Ամերիկայի ընտրությունները և հայերը

Ալիս Խոդավերդյան
 

hooys-armenian-image1

 

Շուրջ 40 տարի, սկսած Քարթերից մինչև Օբամա, ամերիկյան նախագահական ընտրություններին նախորդող ամիսներում հայերը և մանավանդ ամերիկահայերը մեծ հույսերով ու ակնկալիքներով խոսել են այս կամ այն նախագահական թեկնածուի «հայանպաստ» դիրքորոշման մասին, որ իբր նախագահ դառնալուց հետո նա հիմնական քայլեր է վերցնելու հայ դատի լուծման ուղղությամբ: Իրոք այդ թեկնածուներն էլ լավ ճանաչելով հայոց հոգեբանությունը, ինչ-որ անորոշ խոստումներով հույսեր են ներշնչել ամերիկահայերի մեջ՝ նրանցից քվեներ կորզելու համար: Բայց ամեն անգամ, երբ ընտրվել է նոր նախագահը, նա մոռացած իր օդում տված խոստումները սկսել է հերթական քաղաքական առևտուրը Թուրքիայի հետ, այլ խոսքով, օգտագործել է հայկական խաղաքարտը Թուրքիայի հետ հարցերը կարգավորելու գործում՝ շվար ու բերանբաց թողնելով դյուրահավատ ամերիկահայերին:
Համենայն դեպս, կարծես երկար տարիների փորձությունից հետո վերջապես ամերիկահայերը տեսել են իրականությունը: Առավել ուշադրության արժանի է այն փաստը, որ այստեղ իսկական լարախաղացը ոչ թե Թուրքիան է, այլ Ամերիկան: Թուրքիայի հակահայ և հակահայաստանյան քաղաքական նպատակները պարզ է  հայերի համար: Անորոշը եղել է Ամերիկայի վերաբեմունքը հայոց հանդեպ: Իրականում Ամերիկան ցանկանում է օգտագործել հայկական հարցը Կովկասում և տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար: Ինչևէ, այս ընտրություններին ո՛չ Թրամփը ո՛չ էլ Քլինթոնը խոստումներով հանդես չեկան հայերի առջև, ամերիկահայերն էլ, բարեբախտաբար, ընդհանրապես նման սպասելիքներ չունէին նրանցից:  
Բնականաբար մեզ իրանահայերիս համար կարևոր է նաև Ամերիկայի նոր նախագահի  բռնելիք ընթացքը Իրանի նկատմամբ, որի ազդեցությունը կրելու են բոլոր իրանցիները, նրանց հետ նաև իրանահայերը:
Վերադառնալով մեր խոսքի վերնագրին ա- սենք, որ եթե Թրամփի փոխարեն նախագահ դառնար Քլինթոնը, դարձյալ պիտի շարունակվեր քաղաքական բիզնեսը թրքական աշխարհի հետ: Թրամփը ունի իր ներդրումները և շահերը Ադրբեջանում, իսկ Քլինթոնի աշխատակազմում կան մարդիկ, որոնք տնտեսապես կապված են Թուրքիայի հետ: Այսպիսով հայ-թրքական հարաբերություններում նրանց առաջնորդողը լինելու է իրենց տնտեսական շահերը թրքական աշխարհում: Ինչ մնաց ամերիկյան նախագահի՝ Իրանի հանդեպ բռնելիք ընթացքին, ապա այն առաջին հերթին կարգավորվում է Ամերիկայի և Իսրայելի ռազմավարական շահերի հիման վրա: Ուրեմն եթե հայեր կան, որոնք սրտանց ուզում են մի լավ բան ասել կամ անել հայ ժողովրդի համար, թող բացահայտեն ամերիկյան այդ «հայանպաստ» քաղաքականության էությունը:
 
 
«Յոյս» թիւ 228
16 նոյեմբեր 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *