուն համաձայնել է: Դա Թումանյանի առաջին դպրոցն է եղել:
 
 
 
 
 
 
 
Մի քանի օրից տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ: Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաններ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը:
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»: Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխանների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում: Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը:
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»: Եկավ:
Վարժապետն ասում է՝ «Ասա ա՛յբ»:
Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»:
-Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»:
-Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»:
Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի: Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա: Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում: Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում: Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում: Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են:
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետ»-ի հսկողության տակ: Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել: 
 
 
 
hooys-armenian-225-5
ՄՈՏԱՎՈՐՊԵՍ 1910 ԹՎԱԿԱՆ
Կարս
 
Ամենուրեք դասավանդումը կատարվում է նոր տիպի դպրոցներում: Հին դպրոցներ արդեն չկան, բայց նոր դպրոցներում էլ դեռ իշխում է հին հոգեբանությունը: Ստորև Կարսի դպրոցի նկարագրությունը նույն դպրոցի աշակերտ Չարենցի գրչով: Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո հիմնական փոփոխություններ կրեցին նաև հայոց դպրոցները: Բայց հայաստանցի ուսուցիչների մի մասը անցավ Իրան, ուր տասնամյակներով շարունակեց հին դասավանդման ավանդույթները:
 
 
 
 
 
 
Տալիս է զանգը, և ուսուցիչ – ուսուցչուհիները, դանդաղ, տեղերից հազիվ բարձանալով, նորից գնում են դասարանները` պարապմունքները շա-րունակելու:
Երբ օր. Նվարդը մտնում է դասարան, աշա-կերտներից ամենաչարը և ամենահերոսը, որ ընկերների կողմից հարգվում է որպես կատարյալ տղամարդ- շիլ, դեղնած աչքերով Միսակ Հով-հաննիսյանը, կամ, ինչպես ընկերներն են ասում` Շլդոն, կանգնած է լինում գրասեղանի կամ նույնիսկ ուսուցչի սեղանի վրա. դասարանում աղմուկ է, փոշի, վայրենի, բայց ուրախ հռհռոց: «Էլի դու սեղանի վրա ես բարձրացել»-սուր, խզվող ձայնով ճչում է օր. Նվարդը և վրա է վազում Շլդոյին բռնելու: Շլդոն սեղանից –սեղան թռչելով հասնում է դասարանի վերին անկյունը և մտնում է գրասեղանի տակ: – «Ներողություն, օրիորդ, ներողություն» – ճչում է այնտեղից Շլդոն: Երեխաներն ավելի են հռհռում, աղմուկը դառնում է անտանելի: «Հանգի՛ստ»- ձեռքն աթոռին և ոտքը հատակին խփելով ճչում է օր. Նվարդը սուր, խեղդվողի ձայնով. դասարանում մի վայրկյան տիրում է բացարձակ լռություն: Օր. Նվարդը մոտենում է ուսուցչական սեղանին և վերցնում է քանոնը:
Դո՛ւրս արի գրասեղանի տակից – քանոնը սպառնալի կերպով բարձրացնելով վեր և արագ մոտենալով Շլդոյի գրասեղանին-ասում է օրիորդը: Բայց դուրս է գալիս այնպես, որ Շլդոն այլևս այն նստարանի տակից տեղափոխված է լինում արդեն դասարանի հակառակ անկյունում դրված նստարանի տակ: Աշակերտներն ավելի ազատ և ավելի ուրախ են սկսում հռհռալ, օր.Նվարդը հուզմունքից քիչ է մնում ուշաթափվի և,  երբ լացակումած աչքերը բնազդով դռանն է հառում և տեսնում է գրասեղանի վրա մեծ, ծուռ տառերով գրված քաչալ Նվարդ բառերը- այլևս չի կարողանում իրեն զսպել և արագ մոտենալով ուսուցչական սեղանին`թուլացած ընկնում է նրա մոտ դրված նստարանի վրա և գլուխը սեղանին դնելով` մի փոքրիկ աղջկա նման սկսում է աղիողորմ հեծկլտալ:
Դասարանում տիրում է մեռելային լռություն, որի մեջ օր. Նվարդի խուլ, դառն հեկեկանքները հնչում են ավելի խուլ և ավելի աղի, այնպես որ նույնիսկ Շլդոն, ազդվելով վայրկյանի լրջությունից, նստում է իր տեղը: Եվ բոլոր աշակերները մի տեսակ միստիկական դրության մեջ ընկած` կամ նայում են վար, իրենց գրասեղանի սև տախտակներին, կամ պաղ, անասնական  ահով լցված մանկական աչքերը օրիորդի ցնցվող արմունկներին և կարճ մազերին հառած` սպասում են ստեղծված կացության վախճանին:
Մի երկու վայրկյան հեծկլտալուց հետո օր.Նվարդը հանկարծ վեր է թռչում տեղից և թեթև քայլերով, գլուխն ու ամբողջ մարմինը տարօրինակ ցնցելով, վազում է դասարանից դուրս: Աշակերտները հասկանում են, որ օր. Նվարդը գնում է ուսուցչանոց, տեսչին կանչելու: «Շլդոյի գլխին տվեք, թող քոռանա» –ասում է մի աշակերտ` լռությունը խզելով.  «Տեսուչը որ եկավ, բոլորիս կպատժե»- շարունակում է  նրա մոտ նստած ընկերը-նա, որ ամենից շատ էր հռհռում և մտքի մեջ նախանձում էր Շլդոյին: Եվ ահա Շլդոյի մոտ նստած աշակերտը, տասներկու- տասներեք տարեկան չիլ Մուկուչը ձեռքն արդեն բարձրացնում է վեր, որ իջեցնի Շլդոյի գլխին – բայց դուռը բացվում է հանկարծ և ներս է մտնում պ.Բյուզանդը`զայրացած, ահռելի դեմքով, իսկ նրա ետևից, աչքերը սրբելով, մտնում է օր.Նվարդը-հոգնած ու գունատ:
«-Մկրտիչ Կարապետյա՜ն, դո՛ւրս արի»- ավելի բարձր ձայնով, քան կարելի էր ենթադրել, որ ունի պ. Բյուզանդը,- բղավում է պ.Բյուզանդը դեռ ներս չմտած. նա տեսավ չիլ Մուկուչի բարձրացրած ձեռքը, որը, եթե ինքը մի վայրկյան էլ ուշանար` ծանր, պիտի իջներ Շլդոյի գլխին: Գլուխը կախ, խոնարհ` վախից դողացող մարմնով  ելնում է չիլ Մուկուչը դուրս: «Միսակ Հովհաննիսյան»-  ավելի ահռելի ձայնով կանչում է պ.Բյուզանդը. դու ևս դուրս արի: Եւ ահա Շլդոն ևս, գլուխը հոռետեսորեն քորելով, գալիս կանգնում է գրատախտակի մոտ: Դասարանը սարսափ կտրած, չռած աչքերով սպասում է դրության վախճանին:
Սա՞ էր-  ցույց տալով Շլդոյին` հարցնում է պ. Բյուզանդը: Օրիորդը, հուզված, գլխով է անում. չի կարողանում խոսել: «Ա՛րջ»- վրա պրծնելով բղավում է պ. Բյուզանդը. «-ես քեզ ցույց կտամ. Աչքե՛րդ կհանեմ»: Ու փայտե քանոնի ազդեցիկ հարվածներ իջեցնելով Շլդոյի գլխին` արագ շարում է իրար ետևից գունեղ ածականներ.-« Շա՛շ, հիմա՛ր, իշո՛ւկ, փողոցի՛ թափթփուկ, լի՛րբ,- ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ. էլի ու էլի. մի զարկը- մի ածական: Հետո հերթը հասնում է չիլ Մուկուչին. նա էլ, իր հերթին զանազան գեղարվեստական ածականներ ստանալով և գլխի վրա նրանց քանակը հաշվելով` սկսում է լաց լինել բարձրաձայն, այնպիսի ահռելի մի լացով, որ ձայնը հասնում է մինչև մոտակա փողոցը: «-Ես դուրս կանեմ սրանց, օր.Նվարդ» – ասում է պ.Բյուզանդը` պարտականության առաջին մասը վերջացնելով.-« Ներողություն եմ խնդրում, որ մինչև հիմա մնացել են դպրոցում»: «-Թող էլի մնան, պ. Բյուզանդ»- ողբերգական ձայնով ու պսպղուն, գոհ աչքերը տեսչի դեմքին հառած- խնդրում է օր.Նվարդը. «-Ինչպե՞ս կարելի է դուրս անել երեխաներին. դա հակամանկվարժական է և անվայել քաղաքակիրթ ուսուցչին»- մտքում մտածում է նա, բայց վախենում է իր այդ միտքը բարձրաձայն արտահայտել պ. Բյուզանդին: Բայց անընկճելի պ. Բյուզանդը, հրամայելով պատժված աշակերտներին իսկույն տուն գնալ և ծնողներին կանչել,-առանց պատասխանելու ելնում է դուրս: Աշակերտները ոտքի են կանգնում և մնում են կանգնած, մինչև օր.Նվարդը դրամատիկական ձայնով ասում է.-« նստեցե՛ք» ։-« Բաց արեք գրքերդ»-  ասում է մի վայրկյան հետո, ճակատը շփելով օր. Նվարդը: «-Մարտիրոսյան, կարդա՛»- ասում է նա:Եվ դասն սկսվում է նայիրյան դպրոցում` տխուր, անհետաքրքիր…
 
 
«Յոյս» թիւ 225
5 Յոկտեմբեր 2016​
 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *