Հ.Հ դեսպանի մամլո ասուլիսը

Արման Տ. Ստեփանյան
 
hooys-armenian-225-2
 
Կիրակի սեպտեմբերի 25-ին Իրանում Հայաստանի Հանրապերության դեսպանատանը տեղի ունեցավ Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյանի մամլո ասուլիսը երկրի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Սկզբում դեսպանը խոսեց Թեհրանի և Երևանի ջերմ հարաբերություններից, շեշելով որ այն ունի դարերի պատմություն: Ապա նշելով, որ ներկայումս Իրանի և Հայաստանի առևտրային ցուցանիշը կազմում է 300 միլիոն ԱՄՆ դոլար, որը հիմնականում Իրանից Հայաստան ներկրվող ապրանքներն են, ավելացրեց, որ այն կարող է սրանից մի քանի անգամ  ևս ավելի լինել:
Ապա Ա. Թումանյանը  խոսեց Հայաստանի ներկա տնտեսական և առևտրային իրավիճակի մասին: Նա անդրադառնալով անցյալ տարի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուն, ասաց որ այդ միության հինգ անդամներից (Հայաստան, Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան և Բելառուս), Իրանը միայն Հայաստանի հետ ունի ցամաքային սահման: Այսպիսով Հայաստանը կարող է օգնել Իրանին այս 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու հարցում:Նա նաև նշեց Հայաստանի և Եվրոմիության միջև ձեռք բերված մի շարք տնտեսական պայմանագրերի մասին, ավելացնելով, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ չնչին մաքսատուրքով ներմուծվում են Եվրոպա:
Դեսպանը նշեց Հայաստանի ունեցած առաջընթացները և ձեռքբերումները տարբեր ոլորտներում, մասնավորապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում: Այս կապակցությամբ նա անդրադարձավ աշխարհի մի շարք հետազոտական կենտրոնների տվյալներին, ըստ որոնց Հայաստանը բավականին լավ տեղ է զբաղեցնում տնտեսական և առևտրական ոլորտներում:
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի անցնելուն, դեսպանն ասաց, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո զգալիորեն ավելացել է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվը, որը,  իհարկե, շատ ողջունելի է և նշանակում է, թե հասարակ իրանցի զբոսաշրջիկը ցանկանում է իր հանգիստը անցկացնել Հայաստանում: Ապա նա խոսեց Իրան-Հայաստան օդային կապի մասին, ասելով որ այն համարվում է Հայաստանի ամենախիտ չվերթներից մեկը և յուրաքանչյուր օր Հայաստանից դեպի Իրան երկու չվերթ է իրականանում:
Ապա դեսպանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի հավասարակշռված քաղաքականության մասին, շեշտելով  Իրանի կարևոր և կառուցողական դերը այս հակամարտության կարգավորման հարցում: Մյուս կողմից նա նշեց անցյալ 24 տարիների ընթացքում Հայաստանի իրանանպաստ դիրքորոշումների մասին, ասելով որ Հայաստանը աշխրահի առաջին երկրներից էր, որ ճանաչեց Իրանի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը:
Դեսպանը նաև անդրադարձավ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև առկա խնդիրների մասին: Չնայած այն փաստին, որ ներկայումս Իրանում Հայաստանի դեսպանատունն ունի լավ տեղեկատվական կապեր Իրանի 34 առևտրային պալատների հետ, սակայն նա այն համարեց ոչ բավարար: Նա ավելացրեց,  որ ցավոք մինչ այսօր երկու երկրների առևտրականները լիարժեք տեղեկացված չեն  Իրանում և Հայաստանում տնտեսական և առևտրային պայմանների մասին: Դեսպանը խոսեց ևս այն թյուր կարծիքի մասին, որ առ այսօր գոյություն ունի երկու երկրների ժողովուրդների միջև, որ իբր թե Իրանում և Հայաստանում արտադրված ապրանքները չունեն բարձր որակ: Սակայն նա հառաջիկա հոկտեմբերի 5-ից 8-ը Թեհրանի Միջազգային Ցուցահանդեսների վայրում կայանալիք «Հայաստան էքսպո-2016» ցուցահանդեսը համարեց լավագույն առիթը բոլորին հակառակը ապացուցելու համար: Դեսպանը նշեց, որ այս ցուցահանդեսին Հայաստանից ներկա կլինեն 90 ընկերություններ սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, տրանսպորտի, բեռնափոխադրման, ոսկերչության և ադամանդագործության, կարի և տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտներում:
Ա. Թումանյանը նաև խոսեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան այցելության մասին, նշելով որ չնայած այս պահին նա ունի մի շարք սահմանափակումներ մանրմասն ներկայացնելու հարցում, սակայն մի բան հստակ է՝ այն, որ շուտով նախագահ Ռոհանին կմեկնի Հայաստան:
Վերջում լրագրողները  առիթ ունեցան իրենց հարցերը ուղղելու պարոն դեսպանին: Արտաշես Թումանյանը «Յոյս»-ի լրագրողի հարցին, թե որքան են իրականության մոտ այն շշուկները, թե Ադրբեջանը ցանկանում է անդամակցել ԵԱՏՄ-ին ( Եվրասիական տնտեսական միություն), այսպես պատասխանեց. «Եթե որևէ երկիր ցանկանում է մուտք գործել ԵԱՏՄ, դա միայն այն ժամանակ կիրականանա, երբ այդ միության բոլոր անդամները համաձայն լինեն դրան, որն այս պարագայում նշանակում է, թե Հայաստանը ևս պետք է համաձայան լինի Ադրբեջանի անդամակցությանը: Եթե մեր երկու երկների հարցերը լուծված լինեն, և Հայաստանը և Ադրբեջանը լինեն բնականոն հարաբերության մեջ, լինի խաղաղություն և արդար լուծումներ, ապա միայն դրանից հետո կարելի է քննարկել Ադրբեջանի անդամակցության հարցը: Սակայն այս պահին, երբ իրավիճակը լարված է, դա շատ հեռու է իրականությունից: Իհարկե, քանի որ ԵԱՏՄ-ի անդամ երկրները ունեն իրենց կապերը և հարաբերությունները Ադրբեջանի հետ, հավանական է, որ Ադրբեջանը նրանց հետ առանձին քննարկած լինի այս հարցը, սակայն ԵԱՏՄ-ի օրակարգում նման հարց չի քննարկվել»      
 
 
«Յոյս» թիւ 225
5 Յոկտեմբեր 2016​
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *