Ազատության շունչն ու ոգին` կոլաժներում

 
ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
արվեստաբան
 
ani-hovak-hooys
 
Անի Հովակի ցուցահանդեսում մթնոլորտը լի էր սիրով, նրա կոլաժային ստեղծագործություններից յուրաքանչյուրը իր մեջ կրում և փոխանցում էր դրական էներգոդաշտ, ստեղծագործողի լուսավոր աուրան` ներդաշնակված մտքի, նյութի ու ասելիքի հետ , խտացված  տպավորության անհատականացված ներգործությամբ… Ազատության շունչն ու ոգին գեղարվեստորեն արտահայտված էր յուրաքանչյուր աշխատանքի մեջ, հագեցած մեղեդայնությամբ ու պոեզիայի հնչերանգով… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակը չորս տարի է,  ինչ զբաղվում է կոլաժային արվեստով, պարբերաբար հանրությանը ներկայանալով իր ստեղծագործությունների ցուցահանդեսներով, որոնցից հերթականը բացվեց Հայ Արտ մշակութային ցուցասրահում, հեղինակի ծննդյան օրը, հաճելի անակնկալ մատուցելով նաև նրա արվեստի երկրպագուներին:
 
ani-hovak-2-hooys
 
Անի Հովակը (Հովակիմյան) երիտասարդ ստեղծագործողի ինքնատիպ տեսակն է, ինքուրույն ձեռագիր և մտածողության իր ձևը հաստատող, որը առանձնանում է իր ստեղծագործական եսով: Նրա կոլաժային աշխատանքներում նյութի ընտրությունն ու ասելիքի կուտակումը միմյանց լրացնելով  նոր խոսք են դառնում կոլաժային արվեստում:
– Երբեմն նյութն է թելադրում պատկերը, երբեմն նաև հակառակը…երբեմն ընկերներս են իրենց պատշգամբներն ու ավտոտնակները թեթևացնելուց բերում տարբեր նյութեր, երբեմն ես եմ պեղում նրանց տարբեր, լքված վայրերից…,- ասում է Անին, ում ստեղծագործությունների բազմազանությունը, նյութերի անհավանական համադրությունների մեջ ամբողջական պատկերի վերածումը  ձեռագիր է ստեղծում կոլաժի մեջ, որտեղ ոգեշնչման աղբյուր կամ աղերս հայտնի որևէ ստեղծագործողի հետ չես կարող տեսնել… Թեմաները բազմազան են, ասելիքը լի իրականության ալեգորիկ պատկերներով, բնության և մարդու կապը Անի Հովակի աշխատանքներում մի հնչեղ նոտա է ավելացնում, որտեղ երջանկության մեղեդին է, այն գտնելու, ունենալու, նրան հասնելու և մարդկանց փոխանցելու մղումը … Թափոնները, առաջին հայացքից անպետք ու բազմազան իրերի դետալների  անհավանական համադրությունն ու համակցումը ամբողջացնում են  պատկերներ, ուր կա շարժում, թռիչք, սլացք և ամենակարևորը` հոգի… Արտաքին պարզությունը և ենթաշերտը, կրեատիվ մտածողությունն ու  նստվածքային պաշարը պոետիկ, մեղեդային հարուստ գամմա են ստեղծում Հովակի ստեղծագործություններում, որոնց ամբողջական ցուցադրության մեջ դիտելիս զգում ես հեղինակի անհանգիստ մտքի թռիչքները, փնտրումները…
 
ani-hovak-1-hooys
 
–  Ինձ համար փոխկապակցված են երաժշտական ու նկարչական աշխարհները, շատ եմ սիրում երաժշտությունը, շատ եմ լսում դասական, ջազ, բլուզ,  ռոք երաժշտություն:  Երգում եմ «Հովեր» պետական կամերային երգչախմբում, ուր հրաշալի, ճաշակով երաժշտություն ենք ներկայացնում …  Սիրում եմ գրքեր կարդալ, նաև ժամանակակից գրականություն…Մի  վատ սովորություն ունեմ ` չորս գիրք միանգամից եմ կարդում, նայած տրամադրության…, ասում է Անին, ում արարման ամենագլխավոր նոտան մարդն է ու երազը, իրատեսական, հասանելի, իրագործելի բարին, որի մտային շրջանակում է արտացոլվում երիտասարդ հեղինակի  ուրույն արտահայտչաձևը գտած ասելիքը… Նրա աշխատանքները մասնավոր հավաքածուների ինքնատիպ մաս են դառնում, ստեղծագործողի համար ապահովելով իր ասելիքը տեղ հասցնող, կարևորող մի ընթացք…
-Ստեղծագործություններս պիտի ճամփորդեն, ուրաախանում եմ , երբ լավ մարդկանց մոտ են հայտնվում իմ գործերը, երբ գիտեմ, թե որտեղ է գտնվում իմ աշխարհի այդ մի մասնիկը…    Իր ստեղծագործություններից բաժանվելու մեջ անգամ Հովակի բարին կարևորող նոտան կա…
Յուրաքանչյուր ստեղծագործողի համար կյանքի վայրիվերումները, ընթացքը,իրեն շրջապատող իրականությունն ու մարդիկ նրա ներաշխարհի և ստեղծագործական առանցքի վրա անմիջական ազդեցություն և դրոշմ թողնող, մաս կազմող իրականություն են… Երազներից դեպի ստեղծագործական իրականություն քայլ կատարած արարող տեսակի համար ներդաշնակության բանաձևը մեկն է.
-Ես  ուզում եմ, որ մարդիկ ապրեն առանց իրար ֆիզիկապես և հոգեպես վնասելու, լինի դա խոսքով, մտքով, թե այլ կերպ…Ուզում եմ խաղաղ երկրում ապրել,  որտեղ մարդիկ շատ ժպտան, կենցաղը չնվաստացնի և ժամանակ ունենան արվեստի և ընդհանրապես գեղեցիկի հետ շփվելու … 
 
«Յոյս» թիւ 221
10 Օգոստոս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *