Հետախուզական արշաւ դէպի Քեամարա եւ Բուրւարի գաւառներ

 
Նիկիտ Միրզայեանց 
 
 
Ես ու Աւօ Ամիրխանեանը, որը Ամիրխանեան տոհմի շառաւիղներից եւ նրանց միակ ժառանգն է Նոր Ջուղայում, կազմակերպեցինք մի հետախուզական արշաւ, նպատակ ունենալով գտնել պարսկահայ հռչակաւոր աշուղ Ամիրօղլու հօր Ամիրխանի տապանաքարը, որն ըստ իրենց տոհմին պատկանող ճիւղագրական մի ձեռագիր մատեանի` այսպէս է յիշատակւած` «1890 թւականներում դեռ եղած է եղել իրեն մահարձանը Բուրւարիում, որի վրայ քանդակած է եղել զինւորական զարդեր եւ քարին վրայ կիսով չափից որմ են եղած շինած»։(1)
Ի դէպ Ամիրխանը եղել է ղարաբաղցի եւ Նադիրշահի ականաւոր զորավարներից մէկը եւ նոյնիսկ պատերազմական նախարար։
Որոշեցինք Խոմէյն քաղաքով ուղեւորւել դէպի Ալիգուդարզի Բուրւարի շրջանը, որտեղ առիթ կունենայինք Քեամարայի որոշ գիւղերն էլ ուսումնասիրել։ Խո-մէյն քաղաքը գտնւում է Իսպահանի հիւսիս արեւմտեան շրջանում, 180կմ հեռաւորութեան վրայ։
Վաղ առաւօտեան ճանապարհւեցինք, Խոմէյն հասնելուն պէս, առիթը օգտագործելով այցելեցինք Իրանի յեղափոխութեան առաջնորդ Էմամ Խոմէյնու տուն թանգարանը, որտեղ նա իր կեանքի մի կարեւոր մասն էր անցկացրել։ Պարզ եւ հասարակ մի բնակարան։
Յիշեցի, որ ասում էին թէ Խոմէյնին ժամանակին ունեցել է հայ համագիւղացի ընկերներ, նոյնիսկ հայ դրկից հարեւան, եւ յեղափոխութիւնից յետոյ ցանկացել է նրան հանդիպել, եւ յետոյ ինչ է եղել, Աստւած գիտի… վերջին հաշւով, որ նա ճանաչել է հայերին։
Քեամարան իր կանգուն եւ շէն օրերում բաղկացած է եղել 13 մեծ ու փոքր գիւղերից, որոշները պարսկախառն եւ մասամբ էլ հայաբնակ, ինչեւիցէ մենք որոշեցինք Խոմէյն քաղաքից գնալ դէպի Չարթաղ եւ Լիլիհան գիւղերը, որը պիտի առաւել հետաքրքրէր մեզ, իր պատմական անցեալով։ Գիւղին մօտենալիս, նկատւում էր հսկայական դաշտեր եւ արօտավայրեր, ցանքսերով լի եւ մարմանդ հովով։ Մենք միանգամայն կլանւած էինք մեր հետախուզական թեմայով` այն տապանաքարով, որ փնտրում էինք, եւ բոլորովին մոռացել էինք ըմբոշխնել գարնանային այն բարիքները, որ բնութիւնը այդ պահին մեզ էր պարգեւել։
Չարթաղ գիւղ։ Ասում են 1732 թւականից առաջ հայութիւն է ապրել այստեղ։  (3)Գիւղացին մեզ ուղորդեց դէպի գերեզմանատուն, տապանաքարերը մեծաւ մասամբ հնամաշ եւ անընթեռնելի էր եւ միայն հատ ու կենտ խաչերով էր նշմարւում, ինչեւիցէ գոյութիւն չունէր այն տապանաքարը, որը մեզ էր հետաքրքրում։ Մտանք գիւղի կիսափուլ եկեղեցին, այն էլ վախվխելով, կարծես հէնց հիմա է,որ եկեղեցին լրիւ փուլ է գալու։ Յուզւեցինք, չգիտեմ ինչու, Աւօն աջ ու ձախ նկարում էր եւ չգիտես ինչու այդքան շատ, փայտէ խարխուլ սիւներ, կիսափուլ գմբէթ եւ մրոտ պատեր, երեւի հայկական «անիմաստ կարօտն» էր յուզել նրան եւ դեռ չէր հաշտւել իրականութեան հետ։
Նոյնն էր իրավիճակը Լիլիհան գիւղում, միայն այն տարբերութեամբ, որ եկեղեցին ու դպրոցը կանգուն վիճակում էր եւ պարսիկ գիւղացին էր բնակւում այնտեղ։ Գիւղացուն խօսեցրինք, շատ հայ ընտանիքներ էր յիշում որ ժամանակին ներգաղթել էին Հայաստան, եւ ամենակարեւորը, որ նա մեծ յարգանքով էր յիշում հայերին, եւ ցանկանում էր մեզ ամէն գնով հիւրասիրել։
Հէնց այսպէս մի քանի գիւղերով անցանք մինչեւ հասանք Բուրւարի շրջանը։ Բուրւարին իր ծաղկուն ժամանակ շուրջ 23 գիւղերից է բաղկացած եղել եւ ունեցել է 19 եկեղեցի, ներառեալ իր գերեզմանատներով։ (2)Հսկայական ժամանակ էր պահանջւում, որ փնտրել եւ գտնել այդ տապանաքարը, ուստի բաւարարւեցինք միայն մի քանի գիւղերով, որոնց թւում էր Գուրան գիւղը, շրջելով այս գիւղի գերեզմանատունը, յիշեցի, որ ուսումնասիրւել է այստեղի տոհմերը եւ հիմք կայ ենթադրելու, որ Խուդավերդոնք, որ Փերիայում հիմնադրել էն Ղալամելիք գիւղը, եկել էն Գուրան գիւղից։ Տեղացի լոռերից իմացանք, որ Սամւէլ անունով մի հարուստ հայ կայ, որ նորոգել է տեղի կիսաքանդ եկեղեցին եւ ունի իր հանգստավայրը, բայց աւաղ, որ ինքը այդ պահին Թեհրան էր գտնւում։
Վերջապէս չգտնելով մեր փնտրածը, ծրագիրը մնաց անաւարտ, արդէն մութն ընկնում էր եւ պիտի վերադառնայինք, յոյս ունենալով, որ մի յարմար առիթով կը շարունակենք մեր այս արշաւը։
Վերադառնալիս մոռանալով մեր այդ որոնած տապանաքարը, մի շարք հարցերի շարան էր ծագել, որ մտահոգում էր մեզ։ Ճիշտ է, որ Իրանի հայաբնակ գիւղերի մեծ մասը լիովին հայաթափւել է, բայց ինչպէս պէտք է տէր կանգնել այդ կալւածներին ու շինութիւններին, միթէ դրանք ՀԱՅ ՄԱՐԴՈՒ քրտինքով վաստակած աշխատանքը չէ, որ արդէն մեր աչքերի առաջ, այն էլ ամբողջովին ոչնչանում է, ով է դրանց արտօնեալ տէրն ու տիրականը։ Միանգամից յիշեցի իմ լաւ հայաստանցի բարեկամ, Բախտիար Յովակիմեանի այն ցանկութիւնը, որ Փերիու Նամակերդ գիւղի դպրոցի մասին ինչ-որ տեղեկութիւն էր ուզում, ախր չէ՞ որ այդ դպրոցը կառուցել է հանրածանօթ ազգային բարերար Վառվառէ Քանանեանը՝ իր հօր Հ.Յովհանեանի յիշատակին, եւ որը շուրջ 30 տարի ծառայել է հայ գիւղացուն, նոյնիսկ այնտեղ պիեսներ է բեմադրւել, եւ հիմա ոչ ոք չի յիշում այդ շինութեան վայրը, եւ ասես միանգամից անհետացել է քարտէզի վրայից։
Մի օր էլ մի ճանաչւած չարմահալցի ինձ պատմում էր թէ մի պարսիկ համագիւղացի իրեն գտնելով Ջուղայում, մտահոգւած յայտնել է թէ, Չարմահալի Սիրաք գիւղի եկեղեցու պատը, որ գտնւում է իր հարեւանութեամբ քանդւելու է ինչ-որ փողոց լայնացնելու պատճառով, նա իր մտահոգութիւնը փոխանցել է Թեմական խորհրդին եւ ոչ մի դրական քայլ չի նկատել եւ շատ ու շատ նման օրինակներ, որ դեռ առկայ է մեր համայնքում։
Հիմա հարցեր էն ծագում, թէ արդեօք Իրանի երբեմնի հայա-բնակ բոլոր գիւղերի եկեղեցապատկան կալւածները ցուցակագրւա՞ծ են թէ՞ ոչ, ինչ-որ տեղ պաշտօնապէս գրանցւա՞ծ է թէ՞ ոչ, արդեօք ազգային համապատասխան մարմինները այս ուղղութեամբ որեւէ քայլ ձեռնարկե՞լ են, արդեօք Իրանի Մշակութային Ժառանգութիւն հիմնարկութիւնը կարո՞ղ է լուծել նման մի խնդիր, արդեօք մտածե՞լ ենք, որ ապագայում այս գիւղերը զարգանալու եւ դառնալու են գիւղաքաղաք, եւ մեր եկեղեցապատկան կալւածները կարժէքաւորւեն եւ կը դառնան շօշափելի հարստութիւն։
Միայն մնում է հնարամտօրէն գործի անցնել եւ մշակել այնպիսի մի ծրագիր` անշուշտ պետութեան համապատասխան մարմինների հետ, որպէսզի գործնականում ծաւալւի մեր բոլոր գիւղերի վրայ եւ գործնական արժէք ստանայ եւ իհարկէ այս պրոցեսում իրենց հիմնարար դերը պիտի ունենան մեր յարգարժան երկու պատգամաւորներն Իրանի խորհրդարանում։
Երեւի այս մեր հետախուզական արշաւը մեզ հասցրեց աւելի շօշափելի եւ իրական բացայայտումների, քան մենք սպասում էինք, ուրեմն պէտք է զինւել իրատեսութեամբ։
 
1-«Ազգաբանութիւն կամ ճիւղագրական պատմութիւն Ամիրեանց կամ Ամիրխանեանց տոհմի». Աշխատասիրեց Աւետիք Մ. Ա.Յովհաննէս Ամիրեանց
Գիրքը շուտով կը հրատարակւի։
 2- Նշխարներ Բուրւարի գաւառի պատմութեան եւ ԱզգագրութեանԱ.Շահբազեան։
 3- Իրանի Քեամարա գաւառի հայկական գաղթօջախի պատմութիւն. Էդ.Բաղդասարեան։
 
Յուլիս 2012  Ն.Ջուղա
 
 
«Յոյս» թիւ 128
8 Օգոստոս 2012
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *