Չարենցի «ՊԱՏԳԱՄ»-ը

Հրաչ Ստեփանյան
 
hooys-armenian-229-1
Չարենցը հանրահայտ մի բանաստեղծություն ունի «Պատգամ» վերնագրով: Այն գրվել է 1933 թվականին և տպագրվել 1934 թ. «Գիրք Ճանապարհի»-ում: «Պատգամ»-ի ընթերցողը նախ պարզապես այնտեղ չի գտնում որոշակի մի պատգամ: Իրականում ոտանավորը յուրահատուկ գրված աքրոստիկոս է, որում ամեն մի տողի երկրորդ տառերը իրար մոտ շարելով ստացվում է հետևյալ նախադասությունը (այն օրերի ուղղագրությամբ) ՝ով հայ ժողովուրդ, քո միակ  փրկությունը քո հավաքական ուժի մեջ է : Բանաստեղծությունը ամբողջությամբ հետևյալն է.
 
 
ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին. 
Ո՞վ այդ արևը բերեց: –
Ահա ոսկյա մի արև՝ 
Ճառագումով իր հրե՝ 
Այգաբացի պուրպուրե 
Նժույգների վրա հեց' 
Նոր աշխարհին ու մարդուն 
Հղում է լույս զվարթուն: 
Նոր աշխարհին ու մարդուն  
Ո՛վ բերեց լույսն այս արթուն, 
0՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ 
Հրակարմիր, հրավարս, 
Ադամանդյա լույսը այս:–
Կքած կյանքի բեռի տակ, 
Խոր գերության ընդերքում, 
Իմաստության մի գետակ 
Հիմարության համերգում
Քանի՜ տարի, քանի՜ դար 
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարտչին, 
Ուր հայրենիքն էր մեր հին,-
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ, 
Որ դերության անհաղորդ՝ 
Լուրթ` հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում, 
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝ 
Հնուց պահած իր ջրում 
Օ՜, ըղձակա՛ն այս հեռուն …
Կքած կյանքի բեռի տակ՝ 
Վոգի՜ անկոր, հո՜ւր գետակ…
Ահա վառվում է մեր նոր 
Հաղթանակի լույսը բորբ. 
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ, 
Չքնաղ արև՛ն այդ արի, 
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արև է՛լ. 
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևե՛…
Լույսով վառված սակայն այդ
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.-  
Մեր անցյալի խորամիտ
Էջ այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…
 
 
Շուտով «Պատգամ»-ի գաղտնիքը բացահայտվում է: Չարենցը կանչվում է Թիֆլիս՝ Անդրկովկասի թիվ 1 իշխանավոր Բերիայի մոտ բացատրություն տալու: Թե ինչ է խոսվել նրանց միջև՝ հայտնի չէ, բայց գիտենք, որ Չարենցը Թիֆլիսից վերադառնում է խիստ ընկճված:
Իսկ ինչու է գրվել «Պատգամ»-ը հենց այդ ժամանակաշրջանում, մանավանդ որ 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո գրած իր գրեթե բոլոր գործերում Չարենցը հայ ժողովրդի փրկության հույսը կապում է համաշխարհային հեղափոխության հաղթանակի հետ: 1917թ. հեղափոխությունից հետո այն տպավորությունը և սպասելիքը կար, որ ահա շուտով մեկը մյուսի հետևից բոլոր երկրներում պիտի տեղի ունենա կարմիր հեղափոխություն և պիտի ստեղծվի ազգերի համաշխարհային միություն, որտեղ ամեն ազգ պիտի ստանա իր իրավունքները: Բայց այլ երկրներում հեղափոխական շարժումները դադարեցին, իսկ Սովետական Միւթյունում առաջ քաշվեց մի նոր ծրագիր՝ սոցիալիզմի կառուցումը մեկ երկրում, այսինքն առայժմ միայն Սովետական Միությունում: Ցեղասպանությունից փրկված և աշխարհում ցրված արևմտահայ բեկորների համար դա նշանակում էր առայժմ հույս չդնել համաշխարհային հեղափոխությունով փրկվելու վրա: Մյուս կողմից մեկ երկրում սոցիալիզմ կառուցելու հետ միաժամանակ երկրում կարող էր հաստատվել բռնապետություն: Ուրեմն հայ գաղթաշխարհին մնում էր սպասել անորոշ ժամանակով մինչև հուսալի ապագա: Բայց դա կնշանկեր նաև հայ գաղթականության ուծացում և ձուլում: Դեռևս 1920-ական թվականների վերջերին սփյուռքահայ գրող Շահան Շահնուրը իր «Նահանջը առանց երգի» վեպում ահազանգում էր հայ գաղթական բեկորների ձուլման հեռանկարի մասին՝ «կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն… մեղա՜, մեղա՜ Արարատին»: Թվում է, թե ճարը  զանգվածային ներգաղթի կազմակերպումն էր, բայց Սովետական Հայաստանը նման հնարավորություն չուներ: Ուրեմն մնում էր հայերի մեջ վառ պահել հայրենիքի փրկված հողակտորում հայերին թեկուզ դանդաղօրեն համախմբելու գաղափարը: Ա՛յդ է Չարենցի «Պատգամ»-ի իմաստը, որն, իհարկե, Բերիա-Ստալինյան բռնա-պետության տարիներին բացեիբաց հայտարարելը անկարելի էր: Այն օրերին դա կպիտակավորվեր որպես նացիոնալիզմ: 
Հավաքական ուժի գաղափարը, ըստ էության, ազգային համախմբման գաղափարն է, որն առաջ է քաշել Չարենցի վաղեմի ծանոթներից Դավիթ Անանունը: Ըստ Անանունի՝ ազգի ցրվածությունը թուլացնում է ազգի բնականոն զարգացման ընթացքը: Չարենցի ծննդյան 100-ամյակին  տո-ղերիս հեղինակը «Արաքս» շաբաթաթերթում մի հոդվածով («Ով է Չարենցի սիրելի Ա-ն») հանգամանորեն անդրադարձել է Չարենցի և Անանունի կապերին և առնչություններին: Չա-րենցի համոզմամբ՝ ժողովուրդը հավաքական ուժի հետ մեկտեղ զարգացնում է իր հավաքական հանճարը: Այնինչ հայոց պատմության ընթացքում հայ ժողովուրդը հաճախ դատապարտվել է գաղթի, գերեվարության, ցրվածության և ուժերի ջլատումի: «Գիրք ճանապարհի»-ի մեկ այլ պոեմում Չարենցը գրում է. 
 
 
Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր
Հավաքական հանճարը զարկիչների հանդեպ,-
Եվ դարձել է ահա ժողովուրդը ևս,
Իր տերերի նման, անուղի ու անդեմ.
 
 
Չարենցի «Պատգամ»-ը սխալ մեկնաբանելով այն համարել են նրա կողմից հայ ժողովրդին ուղղված միասնականության կոչ: Պիտի ասել, սակայն, որ Չարենցը երբեք չի խոսել հայ ժողովրդի միասնականության մասին, այլ պատգամել է որ-պեսզի հայ ժողովուրդը համախմբվի և դառնա հավաքական ուժ, որի հակառակ դրությունն է ազգի ցրվածությունը, իսկ միասնականություն կոչվածը հաճախ արգելակում է հասարակության մեջ բազմակարծությունը եւ հանգում է ֆաշիզմի:
Ազգային համախմբումը նոր թափով շարունակվեց Չարենցի «Պատգամ»-ից հետո ևս: Հիշենք, որ նախկինում հայ ազգային մշակութային ինքնություն լիիմաստ կերպով գոյություն չուներ: Հայ մշակութային կենտրոնները մեծ մասամբ գտնվում էին Հայաստանից դուրս՝ Թիֆլիս, Պոլիս, Վենետիկ և այլն: Մեծ փոփոխությունը, որ տեղի ունեցավ հատկապես Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ դա հայերի առավել համախմբվումն էր հայոց պատմական հայրենիքից փրկված մեկ հողակտորի վրա, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն: 
 
«Յոյս» թիւ 229
1 Դեկտեմբեր 2016
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *