«Անունով պատգամաւորները» եւ ՊԺ-ի բացակայութիւնները

 
Ռոբերթ Սաֆարեան
 
 
ԹՀԹ պատգամաւորական ժողովի Յուլիսի 11-ի նիստի ընդմիջումն յայտարարելիս, ՊԺ-ի ատենապետ Գէորգ Աբուլեանը ժողովականներից խնդրեց, ընդմիջումի ընթացքում ոչ մի գնով չթողնել ժողովը, քանի որ եթէ ներկաների թիւը պակասէր նոյնիսկ մէկ հոգով, ժողովը քւորումից ընկնելու էր, եւ չէր կարող շարունակւել: Իսկ Յուլիսի 17-ի նիստը, Սրբազան հօր արտօնութեամբ գումարւեց 25 հոգով, այսինքն՝ անդամների կէսից պակաս ներկայութեամբ: Սրանք օրինակներ են մի երեւոյթի, որը գալիս է խանգարելու ՊԺ-ի նիստերի նորմալ գումարումը եւ կարող է խաթարել համայնքի կարեւոր հարցերի քննարկումն ու դրանց մասին հարկաւոր որոշումների կայացումը:
Բացակայութիւնները մասամբ ունեն յարգելի պատճառներ: Յատկապէս ամռանը, սեզոնային արձակուրդները եւ արտերկրեայ ճամբորդութիւնները խիստ դժւարացնում են ժողովների գումարումը: Սակայն այսքանը պարզ է, որ եթէ մի անհատ ընդունում է պատգամաւորի պաշտօնը, պիտի լուրջ վերաբերւի տարին եօթ-ութ ժողովի ներկայ գտնւելու գործին: Այդուհանդերձ բացակայութիւնների հարցի այս աստիճան սրւելը, պիտի ունենայ նաեւ աւելի խորը պատճառներ: Կան, այսպէս կոչւած, «անունով պատգամաւորներ», որոնք համարեա երբեք չեն մասնակցում ժողովներին, սակայն պաշտօնապէս եւ ըստ կանոնագրի ժողովի անդամներ են, եւ նրանց բացակայութիւնը խանգարում է ժողովների կայացմանը: Սա կապւած է նաեւ շրջանների եւ Թեհրանի որոշ թաղամասերի «ձեւական» պատգամաւորների ընտրութեան հետ: Այս շրջանները չունեն պատգամաւորներ ունենալու համար անհրաժեշտ նւազագոյն բնակչութիւնը, սակայն արհեստականօրէն բարձրացնում են պատգամաւորների թիւը, եւ դժւարացնում «իրական» ակտիւ պատգամաւորների միջոցով ժողովների գումարումն ու հարցերի քննարկումը:
Լաւ կը լինի պատգամաւորական ժողովի դիւանը յայտարարի ժողովներին չմասնկացող պատգամաւորների ցանկը, որպէսզի ընտրողները իմանան թէ իրենց քւէին եւ վստահութեանը արժանացած անձինք ինչ լրջութեամբ են զբաղւում իրենց վստահւած աշխատանքով, որի նւազագոյնը ժողովներին ներկայ գտնւելն է:
 
«Յոյս» թիւ 128
8 Օգոստոս 2012
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *