Իրանահայ մոտեցումներ մի շարք կարևոր հիմնահարցերի շուրջ

 
Արսեն Շահբազի Նազարյանը ծնվել է 1944 թվականին, Թեհրանում, տարրական և միջնակարգ ուսումը ստացել է Թեհրանի հայկական եւ պարսկական դպրոցներում:
Ավարտել է Թեհրանի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը:
Թարգմանությամբ զբաղվել է ուսանողական տարիքից:
1982 թվականին գործով մեկնել է Հոլանդիա՝ Հաագայի միջազգային դատարանի Իրանի և ԱՄՆ-ի տնտեսական վեճերի լուծման բաժնի թարգմանիչ (անգլերեն-պարսկերեն), մինչև1992 թվականը:
Այժմ աշխատում է որպես ազատ թարգմանիչ: Պաշտոնական թարգմանիչ է պարսկերեն, հայերեն, անգլերեն և հոլանդերեն լեզուների:
Անգլերենից և հոլանդերենից պարսկերենի և հայերենի է թարգմանել մի շարք գրքեր:
Բացի իր պաշտոնական աշխատանքներից տպագրության է հանձնել և հանձնում հոդվածներ ու թարգմանություններ պարսկերեն լեզվով Հայոց ցեղասպանության և հարակից խնդիրների շուրջ:
 
 
 
Մի տարի առաջ, 2015թ. օգոստոսի 23-ին, Թեհրանի Ռաֆֆի միության վարչության հրավերով սույն միությունում ելույթ ունեցավ Արսեն նազարյանը վերնագրյալ նյութի շուրջ, որից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և մտքերի փոխանակում: Եղան նաև պր․ Նազարյանի տեսակետներին հակառակ արտայայտություններ։
Ներքո գրությունը սույն ելույթի ամփոփումն է՝ գրված պր․Նազարյանի կողմից։«Յոյս»-ը պատրասստ է տպագրելու նաև հակառակ տեսակետները։
 
Զրույցիս նպատակը իրանահայությանը վերաբերող մի շարք կարևոր հարցերի շոշափումն ու արծարծումն է, որպես դրսից դիտող շահագրգռված մի անձ:
Զրույցիս հասցեատերը իրանահայ համայնքն է իր ամբողջությամբ: Չեմ ներկայացնում որևե խմբակցություն կամ քաղաքական հոսանք: Այդ իսկ դիրքորոշմամբ է, որ արտասահմանում լույս տեսնող հոդվածներս ու թարգմանություններս ուղարկվում են բոլոր իրանահայ թերթերին ու հաստատություններին անխտիր:
Ուրեմն, այս զրույցում չենք կարող խորանալ միջհամայնքային հնարավոր վեճերի ու տարաձայ-նությունների մեջ:
Իրանահայությանը կապվող հարցերը կարելի է դասակարգել երեք խմբերի.
1) Ընդհանուր իրանահայությանը կապվող հարցեր
2) Հայաստանին և ընդհանուր հայությանը վերաբե-րող հարցեր
3) Իրանին և Իրանի հասարակությանը առնչվող հարցեր:
1) Ընդհանուր իրանահայությանը կապվող հարցեր
ա- Համայնքի ներսում գոյատևող վեճերն ու տարաձայնությունները
Սրանց հիմքում ընկած են այժմեականությունը կորցրած կամ նվազած գաղափարախոսություններ, հիմնականում՝ ազգային ու դասակարգային կարգա-խոսներով:
Այնքանով, որ տեղյակ ենք, թերևս միայն իրանահայ գաղութում է, ուր այս հակամարտությունը դրված է սուր, թեև այժմ ոչ այնքան սուր, ինչպես անցյալում էր:
Պետք է նշել, որ նույնիսկ Հայաստանում այս հարցը, այսինքն համայնավարի ու դաշնակցականի միջև «հակամարտությունը» այժմ բնավ կարևորություն կրող հարց չէ:
Աշխարհի տարածքով նմանապես իդեոլոգիաները կորցրել են իրենց երբեմնի նշանակությունը: Քսաներորդ դարը կոչվում էր «Գաղափարախոսությունների դար»: Այդ դարն արդեն անցել է: Նշվում է, որ մեր դարը մշակույթների ու քաղաքակրթությունների պայքարի դար է:
Ներկա իրավիճակում, ուրեմն  գաղափարական հիմքերի վրա հարատևող վեճերն ու քաշքշուկները կորցնում են իրենց իմաստը և չեն ծառայում որևե օգտավետ նպատակի: Կարելի է ասել, առավել ևս ջլատում են ուժերը և խաթարում համայնքի միասնականությունը: Թերևս պետք է ավելացնել, որ հայ իրականության մեջ գաղափարախոսությունները, լինի դա ազգային, դասակարգային կամ կրոնական, չկարողացան և չեն կարողանում կասեցնել համայնքները թուլացնող արտագաղթը: 
Միջանկյալ կերպով նշենք, որ արտագաղթը մեր դարաշրջանում տարածված երևույթ է և այս կամ այն կերպ կապվում է բոլոր երկրներին ու ժողովուրդներին: Դրա պատճառները երբեմն պատերազմական իրավիճակներն ու ֆիզիկական անապահովությունն է, բայց հաճախ էլ սոցիալ-տնտեսական անապահովությունը գաղթողի բուն երկրում: Դա առավել ևս մի փաստ է, որ մեր ժամանակում, սովորական քաղաքացին այլևս չի տարվում գաղափարական լոզունգներով, ինչ-որ ուտոպիայի կամ «ավետյաց երկրի» խոստումներով: Մերօրյա մարդը ծարավ է կարգի ու կանոնի  փնտրում է մի ուժ, պետություն, որ հայրություն անի, պաշտպան կանգնի իրեն, անկախ նրանից, թե ի՞նչ լեզու է խոսվում այդ պետությունում, ի՞նչ կրոն ու հավատք է տիրում այնտեղ կամ մոլորակի ո՞ր ծայրում է գտնվում այն: Եթե մենք այս բաները կարող ենք տալ մեր ժողովրդին, կարող ենք նրան ունենալ մեր կողքին: Այլապես, նա կգնա այնտեղ, ուր հարգվում ու պաշտպանվում է որպես մարդ արարած:
 
բ – «Հյուրի» և ոչ  լիիրավ քաղաքացու հոգեբանություն
Իրանահայությունը ավելի քան 400 տարի ապ-րելով ու գոյատևելով և հաճախ նաև ակնառու առաջխաղացումներ արձանագրելով Իրանի հասա-րակության մեջ,  հիմնականում տակավին իրեն «հյուր» է համարում այս երկրում: Ճիշտ է, բռնագաղթի ընթացքում տվել է մեծ թվով զոհեր և միշտ էլ չէ, որ ապրել է լիորեն հանգիստ ու խաղաղ, ինչ-որ եզակի չէ միայն իրանահայությանը: Սակայն, այս պահվածքն ու հոգեբանությունը, որ մենք հյուր ենք այս երկրում և մի օր, երբ ինչ-որ մի բան տեղի կունենա «մայր հայրենիքում», հավաքելու ենք ամեն ինչ ու հեռանալու այստեղից, ինքնըստինքյան դարձնում է մեզ օտար այն երկրում, որին պատկանում ենք առաջին հերթին: Այսպիսով, մենք մեզ համար ստեղծում ենք սահմանափակումներ, զրկում ենք մեզ լիիրավ, պահանջատեր քաղաքացու հոգեբանությունից ու համարձակությունից, չենք ձեռնարկում երկարաժամկետ ծրագրերի, կամավոր դառնում ենք անտունի և նույնիսկ «մայր հայրենիք» գաղթելուց էլ երկար չենք համբերում այնտեղ, այլ դարձյալ վերցնում ենք պանդուխտի ցուպը և այս անգամ անվերադարձ գաղթում դեպի հեռավոր ափեր:
Հարկավոր է վերանայել այս մոտեցումը, հոգեբա-նությունը՝ մեր, որպես Իրանի քաղաքացու, իրա-վունքներից ու հնարավորություններից լիովին օգտվելու, ինչպես նաև ազատվելու մշտական թափառականի հոգեբանությունից :
Ի հարկե, չի կարելի անտեսել նաև մեծ հասա-րակության վերաբերմունքը փոքրամասնության հանդեպ: Այս մասին կանդրադառնանք ներքեւի տողերում:  Այժմ այսքանը կարելի է նշել, որ նկատելի է մեծ հետաքրքրվածություն Իրանի կրթված խավերի կողմից Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության ու մշակույթի նկատմամբ, ինչ-որ գոյություն չուներ նախկինում:
գ- Իրանահայ գաղութի և Իրանի լայն հասարակու-թյան միջև կապերն ու փոխհարաբերությունները
Վերը նշված հոգեբանությունն իր հերթին ստեղծում է մի պահվածք, որը բնականաբար չի նպաստում մեծ հասարակության մեջ մերվելու և առաջանալու: Կարելի է նշել, որպես օրինակ իրանական Նոր տարվա (Նովռուզ/ գարնանամուտի) պարագան: Այդ տոնը տոնել են նաև հայերը նախաքրիստոնեական դարաշրջանում: Տոնը կրոնական բնույթ չի կրում, այլ նախաիսլամական, զուտ միհրապաշտական ակունք ունի, սակայն այժմ չի տոնվում իրանահայերի կողմից: Նույնիսկ շեշտվում է, որ դա մեր տոնը չէ: Մինչդեռ տոնում ենք այլ հեթանոսական տոներ, ինչպիսին են՝ Տրնդեզը (տյառընդառաջ), վարդավառը և այլն:
Իրանի ժողովրդի ու հայերի պատմական ու մշակութային կապերը ունենալով հեռավոր արմատներ ունեն շատ ընդհանրություններ: Դրանք պետք է հայտնագործել և դարձնել ընդհանուր սեփականություն: Այդպիսով, ամրապնդվում է Իրանի ու Հայ ժողովրդի բարեկամական կապերը, որը կարող է արտացոլվել Հայաստանի նկատմամբ Իրանի իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ ևս:
Հնարավոր առարկումներ՝ «Այսպիսով հող է պատրաստվում իրանահայերի ձուլման համար պարսիկների մեջ» !!!
Այս առարկմանը կարելի է պատասխանել այս կերպ՝ Ժողովուրդների մշակույթների մերձեցումը չի նշանակում մի ազգի ձուլում մյուսի մեջ, այլ հիմք է հանդիսանում մշակույթների հարստացման և ազգերի խաղաղ գոյակցության ամրապնդման:
2) Հայաստանին և ընդհանուր հայ ժողովրդին կապվող հարցեր
Ա) ՀՀ-ի ապահովության հարցը
Ներկա իրադրությունը – Ներկայումս Հայաստանը լիովին հենված է Ռուսաստանին իր ապահովության համար: Տակավին, սակայն  չի վերացել պանթուրքիզմի վտանգը տարածաշրջանում: Ընդհակառակը, Թուրքիային ավելացել է Ադրբեջանի վտանգը իր ծայրահեղ հայատյաց քաղաքականությամբ: Ամենևին չափազանցված չէ այս ցեղասպան հարևանների՝ Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու նպատակադրվածության ենթադրությունը: 
Չի կարելի նկատի չունենալ  մի իրավիճակ, որում Ռուսաստանը, իր համար հարգելի (կամ անհարգելի) պատճառներով, չցանկանա կամ  չհասցնի օգնել Հայաստանին ցանկացած ճգնաժամի պահին:  Այս իրողությունը պահանջում է, որ հայերը, ինչպես ասում է պարսկական առածը՝  «իրնեց հավկիթները միայն մեկ կողովում չդնեն»:
Վերոհիշյալ ենթադրական պարագայում, այսինքն՝ ճգնաժամային պահին Հայաստանին օգնելու Ռուսաստանի թերացման դեպքում, ստեղծվելու է  ծայրահեղ վտանգավոր իրավիճակ Հայաստանի ու տարածքի ողջ հայ բնակչության համար, որը հղի է լինելու մեծ մասշտաբով արյունահեղությունների հավանականությամբ: Նման մի հավանականություն կանխելու համար, կարևոր է, որ Իրանում գոյություն ունենա զորավոր ու բազմաքանակ իրանահայ համայնք՝ ներազդելու Հայաստանի նկատմամբ երկրի քաղաքականության վրա՝ ընդհուպ մինչև Իրանի իշխանությունների կողմից տարածաշրջանում պանթուրքիզմի (վերջնական) ջախջախման դիրքորոշման որդեգրում: Վերջին հաշվով, Հայաստանի դիրքերի թուլացումը սկիզբն է լինելու Իրանի տարածքային ամբողջականության խաթարմանն ու երկրի անդամահատմանը:
Դրա համար կարևոր է, որ Իրանի հասարակությունը ճիշտ կողմնորոշվի այս հարցում: Այս խնդրում հույժ կարևոր դեր ունի խաղալու իրանահայությունը: Էական է Ցեղասպանության հարցի, ինչպես նաև Իրանի տարածքային ամբողջականության և պանթուրքիզմի դեմ Հայաստանի լավ պաշտպանվածության շաղկապվածության մասին ճիշտ և դիպուկ տեղեկատվությունը պարսկալեզու հասարակությանը: Ահա մեր հոդվածների պարսկերենով լույս ընծայման շարժառիթը:
Բ) Հայաստանի ներքին հարցեր
Ներկա դրվածքով, Հայաստանի ամենակարևոր ներքին խնդիրը թերևս համատարած կոռուպցիան և օրենքի գերիշխանության զգալի բացակայությունն է: Նվշում է, թե սա արտագաղթի ամենակարևոր պատճառներից է:
Այս հարցը սակայն, մտահոգիչ լինելով բոլոր հայերի համար, ներքին մի հարց է, որը հիմնականում պիտի լուծեն իրենք՝ ՀՀ-ի քաղաքացիները: Թեև մենք կարող ենք և իրավունք ունենք արտահայտել մեր տեսակետը ՀՀ-ի ներքին խնդիրների նկատմամբ, բայց ամեն դեպքում, մեր հիմնական ուշադրությունը պետք է ուղղված լինի մեր այստեղի առօրյա հացերին ու մտահոգություններին:
Հնարավոր է, որ ցանկացած սփյուռքահայ իրեն առավել շահագրգռված զգա Հայաստանի ներքին անցուդարձերով, քան իր ծննդավայր հայրենիքի և իր համայնքի խնդիրներով: Այդ դեպքում, ճիշտն այն է, որ նա ներգաղթի Հայաստան, հաստատվի այնտեղ ու իր պայքարն առաջ տանի, որպես ՀՀ-ի քաղաքացի:
 
Գ) Ընդհանուր հայ ժողովրդին ու հայերին կապվող հարցեր
1) Ցեղասպանության համաշխարհային ճանաչման ու հատուցման հարց.
Այս հարցում արդեն երկար տասնամյակներ տարվում է շնորհակալ աշխատանք աշխարհով մեկ բոլոր հայ համայնքների, ինչպես նաև ՀՀ-ի միջոցով: Այդ աշխատանքները ցայժմ տվել են քիչ թե շատ գոհացուցիչ արդյունք և շարունակվում են:
2) Պատմական հողերի հարց
ա) Արևելահայաստան – 1921 թվի Խորհրդային Հայաստանի վզին փաթաթած Մոսկվայի և հետո Կարսի պայմանագրի չեղարկման և Ղարս ու Արդահան տարածքների վերադարձման հարց:
Այս հարցում ՀՀ-ի կառավարությունն է, որ որպես իրավահաջորդողը Խորհրդային Հայաստանի և որպես պահանջատեր, իրավագիտորեն հնարավորութուն ունի  պաշտոնական քայլի դիմել միջազգային ատյաններում պատմական այս անարդարության սրբագրման համար:
բ) Արևմտահայաստան –  Արևմտահայաստան ճանաչ-ված տարածքի պահանջատերերը պիտի համարել արևմտահայերին և առաջին հերթին, թուրքահայերին, որոնք  արդեն ունեն համադրող կոնգրես և տանում են աշխատանքներ այս ոլորտում:
Այս հարցերում իրանահայությունը, ինչպես տվյալ հայ համայնք, կարող է նպաստել և աջակցել, առանց սակայն իր ուշադրությունը շեղելով իր առօրյա խնդիրներից ու մտահոգություններից իր ծծնդավայր հայրենիքում:
3) Իրանին և Իրանի հասարակությանը կապվող հարցեր
Յուրաքանչյուն իրանահայ նաև Իրանի քաղաքացի է և որպես այդպիսին ունի իր պարտականություններն ու իրավունքները երկրի ու պետության նկատմամբ: Իսկ այդ իրավունքների ու պարտականությունների իրականացումը մի հարց է, որ յուրաքանչյուր հայ անհատ/ իրանցի/, Իրանի քաղաքացի ինքը պետք է որոշի, թե ինչպե՞ս է իրականացնում և, օրինակ՝ ինչպիսի՞ համաիրանական կազմակերպության միջոցով կարող է դա իրագործել:
Մոտեցումներն այս հարցին կարող են շատ տարուբերվել իրարից:
 
«Յոյս» թիւ 222
24 Օգոստոս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *